ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄԱՆԱԼ ԿԱՄ ՀԱՍՆԵԼ ԴՐԱԿԱՆ ՉԷԶՈՔՈՒԹԵԱՆ

Հայերին հնարաւոր չէ յաղթել, նրանց հնարաւոր է միայն բաժանել:

դարեհ I-ին, պարսից արքայ. Մթայ. VI դար

 

Հայ ժողովրդի մի քանի հազարամեայ պատմութեան ընթացքում օտարները յաճախ են յարձակուել ու փորձել գրաւել մեր հողերը, խլել ունեցուածքը, գերեվարել մարդկանց, սակայն հայերը երբեք հեզ ու խոնարհ չեն ենթարկուել: Ու որքան էլ ուժեղ ու թուապէս շատ է եղել թշնամին, պայքարել են, մաքառել իրենց հայրենիքի, կեանքի ու ինչքի համար: Ցաւօք հին, միջին ու նոր դարերի ընթացքում ժողովրդագրական բոլոր պայթիւնների ալիքներն անցել են մեր վրայով, աւերել, սրբել-տարել են ամէն գեղեցիկն ու օգտակարը: Բայց հայ ժողովուրդն ամէն անգամ ուշքի է եկել, ուղղել է մէջքը, փիւնիկի նման յառնել մոխիրներից ու բարգաւաճ երկիր կառուցել: Այսօր էլ մութ ամպեր են կուտակուել եւ պատմութեան այդ հերթական խռիւ լաբրինթոսից մեր փոքրիկ երկիրը ելք է որոնում: Վստահ եմ, կը գտնի, բայց ամէն անգամ հէնց որ գտնում է` մէկը կրկին խառնում է ամէն ինչ: Սակայն միշտ մենք մնում ենք` նրանք կորչում…

Միայն թէ, ինչպէս նկատել են ճապոնացիները` հայերի շարունակական ողբերգութեան պատճառը նրանց կարճ յիշողութիւնն է անցեալի կատարուածի նկատմամբ: Ժամանակների հաստափոր գրքում` այսօր հայոց պատումի նոր էջն է գրւում ու կարծես ճակատագրական մեծ սխալների յաւերժ կրկնութիւն ենք ապրում: Չգիտեմ չափից աւելի բարի ենք, թէ չենք հասկանում, որ Հայրենիքից տարածք զիջելը նոյն բանն է, որ քո տան անդամներից մէկին տաս օտարին: Մեծ-մեծ խօսում ենք, աջ ու ձախ յայտարարում, որ աշխարհի հնագոյն ազգերից մէկն ենք, բայց մոռանում ենք, որ եթէ ազգ լինէինք Ազգային ժողով կ’ունենայինք եւ ոչ թէ ազգային բազմադէմ ու անհասկանալի հաւաքատեղի: Կարծես ճիշդ եւ ճիշդ մեր օրերի համար է ասել մեծն Աւետիք Իսահակեանը. «Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մէկը` ազգամերժ, կոսմոպոլիտ, լեւանդին, անիտէալ, ձուլուող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, միւս սերունդը` թանձր, թունդ հայրենասէր, հայրական օջախներին կառչած, գրաբարեան: Մի օր այս սերունդները` հայերը եւ այլասերուածները, իրար փոր պիտի թափեն»: Ելքը մէկն է. առաջարկում եմ բոլոր հայ տեսաբաններին միաւորուել եւ գրել մաքուր հայկական Աստուածաշունչը, որն իր մէջ կը ներառի մեր Ազգային գաղափարախօսութեան բոլոր տարրերը, ձգտումներն ու ցանկութիւնները: Որը պարտադիր կը կիրառուի բոլոր յաջորդների համար: Այսինքն, վճռորոշը կը դառնայ ոչ թէ ղեկավարը, որը կամայական կը մեկնաբանի այն, այլ բոլոր կառավարողները կ’առաջնորդուեն դրա նորմերով: Թէ չէ Հայաստանի որոշ նախագահների ժամանակ հայ ժողովուրդը գրեթէ պաշտօնապէս հրաժարուեց քրիստոնէութիւնից եւ ընդունեց հեռուստատեսութիւնն ու թմրամիջոց-սերիալները: Դաւանափոխ այդ հրեշտակներից եւ աւանդապաշտ հրէշներից էլ  կազմուեցին կուսակցութիւններ, որոնք էլ ըստ էութեան քանդ ու քարափ արեցին ազգային արժէքները:

Կարծում եմ, որ բոլոր դէպքերում եւ անկախ ամէն ինչից, մարդ պէտք է ապրի այնպէս, որ նրա ներկայութիւնը հաճելի լինի մարդկանց, իսկ բացակայութիւնը` նկատելի: Անձամբ ինձ համար, Հայաստանս, քո բաց ու փակ վէրքերով, յիշատակաց երկիրն ու յետադարձ հասցէն ես միակ, իմ եզակի ճակատագիրը, հրաշքի սպասող աննման երկիրս: Այսօրուայ ամէն մի հայն ինձ համար` լեռան մի ծերպ է, ամէն մի հայը` ուրոյն է ու իւրակերպ, մի Հայաստան է` բաժան բաժան եւ անմիաբան:

Պաշտօնական տուեալներով Հայաստանից դուրս` աշխարհում գործում են հայկական 146 դպրոցներ: Ատրպէյճանից դուրս` աշխարհում ատրպէյճանական ոչ մի դպրոց չի գործում: Ինչո՞ւ: Որովհետեւ աշակերտ կրթելու համար պէտք է ունենալ պատմութիւն, գրականութիւն, արուեստ եւ երաժշտութիւն ու էլի շատ նման արժէքներ: Բայց չմոռանանք նաեւ, որ լաւագոյն դըպրոցն ու ամենակարող ուսուցիչը հենց ինքը կեանքն է, որը սովորեցնում է ապրել եւ դիմակայել: Սթափուենք եւ հասկանանք, թէ յատկապէս որտեղ ու որ պահին թուլացանք, վրիպեցինք, քանզի մեր կեանքի դպրոցը իմաստալեցուն է եղել միշտ, սովորեցրել է մեզ, բայց աւաղ, մենք գրեթէ միշտ շրջանցել ենք այն: Անկեղծութիւնը թանկ հաճոյք է, բայց մի անգամ այն ճաշակողը` էլ չի՛ հրաժարւում նրանից: Արդ, փորձենք գոնէ հիմա, երբ կորցնելու շատ բան էլ չի մնացել, սթափուել: Հասկանանք, որ սկզբում բոլորն են մարդ ծնւում, բայց ցաւօք, ընթացքում քչերն են մարդ մնում, որովհետեւ ուղեղի սահմանափակ հնարաւորութիւնների եւ ստամոքսի անսահման պահանջների բախումից առաջանում է  ագահութեան սրացում, որի հետեւանքները կործանարար են դառնում: Քանզի կեանքի համը կախուած է ապրողի ճաշակից: Իսկ ստախօսը միայն բարկութեան մէջ է ճշտախօս, որովհետեւ նոր սուտ յօրինելու համար եւս ժամանակ է պահանջւում: Բայց ինչքան ուզում ես ազնիւ եղիր, միեւնոյն է հաւատալու են նրան, ով ամենալաւ սուտն է ասում:

Մեր օրերում (ֆեյսպուքը) դիմատետրը շատերի համար միակ պատուհանն է դէպի իրականութիւն: Առայժմ դառը, ցաւով ու մարդկային վշտով լի: Բայց անկասկած ուրախանալու ժամանակ եւս կը գայ: Մտածում եմ, նախկիններն էլ էին գողանում, բայց` հիմնականում գիտէին` ում հետ, ինչպէս վարւեն: Ներկաներն էլ են թալանում, բայց սրանց մեծ մասը ցուցամոլ են ու չեն վախենում: Զարմանում եմ. ա՛զգ, ի՞նչ է կատարուել քեզ հետ` կոյրի, խուլ ու համրի պէս անտարբեր ես դարձել: Մինչեւ ե՞րբ պէտք է լռես: Չէ որ հէնց իրենք են խոստովանում, որ այսպիսի խայտառակ վիճակ երբեք չի եղել: Գիտեմ, յիմարների մէջ խելացի լինելն էլ անճաշակութեան նշան է: Հասկանում եմ, որ պակասութիւնը մարդկանց դարձնում է բարի, երբեմն էլ` չարացնում է: Բայց բոլոր դէպքերում վստահ եմ, որ ի վերջոյ ամէն դաւաճան կանգնելու է ահաւոր, անխիղճ դատաստանի դիմաց եւ ծանր գին է վճարելու հայրենիք յանձնելու համար: Չեմ հասկանում, ոնց կարելի է քանդել սեփական, թէկուզ վատ անվտանգային համակարգը, փոխարէնը ոչինչ ստեղծելով: Դա նշանակում է պետութիւնն ուղղակի յանձնել թշնամուդ:

Քաղաքագիտութեան մէջ մի հասկացութիւն կայ` «անուղղակի ագրեսիա», երբ երկիրը նուաճում ես ոչ թէ պատերազմով այլ ներսից, յեղափոխութեան, յեղաշրջման կամ արտաքին միջամտութեան երկարատեւ նախապատրաստման գործիքակազմով անցկացուած խաղաղ ընտրութիւնների միջոցով իրականացնելով քաղաքական իշխանութեան եւ վարչակարգի փոփոխութիւն: Դասական իմաստով այն շատ արդիւնաւէտ կիրառում էր Գերմանիան 1933-40 թթ., երբ նրա գործակալական հզօր ցանցի գործունէութեան արդիւնքում ֆաշիստական վարչակարգեր հաստատուեցին Հունգարիայում, Ռումինիայում, Իսպանիայում, Ֆինլանտիայում եւ մի քանի այլ նորաստեղծ սատելիտ պետութիւններում: Սրանք մեխանիկօրէն դարձան Գերմանիայի դաշնակիցները երկրորդ աշխարհամարտում: Պատահական չէր, որ կոլեկտիւ անվտանգութեան համակարգ ստեղծելու նպատակով 1939 թ. ԽՍՀՄ-Մեծն Բրիտանիա -Ֆրանսիա տապալուած բանակցութիւնների ժամանակ Սթալինը դնում էր նաեւ անուղղակի ագրեսիայի կանխման հարցը: Յետպատերազմեան ժամանակաշրջանում, ի դէպ, արտաքին միջամտութեամբ վարչակարգերի փոփոխութեան ռազմավարութիւնը կիրառում էին եւ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը:

Երկբեւեռ աշխարհի փլուզումից յետոյ թւում էր, թէ այս տեխնոլոգիան կորցրել է իր կիրառական նշանակութիւնը: Սակայն տաս-տասներկու տարի անց, գունաւոր յեղափոխութիւնների յաղթարշաւը արեւելաեւրոպական, յետխորհրդային եւ հիւսիսաֆրիկեան եւ մերձաւորարեւելեան արաբական երկրներում ցոյց տուեցին, որ այն կրկին մեծ կարեւորութիւն է ստացել: Յաճախակի այս գործիքը կիրառւում է ընտրութիւններից առաջ եւ յետընտրական գործընթացներում: Շատ հետաքրքիր է Վրաստանի օրինակը, որտեղ, 2003 թ. Վարդերի յեղափոխութիւնից յետոյ, սպասւում է երկրորդ «մայտանը»: Ընտրութիւնները Հոկտեմբերի 26-ին են, իսկ ահա չուշացաւ ԵՄ բարձրագոյն մարմնի` Եւրոպական խորհրդի յայտարարութիւնը. «Վրաստանի Եւրոմիութիւն մտնելու գործընթացը փաստօրէն կանգնեցուել է»: Եւ այդ ամէնն ընթանում է Վրաստանում մօտեցող ընտրութիւնների ֆոնի վրայ: Ընտրութիւններ, որոնք կանխորոշելու են մօտակայ տարիներին Վրաստանի զարգացման վեկտորի ուղղութիւնը: Եւ դա արւում է այն Վրաստանի նկատմամբ, որն այդ հարցերում յաճախ աւելի կաթոլիկ էր, քան Հռոմի պապը: Այն Վրաստանի, որը չվարանեց այդ ճանապարհին կորցնել Աբխազիան եւ Հարաւային Օսէթիան: Այսինքն, նշմարւում են անուղղակի ագրեսիայի դրսեւորումներ: Իսկ մե՞նք: Մենք փոխանակ վերլուծենք եւ դասեր քաղենք այդ ամէնից, շարունակում ենք տուրք տալ դրան ու խարխափել անորոշ ապագայի անյայտներով լի բաւիղներում: Մոռանում ենք, որ շունը աւելի հաւատարիմ է տիրոջ համար, քան որոշ անարժան բարեկամներ, որոնք յանուն շահի կարող են քեզ ոչնչացնել:

Եզրակացութիւնը մէկն է` միասնութեամբ ու միակամուելով մենք կարող ենք ընտրել մեր ուղին: Փորձենք բարեկամանալ կամ դրական չէզոքութեան հասնել բոլոր երկրների, յատկապէս մեր հարեւանների հետ եւ ամենակարեւորը` զերծ մնալ դիմացիններին հաճոյանալու համար աւելորդ խոստումներ տալու պրակտիկայից:

 

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրօֆէսօր

20.10.2024

Երեւան

«Պայքար» շաբաթաթերթ