ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆ

Ներքաղաքական խառնակ մթնոլորտում վարչապետի պաշտօնում նախկին նախագահ Սերժ Սարգսեանի ընտրութեամբ Հայաստանի Հանրապետութիւնը թեւակոխեց նոր՝ խորհրդարանական ղեկավարման փուլ՝ վերափոխուած Սահմանադրութեանը համապատասխան։

Հետագայ ամիսներն ու տարիներն անշուշտ գործնականում ցոյց կը տան պետական նոր կացութաձեւի առաւելութիւններն ու թերութիւնները մեր երկրի համար՝ տնտեսական¸ քաղաքական եւ սոցիալական զարգացման տեսակէտից։

Մինչ այդ՝ մեզ մնում է յաջողութիւն ցանկանալ նորընտիր վարչապետին եւ յառաջիկայ օրերին կազմուելիք նրա կառավարութեանը¸ ի շահ ժողովրդի ու պետութեան¸ ի շահ խաղաղ¸ ապահով եւ բարեկեցիկ կեանքի ձգտող մեր երկրի։

Այսուհանդերձ¸ Ռամկավար Ազատական կուսակցութիւնը իր խոր մտահոգութիւնն է յայտնում ստեղծուած ներքաղաքական իրավիճակի առթիւ։ Նկատի ունենք այն ջրբաժանը¸ որը տարիների ընթացքում ստեղծուել է իշխանութեան եւ ժողովրդի՝ յատկապէս վերջինիս երիտասարդական խաւերի միջեւ¸ որը շարունակաբար խորանում է ու բորբոքում է իրավիճակը երկրում։ Դրա բազմանշանակ ապացոյցը բողոքի եւ ընդվզման ներկայ վարակիչ շարժումն է¸ որի հնարաւոր սայթաքումներից սակայն կարող են օգտուել նաեւ արտաքին ու ներքին կասկածելի ուժեր¸ ինչը խիստ վտանգաւոր է մեր պետութեան համար¸ յատկապէս միջազգային ու տարածաշրջանային լարման ներկայիս պայմաններում։

Երիտասարդութեան ընդվզումը եւ բողոքը¸ անկախ իր այժմեան ղեկավարի նկրտումներից¸ պէտք է չանտեսուի նորընծայ կառավարութեան կողմից¸ եւ այսուհետեւ երկիրը ոչ թէ ձեւական¸ այլ իրական բարեփոխումների ճանապարհով տանի¸ հասարակութեան բոլոր խաւերի եւ առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ¸ առանց խտրականութեան։

ՌԱԿ-ը հանդէս կը գայ պարբերական յայտարարութիւններով՝ նպաստելու համար երկրում բարեփոխումների անցկացման գործընթացին¸ կը մատնանշի իշխանութիւնների բացթողումներն ու սխալները¸ վճռականօրէն կը միջամտի երկրում իսկական ժողովրդավարութեան հաստատման ու մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերում։

 

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ   ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ԳԵՐԱԳՈՅՆ   ԽՈՐՀՈՒՐԴ

Երեւան 19 Ապրիլ 2018 թ.