ԺԽՏՄԱՆ ԴԷՄ ՊԱՅՔԱՐԻ 100 ՏԱՐԻ

Այնքան շատ իրադարձութիւններ էին կատարւում այս օրերին Հայաստանում եւ նրա շուրջը, որ դրանք իմաստաւորելը շատ դժուար է, անգամ տեղի ունեցողի պարզ թուարկումն է դժվար` շատ մեծ ծաւալի ու որակեալ բովանդակութեան պատճառով: Միգուցէ այն էլ կա, որ բուն իրադարձութիւնների մասնակիցը լինելով` դեռ չենք ըմբռնում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիւ տեղի ունեցած շատ ու շատ իրողութիւնների պատմականութիւնն ու նշանակալիութիւնը, որոնք կարող են այսուհետ արդեն գործնական հետեւանքների հանգեցնել: Այո, վերջին շրջանի իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ Թուրքիային ժխտողականութեան համար դատապարտողները կամ չդատապարտողները այլեւս միայն իրենց շահերից ելնելով չէ, որ գործում են կամ կարող են գործել: Յատկապէս Հռոմի Պապ Ֆրանչիսկոսի դարակազմիկ ելոյթից յետոյ կշեռքի նժարը դանդաղօրէն թեքւում է դէպի միջազգային բարոյականութիւն, բարոյականութեամբ առաջնորդուելը Եւրոպայում մոդայիկ է դառնում` միգուցէ շահերն էլ այդ ուղղութեամբ այս անգամ շատ դէպքերում համընկնում են:
Միայն վերջին մէկ ամսում տեսէք քանի փաստաթուղթ է ընդունվել` Հայոց ցեղասպանութեան դատապարտման ու, կարեւորը` հետագայ գործողութիւնները մօտեցնելու առումով. ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի Ցեղասպանութեան կանխարգելման բանաձեւ, Եւրոխորհրդարանի բանաձեւը, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` ֆրանսիացի պատգամաւոր Ռենէ Ռուքեի հեղինակած եւ երեկ շրջանառութեան մէջ դրուած Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող յայտարարութիւնը, որին մօտ երկու հարիւր պատգամաւոր է միացել: Եւ, իհարկէ, Հռոմի պապի դարակազմիկ յայտարարութիւնը:
Վերջապէս վերջին երկու օրը Երեւանում տեղի ունեցաւ ընդդէմ ցեղասպանութիւնների հզօր մի համաժողով, որտեղ պարզապէս ի մի էին եկել այնքան յայտնի գիտնականներ ու աշխարհի խորհրդարանների այնքան նշանաւոր դէմքեր, հնչեցին այնպիսի ելոյթներ, որոնցից ամեն մեքը կարելի էր նշանակալից համարել` դատապարտման եւ իրազեկման առումով, որ այս համաժողովի էներգետիկան կարելի է թուրքական ժխտողականութեան դէմ կատարուած մի շատ կարեւոր քայլ համարել:
Ժխտման 100 տարի
100 տարի` առանց հայրենիք, 100 տարի առանց հատուցման, 100 տարի` ընդվզումի, 100 տարի` յիշողութեան, 100 տարի` ոտքի կանգնելու եւ վէրքերն ամոքելու: Այդ 100 տարուայ ընթացքում իրար բախուեցին ժխտումն ու դատապարտումը, սուտն ու ճանաչումը, բարոյականութիւնն ու շահերով ամրապնդուած կեղծիքը: Եւ տարելիցի այս օրը, հանգիստ կարելի է ասել` կեղծիքը նահանջում է, դժուարութեամբ, դիմադրելով դեռ, բայց նահանջում է, քանի որ առաջ գնալու ճանապարհներն ու տողանցքներն են կամաց-կամաց փակւում հերթով: Ճիշտ որ` մոռանալով` երկրորդ անգամ ես սպանում: Թուրքական ժխտողականութեան յոյսը 100 տարուայ մոռացումն էր` չստացուեց:
Աշխարհը միայն ինքնապաշտպանական բնազդից ելնելով անգամ չէր մոռանալու: Բացի այդ` մարդու ոչ միայն միւսին սպանող տեսակը կա, փառք Աստծոյ, այլեւ ամոքողը, վիշտ կիսողը, ձեռք մեկնողը, ու աշխարհը կանգուն է հենց վերջին տեսակով: Ուրեմն նաեւ` վէրքերի բուժման 100 տարի, հայրենի տուն վերադարձի յոյսի 100 տարի, ժխտողին իր տեղը ցոյց տալու 100 տարի, ուրիշի հայրենիքը խլողին մեղքերն ընդունել տալու100 տարի:
Ազնաւուրն ասում է` մենութեան 100 տարի: Ասում է` ես այդ ժողովրդից եմ, մահացած առանց յուղարկաւորուելու: Ասում է` մահը դեռ շարունակում է շրջել հայերի շուրջ բոլորը: Բայց եւ յոյս ունի` որ Տարելիցը կարթնացնի նաեւ սպանողների զաւակների քնած խիղճը:
Աշխարհում շատ հայերի սիրելի ռոք-աստղ Սերժ Թանկեանն ասում է` առանց հատուցման ճանաչումն ինձ համար ոչինչ է: Թանկեանի անզիջումութիւնը նրա հիանալի երգերի մէջ է, որ երեկ հնչեցին հայոց մայրաքաղաքում` արթնացնելով դեռեւս քնած մնացած հոգիներին:
Իրաւունք ունեն անզիջումները` նրանց ծնողներն ու պապերը զրկուել են ամեն ինչից:
Շվետիայի խորհրդարանի փոխ խօսնակ, հայազգի Իզաբել Դինգիզեանին ոչինչ չունի պատասխանելու ժխտող Թուրքիան, որն իր երկրի դիրքորոշմանը որպէս պերճախօս ապացոյց կցում է անձնական ողբերգութիւնը սեփական Իզաբել տատիկի, անապատում մահացած հարազատներից միակ փրկուածի, որ մի կերպ հասաւ Իրաք, հետագայում` Շվեդիա, ու 104 տարեկանում մահացավ` այդպէս էլ Հայոց ցեղասպանութեան ճանաչման ականատեսը չդառնալով ցեղասպանողի կողմից: Ի՞նչ պէտք է պատասխանի Թուրքիան Իզաբելին, ասի` դու Իզաբել անունով տատիկ չես ունեցել, նրան անապատ չեմ ուղարկե՞լ:
«Ժխտման մէկ դար», ասում է ամերիկացի փրոֆեսոր Հենրի Թերիոն` նշելով, որ 2016 թուականը կարելի է դարձնել Ցեղասպանութեան դատապարտման եւ ճանաչման փուլից յետոյ սկսուող նոր եւ վերջնական, հարցը լուծելու փուլի սկիզբ, երբ կգայ ժխտման վերջը եւ արդարութեան հաստատման սկիզբը: Ցեղասպանութեան պատճառով թուրքերի խլած հողն իրենց պահելը նշանակում է ցեղասպանութեան գաղափարախօսութեան, ժխտման շարունակում, համոզուած է նա:
Ովքե՞ր են այսօր մեր կողքին
Պապ Ֆրանչիսկոսը բացեց բարոյականութեան դուռը ողջ աշխարհի համար:
Իմ ֆէյսպուքեան բարեկամ, Ֆլորենցիայում ապրող քանդակագործ Վիգէն Աւետիսն իտալական Corriere Fiorentino թերթին ասել է, թէ Պապը նաեւ մերը` հայերինս է դարձել: Նա պատրաստւում է Պապին նուիրել իր նշանակալից ստեղծագործությունը` «Հայոց մայր» բրոնզաձոյլ արձանը, որ Ցեղասպանութեան ժամանակ չորս արու զաւակներին փրկած հայ մոր իրական պատմութեան մարմնաւորումն է:
Այսօր մեր շատ բարեկամներ են մեր կողքին
Ծիծեռնակաբերդում` Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի նախագահները: Մեր կողքին են բազմաթիւ երկրների խորհրդարանների խօսնակներ եւ փոխ խօսնակներ: Վատիկանը ներկայացուած է լինելու կարդինալներով, ընդհանրապէս Հայաստան են ժամանել մօտ 60 երկրի պատուիրակութիւններ: Ընդ որում` Երեւանի գլոբալ ֆորումի ամբիոնից ելոյթ ունենալու համար պայքարող խօսնակների ու փոխ խօսնակների մեծ թուից, նրանց խօսքի շեշտադրումներից անգամ կարելի էր ենթադրել, որ բոլորն իրենց հոգու պարտքը ու պաշտօնական շատ կարեւոր պարտականութիւնն են համարել Հայաստանում ապրիլի 24-ին լինելը, Ցեղասպանութեան զոհերին յարգանքի տուրք մատուցելն ու դատապարտման, Թուրքիային կարգի հրաւիրելու խօսք ասելու համար ամբիոն ունենալը: «Ես չէի կարող ապրիլի 23-24-ին լինել այլ տեղում», խոստովանեց Միացեալ Թագաւորութեան խորհրդարանի փոխ խօսնակ Քերոլայն Քոքսը յուզմունքով: Հայաստան չեկած նախագահներից ու վարչապետներից շատերը, պատասխանելով հրավերներին` նշել են, որ այդ օրն աւանդաբար յիշատակի տուրք են մատուցում իրենց երկրների հայ համայնքների հետ: Մեզ հետ են Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղարը, Եւրոպական կառոյցների շատ ղեկավար անձինք, Եւրոպական ամենամեծ կուսակցության` ԵԺԿ նախագահն իր գործընկերների հետ:
Թուրքական անհեթեթություններ` մեր օրերում
Թուրքերն անընդհատ կրկնում են` բացէք արխիւները, մենք բացել ենք; Իրենք բացել են տասն անգամ սանրուած-մաքրուած ինչ-որ «արխիվներ»` կեղծիք: Մեր պատասխանը նրան` 90 հազարից աւելի բնօրինակ ունեցող փաստաթղթերի, նիւթերի, լուսանկարների, իրեղէն ապացոյցների մի հսկայ հավաքածու` Ցեղասպանութեան ինստիտուտ-թանգարանի նորացուած սրահներում. թուրքե՛ր, հրաւիրում ենք, եկեք-ուսումնասիրեք: Աշխարհի պատասխանը` Երեւանեան համաժողովում էր. ոչ հայ ցեղասպանագետների, անգամ ցեղասպանութիւնը չճանաչած երկրների գիտնականների այնպիսի ձեւակերպումներ ու փաստերի վերհանում, որից թուրքական ժխտողականութիւնը ամօթից գետինը պէտք է մտնի: Աշխարհի պատասխաններից են Վատիկանի գաղտնազերծուող արխիւները. ժխտողնե՛ր, համարձակութիւն ունեցէք եւ գնացէք Կապիտոլիումի թանգարան, որտեղ ցուցադրուած 100 գաղտնի փաստաթղթերում, այդ թւում թուրք զինուոր Մուստաֆա Սուլեյմանի վկայութիւններում թուրքական գազանութիւններն անգամ կսահմռկեցնեն սպանողների ու ժխտողների զաւակներիդ, որի մասին Պագանո եպիսկոպոսն ասել է, թէ «այդ դաժանութիւնները ստիպեցին ամաչել, որ ես մարդ եմ»: Այնպէս որ «Եվրոնյուզի»` պատմաբանների միջազգային յանձնաժողով ստեղծելու Թուրքիայի անհեթեթ առաջարկի վերաբերեալ հարցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն արդարացի օրէն պատասխանել է, որ աշխարհի մասնագիտացուած կառոյցները, ամենամեծ արխիւներն ունեցող երկրները այդ հարցում որեւէ կասկած չունեն. «Ձեր կարծիքով Վատիկանը Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձութիւնների վերաբերեալ ամենատեղեկացուած վայրերից մէկը չէ՞: Չէք կարծում, չէ՞, որ Վատիկանը պրոֆեսիոնալ պատմաբանների պակաս ունի: Մեզ համար նման առաջարկը վիրաւորական է, քանի որ այն կասկածի տակ է դնում հենց Հայոց ցեղասպանութեան փաստը եւ հաւաստիութիւնը: Ի վերջո` ի՞նչ նոր բան կարող են յայտնաբերել պատմաբանները: Այն, թէ քանի մարդ է զոհուե՞լ: Իսկ կա՞ սկզբունքային տարբերություն` մահացել է 1,5 մլն, թէ՞ 1 մլն 449 հազար մարդ», ասել է նա:
Ճանաչումները շարունակւում են
Աւստրիայից յետոյ Բելգիայի կազմում գտնուող Ֆլամանդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանութեան մասին բանաձեւ է ընդունել մէկ օր առաջ, որի մասին հպարտութեամբ տեղեկացրեց Բելգիայի Սենատի փոխնախագահ Կարլ Վանլովը: Գերմանիայի Բունդեսթագը եթէ անգամ այսօր չընդունի բանաձեւ, մէկ է` մօտակայ ժամանակի մէջ անելու է, թուրքական ճնշումները չեն կարող եւրոպական այդ երկրին անվերջ հետ պահել եւրոպական արժեգներից, որքան էլ տնտեսական նպատակայարմարութիւնն առաջնային լինի:
Այս առումով կարելի է վերադառնալ երեւանեան գլոբալ ֆորում, որն աւարտուեց երեկ, եւ որտեղ դատապարտման եւ ցեղասպանողներին պատժելու վերաբերեալ յայտարարութիւնների շքահանդէս էր երեկ, տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչների բերանով: Թէեւ ֆորումի բոլոր ելոյթները լսել ենք, ու կուզէինք շատ վառ ելոյթների մասին լուր տալ մեր ընթերցողին, բայց տեխնիկապէս դա հնարաւոր չէ (ֆորումի առաջին օրուայ աշխատանքի մասին` կայքի աջ կողմի առցանց նիւթերում), այնպէս որ մի քանի մէջբերում անենք ուղղակի համաժողովն ամփոփած Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալպանտեանի խօսքից, ով մէկ-մէկ արժեւորելով ամենակարեւոր ելոյթները եւ մէջբերելով Պապի այն խօսքը, թէ` քօղարկել կամ ժխտել չարիքը, նշանակում է արիւնաքամ անել վէրքն առանց վիրակապելու, զգուշացրեց նոր ձեւեր ընդունած ժխտողականութիւնից. «Այսօր ժխտողականութեան գործիքներից են զոհերի զրկանքների նուազեցման, կորուստների մասշտաբների կրճատման, զոհերի ու յանցագործութիւնների նուազեցման փորձերը: Վերջերս ականատես ենք լինում ժխտման այդ նոր մարտավարութեանը: Ինչպէս իրաւացիօրէն նշեց Ռոջեր Սմիթը` ժխտողականութեան փաստարկները մնացել են նոյնը, սակայն յղկուել է մարտավարութիւնը»: Նա նշեց նաեւ, որ երեւանեան գլոբալ ֆորումում թարմ գաղափարներ եւ կառուցողական առաջարկներ հնչեցին, որոնք արտացոլուած են գլոբալ ֆորումի հռչակագրում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ
  «ԱԶԳ»