Առանց Արցախի պաշտօնական դիրքորոշման որևէ խնդիր չի կարող լուծուած կամ համաձայնեցուած համարուել

ՀԱՅ ՁԱՅՆ լրատուականի հարցազրոյցը  ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ նախկին պատգմաւոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐեԱՆԻ հետ

Սեպտեմբերի 2-ին լրացաւ Արցախի Հանրապետութեան հռչակման 27-րդ  տարեդարձը: Ո՞րն է, ըստ ձեզ, օրուայ պատմական, քաղաքական նշանակութիւնը:

-Արցախեան շարժման պատմութեան ընթացքում Սեպտեմբերի 2-ն այն կարևոր իրադարձութիւնն էր, որը հիմնաքար դարձաւ Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման համար: 1991թուականին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման համար, որպէս անկախ պետականութիւն, կային և՛ իրաւական, և՛ քաղաքական բոլոր հիմքերը: Արցախեան հիմնախնդրի լուծման ողջ քաղաքական ընթացքը պայմանաւորուեց հէնց Սեպտեմբերի 2-ի նշանակութեամբ: Հանրապետութեան հռչակումը հնարաւորութիւն տուեց միջազգային ասպարէզում առաջնորդուել ինքնորոշման իրաւունքի սկզբունքով:  ՄԱԿ-ի կանոնադրութեամբ, ինչպէս նաև Հէլսինքեան եզրափակիչ ակտի դրոյթներով՝ Արցախը լիարժէք հնարաւորութիւն ստացաւ որպէս չճանաչուած անկախ պետականութիւն պայքարել իր իրաւունքների համար:

Անկախ պետականութեան կայացման ամբողջ ընթացքում՝ Սեպտեմբերի 2-ից առ այսօր, արդէն 27 տարի, Արցախի Հանրապետութեան պետականաշինութեան ողջ գործընթացը հնարաւորութիւն է տուել Արցախի ժողովրդին լիիրաւ ապահովելու իր ներքին քաղաքական ու հանրային կեանքը:

Չճանաչուածութեան պայմաններում, բնականաբար, Արցախում շատ ու շատ խնդիրներ չեն լուծւում այնպէս, ինչպէս դա լինում է ճանաչում ստացած

պետութիւնների պարագայում՝ անվտանգութեան միջազգային երաշխիքներից մինչև տնտեսական փոխյարաբերութիւնները: Սակայն դա ընդամէնը ժամանակի հարց է:

Ձեր հարցազրոյցներից մէկում նշել էք, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը` որպէս անկախ պետութիւն, հակամարտութեան կարգաւորման բանալին է, և քանի դեռ Արցախը ճանաչուած չէ, ապահովուած չեն հայ ժողովրդի անվտանգութեան երաշխիքները: Այսօր կիրառելի՞ է այդ բանալին, և ի՞նչ անելիքներ ունենք այս ուղղութեամբ:

-Այո, Արցախի միջազգային ճանաչումը՝ հիմնաքարերից մէկն է, առանց որի հնարաւոր չի լինի հակամարտութիւնը լուծուած համարել: Հակառակ պարագայում մենք կունենանք հակամարտութեան խորացում՝ ինչի արդիւնքում կարող է վտանգուել տարածաշրջանային անվտանգութիւնն ու կայուն զարգացումը:  Պատահական չէ, որ Մինսքի խմբի համանախագահութեան շրջանակներում ինքնորոշման իրաւունքը դիտարկւում է որպէս երեք անքակտելի սկզբունքներից մէկը: Հետևաբար, ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչումը հիմնախնդրի վերջնական կարգաւորման որոշիչ հանգամանք է:

-Այսօր  հասել ենք մի իրավիճակի, երբ մատրիտեան յայտնի սկզբունքների շուրջ ձևաւորուած բանակցային գործընթացը յայտնուել է փակուղում: Գուցէ, նոր ռազմավարութեան, մոտեցումների փոփոխութեան անհրաժեշտութի՞ւն կայ գործընթացում:

– Վերջին ժամանակահատուածում Արցախեան հիմնահարցի կարգաւորման բանակցային գործընթացում որևէ առաջընթաց նկատելի չէ, և դա խիստ մտահոգիչ է,  քանի որ տինամիքայի պահպանումն ինքնին անհրաժեշտութիւն է: Եթէ հիմնախնդրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ չկայ բանակցային գործընթաց, ուրեմն ժամանակի ընթացքում կարող են աւելի բարդ իրավիճակներ ստեղծուել: Հետևաբար, այն սկզբունքները, որոնց հիման վրայ տարիներ ի վեր իրականացւում է բանակցային գործընթացը, և այն մեխնիզմները, որ ներդրւում են, պէտք է պահպանել՝ առանցքում ունենալով Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացումը և միջազգային ճանաչումը:

Բանակցութիւնների արդիւնաւէտութեան տեսանկիւնից Հայաստանի նոր իշխանութիւններն անհրաժեշտ են համարում Արցախի մասնակցութիւնը բանակցային գործընթացին: Ներկայիս իրավիճակում դա իրատեսական համարո՞ւմ էք:

– Նախկին իշխանութիւններն էլ մշտապէս շեշտել են Արցախի՝ բանակցութիւնների լիիրաւ կողմ լինելու անհրաժեշտութիւնը, և մենք միշտ ասել ենք, որ Արցախը պէտք է վերադառնայ բանակցային սեղան: Խնդրի վերջնական կարգաւորման հասնելու համար, բնականաբար, առանց Արցախի պաշտօնական դիրքորոշման որևէ խնդիր չի կարող լուծուած կամ համաձայնեցուած համարուել: Հետևաբար, շատ կարևոր է Արցախի պաշտօնական մասնակցութիւնը բանակցութիւններին: Իսկ ձևաչափերի շուրջ անընդհատ պէտք է բանակցել: Միայն յայտարարութիւն անել և մի կողմ կանգնելը խնդրի լուծում լինել չի կարող:

Ի տարբերութիւն Հայաստանի նախորդ ղեկավարների՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինեանն իշխանութեան ղեկն ստանձնելուց  յետոյ յայտարարեց, թէ ինքն իրեն իրաւասու չի համարում Արցախի փոխարէն բանակցութիւններ վարել, քանի որ ո՛չ Արցախից է, ո՛չ էլ մասնակցել է Արցախեան ազատամարտին: Այս մօտեցումը որքանո՞վ էք արդարարցուած համարում:

-Որևէ առումով նշանակութիւն չունի արցախցի լինելը կամ Արցախեան պատերազմին մասնակցութիւն ունենալը, երբ խօսքը քաղաքական պատասխանատուութեան մասին է: Այսօրուայ իշխանութիւնները, բնականաբար, քաղաքական պատասխանատուութիւն են կրում ԼՂ հիմնահարցի կարգաւորման համար և այդ հարցում ունեն յստակ անելիքներ՝ ինչպէս արտաքին յարաբերութիւններում, այնպէս էլ՝ ներքին կեանքում:

Պարոն Զաքարեան, Արցախեան հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը հասնելու համար այսօր, ըստ ձեզ, Հայաստանը միջազգային կառոյցներում իրականացնո՞ւմ է արդիւնաւէտ դիւանագիտական աշխատանք:

-Դիւանագիտական քորպուսը շատ մեծ անելիքներ ունի Հայաստանի արտաքին քաղաքականութեան առանցքային խնդիրները լիարժէք և պատշաճ ներկայացնելու և ՀՀ-ի շահերը պաշտպանելու առումով: Բնականաբար, դիւանագիտական քորպուսի անփոփոխ խնդիրն է նաև Արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում  Արցախի ժողովրդի դիրքորոշումը ներկայացնելու հարցում: Կարծում եմ՝ այս հարցերում , անհրաժեշտ է պահպանել նախկինում կատարուած հսկայական աշխատանքի ամբողջ ծաւալն ու զարգացնել այն:

Մենք գիտենք , որ Ատրպէյճանը դիւանագիտական ճակատում բաւականին ակրեսիւ պայքար է մղում հայկական երկու պետութիւնների դէմ, և մենք մշտապէս խնդիր ենք ունեցել համարժէք գործելու: Կարծում եմ, այսօր առաւել քան այդ խնդիրն առկայ է: Ինչքան էլ տարուենք հայաստանեան ներքաղաքական զարգացումներով, չպէտք է մոռանանք մեր արտաքին վտանգների մասին: Եթէ դիւանագիտական հարթութեան մէջ, անվտանգութեան ապահովման խնդիրներում մենք պատշաճ գործողութիւններ չիրականացնենք՝ արտաքին հարցերում լուրջ բարդութիւններ ենք ունենալու:

Յուսով եմ, որ Հայաստանի նոր իշխանութիւնները սա գիտակցում են:

Ներկայիս բարդ  աշխարհաքաղաքական իրավիճակում ինչպէ՞ս էք գնահատում մեր քայլերը՝ բանակի վերազինման, դաշնակից երկրների հետ յարաբերութիւնների զարգացման տեսանկիւնից, ի՞նչ պէտք է անել հայկական երկու պետութիւնների լիարժէք խաղաղութեան, կայունութեան, անվտանգութեան ապահովման համար:

-Նախ, տարբեր երկրների հետ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական  համագործակցութիւնը Հայաստանի արտաքին քաղաքականութեան կարևորագոյն խնդիրներից մէկն է: Բնականաբար, այս հարթութեան մէջ, առաջնայինը Հայաստանի Հանրապետութեան դաշնակցային յարաբերութիւններն են մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնութեան հետ:

ԼՂ հիմնախնդրի կարգաւորման համատեքստում մենք անվտանգութեան ամրապնդման  անընդհատ խնդիր ունենք: Հայաստանի ու Արցախի   կայունութիւնը, անվտանգութիւնը մեր թիւ մէկ օրակարգային հարցն է՝ բոլոր ժամանակների համար:

ԼՂ հիմնախնդրի լուծումից յետոյ էլ մենք անընդհատ անվտանգային խնդիրների վրայ ուշադրութիւն դարձնելու անհրաժեշտութիւն ենք ունենալու: Հետևաբար, և՛ Զինուած ուժերում, և՛ անվտանգութեանն առնչուող բոլոր հարցերում՝ առաջնահերթ Ռուսաստանի Դաշնութեան հետ  մենք պէտք է կարողանանք  գործնական առաջընթաց արձանագրել և շօշափելի արդիւնքներ ձեռք բերել: Առանց ՌԴ հետ պաշաճ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական յարաբերութիւնների խօսել տարածաշրջանային կայունութեան ու անվտանգութեան մասին ուղղակի անիմաստ է:

Ինչ վերաբերում  է կոնկրէտ բանակի խնդիրներին, ապա Պաշտպանութեան նախարարութիւնը շարունակում է նախկինում սկսուած բարեփոխումները և յուսանք, որ դրանք շօշափելի արդիւնքներ կունենան:

Ամփոփելով մեր զրոյցը, կցանկանայի անդրադառնալ հետևեալ հարցին. Գերմանիայի քանցելեր Անկելա Մերքելը հայաստանեան այցի ընթացքում ակնարկեց, թէ Գերմանիան էլ կարող է ԼՂ հակամարտութեան մէջ իր դերակատարումն ունենանալ: Ի՞նչ կասէք  այս յայտարարութեան առնչութեամբ, և ընդհանարապէս, ինչպէ՞ս էք գնահատում համանախագահող երկրներից զատ որևէ այլ երկրի ցանկութիւնը՝ մասնակցել ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացին:

– Գերմանիան Մինսքի խմբի անդամ երկիր է, բայց համանախագահութեան կազմում ընդգրկուած չէ: Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնը՝ որպէս Եւրամիութեան յառաջատար պետութիւններից մէկը, կարող է դերակատարութիւն ունենալ այս հարցում՝ ինքնորոշման իրաւունքի ճանաչման գործում, որովհետև, ինչպէս արդէն ասացի, ինքնորոշման իրաւունքը ժողովրդավարութեան կարևորագոյն սկզբունքներից մէկն է: Եւ եթէ ժողովրդավարութիւնը դեռևս շարունակւում է աքթուալ մնալ աշխարհում, հետևաբար, ժողովրդավարութեան ջատագով պետութիւնները չեն կարող աչք փակել Արցախի ինքնորոշման իրաւունքի իւրացման վրայ: Եթէ Գերմանիան պատրաստակամութիւն յայտնի իր ջանքերը ներդնել Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքի ճանաչման հարցում՝ դա միայն կը լինի ողջունելի:

Հարցազրոյցը վարեց՝ ԳՈՀԱՐ ԱՒԵՏԻՍԵԱՆԸ