Ռամկավար Ազատական կուսակցութեան շնորհաւորանքը Նիկոլ Փաշինեանին ՀՀ վարչապետ ընտրուելու կապակցութեամբ

Ռամկավար Ազատական կուսակցութիւնը Հայաստանում եւ Սփիւռքում գործող իր բոլոր կառոյցների անունից ջերմօրէն շնորհաւորում եւ յաջողութիւններ է մաղթում պրն Նիկոլ Փաշինեանին ՀՀ վարչապետ ընտրուելու կապակցութեամբ։ Իրոք¸ ծանր բեռ եւ պարտաւորութիւն¸ որի արդիւնաւորումից է կախուած մեր ժողովրդի ու պետութեան անվտանգ¸ խաղաղ եւ բարօր կեանքը¸ պետական եւ ազգային բոլոր մարզերում մեր երկրի¸ ողջ հայութեան յետագայ զարգացման ընթացքը։

Համաժողովրդական ոգեւորութիւնից¸ ինքնահիացումից եւ արդար յաղթանակի բերկրանքից սթափուելու ժամն է արդեն¸ տքնանքի¸ ուժերը լարելու¸ դիմանալու եւ դիմակայելու ժամը¸ ժամը իմաստուն եւ իմաստաւորուած աշխատանքի¸ որի միջոցով միայն պիտի կերտենք մեր մատղաշ սերունդների ապագան։

Պատմական այդ լրջագոյն առաքելութեան յաջողութեան համար ՌԱԿ-ը պատրաստակամ է Մայր հայրենիքում թէ Սփիւռքում իր ողջ կարողականութիւնները միաձուլել յետագայ օրերին կազմուելիք նոր կառավարութեան ջանքերին¸ ամէն գնով նպաստել երկրում ժողովրդավարութեան¸ արդարութեան¸ տնտեսութեան իսկական ազատականացման¸ արդիւնաբերութեան¸ գիւղատնտեսութեան¸ առեւտուրի¸ կրթութեան¸ մշակոյթի եւ զբօսաշրջութեան զարգացման ուղղութեամբ տարուելիք աշխատանքներին։

 

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

 

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ                                                ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

         Ատենապետ՝                                                                             Ատենապետ՝

   Յակոբ Աւետիքեան                                                                   Վարդան Նազիրեան