Թէքէեան մրցանակակիրները յայտնի են

Մայիսի 17-ին անցկացուեց Թէքէեան մշակութային միութեան հերթական «Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութիւնը, որ հովանաւորուում է Շաքէ Ղազարեան հիմնադրամի կողմից: Միութիւնն ամէն տարի գնահատում և խրախուսում է մշակութային ոլորտի լաւագոյններին: Իր գործունէութեան ընթացքում Թէքէեան մշակութային միութիւնը մրցանակներ է յանձնել մշակոյթի ոլորտի աւելի քան 100 արժանաւորների, այդ թուում՝ նաև շատ անուանի մարդկանց:

Թէքէեան մշակութային միութեան նախագահ Ռուբէն Միրզախանեանը յայտարարելով մրցանակակիրներին՝ շնորհաւորեց նրանց և շնորհակալութիւն յայտնեց մասնագիտական յանձնախմբերի ղեկավարներին:

Գրականութիւն անուանակարգում մրցանակը շնորհուեց բանաստեղծ Մանուէլ Միկոյեանին՝ «Ստուերներից անդին» բանաստեղծական ժողովածուի համար: Մ. Միկոյեանին մրցանակը յանձնեց ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ Երուանդ Ազատեանը՝ ասելով. «Ստուերներից անդին գիրքը մեր օրերում մարդու համամարդկային խոհերը կբնորոշէ» և որ բանաստեղծը նաև «դատարկուող հայրենիքի մղձաւանջի շրջագծի մէջ է արտայայտում իր բանաստեղծական մտահոգութիւնը»: Ե. Ազատեանը նկատեց, որ Մ. Միկոյեանը Զահրատի նման կարողանում է բանաստեղծօրէն ներկայացնել կեանքի ընթացքի երևոյթները և սեւակեան շնչով հանդէս գալ տիեզերական բարդ ընդհանրացումներով:

Թատերական արուեստ անուանակարգում մրցանակը տրուեց Գիւմրի Վարդան Աճէմեանի անուան պետական թատրոնին՝ Գաբրիէլ Գարսիա Մարկեսի «Երկնագոյն շան աչքերը» ներկայացման համար:

Յանձնաժողովի նախագահ Արմէն Էլբակեանը նկատեց՝ որքան բարդ է Մարկեսի արձակը, նոյնքան բարդ է նրա արձակ գործերի բեմադրումը: Սակայն երիտասարդներին յաջողուել է ներկայացնել Մարկեսեան, «սեւ ու սպիտակի աշխարհը, սուր, լակոնիկ միջավայրը», ուր դժուար է որոշել պատրանքի և իրականութեան սահմանագիծը:

Երաժշտութեան ոլորտում մրցանակը տրուեց Էդուարդ Թոփչեանին 2017 թուականի գործունէութեան համար: «Ազգ» թերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը մրցոյթը համարեց ոչ սովորական երևոյթ, մրցանակն էլ՝ տարիների վաստակի գնահատական, կուտակումների հանգրուան, թէև՝ մի քիչ ուշացած: Նա ընդգծեց, որ Է. Թոփչեանի շնորհիւ Երևանը դարձել է երաժշտութեան մայրաքաղաք:

«Ինձ համար կարևոր է, որ ես երաժշտութեան մի մասնիկն եմ, այլ ոչ թէ երաժշտական խմբի ղեկավար,-ասաց Հայաստանի սիմֆոնիկ նուագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչեանը,-և հաճելի է ստանալ այսքան պատուաբեր մրցանակ»:

Կերպարուեստ և քանդակ անուանակարգում մասնագիտական խմբի աչքից չէր վրիպել ՀՊՄՀ դոցենտ Միսաք Մելքոնեանի «Ջութակահարը» քանդակը: Արուեստաբանութեան դոկտոր Հրավարդ Յակոբեանը արժևորեց հեղինակի այս և «Հայրենիք» աշխատանքները՝ կանգ առնելով «Ջութակահարը» սեղծագործութեան վրայ. «Ջութակահարը» աշխատանքում հեղինակն ուզում է դիտողին մոռացնել տալ շրջապատը, որ նա մնայ միայն երաժշտութեան մէջ:

Բոլոր մրցանակակիրները շնորհակալութիւն յայտնեցին իրենց աշխատանքները բարձր գնահատելու և մեծանուն բանաստեղծ Վահան Թէքէեանի անուան մրցանակներ ստանալու պատուին արժանացնելու համար:

Սիլվա ԱՍՐԵԱՆ