ՌԱԿ-Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՕՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻՆ ՀԵՏ

2022թ. Փետրուարի 17-ին Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական վարչութեան նախաձեռնութեամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութիւնում հանդիպում կայացաւ նախարար, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան կողմից Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնում առաջադրուած թեկնածու պրն. Վահագն Խաչատուրեանի հետ՝ մասնակցութեամբ ՌԱԿ ատենապետ Հրաչեայ Կարապետեանի, փոխնախագահ Կարէն Կակոյեանի, ԿՎ անդամներ Մեսրոպ Յարութիւնեանի և Մարտուն Յովհաննիսեանի։

Հանդիպումը ընթացաւ ջերմ մթնոլորտում․ լայն ու հանգամանալից քննարկուեցին ՀՀ Սահմանադրական բարեփոխումների ընթացակարգին, Նախագահի լիազօրութիւն­ներին, հանրապետութեան տնտեսութեանը, արտաքին քաղաքականութեանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։

Պրն. Խաչատուրեանը ներկայացրեց իր դիրքորոշումները երկրի կառավարման մոտելի, ինչպէս նաև իր ղեկավարած նախարարութեան գործունէութեան, Հայաստանում տնտեսական ներդրումների քաղաքականութեանը վերաբերող քայլերը, որոնք բարձր գնահատանքի արժանացան ՌԱԿ պատուիրակութեան կողմից՝ շեշտելով, որ այդ յաջողութիւնները նաև պրն. Խաչատուրեանի արհեստավարժութեան և անձնական ջանքերի շնորհիւ է։

ՌԱԿ Կեդրոնական վարչութեան պատուիրակութեան անդամները հանդէս եկան ՀՀ Նախագահի՝ որպէս պետութեան գլխի լիազօրութիւնների աւելացման առաջարկութեամբ՝ մասնաւորապէս արտաքին քաղաքականութեան, հայկական Սփիւռքի հետ կապերի ամրապնդման գործում։

Հանդիպման կողմերը պայմանաւորուեցին Վ․ Խաչատուրեանի՝ Նախագահ ընտրուելու դէպքում սերտ համագործակցել միմեանց հետ։

ՌԱԿ ԿՎ անդամները կուսակցութեան անունից պատրաստակամութիւն յայտնեցին մասնակից լինել տարբեր քննարկումներին, աջակցութիւն ցուցաբերել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը։