Սկիզբն Նորագոյն Հայկական Պետականութեանց պատմութեան
Մայիսեան յաղթանակները
99 տարի առաջ մայիսեան այս օրերին տեղի ունեցան հայ ժողովրդի համար խիստ կարևոր Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի հերոսական ճակատամարտերը, որոնց մասին շատ է խօսուել ու գրուել: Ընդհանուր առմամբ, աւելի յաճախ հուռա-հայրենասիրական շնչով տոգորուած այդ գրուածքներում յաճախ աչքաթող են արուել հարցեր, որոնց լուսաբանումը խիստ կարևոր է մերօրեայ պատերազմական վիճակում գտնուող ժողովրդի ու պետութեան համար: Այսօր իր նշանակութեամբ եզակի Սարդարապատի ճակատամարտը հայ հանրութեանը պէտք է ճիշդ ներկայացուի, պաթոսից և բարոյական յաղթանակների ստուերից զերծ, անաչառ ու անկողմնակալ: Յատկապէս խորութեամբ և բոլոր ներքին շերտերի լուսաբանումը լաւագոյնս կը նպաստի դասեր քաղելու այդ գոյամարտերից: Քանի որ յաճախ աւելի ընդգծուել է ազատամարտի կուսակցականացուած պատմութիւնը, շեշտուել մասնակիցների ու յատկապէս ղեկավարների քաղաքական այս կամ այն ուժին պատկանելու խնդիրը, քան հիմնախնդրի գիտավերլուծական և օբյեկտիվ խորքային պատճառների ներկայացումը:
Սարդարապատը հայ ժողովրդի հոգու, կորովի, հայկական գենի ու էթնոհոգեկան կոդի յաղթանակն էր, ազգային արժէք, որը չի պատկանում ոչ մէկին, բացի ողջ հայ ժողովրդից: Ժողովուրդ, որը ազատագրական պայքարի ելաւ, ուր վճռուելու էր նրա լինել-չլինելու հարցը։ Հարիւրաւոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելութիւնից, մասնագիտութիւնից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զօրամասեր և կամաւոր մեկնում ճակատ։ Գիւղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազօրայինների շարքերը, փորում խրամատներ։ Հերոսամարտն ստացաւ համաժողովրդական բնոյթ: Այն, յիրաւի հայրենական պատերազմ էր: Հայ ժողովուրդը համախմբուել, մի բռունցք էր դարձել, որովհետև իւրաքանչիւր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է յանուն հայրենիքի, յանուն կեանքի ու ազգային արժանապատուութեան։ Ռազմական ու ռազմավարական տեսանկիւնից սառը հաշուարկների դէպքում Սարդարապատում հայերի յաղթելու հաւանականութիւնը փոքր էր, բայց յաղթեցին, քանի որ` 1. մինչև բուն ճակատամարտը ղեկավարութիւնը ձեռնարկել էր մի շարք կարևոր գործողութիւններ, որոնցում առանձնակի տեղ էր գրաւում Արագածոտնի և Թալինի տարածաշրջաններից մահմետական տարրի դուրս մղումը, 2. բանակային ուժերի ճիշդ վերադասաւորումն ու բաշխումը, 3. բանակի և ժողովրդական աշխարհազօրի ուժերի մէկտեղումը, 4. ամբողջ ժողովրդի (այդ թւում նաև շատ հայ կանանց) կորովի միասնութիւնն ու բռունցքուելու հնարաւորութեան ապահովումը, 5. կուսակցականութեան ախտին տուրք չտալը, 6. հոգևոր դասի ժողովրդի կողքին ու կռուողների շարքերում լինելը, 7. ժողովրդի մէջ արիւնարբու թուրքին յաղթելու հաւատ ու վստահութիւն ներշնչելը, 8. բարեկամ, յատկապէս, եզտի ժողովրդի հերոսական օգնութիւնը և այլն:
Մայիսեան հերոսամարտը, որ դարձաւ հայոց նոր ժամանակների Աւարայրը, եղեռն տեսած, կեանքի ու մահուան եզրին կանգնած ամբողջ հայ ժողովրդի հաւաքական ուժի և ազգային միասնութեան իրական ու կարևոր յաղթանակն էր: Յաղթանակ, որն ունեցաւ խոշոր պատմական նշանակութիւն: Նախ`1. հայ ժողովուրդը պահպանեց իր ֆիզիքական գոյութիւնն ու ապահովեց իր շարունակականութիւնը, 2. ստիպեց հակառակորդին հաշուի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրաւունքը, 3. Սարդարապատում տարած յաղթանակից յետոյ խափանուեցին թուրքերի փանթուրքական ծրագրերը և նրանք կորցրին հնարաւորութիւնը միաւորել թրքախօս ժողովուրդներին, ինչը քաղաքականապէս վտանգաւոր կը լինէր տարածաշրջանի այլ պետութիւնների ու ժողովուրդների համար: Մայիսեան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախութեան համար։ Եւ հէնց այդ յաղթանակի օրերին հռչակուեց Հայաստանի անկախութիւնը։ Մայիսեան հերոսամարտը, որ հայ ժողովրդի պատմութեան ամենահերոսական դրուագներից է, կարելի է ասել, փակւում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձութիւններով հարուստ նոր պատմութեան շրջանը, և սկսւում նորագոյն՝ հայկական պետականութիւնների պատմութեան և ապագայ յաղթանակներով հարուստ և պատմական արդարութիւնը վերականգնելու ժամանակաշրջանը։
Սուրէն Թ. Սարգսեան, պգդ
«Հայ Ձայն»