Ընդամէնը մէկ շաբաթ առաջ եթէ փողոցում, աշխատավայրում կամ որեւէ այլ տեղ հարց տայիր մեր հայրենակիցներից ոեւիցէ մէկին, թէ ի՞նչ կանի, եթէ պատերազմը վերսկսուի Արցախում, պատասխանը, խիստ բորբոքուած ու ջղային, կը լինէր մօտաւորապէս այսպէս. «Էդ ղարաբաղցի՛ք թող գնան պաշտպանեն Արցախը», «Ես Սերժի համար ոչ մի բան էլ չեմ անի. ինքը ընչո՞վ ա ինձ օգնել որ…», «Թող իրանց` էդ շիշկեքի լակոտները գնան կռուելու», «Էդ ԴԱՀԿ-ի տղեքը թող գնան ճակատ. ես երկիր, հող պաշտպանեմ, որ Միհրանը օֆֆշորներում փո՞ղ կուտակի: Եւ այլն, եւ այլն: Մեզնից իւրաքանչիւրը կարող է աւելի սուր, առաւել բնորոշ օրինակներ տալ: Այո՛, ընդամէնը մէկ շաբաթ առաջ մեր հասարակութեանը, դժգոհ ու չարացած, առիթ էր պէտք բնովելու թէ՛ իշխանութիւններին, թէ՛ քաղաքական ուժերին, թէ՛ ղարաբաղցիներին, թէ՛ մանր ու խոշոր պաշտօնեաներին ու մենաշնորհեալ պիզնեսմեններին: Դժգոհ ու անհանդուրժող` նոյնիսկ հարեւանի ու բարեկամի հանդէպ` յոյսը դրած դէպի Ռուսաստան կամ այլուր ծլկելու վրայ:
Բայց… ապրիլի 2-ին արդէն ամէն ինչ փոխուեց, կարծէք հրաշիւք իմն: Բոլորի հայեացքը թեքուեց դէպի մէկ ուղղութիւն, դէպի Արցախ, դէպի մեր տղաները, դէպի մեր բանակը, մեր… Երեւի Վարդանանց պատերազմից մինչեւ Սարդարապատ, մինչեւ Վան ու Մուսա լեռ այսպէս է եղել, այսպէս է մեր ժողովուրդը բռնցքուել օրհասի պահին: Եւ ըստ երեւոյթին, դա՛ է եղել թշնամիներին ու բարեկամներին զարմացնող մեր գլխաւոր յատկութիւնը, ազգային այս տարօրինակ երեւոյթը, որը ըմբռնելը ոչ թէ դժուար, այլ անկարելի է, անգամ մե՛զ համար, առաւել եւս` մեր շատ ղեկավարների համար…
Քառօրեայ պատերազմի ընթացքում մենք եւ մեր հակառակորդները տեսան ազգային այդ երեւոյթի տարբեր դրսեւորումները, որոնց մասին հետագայ էջերում դոյզն չափով անդրադառնում են մեր աշխատակիցները, վերլուծաբանները, հետեւաբար չեմ ուզում կանխել նրանց: Բայց ուզում եմ, առաւել եւս` ցանկանում եմ հարց տալ. արժանի՞ ենք մեր աննման հերոսներին, մահուան աչքերին նայող մեր քաջարի զինուորներին, նրանց արեան, նրանց մատաղ կեանքին, նրանց ծնողներին եւ առհասարակ մեր ժողովրդին:
Երբ մեր երկրի ու ժողովրդի դէմ նիւթուած դաւադրութիւններն ու սադրանքները գէթ որոշ ժամանակով կանգ առնեն, թող վստահ լինեն մեր ղեկավարները, փտածութեամբ յատկանշուող պաշտօնեաները, մեզ հարստահարող սեփական «պիզնեսմենները», խարդախներն ու յուսալքութեան մատնողները, որ միեւնոյն դժգոհութիւնն ու չարացածութիւնը, որը կար ապրիլի 2-ից առաջ, նորից պիտի բորբոքուի, աւելի՛ կատաղի ձեւով, աւելի յուսահատ ու բոլորիս համար կործանարար:
Մենք ունեցել ենք նման պահեր արցախեան ազատամարտից անմիջապէս յետոյ, երբ մեր հաւաքական ոգեւորութիւնը զոհ է դարձել անարդարութիւնների, անպատասխանատուութեան, փնթի կառավարման, «մեր դէմ խաղ չկայ» կարգախօսների: Պէտք չէ թոյլ տալ նոյնի կրկնութիւնը այժմ, երբ կրկին բարձրացել է համազգային ոգեւորութեան ալիքը: Ճիշդ է` կորուստների եւ արցունքների միջից, բայց բարձրացե՛լ է: Մնանք այդ բարձրութեան վրայ ընդմիշտ:
Մեր ժողովուրդը իսկապէս արժանի է աւելի լաւ կեանքի: Ապացոյց` մեր հերոսները, մեր նահատակները:
«Ազգ»