Նախագահ Սերժ Սարգսեանը Սեպտեմբերի 28-ի երեկոյեան Նիւ Եորքում մասնակցել է ԱՄՆ Նախագահ Պարաք Օպամայի անունից` ի պատիւ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամպլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատուիրակութիւնների ղեկավարների տրուած ընդունելութեանը: Ընդունելութեան ընթացքում նախագահներ Պարաք Օպաման և Սերժ Սարգսեանը կարճ զրոյց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակութեան հարցեր:
Նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Պան Քի-Մունի հետ
Միաւորուած ազգերի կազմակերպութեան Գլխաւոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացեալ Նահանգներում գտնուող Նախագահ Սերժ Սարգսեանը Սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Պան Քի-Մունի հետ: Նախագահը նախ շնորհաւորել է Գլխաւոր քարտուղարին Կազմակերպութեան 70-ամեայ յոբելեանի կապակցութեամբ` ընդգծելով, որ Հայաստանը 23 տարի առաջ դառնալով ՄԱԿ-ի անդամ, առաջին իսկ օրուանից զգացել է Կազմակերպութեան աջակցութիւնը պետականութեան կերտման գործում: Սերժ Սարգսեանն իր գոհունակութիւնն է յայտնել օրեր առաջ «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» ծրագրի եզրափակիչ գագաթնաժողովի յաջող աւարտի կապակցութեամբ, որում ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարն ունի իր ներդրումը: Հանրապետութեան Նախագահը յոյս է յայտնել, որ նոր, համապարփակ ծրագիրը կը նպաստի մոլորակի բնակիչների կեանքի որակի բարելաւմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացին: Նախագահը Պան Քի-Մունին տեղեկացրել է գործընթացի ներկայ փուլի, առկայ խնդիրների և Ատրպէյճանի կողմից յատկապէս վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով հայ-ատրպէյճանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում յառաջացած լարուածութեան մասին, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի 70-րդ վեհաժողովի նստաշրջանում: ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարը մտահոգութիւն է յայտնել ստեղծուած լարուած իրավիճակի կապակցութեամբ` կարևորելով ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների միջնորդութեամբ խնդրի կարգաւորումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, աշխարհում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձութիւնների` նորանոր հակամարտութիւնների, տարածուող ահաբեկչութեան և ծայրայեղականութեան, Միջին և Մերձաւոր Արևելքում աճող լարուածութեան շուրջ: Պան Քի-Մունը ողջունել և շնորհակալութիւն է յայտնել մեր երկրին` Հիւսիսային Իրաքից և Սիրիայից փախստականներին Հայաստանում ապաստան տալու քայլերի համար: ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարը կարևորել է յառաջիկայում Երևանում կայանալիք խաղաղապահութեան կլոպալ մարտահրաւէրներին նուիրուած համաժողովը: