ՌԱԿ-Ի ՓԱՌԱՊԱՆԾ 98-ԱՄԵԱԿԸ

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ, Փրոֆէսօր

ՌԱԿ Առաջին ընդհանուր պատգամաւորական ժողովի մասնակիցների խմբանկարը, 1922թ.

Ռամկավար Ազատական Կուսակցութիւնն արդէն 98 տարի հպարտ ու ազնուաբարոյ նաւարկում է ժամանակի ծովում: Որպէս ապրող ու արարող կենդանի օրկանիզմ` ՌԱԿ-ը երբեմն հանդարտ, երբեմն խութերի հանդիպելով կարողացել է յաղթահարել բազմաթիւ դժուարութիւններ եւ դուրս գալ խաղաղ ու արարող հանգրուան: Խորհրդային տարիներին ժողովրդական սկզբունքներով առաջնորդուող ռամկավարները վեր կանգնելով դասակարգային անիմաստ սահմանազատումներից Սփիւռքում արեցին ամէն ինչ յանուն ազգային լինելիութեան: Ազգապահպանման ջանքերին զուգընթաց ՌԱԿ-ը քաջալերում էր հայ մարդու բարեկեցութիւնն ու հայրենասիրութիւնը, իսկ երբ առիթը ներկայացաւ խրախուսեց նաեւ ներգաղթը

ՌԱԿ-ը ողջամիտ դիրքորոշում դրսեւորեց նաեւ Խորհրդային Միութեան փլուզման օրերին: Կուսակցութիւնը Հայաստանում ծնունդ տալով իր հայաստանեան կազմակերպութեանը` ՀՌԱԿ-ին, վերջինիս միջոցով մաս կազմեց Հայաստանի անկախ պետութեան ստեղծման գործընթացին: Նա մէկն էր այն հինգ կազմակերպութիւններից եւ միակը աւանդական կուսակցութիւններից, որ անվարան կերպով իր ստորագրութիւնը դրեց Անկախութեան հանրաքուէի յայտարարութեան տակ: Դրանով սկսեց մարմնաւորուել ՌԱԿ հիմնադիրների գլխաւոր երազը` Հայաստանը տեսնել ժողովրդավար, ազատ եւ ազատական: Արժէքներ, որոնք ինչպէս ազատագրական պայքարի ողջ ընթացքում այնպէս էլ արցախեան ազատամարտի ժամանակ ՌԱԿ-ը պատմական անհրաժեշտութիւն համարեց եւ դրանց իրականացման համար դաւանեց նաեւ «Երկաթէ շերեփի» մեթոտին, քանի որ մնացած բոլոր միջոցներն սպառուած էին:

Այսօր էլ կուսակցութիւնը հաւատարիմ մնալով իր որդեգրած «որտեղ բռնութիւն կայ, այնտեղ ռամկավարութիւն չկայ» սկզբունքին, որպէս մեկնակէտ մերժելով արիւնոտ յեղափոխութիւնը եւ հաւատարիմ մնալով իր արմատներին, իրատեսական քայլերով, խորհրդարանական պայքարի եւ աստիճանական բարեփոխումների ու կառուցողական ընդդիմութեան դիրքերից յաղթահարելով բազմաթիւ ու բազմատեսակ խոչընդոտներ, հայ ժողովրդի լաւագոյն ապագայի գիտակցութեամբ հաստատուն քայլերով ընթանում է առաջ: Կարծում եմ, որ 100-ամեայ յոբելեանը եւս կը դիմաւորի առկայ որոշ ներքին խնդիրներից ամբողջովին ինքնամաքրուած, բիւրեղացած եւ աւելի հզօրացած:

***

ՌԱԿ-ի` հայ իրականութեան մէջ գործող հնագոյն կուսակցութեան պատմութիւնն անցել է երեք կարեւորագոյն փուլեր, որոնց միասնութեան մէջ պէտք է դիտարկել ՌԱԿ պատմութիւնը: Դրանք են`

  1. Արմենական` 1885-1908թթ.,
  2. Հայ Սահմանադրական Ռամկավար` 1908-1921թթ,
  3. Ռամկավար Ազատական` 1921-ցայսօր:

Ընդ որում, անկախ տուեալ պահին տիրապետող տնտեսական, քաղաքական, սոցիալական, ազգային եւ այլ պայմաններից կուսակցութեան հաւատամքը` անել ամէն ինչ հայ ժողովրդի վիճակը բարեփոխելու ուղղութեամբ, միշտ նոյնն է եղել:

Կուսակցութեան գաղափարախօսութեան սերմնացաններ Մ. Խրիմեանի եւ Մ. Փորթուգալեանի բաղձանքն Մ. Աւետիսեանի գլխաւորութեամբ իրականացրին նրանց սաները: 1885 թ. Վանում հիմնադրուեց հայ իրականութեան մէջ առաջին ու միակ երկրածին Արմենական Կուսակցութիւնը: Արձանագրենք, որ չնայած հետագայ ժամանակներում համաշխարհային տարբեր գաղափարախօսութիւնների մեծ ու փոքր ազդեցութիւններին, կուսակցական-քաղաքական պայքարի հայոց տոհմածառի արմատները սկիզբ են առնում եւ սնւում են արմենականների անդաստանում:

Կուսակցութեան գործունէութեան առաջին շրջանում այդ պայքարին բնորոշ էին երեք հիմնական ուղղութիւններ: Կեանքի կոչել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի խանձարուրը համարուող սահմանադրական շարժման տեսական հիմնադրոյթները: Դրանցից ամենակարեւորը դէպի ժողովուրդ գնալն էր, կրթալուսաւորական բեղուն գործունէութիւն ծաւալելը եւ միջնադարեան խաւարում խարխափող ժողովրդին դարաւոր ընդարմացումից դուրս բերելը: Յատկապէս երիտասարդութեանը բացատրել, որ թաղային անիմաստ կռիւների փոխարէն իրենց եռանդը ներդնեն ի նպաստ ազգաշահ կարեւորագոյն խնդիրների լուծման:

Կարեւոր էր նաեւ երիտասարդութեանը յորդորել, որ միջոցներ հայթայթի ու զէնք ձեռք բերի: Ոչ պակաս կարեւոր էր նաեւ երիտասարդներին վաղ տարիքից զինավարժելը, որպէսզի կարողանային ինքնապաշտպանուել թուրք ու քիւրդ հրոսակների յարձակումներից: Արմենականների հայրենանուէր գործունէութեան մասին շատ է գրուել (Ա. Դարբինեան, Ա. Եկարեան, Վ. Ղազարեան, Ս. Սարգսեան): Իսկ գաղափարախօսութիւնը, որ թուրքական բռնատիրական իրականութիւնում գործող քաղաքական ուժի դէպքում հայ իրականութեան մէջ ամենաիրատեսական, հաշուենկատ ու աստիճանաբար դէպի նպատակ հաստատուն ընթացող բնոյթ ունէր, քիչ է վերլուծուել: Դեռեւս յստակեցման կարիք ունի ինքնավարութիւն, թէ՞ անկախութիւն պէտք է հասկանալ կուսակցութեան ծրագրի հիմնական դրոյթը` Արմենական կազմակերպութեան նպատակն է հայ ժողովրդի համար ինքն իրեն ազատ կառավարելու իրաւունք ձեռք բերել, որով միայն նա կը կարողանայ մարդավայել ապրելու միջոցներ ունենալ եւ դրանք գործադրել ժամանակի պահանջներին համեմատ: Թերթային յօդուած սահմանափակ հնարաւորութիւնը նկատի առնելով նշենք, որ մեր դիտարկումների ու վերլուծութիւնների արդիւնքում հակուած ենք կարծելու, որ դա աստիճանական անկախութեան ձգտող դրոյթ էր:

Հաստատուն քայլերով գործունէութեան աշխարհագրութիւնն աստիճանաբար ընդլայնող կուսակցութիւնը խիստ թուլացաւ 1896 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանութեան` «Մեծ դէպքի» ժամանակ: Անվարան կազմակերպելով Վանի ինքնապաշտպանութիւնը, սակայն կուսակցութեան էլիտան խաբէութեամբ զոհուեց Ս. Բարդուղիմէոս վանքի մօտ: Արմենական կուսակցութիւնը դրանից յետոյ չկարողացաւ վճռական դերակատարութիւն ունենալ հայ ազգային-ազատագրական պայքարում, սակայն գործունէութեան յաջորդ հանգրուաններում արմենականութեան ոգին միշտ ոգեւորեց ու յաղթանակների առաջնորդեց հայութեանը:

1908 թ. երիտթուրքական յեղաշրջումն իր հռչակած սահմանադրութեամբ ու դեմոկրատական լոզունգներով հաշիշի ազդեցութիւն թողեց օսմանահպատակ ժողովուրդների եւ առաջին հերթին հայերի համար: Հրէական արմատներով երիտթուրքական ղեկավարները կարողացան ոչ միայն բթացնել հայերի զգօնութիւնն ու պայքարի ոգին, այլեւ հաւատացրին հայ քաղաքական ղեկավարութեանը, թէ իբր յեղաշրջման հեղինակներն ու իրականացնողները հայերն են: Դրա հետեւանքով մեծ թուով երիտասարդ նուիրեալների կեանքի գնով Երկիր տարուած զէնք-զինամթերքը փոշիացաւ, իսկ հայութեան զգօնութիւնը գրեթէ զրոյացաւ: Մի ակնթարթում մոռացուեցին նախկին թշնամանքն ու բռնութիւնները, ամէնուրեք լսւում էին եղբայրութեան, հաւասարութեան ու բարեկամութեան մասին կոչեր:

Այս մթնոլորտի արդիւնքում արմենականների, վերակազմեալ հնչակեանների եւ այլ իրատես, ազգային հողի վրայ գործող ուժերի համախմբման արդիւնքում, հիմք ընդունելով Մ. Տամատեանի նախագիծը, 1908 թ. Հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Ալեքսանտրիա քաղաքում հիմնադրուեց Հայ Սահմանադրական Ռամկավար Կուսակցութիւնը (կուսակցութեան ամբողջական պատմութիւնը տե՛ս Սարգսեան Ս., Հայ Սահմանադրական Ռամկավար Կուսակցութիւն. 1908-1921 թթ., Ե. 2009): Օրինականացուած ժամանակաշրջան համարուող այս հանգրուանում կուսակցութիւնը դուրս եկաւ ընդյատակից:

Արեւմտեան Հայաստանի հետ մէկտեղ Կիլիկիայի ազատագրման հարցը եւս դրուեց կուսակցութեան օրակարգում: ՀՍՌԿ-ն իւրաքանչիւր կառավարութեան հիմքը համարում էր ժողովրդի գերիշխանութիւնը: Անհատների հաւասարութեան եւ ազատութեան հետ մէկտեղ ընդունում էր ազգերի ինքնորոշման իրաւունքը: Իբրեւ ազգային քաղաքական կազմակերպութիւն ՀՍՌԿ-ն առանց որեւէ դասային խտրականութեան ձգտում էր իր շուրջ համախմբել հայութեան բոլոր գիտակից ու կենսունակ տարրերին: Կուսակցութիւնը որդեգրեց «դրամագլխի, աշխատանքի եւ տաղանդի կամաւոր ընկերակցութեան» սկզբունքը: Մերժեց յեղափոխական գործելակերպը եւ որդեգրեց բարեփոխումների ու պառլամենտական պայքարի ուղին:

Կուսակցութեան ակունքներում կանգնած գործիչները ծագումով արեւմտահայեր էին եւ իրենց մաշկի վրայ էին զգացել մարդատեաց վարչակարգի դաժանութիւնները: Լաւ էին ճանաչում բռնապետ թուրքի ու կիսավայրենի բնազդներով առաջնորդուող քրտի էութիւնը եւ կոչ արեցին արեւմտահայութեանը տագնապալի իրադրութիւններում չտրուել զգացմունքայնութեանը, այլ հեռատես խոհեմութիւն դրսեւորել եւ կազմակերպուել ու դիմակայել թշնամուն: ՀՍՌԿ-ն գործեց անաղմուկ եւ խոհեմաբար չմասնակցեց Իթթիհատ-Իթթիլաֆ խարդաւանքներին, հեռու մնաց ցուցադրական մոլութիւններից եւ սկսեց ազատական-ժողովրդավարական սկզբունքներ քարոզել հայերի մէջ եւ գաղտնի զէնք փոխադրել Վանից մինչեւ Կիլիկիա:

Կուսակցութիւնը նաեւ ուշադրութիւն դարձրեց կրթական գործին եւ մամուլի միջոցով քաղաքական մտածողութեան դաստիարակմանը: Շարունակելով արմենականութեան գործելաձեւերը եւ շնորհիւ այդ իրատես ու զգուշաւոր վարքագիծը, ՀՍՌԿ-ն դարձաւ ամենամարդաշատը գաղթաշխարհում: Իսկ 1911 թ. առաջին եւ 1913 թ. երկրորդ Կ.Պոլսում տեղի ունեցած համագումարներում ինքնահրաժարուելով «սահմանադրական» եզրից` խորաթափանցօրէն նշեց մօտալուտ պատերազմի հաւանականութիւնը եւ որոշեց զարկ տալ ինքնապաշտպանութեան գործին:

Ցեղասպանութեան տարիներին հայ ժողովուրդը ոտքի ելաւ հերոսական ինքնապաշտպանութեան: Այդ ազգանուէր գործին լծուեցին բոլոր կուսակցութիւններն ու կազմակերպութիւնները: Նրանց թւում էր նաեւ ՀՍՌԿ-ն, որի անդամներ Արմենակ Եկարեանի գլխաւորութեամբ Վանի, իսկ Եսայի Եաղուպեանի եւ Պետրոս Տմլաքեանի գլխաւորութեամբ Մուսա լերան դիւցազնամարտերը ամենաարդիւնաւէտները եղան: Դրանց շնորհիւ ոչ միայն մեծ թուով հայեր փրկուեցին անխուսափելի ոչնչացումից, այլեւ տապալուեցին թուրքական ոճրամիտ ծրագրերը եւ դարբնուեց հայի գոյատեւման իրաւունքը: Կարեւոր էր նաեւ, որ

ՀՍՌԿ-ն առաջին իսկ օրուանից թէեւ ու թիկունք դարձաւ Հ.Բ.Ը. Միութեանը, վնասազերծեց ամէն մի ոտնձգութիւն այդ համազգային կազմակերպութեան դէմ: ՀՍՌԿ-ն նաեւ աներեր ու հաստատակամ կանգնեց Ազգային պատուիրակութեան կողքին եւ բոլոր հնարաւոր միջոցներով սատարեց նրան: Կազմակերպեց Հայկական լեգէոնը, որը փառահեղ էջեր աւելացրեց հայոց ռազմական պատմութեան տարեգրքում: ՀՍՌԿ-ն էր վերջապէս, որ կազմակերպեց Կիլիկիայի ժամանակաւոր ինքնավարութիւնը Մ. Տամատեանի գլխաւորութեամբ: Կուսակցութիւնը ակնառու ներդրում ունեցաւ հայ կամաւորական շարժմանը (Ջիմ Չանգալեան եւ այլք), ինչպէս նաեւ յետպատերազմեան շրջանի որբահաւաքման գործում (Ռուբէն Հէրեան եւ ուրիշներ):

Հայաստանի Առաջին հանրապետութեան տարիներին ՀՍՌԿ-ն իր մամուլով եւ գաղափարաքարոզչական ընդգրկուն աշխատանքներով լուրջ ներդրում ունեցաւ հայ պետականութեան եւ քաղաքական մտքի ձեւաւորման ու զարգացման գործում: Հանդիսանալով արտախորհրդարանական ամենահզօր ուժը, կուսակցութիւնն արեւելահայ ռամկավարների` ՀԺԿ-ի հետ մեծ աւանդ ունեցան պետականաշինութեան, տնտեսութեան, բանակի եւ այլ բնագաւառների զարգացման ասպարէզներում: Ի վերջոյ, կուսակցութիւնը նախաձեռնողներից եւ ամենաակտիւ դերակատարներից մէկը եղաւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան ստեղծման գործում:

Միջանկեալ նշենք, որ արեւելահայ ռամկավարների Հայ ժողովրդական կուսակցութիւնը (ՀԺԿ) հիմնադրուեց հայ կադէտների ու «Մշակ» թերթի շուրջ համախմբուած մտաւորականութեան կողմից 1917 թ. Ապրիլի 11-ին Թիֆլիսում, նախագահն էր Միքայէլ Պապաջանեանը: 1918թ. ամռանը ՀՀ կառավարութեան Թիֆլիսից Երեւան փոխադրուելու հետեւանքով հայ քաղաքական կեանքի կենտրոնը դարձաւ Երեւանը: Պատասխանատուութիւնից չխուսափելով ՀԺԿ-ն 1918թ. Նոյեմբերին ՀՅԴ-ի հետ կազմեցին կոալիցիոն կառավարութիւն: Սակայն համաձայն չլինելով կառավարութեան 1919 թ. Մայիսի 28-ին յայտարարած Միացեալ եւ անկախ Հայաստանի մասին ակտի դրոյթներին, կուսակցութիւնը դուրս եկաւ կոալիցիայից, սակայն իր գաղափարախօսութեամբ ու գործելաձեւերով չհակադրուեց պետութեանը. մնաց չափաւոր դիրքում եւ դրանով շահեց հոծ զանգուածների վստահութիւնը: Իսկ երկրում խորհրդային կարգերի հաստատումից յետոյ հեռացաւ արտասահման եւ միաձուլուեց նորաստեղծ ՌԱԿ-ին:

1919թ. Դեկտեմբերի 21-ին ՀՌԿ Հայաստանի Շրջանային պատգամաւորական ժողովը որոշեց միաւորուել 1918-1919 թթ-երից «Ազատական» անուան ներքոյ գործող նախկին Վերակազմեալ հնչակեանների հետ: 1915 թ. Յունիսի 5-ին հայ մտաւորականների ստեղծած «Հայ ազգային ազատական միութիւնն» էլ իր «Հայաստան» թերթով ձգտում էր ստեղծել հայ ազգային կուսակցութիւնների միութիւն: 1921 թ. Հոկտեմբերի 21-ին Ազատական միութիւնն ու ՀՌԿ-ն «հայ ժողովրդի գերագոյն շահերուն մտահոգութիւնովը» պաշտօնապէս միաւորուեցին:

Միասնական ուժերով, հնարաւորութիւնների մէկտեղմամբ նրանք փորձեցին դիմագրաւել հայ ժողովրդի առաջ ծառացած նոր մարտահրաւէրները: Ի վերջոյ Հոկտեմբերի 25-ին, բոլոր ազգայնական, ազատական եւ ժողովրդավարական կազմակերպութիւնները Հոկտեմբերի 1-ին եւ ստեղծուեց Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը: ՌԱԿ-ի ծնունդն նոյն ծրագիրն ու գործելակերպն ունեցող կառոյցների հայ Սփիւռքը կազմակերպելու եւ Հայրենիքում պետականութեանը սատարելու հայրենանուէր ձգտումների արդիւնք էր:

Յուսադրող հեռանկարներով խանդավառուած, աշխարհի տարբեր մասերում մեծ թուով հայեր համալրեցին ՌԱԿ-ի շարքերը: Կենսունակ եւ գործուն ուժերի այդ համախմբումը պիտի ծառայեր երկու հիմնական նպատակների` ազգապահպանում եւ Հայ դատի հետապնդում: 1922 թ. Յունիսի 2-ին Կ.Պոլսի Գնալը կղզում տեղի ունեցած ըստ էութեան գաղթաշխարհային (ներկայ էին ԱՄՆ-ից, Կ.Պոլսից, Եգիպտոսից, Եւրոպայից թուով 17 պատգամաւորներ) ՌԱԿ առաջին համագումարում որոշուեց բոլոր միջոցներով աջակցել Ազգային պատուիրակութեան հայանպաստ ջանքերին եւ սատարել ՀՀ իշխանութիւններին: Բացառապէս արտասահմանում ձեւաւորուած հայկական համայնքների նոր իրավիճակի ծնունդ կուսակցութեան հիմնական բնորոշիչը Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ հայրենազրկուած հայութեան վտանգուած ֆիզիքական ու հոգեւոր կացութիւնն էր:

ՌԱԿ-ին երբեք դիմորոշ չեղան փքուն կոչերն ու ամպագորգոռ խօսքերը: Կուսակցութեան ազգային գաղափարախօսութիւնն առաջնահերթ է համարում հայրենիքի ու սեփական ժողովրդի անվտանգութիւնը եւ պատրաստ է նոյնիսկ ամենաթանկը` իր արիւնը նուիրաբերել դրանց յաջողութեանն ու փառքին:

Կուսակցութեանը մշտապէս յատուկ են եղել հանդարտ, քննադատական, շրջահայեաց ու ազնիւ խօսքն ու գործելաձեւերը: Ուստի բոլորովին էլ պատահական չի, որ նոյնիսկ այս տօնական օրերին անկեղծօրէն նշում ենք, որ ունենք որոշակի կազմակերպական դժուարութիւններ, բայց երբեք` գաղափարական: Դրանք հիմնականում արդիւնք են այն ցաւագին գործընթացի, որը մշտապէս ուղեկցել է կուսակցութեանը գոյութեանը բոլոր ժամանակներում: Դա այն իրողութիւնն է, որ կուսակցութեան մէջ միմեանց կողքին գործել են մտաւորական եւ պատեհապաշտ հատուածները: Եւ բոլոր այն դէպքերում, երբ մտաւորական թեւն է կազմակերպուած եւ ուժեղ եղել, կուսակցութիւնը գործել է անվրէպ, եղել է հզօր եւ նրա հետ հաշուի են նստել բոլորը: Իսկ հակառակ դէպքում, որպիսին առկայ է նաեւ մեր օրերում, կուսակցութեան ուժերը ջլատուել են ու խիստ թուլացել: Դրա արդիւնքում էլ թէ՛ իշխանութիւնները եւ թէ՛ միւս կառոյցներն ու ուժերը կա՛մ անտեսում են, կա՛մ պարզապէս չնկատելու են տալիս նրան: Կարծում եմ, պատմական փորձն էլ է դա յուշում, որ այդ դժուարութիւնները դժուար, սակայն յաղթահարելի են: Հետեւապէս հեռու չէ այն օրը, երբ կը վերականգնուի կուսակցութեան երբեմնի փառքն ու հզօրութիւնը, կը խտանան նրա շարքերը եւ Հայոց պառլամէնտում եւ կառավարութեան տարբեր օղակներում կունենանք ՌԱԿ անդամներ:

Շնորհաւորելով ՌԱԿ բոլոր անդամներին, համակիրներին եւ հայ ժողովրդին այս տարեդարձի առիթով, ցանկանում եմ ամենամօտ ժամանակներում իրականացած տեսնել բոլոր կուսակցականների հայրենաշահ բաղձանքները:

«Ազգ» օրաթերթ