Հայաստանը անցումային շրջանում

2018թ. Հայաստանի Հանրապետութեան պատմութեան համար առաջին հերթին կ’յիշուի որպէս ժամանակաշրջան, երբ պետութիւնը կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարեց դէպի խորհրդարանական։ Թէ դրանցից որը ինչ առաւելութիւն կամ թերութիւն ունի,  առանձին քննարկման հարց է, սակայն առաջին խնդիրը, որի առաջ կ’կանգնի պետութիւնը հետևեալն է՝ ինչպէս տեղի կունենայ այդ անցումը։

Համակարգային ցանկացած փոփոխութիւն որոշակի խնդիրներ, իսկ երբեմն էլ դժուարութիւններ է ստեղծում ցանկացած պետութեան համար, հասկանալի է, որ Հայաստանը ևս չի կարողանայ շրջանցել այդ խնդիրները, հետևաբար թերևս այստեղ կարևոր հարց է թէ ի՞նչ խնդիրների կարող է բախուել պետութիւնը այս անցումային շրջանում։

Ինչպէս յայտնի է, Փետրուար ամսին տեղի կունենան նոր նախագահի ընտրութիւնները, իսկ նախագահն իր լիազօրութիւնները, սակայն, կ’ստանձնի միայն Ապրիլին։ Կարելի է ասել, որ այսպիսով վերջնականապէս կը դադարի գործել հին սահմանադրութիւնը և ուժի մէջ կը մտնի նորը։

Սակայն հէնց այստեղ էլ առաջ են գալիս այն խնդիրները, որոնք շատ արագ լուծում են պահանջում, իսկ դրա համար կայ ընդամէնը 3 ամիս։ Ինչպէս յայտնի է, խորհրդարանական համակարգում նախագահին ընտրելու է Ազգային ժողովը, և հարց է ծագում՝ ի՞նչ սկզբունքով պէտք է ընտրել նախագահին, արդեօ՞ք նա լինելու է իշխող կուսկացութեան ներկայացուցիչ, ընդդիմադիր, թէ՞ անկուսակցական որևէ անձ։  

Սակայն էլ աւելի կարևոր է վարչապետի ընտրութիւնը, որը փաստացի դառնալու է պետութեան ղեկավարը։ Այստեղ նոյնպէս անորոշութիւն է տիրում: Գաղտնիք չէ, որ խորհրդարանական համակարգի պայմաններում յատկապէս բարձրանում է կուսակցութիւնների դերակատարումը, իսկ խորհրդարանում մեծամասնութիւն կազմող քաղաքական ուժը առաջադրում է ոչ միայն նախագահի, այլև վարչապետի թեկնածութիւնը։

Հիմնական դիլեման, որն այստեղ յառնում է, այն է, որ գործող Հանրապետական կուսակցութեան առաջնորդը ներկայիս  նախագահ Սերժ Սարգսեանն է, իսկ կուսակցութեան կողմից գործող վարչապետը՝ Կարէն Կարապետեանը։ Նոր սահմանադրութեան պայմաններում իշխող կուսակցութեան նախագահը պէտք է որ աւտոմատիկ կերպով դառնայ պետութեան վարչապետ, իսկ նախկինում Սերժ Սարգսեանը յայտարարել էր, որ չի յաւակնում վարչապետի պաշտօնին։ Սակայն այժմ շատ բան է փոխուել և գործող խորհրդարանական հիմնական ուժը՝ ՀՀԿ-ն, չի թաքցնում, որ կուսակցութեան առաջնորդը կայ և շարունակում է մնալ գործող նախագահը։  

Ստեղծուած այս անորոշութիւնը, Ապրիլից յետոյ նոր վարչապետի թեկնածութեան շուրջ յստակութեան բացակայութիւնը, ինչպէս նաև նախագահի թեկնածութեան առաջադրման փրոպլէմները ստեղծում են այն խնդիրները,  որոնց սկսում է բախուել Հայաստանը 2018թ. առաջին իսկ օրերից։ Այս իրավիճակը շատ վատ է ազդում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական իրավիճակի վրայ։

Հայաստանի զարգացման մէջ քաղաքական հիմնական գործող անձանց անունների բացակայութիւնը պիզնէսին ձեռնպահ է անում նոր ներդրումներ ու պիզնէս ծրագրեր իրականացնել, սա էլ իր հերթին պատճառ է հանդիսանում թանկացումների ու անկայունութեան, որը յատկապէս նկատելի է վերջին շրջանում։ Սա մի իրավիճակ է, որը պէտք է գործող քաղաքական ուժը կանխատեսէր և քայլեր ձեռնարկէր այն կանխելու համար, հակառակ դէպքում տնտեսութեան հիւանդագին արձագանգը քաղաքական անկայունութեանը կը շարունակուի։

Արմէն Մանուէլեան՝ պատմական գիտութիւնների թեկնածու