ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

adl-online-logoՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Հանրապետական Վարչութիւն

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՌԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵԴՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

2016 թուականի Հոկտեմբերի 5-7 օրերը պատմական եղան Ռամկավար Ազատական կուսակցութեան համար։ ՌԱԿ Հանրապետական վարչութեան հրաւէրով Երեւանում գումարուեց կուսակցութեան 3-րդ (27-րդ) Պատգամաւորական ժողովը¸ համագործակցութեամբ Սփիւռքում գործող ՌԱԿ Վերականգնումի եւ միութեան շարժման վարչութեան։ Հայաստանից մասնակցեցին ՌԱԿ բոլոր կառոյցներից ընտրուած թուով 144 պատգամաւորներից 117-ը¸ իսկ Սփիւռքի շրջանակներից՝34 ներկայացուցիչներ¸ որոնք ներկայացնում էին Միացեալ Նահանգների 2 շրջանակները¸ Գանատայի¸ Արգենտինայի¸ Անգլիայի¸ Ֆրանսիայի¸ Յունաստանի¸ Լիբանանի¸ Եգիպտոսի¸ Իրաքի եւ Աւստրալիայի շրջանակներն ու ակումբները։

Համագումարի առաջին երկու օրերը խորհրդակցական բնոյթ էին կրում։ Հոկտեմբերի 5-ի նիստը գումարուեց բացառապէս Սփիւռքից ժամանած պատուիրակների միջեւ՝ նախագահութեամբ ՌԱԿ Վերականգնումի եւ միութեան շարժման ատենապետ Վարդան Նազիրեանի (Լոս Անճելըս)։ Շրջանակների ներկայացուցիչները Մոնթրէալից՝ ՌԱԿ վաստակաշատ ղեկավար Դոկտ. Արշաւիր Կէօնճեանի ողջոյնի խօսքը ունկնդրելուց եւ Պուէնոս Այրէսից՝ Սերխիօ Նահապետեանի բարեմաղթանքի բովանդակութեանը ծանօթանալուց յետոյ անցան շրջանակների զեկոյցներին եւ դրանց քննութեանը։ Ընդհանուր տպաւորութիւնը քաջալերական չէր¸ յատկապէս ինչ վերաբերում է Հարաւային Ամերիկայի՝ Արգենտինայի¸ Պրազիլիայի եւ Ուրուգուայի¸ Ֆրանսիայի եւ Անգլիայի ՌԱԿ կառոյցներում տիրող վիճակին։ Մեծ աշխատանք է հարկաւոր կուսակցութեան գործունէութիւնը վերակազմակերպելու եւ դրանցում երիտասարդ տարրերի ընդգրկման առումով։

Համագումարի 2-րդ օրը խորհրդակցութիւնները Վերականգնումի շարժման եւ Հանրապետական վարչութիւնների միջեւ էին¸ առաւելաբար կառուցուածքային¸ կանոնադրական փոփոխութիւններին յատկացուած։ Ծրագրային ելոյթներով հանդէս եկան Դոկտ. Հրաչ Գույումճեանը (Լոնտոն)¸ Երուանդ Ազատեանը (Տիթրոյթ)¸ Վարդան Նազիրեանը¸ Յակոբ Աւետիքեանը (Երեւան)¸ Վարդգէս Գուրուեանը եւ Գէորգ Հալէպլեանը (Լոս Անճելըս)¸ Արտաւազդ Մէլքիսէթեանը¸ Պայծիկ Գալայճեանը եւ Սթիվ Նոխուտեանը (Պէյրութ)¸ Յակոբ Վարդիվառեանը (Նիւ Եորք) եւ ուրիշներ։ Ներկաները լսեցին իրաւաբան Տիգրան Յարութիւնեանի բացատրութիւնները ՀՀ Կուսակցութիւնների մասին օրէնքի դրոյթների շուրջ եւ դրանց կիրառմանը վերաբերող։

Նիստի աւարտին ներկայացուեց ՌԱԿ Հանրապետական եւ Վերականգնումի շարժման վարչութիւնների միջեւ համաձայնութեան յուշագրի նախագիծը¸ որը խմբագրական մի շարք փոփոխութիւններից յետոյ որոշուեց վաւերացման ներկայացնել յաջորդ օրը կայանալիք լիագումար նիստում։

Յաջորդ օրը¸ Հոկտեմբերի 7-ին¸ լիագումար նիստը սկսուեց ՀՀ օրհներգի եւ ՌԱԿ քայլերգի յոտնկայս ունկնդրումով։ ՌԱԿ Հանրապետական վարչութեան ատենապետ Յակոբ Աւետիքեանն իր ողջոյնի խօսքից յետոյ ժողովին ներկայացրեց իր եւ իր գլխաւորած վարչութեան հրաժարականը։ Այնուհետեւ¸ ինչպէս աւանդոյթն ու կարգն է ռամկավարական համագումարների¸ ընտրուեց համագումարի դիւանը՝ գլխաւորութեամբ Յովիկ Օհանեանի¸ որ ձեռնհասօրէն վարեց ժողովը։

Մանդատային¸ Խմբագրական եւ Հաշուիչ յանձնաժողովների ընտրութիւնից յետոյ հաշուետու զեկուցումով հանդէս եկաւ շրջանաւարտ վարչութեան ատենապետը¸ որին յաջորդեցին քննարկումները¸ ներկայացուեցին տարբեր առաջարկներ։

Այնուհետեւ Դոկտ. Հ. Գույումճեանը ներկայացրեց ՌԱԿ Հայաստանի եւ Սփիւռքի ներկայացուցիչների միջեւ բանկացութիւնների արդիւնքում գոյացած յուշագիր-համաձայնագիրը¸ որը վաւերացուեց եւ ստորագրուեց երկու կողմերի ներկայացուցիչների կողմից։ (Համաձայնագիրը տեսնել՝ կցուած)։ Այդ պահից սկսեալ¸ փաստօրէն¸ ՌԱԿ-ը դարձաւ հայաստանակեդրոն կուսակցութիւն¸ Հանրապետական եւ Վերականգնումի շարժման վարչութիւնները միաձուլուելով վերածուեցին Կենտրոնական վարչութեան՝ որպէս մէկ եւ միասնական կուսակցութեան ղեկավարութիւն՝ Հայաստանից եւ Սփիւռքից ընտրուած անդամներով։ Միաժամանակ ստեղծուեց կանոնադրական նոր մարմին՝ Գերագոյն խորհուրդ¸ որի կազմը նոյնպէս լինելու է խառն եւ որի պարտականութիւնը կը լինի ՌԱԿ-ի քաղաքական ռազմավարութեան վերահսկումը։

ՌԱԿ կենտրոնական վարչութեան ատենապետ ընտրուեց Յ. Աւետիքեանը¸ իսկ Գերագոյն խորհրդի նախագահ՝ Վարդան Նազիրեանը։

Ատենապետի առաջարկութեամբ ընտրուեցին ՌԱԿ Կենտրոնական վարչութեան անդամներ¸ որոնց կազմը¸ ինչպէս նաեւ Գերագոյն խորհրդի անդամների ցուցակը կը հրապարակուի հետագայում՝ Սփիւռքից կատարուելիք անհրաժեշտ լրացումներից յետոյ։

Ընտրուեցին նաեւ Հաշուեքննիչ եւ Կարգապահական ատեանների անդամները՝ միշտ խառն կազմի սկզբունքով։

Պատգամաւորական ժողովն աւարտուեց վարչութեան անդամների երդմնառութեան արարողութեամբ. ՌԱԿ դրօշի ներքոյ¸ ժողովի աւագագոյն անդամ՝ Յունաստանի պատուիրակութեան ղեկավար Սարգիս Խաչատուրեանի կողմից։

Նոյն օրը երեկոյեան Ալ. Սպենդիարեանի անուան Օփերայի եւ պալէտի ազգային ակադեմիական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում տրուեց հրաշալի համերգ՝ նուիրուած ՌԱԿ հիմնադրութեան 95-ամեակին։

 

ՌԱԿ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ

 

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ-ՅՈՒՇԱԳԻՐ

Ստորագրեալներս¸ 7 Հոկտեմբեր 2016¸ Երեւանի մէջ կայացած ժողովին ընթացքին հասանք հետեւեալ համաձայնութեան¸ որուն դրոյթները այս հանգրուանին ի զօրու կը մնան առաւելագոյնը մինչեւ 2017-ի վերջաւորութեան։

1. ՌԱԿ կը վերածուի հայաստանակեդրոն կուսակցութեան։ Մէկ կուսակցութիւն¸ մէկ ծրագիր-կանոնագիր եւ մէկ ղեկավարութիւն։

2. Հանրապետական վարչութիւնը կը վերանուանուի ՌԱԿ Կեդրոնական վարչութիւն¸ որուն ղեկավարութեան մէջ տեղ կ’ունենան Հայաստանի եւ Սփիւռքի ներկայացուցիչները իբրեւ վարչականներ։

3. Կը կազմուի ՌԱԿ-ի Գերագոյն Խորհուրդ մարմինը՝ ճշդելու եւ ծրագրելու ՌԱԿ-ի քաղաքականութեան ընդհանուր գիծերը եւ վերահսկելու ՌԱԿ-ի լայնածաւալ աշխատանքները։ Վարչականները կ’ընտրուին թէ Հայաստանէն եւ թէ Սփիււռքէն¸ այս պարագային՝ նշանակեալ կերպով։

4. Կը նշանակուի օրէնսգէտներէ եւ փորձառու կուսակցականներէ կազմուած մարմին մը¸ որ այս ժամանակաշրջանին պիտի վերամշակէ զոյգ կանոնագիրները։

 

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ               ՌԱԿ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻ ԵՒ       

        ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ                           ՄԻՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՄԱՆ

                                                                                    ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ