ԿՈՉԻՑ ԱՌԱՋ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՆ ՊէՏՔ

Սփիւռքահայերին ուղղուած վարչապետ Կարէն Կարապետեանի կոչը տարատեսակ ու հակասական գնահատականների արժանացաւ, եւ դա բնական էր: Զանց առնելով ջղային եւ անբարեացակամ արձագանգները եւ սպասելով սփիւռքի ինստիտուցիոնալ կառոյցների ու երեւելի անձնաւորութիւնների անդրադարձներին, զանց առնելով նաեւ կոչի լեզուախմբագրական անհարթութիւնները, կարելի է վստահօրէն ասել, որ այն հարիր էր հայութեան ձգտումներին, շատերիս ազգային տեսլականին, հետեւաբար արժանի ամենայն ուշադրութեան:

Դեռեւս անկախութիւնից շատ առաջ, յատկապէս անցեալ դարի 70-ական թուականներից սկսած, անգամ առանց պաշտօնական յայտարարութիւնների ու կոչերի հնչում էր միտքը, թէ Հայաստանը ողջ հայութեան հայրենիքն է եւ նրա հզօրացումը բոլորիս, սփիւռք թէ մայր հայրենիք, խնդիրն է: Հետագայում, աղէտալի երկրաշարժը, Արցախեան ազատամարտը եւ Անկախութեան հռչակումը եկան անիմաստ դարձնելու մինչ այդ եղած բոլոր տեսակի վերապահութիւնները եւ, փոխարէնը, հիմնաւորելու հայութեան մէկութեան գաղափարի իրականացումը: Հիմա քչերն են յիշում ռոմանտիզմի այն ալիքը, որը յորձանք տուեց Սփիւռքից դէպի Հայաստան, առաջնորդութեամբ, պէ՛տք է շեշտել պատմական այս պարագան, Ռամկավար Ազատական Կուսակցութեան եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեանՙ գոնէ տնտեսական ու մարդասիրական մասով: Դժբախտաբար այդ ալիքը փշրուեց երկրում կապիտալի պաշտպանութեան օրէնքների անկատարութեան, կաշառակերութեան, յախուռն սեփականաշնորհման, արագ հարստանալու մոլուցքի եւ չտես անհատների զոռբայութեան արգելապատնէշի վրայ:

Եկաւ մի պահ, յիշում եմՙ 1992 թ.ին, երբ Հայաստանի տնտեսական ու հասարակական զարգացման մեծագոյն ջատագովներից Լուիզ Մանուկեան-Սիմոնը անձամբ ինձ խորհուրդ էր տալիս սփիւռքահայ մեր ներդրողներին չքաջալերել: «Նրանք կորցնելու են իրենց ներդրումները, որից յետոյ այլեւս երբեք չեն վերադառնայ այստեղ», մարգարէանում էր ՀԲԸՄիութեան այն ժամանակուայ ղեկավարը:

Յետոյ եկան աւելի բարենպաստ տարիներ, օրէնքները կատարելագործուեցին, ներդրումային մթնոլորտը բարելաւուեց, եղան մի քանի խոշոր ներդրումներ- Քըրք Քըրքորեան, Էդուարդօ Էռնէքեան, Թիւֆէնքճեան եւ ուրիշներ-, սակայն «կրիշ ունենալու», «վերխը սկզբից» տալու, «փայ» մտնելու, «ատկատի», պետական պաշտօնը եւ խորհրդարանական անձեռնմխելիութիւնը անձնական բարեկեցութեան եւ հարստացման հետ շփոթելու կամ անշփոթ կիրառելու մոլութիւնը: Հնից մնացին նաեւ երկիրը միանձնեայ ղեկավարելու, իշխանութեան տարբեր թեւերի հակակշռի անհրաժեշտութիւնը արհամարհելու, վերջապէսՙ աւտորիտարՙ իրարայաջորդ վարչակարգերը, որոնց նուիրականացումը, այժմ, ներկայ օրերին, առաւել ցայտուն տեսանելի է նախընտրական ցուցակներից, որտեղ ոչ թէ սահմանադրական իշխանութիւնների հակակշիռների սկզբունքն է գործելու, այլՙ կրկին աշխատելու է անձերի ու խմբերի հակակշռութիւնը միմեանց, աւելի շուտՙ զուգակշռութիւնը, այսինքնՙ միշտ կենսունակ թայֆաբազութիւնը: Հետեւաբար ինչ էլ որ լինի հետագայում, նոյնիսկ եթէ հրաշալի գործեն սահմանադրական նոր կարգերը, վարչապետական դրութիւնը, այս ընթացքով, կրկնում եմՙ այս ընթացքով, Հայաստանում մենք չենք ունենայ տնտեսական այն հզօրանքը, որը հիմքն է երկրի անվտանգութեան, հասարակական բարօրութեան, Հայաստան-Արցախ-Սփիւռք իրական միասնութեան:

Վարչապետի կոչը բնականաբար տեղիք է տալիս տարբեր հարցադրումների: Ուստի փորձեմ դրանց մի մասը շարադրել ստորեւ.

– Ի՞նչ էք ծրագրում անել սփիւռքում կազմակերպութիւնների ներսում եւ միջեւ համախոհութիւն հաստատելու կամ դրան նպաստելու ուղղութեամբ: Ընդունո՞ւմ էք, որ այս կարեւոր առաջադրանքը տապալուել է իշխանութեան որոշ օղակների կողմից նաեւ:

– Ի՞նչ է անելու սփիւռքահայ երիտասարդ մասնագէտը (բժիշկ, ճարտարագէտ, ճարտարապետ կամ ֆինանսիստ), երբ գալիս է Հայաստան առանց նախնական պայմանաւորուածութեան. ո՞վ է զբաղուելու իր աշխատանքի տեղաւորման եւ միւս հարցերով: (Խնդրում եմ, միայն չասէքՙ սփիւռքի նախարարութիւնը, որի հետ մեր միւս նախարարութիւններն անգամ զգուշանում են համագործակցել):

– Ի՞նչ է անելու, օրինակ, ամերիկահայ ներդրողը, որն ընդամէնը 3 օրում Իռլանտիայում գտել է (իրական դէպք եմ պատմում) իրեն յարմար գործարանը բեռնատար մեքենաների կարպիւրատոր արտադրելու համար, մինչդեռ Հայաստանում 8 օրուայ ընթացքում համապատասխան մարմինները չկարողացան նրան ներկայացնել ոչ իսկ մէկ գործարանի սեփականատիրոջը, ոչ էլ պիզնէս ծրագիրը:

– Ինչպէ՞ս եք պաշտպանելու սփիւռքահայ ներդրողներին հարկային մարմինների կամայականութիւններից, բանկերի վաշխառութիւնից, թաղային եւ այլ հեղինակութիւններից:

– Ձեր հրապարակած կոչը ուղղուած է «սփիւռքահայերին» եւ ոչ սփիւռքահայութեանը: Ի՞նչպէս հասկանալ, Դուք նկատի ունէք միայն փողատէրերի՞ն, թէ՞ առհասարակ հայ մարդկանց, ովքեր, համենայնդէպս, ցանկութիւն կունենան վերադառնալ կամ գալ Հայաստանՙ բնակուելու:

– Ի՞նչ էք կարծում, որքա՞ն կտեւի Ձեր պաշտօնավարութիւնը: Իսկ Ձեզ յաջորդող վարչապետները կշարունակե՞ն դէպի սփիւռք բացուելու քուրսը, թէ՞ այն նորից կփակուի եւ կմնայ լոկ իբրեւ գրաւիչ կարգախօս: