Թորոնթոյում (Գանատա) գործող Զօրեան ինստիտուտը եւ նրա «Ցեղասպանութեան եւ մարդու իրաւունքների ուսումնասիրութիւնների միջազգային ինստիտուտը» հանդէս են եկել նոր նախաձեռնութեամբ, որ կրում է «Սուրիահայ փախստականների բանաւոր պատմութիւնների ծրագիր» խորագիրը:
Ծրագիրը, ըստ «Արմինըն Միրոր-Սփէքթէյթըր» շաբաթաթերթի, բաղկացած է լինելու 2 մասից: Առաջին մասում, որն արդէն սկսուել է Նոյեմբերի 7-ին, Գանատա ժամանած սուրիահայ փախստականների հետ հարցազրոյցների կազմակերպումն է եւ նկարահանումը: Երկրորդ մասումՙ նիւթերի խմբագրումը, պատճէնաւորումը եւ պահպանումը արխիւներում:
Նպատակն է պատերազմի պատճառով հարկադրուած փախստականի կարգավիճակ ստացած եւ Գանատայում ապաստանած սուրիահայերից անմիջական պատմութիւններ լսել, թէ ինչպիսին էր կեանքը նախքան պատերազմը, պատերազմի օրերին եւ թէ ինչպէս են հարմարւում իրենց նոր միջավայրինՙ Գանատայում: Դա սոցիոլոգիական փոփոխութիւնների եւ հոգեբանական ապրումների մի իւրայատուկ պատմութիւն է լինելու, որն ի պահ է դրուելու ապագայ սերունդների համար: 2015-ի Դեկտեմբերից սկսած ընդհանուր առմամբ 33 հազար սուրիացի է մուտք գործել Գանատա, որոնցից հազարաւորներ հայկական ծագում ունեն:
«Հայ Ձայն»