ՍՊԱՍՈՒԱԾ ՀԱՏՈՐԸ

Հեղինակի ջերմ մակագրութեամբ վերջերս ստացայ մերօրեայ սփիւռքահայ ժրաջան
ուսումնասիրող, իմ լաւագոյն բարեկամ Յակոբ Վարդիվառեանի «Մեծ երազի ճամբուն
ուղեւորները եւ համապարփակ պատմութիւն Ռամկավար ազատական կուսակցութեան» Բ հատորը: Այն նուիրուած է ՌԱԿ-ը գոյացնող Վերակազմեալ Հնչակեան ու Ազատական կուսակցութիւնների եւ Գաղափարակցական ու Հայ ազգային ազատական միութիւնների պատմութեան լուսաբանմանը:
Ասեմ, որ հատորն իր տարողութեամբ ու արծարծուած խնդիրներով իսկապէս սպասուած էր ու խիստ անհրաժեշտ: Այնպէս որ, շտապում եմ իմ` հետազօտող-ընթերցողիս անունից գորովալից շնորհակալութիւնս յայտնել հեղինակին կատարած այսքան ծաւալուն, սրտացաւ ու բարեխիղճ գործի համար: Աշխատանք, որն առանց չափազանցելու կարող է պատիւ բերել մեծ հեղինակային խմբի եւ արժանի է ամենայն դրուատանքի: Տողերիս հեղինակն էլ պատմաբան է եւ մէկ անգամ չէ, որ անցել է փաստեր ու վկայութիւններ հայթայթելու ծանր ու դժուարին փորձութիւնների բովով, տեղեակ է, թէ ինչ մեծ ջանքեր են պահանջւում փաստահեղեների միջից զատել կարեւորները եւ ամփոփ խօսք ասել: Այնպէս որ, պատկերացնում եմ, թէ բիզնէս-աշխատանքով մշտապէս ծանրաբեռնուած ու բազմազբաղ բարեկամս որքան գիշերներ է լուսացրել գրասեղանի առջեւ…
Թէեւ այդ մասին հեղինակը ոչինչ չի ասում, սակայն միանգամայն պատճառաբանուած է, որ աշխատութեան Վերակազմեալ Հնչակեան կուսակցութեան պատմութեան լուսաբանմանը նուիրուած Ա բաժինը բացւում է «Հայերն Ամերիկայի մէջ» ենթաբաժնով: Քանի որ 1880-ական թուականներից «ի խնդիր հացի ու ազատութեան» եւ յատկապէս «1896ի կոտորածները, որ գաղթականներու հսկայ ալիք մը նետած էին Ատլանտեանի այս ափերուն վրայ», դարձաւ այն հենքն ու մարդկային շտեմարանը, որ մեր ժողովրդին նուիրեց վերակազմեալների փառաւոր կոհորտան: Նուիրեալների մի ողջ սերունդ, որն իր ժողովրդի ու հայրենիքի ազատութեան սուրբ գործի համար նուիրաբերեց ամէն ինչ եւ իր սխալներով ու թերացումներով հանդերձ,
մշտապէս մնաց պայքարի առաջին գծում:
Վերակազմեալների պատմութեան լուսաբանումն իրաւացիօրէն սկսելով Հնչակեան
կուսակցութեան հիմնադրումից եւ ներկայացնելով նրանց ծրագիրը` հեղինակը միանգամայն ճիշդ դիտարկում է կատարում գրելով, որ դրա լեզուն «արեւելահայերէնի ու արեւմտահայերէնի խառնուրդ» էր եւ այդ երկւութիւնը դրսեւորւում էր նաեւ նրա
գաղափարախոսութեան մէջ: Կարեւոր հանգամանք, որն էլ հետագայում հիմք դարձաւ
կուսակցութեան տարբեր հատուածների բաժանման համար, որի արդիւնքում էլ ստեղծուեց Վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւնը: Երկու թեւն էլ ունէր մէկ հիմնական նպատակ`ազատագրել հայ ժողովրդին թուրքական գեհենից, տարաձայնութիւններն այդ բաղձալի նպատակին հասնելու միջոցների մէջ էին: Վերակազմեալները, որոնք բացառապես արեւմտահայեր էին, «կը կազմէին իրաւ մտաորականութիւնը Հնչակեան կուսակցութեան», լաւ գիտէին երկիրն ու օսմանեան իշխանութիւնների հայատեայց էութիւնը, նրանցից շատերն իրենց մաշկի վրայ էին զգացել այդ բռնապետութեան հարուածները, ժամանակավրէպ էին համարում ու մերժում էին Հին կամ նազարբէկեանական հնչակեանների որդեգրած սոցիալիզմի վարդապետութիւնը եւ աւելի իրատեսական միջոցներ էին առաջարկում: Իսկ
ամերիկահայերի զգալի մասը, որ նոր-նոր էր գաղթել երկրից ու մտահոգ էր սեփական
ժողովրդի ճակատագրով, դարձան հավւատաւոր վերակազմեալներ. «Կուսակցութեան
Ամերիկայի շրջանակը Վերակազմեալներու խմորման հնոցն էր» (Էջ 63):
Իր առջեւ դրուած խնդիրն ամբողջական ներկայացնելու անհրաժեշտութեան գիտակցումից ելնելով հեղինակը բաւականին հանգամանալից շարադրել է ամերիկահայ գաղթօճախի ձեւաւորման պատմութիւնը, մասնաւորապէս 19-րդ դարի 80-ական թուականներից սկսուած հայերի զանգուածային ներգաղթի գործընթացի պայմաններում: Ընդգծելով Ուստրի` որպէս ԱՄՆ-ում առաջին հայակենտրոն քաղաքի, Պոստոնի`որպէս հայ քաղաքական մտքի օրրանի եւ մեր բոլոր կուսակցութիւնների կենտրոնատեղիի կարեւոր դերակատարութիւններին, Յ. Վարդիվառեանն անդրադարձներ է կատարել նաեւ վերակազմեալ մամուլին ու դրա երախտաւորներին, «Մեծ Երազի ճամբուն համբուրելի ուղեւորներուն» կենսագրութիւններին զուգընթաց ներկայացրել կարեւոր բոլոր իրադարձութիւնները:
Հետաքրքրական է, որ առերեւոյթ հեղինակը ներկայանում է պարզ արձանագրողի դերում, սակայն իրականում դիպուկ, տեղին ու յստակ բնորոշումներով արտայայտում է իր մօտեցումներն ու տեսակէտները թէ՛ իրադարձութիւնների ու փաստերի եւ թէ՛ գործիչների վերաբերեալ: Իսկ շատ դէպքերում նրբանկատօրէն դա արել է աննկատ, տողարանքներում:
Անկասկած, Յ. Վարդիվառեանի կարեւոր ներդրում կարելի է համարել նաեւ այն, որ
մանրամասն ու փաստարկուած ներկայացնում է վերակազմեալների երկփեղկման
գործընթացն ու բացայայտում դրա խորքային պատճառները: Իրողութիւն, որ ցայսօր
այնքան էլ յստակեցուած չէր հայ պատմագիտութեան մէջ: «Դժբախտաբար, Վերակազմեալ Հնչակեան կուսակցութեան մէջ ալ կը սկսի յառաջանալ պառակտում ծայրայեղ յեղափոխականներուն պատճառով, գրում է հեղինակը, որուն գլուխն էր Ալեքսան (Վահէ) Արզուեան, յեղափոխութեան համար ամէն միջոց ներելի եւ գործադրելի կը դաւանէր» եւ «Չափաւորականներ Տամատեանի գլխաւորութեամբ կը դաւանէին, թէ կայ սահման մը, որմէ անդին չի կրնար անցնիլ յեղափոխութիւնը» (Էջ 82): Այնուհետեւ շարունակելով իր պարզաբանումները Յ. Վարդիվառեանը շեշտում է, որ հնչակեանների ու վերակազմեալների տարբեր հատուածների միջեւ հակասութիւններն այն աստիճան սրուեցին, որ վերաճեցին եղբայրասպանութեան, որին զոհ գնացին մի շարք պայծառ դէմքեր, ինչպիսիք էին Ա. Արփիարեանը, Գ. Չիթէճեանը եւ ուրիշներ:
«Ականաւոր Վերակազմեալներ»-ն, անկասկած, սոյն աշխատութեան շահեկան
ենթաբաժիններից է: Եթէ կուսակցութեան հիմնադրման, բաժանում-միացումների
իրողութիւններն այս կամ այն չափով հայ պատմագիտութեան մէջ պարզաբանուած են, ապա նշանաւոր վերակազմեալների փաղանգի ներկայացումը բոլորովին նորոյթ է եւ յիրաւի գնահատելի փաստ: Այստեղ ամբողջական գոյներով ներկայանում են վերակազմեալ նշանաւոր շատ գործիչներ: Առաւել մանրամասն ներկայացուած է Վահե Արզուեանը, ում մասին շատ փաստեր առաջին անգամ են դառնում ընթերցողի սեփականութիւնը:
Հետաքրքրական է, որ ներկայացնելով Արզուեանին, հեղինակը չժխտելով նրա
ծայրայեղական նկրտումները, փորձում է դրանք բացատրել ազատագրական պայքարին օգտակար լինելու անհրաժեշտութեամբ: Ընդհանուր առմամբ սա թերեւս առաջին անգամ է, որ Արզուեանն աւելի շատ բնութագրւում է դրական գոյներով:
Յեղափոխական երկրորդ սերնդի ներկայացուցիչ Հրաչ Երուանդը եւս ներկայացւում է
դրական բնութագրումներով: Հեղինակը համարելով նրան «ՌԱԿ-ի միութեան դայեակներէն մին» (Էջ 145) նշում է, որ «Կուսակցութիւնը անոր համար երբեք նպատակ չեղաւ, այլ միջոց մը միայն ազգային վսեմ նպատակներու իրականացման համար, նա եղաւ ու մնաց կորովի հրապարակագիրը, մնաց մեծ իտէալիստը, միաժամանակ` իրապաշտը», նա դարձաւ «ամբողջ սփիւռքահայութեան գաղափարական տեսաբանը` վերապրումի՛ նշանաբանով, նոր պատմութի՛ւն կերտելու վճռականութեամբ» (Էջ 151):
Այս բաժնում յառնում է նաեւ կամաւորական շարժման գործուն մասնակից,
ամենադժուարին պահերին սեփական ժողովրդի կողքին ու նրա համար գործած Ճիմ
Չանգալեանի անզուգական կերպարը: Հեղինակը նորայայտ փաստերով ներկայացնում է նրա ու Արմենակ Եկարեանի ազգօգուտ գործողութիւնները Վանի գաղթի, այնուհետեւ Ատանայի ցաւալի իրադարձութիւնների ընթացքում: «Հեռաւոր Երկիր», «Տալւորիկ» հայրենասիրական երգերի հեղինակ, «ազգային պատմութեան ամենէն հետաքրքրաշարժ դէմքերէն» (Էջ 215) Անտոն Ռշտունին, «Հայոց իրաւունքների անխոնջ պրոպականտիչ» Միհրան Սվազլը, հայ գրի բծախնդիր ու խստապահանջ մտաւորական, «Ուխտուածները» շահեկան շարքի հեղինակ Պետրոս Տեփոյեանը եւ այլք: Անդրադարձ կայ նաեւ վերակազմեալ մամուլին ու դրա երախտաւորներին:
Գաղափարակցական միութեանը նուիրուած բաժնում հեղինակն իրաւացիօրէն ցաւ է
յայտնում, որ բացի ծրագրից իրեն չի յաջողուել որեւէ այլ փաստաթուղթ գտնել այս միութեան մասին, այնուհետեւ ականաւոր գաղափարակցականներից ներկայացնում Հ. Խուշպուլեանին եւ Ա. Շիտանեանին: Նկատենք, որ չէր էլ կարող գտնել, քանի որ այդ միութիւնը դեռ նոր-նոր էր ստեղծուել, իսկ Եգիպտոսում միաւորման անակցութիւններ սկսուեցին, որոնց արդիւնքում ստեղծուեց Հայ Սահմանադրական Ռամկավար Կուսակցութիւնը, որին էլ մաս կազմեց Գաղափարակցական միութիւնը:
Հատորի յաջորդ բաժինը նուիրուած է Ազատական Կուսակցութեանը, որն, ինչպէս յայտնի է, ձեւաւորուեց վերակազմեալների երկփեղկման արդիւնքում` նրա արմատական թեւը ներկայացնող գործիչների կողմից: Այս կուսակցութեան քաղաքական նպատակ էր յայտարարւում իրականացնել բացարձակ ու ամբողջական «ազատագրութիւնը Հայուն սեփական Հայրենիքին` իր պատմական ընդարձակագոյն սահմաններուն մէջ, ԱՆԿԱԽ ու ԱՆԲԱԺԱՆ կազմով եւ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ կառավարութեամբ» (ընդգծումները բնագրինն են, Էջ 295):
Հայ Ազգային Ազատական միութեանը նուիուած բաժնում հեղինակը թարմ գոյներով
ներկայացնում է այս միութեան ստեղծման պատճառներն ու դրա խաղացած կարեւորագոյն դերակատարութիւնը ՌԱ Կուսակցութեան հիմնադրման գործում: Նշենք, որ հեղինակի կողմից նշանակալի ներդրում է ականաւոր միութենականների մասին ենթաբաժինը: Քանի որ այստեղ նորոյթն աւելի շատ է եւ ընթերցողի ու մասնագէտների համար անշուշտ աւելի պահանջուած: Եթէ ռամկավար որոշ գործիչներ, ինչպիսին էր օրինակ Արշակ Չոպանեանը, ծանօթ ու գնահատուած է ողջ հայ ժողովրդի կողմից, ապա նրանցից շատերը յայտնի են միայն նեղ միջավայրում, ուստի նրանց մասին այս շարադրանքն անշուշտ դրական արձագանքների կարժանանայ:
Նշենք, որ աշխատանքում տեղ են գտել որոշ թերութիւններ, յատկապես շատ են
անհարկի կրկնութիւնները: Աշխատութեան տարբեր բաժիններում երբեմն հանդիպում են նոյնական հատուածներ, ինչպէս օրինակ` 93, 99, 125, 228, 284, 352 էջերում, գործիչներին թուարկելիս մի դէպքում անուն-ազգանունն ամբողջական է գրւում, մի այլ դէպքում անուան միայն սկզբնատառը (Էջ 33) եւ այլն, որոնք այսպիսի մեծածաւալ ուսումնասիրութեան համար միանգամայն անխուսափելի են եւ ամենեւին չեն ստուերում կատարուած այն ահռելի հետազօտական եւ հաւաքչական աշխատանքը, որն այնքան ջանասիրութեամբ յանձն է առել հեղինակը:
Վստահ եմ, որ այս հատորը եւս սպասուած էր: Կանցնի որոշ ժամանակ եւ այն փնտռելի Կը դառնայ հայոց եւ յատկապէս հայ աւանդական կուսակցութիւնների պատմութեամբ հետաքրքրուողների համար: Հատորը գալիս է լրացնելու այն բացը, որը միշտ առկայ է եղել ՌԱԿ եւ այն բաղկացնող կազմակերպութիւնների պատմութեան պարագայում: Աւելացնեմ, որ սա յաջողուած եւ փաստառատ ուսումնասիրութիւն է, որն ապագայում հիմք կը դառնայ նոր ու նորովի հետազօտութիւնների համար:
Եւս մէկ անգամ շնորհակալութիւն այսպիսի բեղուն, տքնաջան ու բարեխիղճ
աշխատանքի համար, եւ ինչպէս նման դէպքերում են ասում` վարձքդ կատար: