Ներկուսակցական կեանքում ռամկավարները, ինչպէս աւանդական միւս կուսակցութիւններում, սովորութիւն ունեն միմեանց ընկեր կոչել, սակայն ի տարբերութիւն դաշնակցականների ռամկավարական ընկեր բառին յաջորդում է ազգանունը ընկեր Թովմասեան, ընկեր Սեդրակեան, ընկեր Ուզունեան կամ Անդրեասեան, մինչդեռ դաշնակցական ընկեր բառը նախորդում է առաջին անուանը ընկեր Հրաչ, ընկեր Երուանդ, ընկեր Վարանդ կամ ընկեր Վահան: Ռամկավարներից միակ բացառութիւնը ընկեր Գերսամն էր, Գերսամ Ահարոնեանը, «Զարթօնք» թերթի 33 տարուայ խմբագրապետը, կուսակցութեան ամենաճանաչուած լիտերը, հրաշալի պատմաբանն ու ուսուցիչը, հմայիչ մարդը: Նա ընկեր էր ե՛ւ ռամկավարի, ե՛ւ հնչակեանի, ե՛ւ դաշնակցականի, ե՛ւ անկուսակցականի համար, քանզի նրա պարագայում ընկեր բառը դուրս էր գալիս իր ներկուսակցական պարունակից եւ անցնում համազգային ոլորտ:
Այս առումով առաւել զարմանալին այն էր, որ ընկեր Գերսամը երդուեալ հակադաշնակցական էր, բառի սկզբունքային, պատճառաբանուա՛ծ իմաստով: Եւ բոլորովին պատահական չէր, որ 1958 թ. լիբանանեան եղբայրասպան հակամարտութիւնների ժամանակ նրա անունն ընդգրկուած էր ՀՅԴ «սեւ ցուցակում», եւ միայն մելքոնեանցի նրա նախկին աշակերտներից մէկի «դաւաճանութեան» պատճառով էր նա խուսափել վերահաս վտանգից:
Իրօք, նա սփիւռքահայութեան մեծ դէմքերից մեկն էր, որպէս հեղինակութիւն ընդունուած նաեւ իր ներքին եւ արտաքին հակառակորդների կողմից: (Իսկապէս, նա հակառակորդներ շատ ունէր, որոնցով… հպարտանում էր: Իր կարգախօսներից էր «Եթէ թշնամի չունիս ուրեմն կարեւոր մարդ չես»): Եւ եթէ լիներ Սփիւռքի երեւակայական մի կառավարութիւն, նա կարող էր արժանաւորապէս գրաւել արտաքին գործերի նախարարի պաշտօնը. բազմակողմանի զարգացածութեան կողքին նա հրաշալի տիրապետում էր պաշտպանած թէզը հիմնաւորելու, պատմական ու գործնական փաստերով իր տեսակէտը ապացուցելու, դիմացինի թէզը նսեմացնելու, ջախջախելու հմտութեանը, ի հարկին ցոյց տալով անգամ չունեցած ատամները…
Բոլորին յարգանք էր պարտադրում նրա սկզբունքայնութիւնը, յատկապէս Հայ դատի, հայոց իրաւունքների, Թուրքիայի յաջորդական կառավարութիւնների նկատմամբ: Յիշում եմ, «Զարթօնք»ի ֆինանսական ամենադժուար օրերից մէկում թերթի գովազդի պատասխանատուն մե՜ծ աւետիսով մտաւ ընկեր Գերսամի սենեակ եւ յայտարարեց, թէ «Թուրքական ավիաուղիների» հետ մէկ տարուայ գովազդային պայմանագիր է կնքել «լաւ գնով»: Ընկեր Գերսամը ամեհի ձայնով նրան դուրս վռնտեց սենեակից. «Ի՞նչ, Գերսամի թերթին մէջ Թիւրք Հավայոլլարի-ի ռեկլա՞մ կ՛ուզես դնել»: Ի դէպ, երբեք չէր գործածում Թուրքիա բառը, ոչ մի դէպքում: Միշտ գրում եւ ասում էր «Թուրքիոյ Հանրապետութիւն», ընդգծելու համար այդ երկրի միջազգայնօրէն ընդունուած անվանումը միայն: Իսկ վերջին տարիներին հրաժարուեց նաեւ դրանից. «Թուրքիյէ Ջումհուրիյեթի» էր գրում, թուրքերէն:
Անզիջող էր նաեւ ռամկավարական սկզբունքներում: Ներկուսակցական ընտրապայքարներում դէմ էր ընտրախախտումներին, կարեւորը ձայներ հաւաքելն էր, թէեւ միշտ կրկնում էր ափսոսանքով. «Ես Գերսամ Ահարոնեանս, ընտրուելու համար կախեալ եմ «կաթօճի Անդոյի» (մեր մարտական համեստ ընկերներից մէկը) քուէէն»:
Հայրենասէր էր բառի խորագոյն իմաստով, ռուսասէր հայրենապաշտպանութեան նկատառումով, սովետասէր քաղաքական նպատակայարմարութեամբ: Սակայն գաղափարաբանութեամբ ու կենցաղով դէմ էր կոմունիստականին: Խ. Հայաստան կատարած հերթական այցից վերադարձին մտերիմների նեղ շրջանակում յայտարարեց. «Ձախողուած վարչակարգ է»:
Պաշտում էր ազգային պետականութիւնը: Ասում էր «Պիտի գրեմ հայ ժողովուրդի վերջին 100 տարիներու պատմութիւնը, առանց foot note-երու (տողատակի ծանօթագրութիւն), ոչ թէ պատմագիտական, այլ «շաաբի» (արաբերէն ժողովրդային) ձեւով, կարեւորութեամբ պիտի անդրադառնամ Առաջին Հանրապետութեան պատմութեան որպէս ազգային պետականութեան հիմնում: Ով ինչ կ՛ըսէ, թող ըսէ: Չէ՞ որ մենք ալ, ռամկավարներս, մաս կազմած ենք առաջին կառավարութեան եւ հիմնադիրներէն ենք անոր»:
Վերջին անգամ Երեւան այցելութիւնից վերադարձաւ խիստ վատառողջ, ալկոհոլամոլութեան հետեւանքներից չապաքինուած: Լիբանանեան պատերազմի պարտադրած անգործունէութիւնը մեծ թռիչքների սովոր այդ մեծ մարդուն մղել էր դէպի խմիչքը, ուիսկին: Գոհ էր միայն, որ Սփիւռքահայութեան կոմիտէի ղեկավարութեանը օգտակար էր եղել լիբանանահայութեանը մեծաքանակ օգնութիւն փութացնելու համար Մոսկուային համոզելու գործում: Մէկ էլ որ Երեւանում գաղտնօրէն հանդիպել էր Վազգէն Մանուկեանին եւ ընկերներին: «Մեր ազգային երազները իրականացնելու ատակ երիտասարդութիւն ունինք հոն», ասում էր անշքող հպարտութեամբ:
Աւա՜ղ, չտեսաւ մեր 3-րդ Հանրապետութեան ծնունդը, առաջին քայլը իր Մեծ երազի, մե՛ր Երազի: