24 Ապրիլ, 2020թ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք խնկարկում ենք Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը:
105 տարի առաջ Օսմանեան կայսրութիւնը իրականացրեց Հայ ժողովրդի ծրագրուած բնաջնջումն ու հայրենազրկումը: Դա մի ոճիր էր, որն ուղղուած էր ոչ միայն հայութեան, այլեւ ողջ մարդկութեան և քաղաքակրթութեան դէմ: Դա մի ոճիր էր, որ այդ ժամանակ դեռ անգամ անուն չունէր: Հետագայում տրուած բոլոր ձևակերպումները` միայն մասնակիօրէն են արտայայտում Հայ ժողովրդի վերապրած ողբերգութիւնը, դրա ծաւալներն ու աւերիչ հետևանքները:
Ցաւօք, համաճարակի այս պայմաններում, ինչպէս ամէնուր, այնպէս էլ Գանատայում մենք ստիպուած եղանք չեղարկել ծրագրուած բոլոր տեսակի ոգեկոչման արարողութիւններն ու միջոցառումները: Սակայն այս իրողութիւնը ոչ մի կերպ մեզ չի կարող կաշկանդել և յետ պահել մեր արդարացի պահանջը բարձրաձայնելուց:
Ուստի որպէս Պետութիւն, որպէս 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանութիւն վերապրած ժողովուրդ, մեր պարտքը պէտք է լինի հետևողականօրէն պայքարել աշխարհում մարդկութեան դէմ իրագործուած ամենադաժան յանցագործութեան՝ ցեղասպանութեան բոլոր դրսևորումների դէմ` ազգատեացութիւնից մինչև բնաջնջում, անտարբեր լռութիւնից, ատելութեան սերմանումից մինչև ժխտում: Այս պայքարը մեզ է պարտադրում վերապրած ժողովրդի մեր կարգավիճակը:
Յիշատակի այս պահին` կը ցանկանայի վերահաստատել Հայաստանի և Հայ ժողովրդի խորին երախտագիտութիւնը Գանատայի իշխանութիւններին և ժողովրդին` մեր պատմութեան ամենադաժան ժամանակահատուածում ցուցաբերած բացառիկ համերաշխութեան, և Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելու և դատապարտելու համար:
Սիրելի հայրենակիցներ,
Այժմ առաւել քան երբևէ մենք գիտակցում ենք, որ Հայ ժողովրդի պատասխանը Հայոց Եղեռն իրագործողներին և ժխտողներին պէտք է լինի ուժեղ, ժողովրդավար և բարեկեցիկ Հայաստանը` խարսխուած Հայաստան-Արցախ-Սփիւռք կուռ եռամիասնութեան վրայ:
Եւ այսօր մենք` որպէս այդ եռամիասնութեան վկայութիւն, եկէք մեր ձայնը միաւորենք աշխարհի բոլոր անկիւններում Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը ոգեկոչողներին և մտովի ծաղիկներ խոնարհենք Ծիծեռնակաբերդի անմար կրակի մօտ: