Շքանշանների յանձնման արարողութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաբաց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, տեղի ունեցաւ շքանշանների յանձնման արարողութիւն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատուոյ բարձր շքանշան շնորհուեց Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայէլեանին և ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին։

Հանդիսութիւնը բացուեց Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների և արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տէր Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակեանի ողջոյնի խօսքերով։

Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի ներքոյ բերուեցին հայրապետական պարգևները, որոնցով Ամենայն Հայոց Հայրապետը զարդարեց մեծարեալների կուրծքը։

Արարողութիւնն ամփոփուեց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնութեան խօսքով։ Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ նշեց, որ ՀԲԸՄ-ի նախաձեռնութեամբ առիթ է ընձեռուել Հայոց Եկեղեցու և աշխարհասփիւռ ժողովրդի անունից Սուրբ Էջմիածնում բարձր պարգևների արժանացնելու երկու անձանց, որոնք իրենց կարևոր աշխատանքով ներկայացան ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ ողջ աշխարհին՝ դրանով իրենց ներդրումը բերելով հայոց ազգի իրաւունքների և նրա նկատմամբ արդարութեան յաղթանակի նուիրական ու սուրբ գործին։

Վեհափառ Հայրապետը բարձրօրէն գնահատեց ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քրիքորեանի տեսիլքի իրագործման համար ներդրած ջանքերը։ Նորին Սրբութիւնը նկատեց, որ բազում փորձեր են արուել նկարահանելու Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած ֆիլմ և բնաւ դիւրին չէ նման մեծածաւալ, մոնումենտալ մի գործ իրականացնել։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ բոլորը մասնաւոր ապրումներով ու զգացումներով են դիտել ֆիլմը, որովհետև ամէնքի իղձն ու ցանկութիւնն էր ունենալ այնպիսի մի ֆիլմ, որը մարդկութեանը ֆիլմարուեստի ճանապարհով կներկայացներ հայ ժողովրդի այն մեծ ողբերգութիւնը, որ իրագործուեց Օսմանեան Թուրքիայի կողմից, երբ մէկուկէս միլիոն հայորդիներ նահատակուեցին իրենց պատմական հայրենիքում, իսկ մնացեալը հայրենազրկուեցին։

Նորին Սրբութիւնը շեշտեց, որ Աստծու ողորմութեամբ հայ ժողովուրդը շնորհիւ իր հաւատքի և մեծ կամքի կարողացաւ վերապրել այդ ողբերգութիւնը և երեք տարի անց Սարդարապատում պարտութեան մատնել ցեղասպան թուրքի կանոնաւոր բանակին։

Վերջում Հայոց Հայրապետն իր աղօթքն ու բարեմաղթանքներն ուղղեց ֆիլմի պրոդյուսերին և ռեժիսորին՝ նորանոր ներշնչանքներով արգասաւորելու իրենց կեանքը և շարունակելու բարի գործեր մատուցել համայն մարդկութեանը։

Նորին Սրբութիւնը նաև իր գնահատանքն ու շնորհաւորանքները փոխանցեց կրթական կենտրոնի բարերարներ տէր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզեաններին հաստատութեան նորամուտի առիթով՝ մաղթելով քաջառողջ կեանքի բազում տարիներ՝ վայելելու իրենց եկեղեցաշէն ու հայրենանուէր բարի իրագործումները։

Արարողութեանը ներկայ էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբաններ, Մայր Աթոռի բարերարներ, ՀԲԸՄ անդամներ, մեծարեալների հարազատներ և մտերիմներ։

Այնուհետև հիւրերը շրջայց կատարեցին «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, ծանօթացան նորաբաց հաստատութեան պայմաններին։

Նոյն օրը Մայր Տաճարում մատուցուած Սուրբ Պատարագի ընթացքում, նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուել էր հոգեհանգստեան արարողութիւն երջանկայիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգու խաղաղութեան համար։