Օսքար Ստացած Հայազգի Արուեստագէտներ

Կիրակի, 2022 թուականի Մարտի 27-ին, Լոս Անճելըսում տեղի ունեցաւ «Օսքար» հերթական մրցանակաբաշխութիւնը: Այս առիթով ներկայացնում ենք այն 10 հայերին, ովքեր այս տարիների ընթացքում արժանացել են այդ մրցանակին: Նրանցից երկուսը մէկից աւել անգամներ են Օսքար մրցանակ ստացել: Հագուստների ձեւաւորող Այրին – Իռէն Շարաֆը (5 անգամ) եւ երաժշտահան, դաշնակահար եւ գործիքաւորող Միշէլ Ժան Լեգրանը (3 անգամ): Կարելի է ընդարձակ անդրադառնալ ամէն մէկի կեանքին ու գործունէութեանը, բայց այս առիթով բաւարարուենք սեղմ տեղեկութիւնների հետ: Այս նիւթը կազմելու համար աղբիւր են հանդիսացել համացանցային տարբեր էջեր:

Ռուբինա Օհանեան

  1. Հոլիուտի լեգենդը. Այրին – Իռէն Շարաֆը

Զգեստների Հոլիուտի լեգենդար նկարիչ Այրին Շարաֆի կեանքի մասին քիչ տեղեկատուութիւններ կան: Նա 5 անգամ արժանացել է Օսքարի մրցանակին՝ հետեւեալ դասական ֆիլմերի զգեստների համար,- « Կլէոպատրա»,, «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից», «Թագաւորը եւ ես», «Ամերիկացին Փարիզում», «Վեսթսայդեան պատմութիւն»: Բացի այդ նրան 15 անգամ առաջադրել են Օսքարին:

Այրին Շարաֆը նաեւ դեկորացիաներ եւ զգեստներ է պատրաստել ամերիկեան բալետի թատրոնների համար: Նիւ Եորքի կերպարուեստի եւ կիրառական արուեստի դպրոցի շրջանաւարտը նկարազարդել է «Vogue» եւ «Harper’s Bazaar» ամսագրերը: Հենց նրա պատուին են անուանել «Թատրոնի զարգացման հիմնադրամի» մրցանակը՝ «Իռէն Շարաֆի կեանքի ձեռքբերումը». («Irene Sharaff Lifetime Achievement» մրցանակ), որ 1993 թուականից սկսած՝ ամէն տարի ղնորհւում է հագուստի հռչակաւոր դիզայներներին:

Այրին Շարաֆեանը ծնուել է 1910-ին, Պոստոնում: Նրա ծնողները Արեւմտեան Հայաստանից էին: Այրինը հազուադէպ է խօսել իր հայկական ծագման մասին: Նա իր աշխատանքն սկսել է որպէս բեմանկարչի օգնական, ապա ձեւաւորել է թատերական տարբեր ներկայացումների դեկորացիաներն ու հագուստները, որոնք դարձել են նրա ուղեգիրը դէպի Հոլիուտ: Այրինը շատ մտերիմ է եղել Պարպարա Սթրէյզանդի եւ Էլիզաբեթ Թյլորի հետ: Մահը՝ 1993 թուականին, Նիւ Եորքում:

 

Այրին Շարաֆի աշխատանքներից

 

  1. Միշէլ Ժան Լեգրան

Այրին Շարաֆից յետոյ ամենից շատ Օսքարի առաջադրուած հայազգի գործիչը Միշէլ Ժան Լեգրանն է: Նա 13 անգամ թեկնածու է դարձել Օսքարի, որից երեքի դէպքում ստացել է այն: Եւրոպացիների սրտերը վաղուց գերած երաժշտահանն առաջին օսքարը ստացաւ 1968 թուականին «Թոմաս Քրաունի խաբէութիւնները» ֆիլմի, սաունդթրեքի, երկրորդը՝ «42-ի ամառը» ֆիլմի, երրորդը՝ Պարպարա Սթրէյզանդի մասնակցութեամբ «Յենթլ» ֆիլմի համար:

Լեգրանը 11 տարեկանում ընդունուել է Փարիզի կոնսերվատորիան, 22 տարեկանում ամենավաճառուող ալպոմի հեղինակ է դարձել: 1951 թուականին, ընդամէնը 19 տարեկան հասակում, Լեգրանը գրում է գործիքաւորումներ իր հօր նուագախմբի համար: Այսպիսով, Լեգրանը սկսում է երաժշտական ուղեկցորդի եւ գործիքաւորողի ասպարէզ՝ աշխատելով անուանի երաժիշտների հետ:

Մօր կողմից հայ՝ ֆրանսիացի երաժշտահան, դաշնակահար, գործիքաւորող, բեմադրիչ եւ երգիչ Միշէլ Ժան Լեգրանը ծնուել է 1932 թուականին, Փարիզում, երաժիշտների ընտանիքում Մահը 2019-ին, Ֆրանսիա: Գրել է աւելի քան 200 երգ կինոֆիլմերի համար:

1954 թուականին, ամերիկեան «Գլոմպիա» ընկերութեան խնդրանքով, նա կրկին ֆրանսիական ճազի դասախօսութիւններ է կարդում: 8 I love Paris9 ալբոմը մեծ յաջողութեան է հասնում՝ 8 միլիոն օրինակի վաճառք գրանցելով: Լեգրանը ձեռք է բերում միջազգային համբաւ: Նա 1957 թուականին, Մոսկուայի համաշխարհային երիտասարդական փառատօնին մասնակցելու հրաւէր է ստանում:

Միշէլ Լեգրանը արժանացել է բազմաթիւ պարգեւների. նրանց շարքում՝ Հայաստանի Հանրապետութեան Պատուոյ շքանշանին՝ 2009 թուականին:

 

  1. Ուիլիամ Սարոյեան (Օսքար մրցանակի արժանացած առաջին հայը)

           1944 թուականին բախտը ժպտաց, եւ հայերն առանց Օսքարի չմնացին: 35 տարեկանում «Մարդկային կատակերգութիւն» ֆիլմի սցենարի համար գրող դրամատուրգ Ուիլիամ Սարոյեանն արժանացւ ամերիկեան կինոակադեմիայի մրցանակին՝ Օսքարին:

Շատերը սխալմամբ կարծում են, որ ֆիլմը նկարահանուել է «Մարդկային կատակերգութիւն» վէպի հիման վրայ, մինչդեռ եղել է ճիշդ հակառակը: Սկզբում գրուել է ֆիլմի սցենարը: 1941 թուականին «Մեթրօ-Կոլտուին-Մայէր» ընկերութեան բեմադրիչ Լուիս Մայէրն առաջարկում է Սարոյեանին գրել սցենար պատերազմական թեմայով, որը կը ներկայացնի պատերազմի աւերիչ հետեւանքներն ամերիկացիների կեանքում եւ կը բարձրացնի նրանց ոգին:

Պատերազմով անցած եւ այն ողջ հոգով ատող Սարոյեանի համար դա հոգեհարազատ թեմա էր: Կարճ ժամանակահատուածում նա ներկայացնում է պահանջուած սցենարը՝ աւելի քան գիհացնելով կինոընկերութեան ակնկալիքները: Նրան վճարում են այդ ժամանակուայ համար չլսուած գումար՝ 60,000 ԱՄՆ տոլար:

Մինչ ֆիլմը կը յայտնուէր էկրաններին, կարճ ժամանակամիջոցում իր գրած սցենարի հիման վրայ՝ Սարոյեանը ընթերցողների դատին յանձնեց «Մարդկային կատակերգութիւն» վէպը, որն, ինչպէս այդ ժամանակի մամուլն էր նշում, ընդամէնը մէկ շաբաթում դարձաւ պեսթսելեր:

Սա այն եզակի դէպքերից է, երբ գիրքն է գրուել կինոսցենարի հիման վրայ: Իսկ մինչ այդ «Էմ Ճի Էմ»-ում տագնապած էին՝ արդեօք վէպի այդպիսի շլացուցիչ յաջողութիւնից յետոյ ֆիլմն առհասարակ կը դիտուի՞: Ի երջանկութիւն Մայէրի, ֆիլմը նոյնպէս սիրւում է եւ ներկայացւում Օսքարի 5 անուանակարգերում: Ի երջանկութիւն, այս անգամ Սարոյեանի, Օսքարը բաժին է հասնում միայն իրեն:

  1. Շերիլին Սարգսեան – Շեր

Օսքարի, Ոսկէ Կլոպուսի, Էմմիի, Գրեմմիի մրցանակակիր Շերիլին Սարգսեանը՝ Շերը, թերեւս ամենայայտնի հայուհին է համարւում ԱՄՆ-ում: Նրան կոչում են «Փոփի աստուածուհի», «Փոփի թագուհի», նրա սկաւառակները մինչ օրս ամենավաճառուողներից են աշխարհում: Նա հպարտօրէն նշում է իր կիսով չափ հայ լինելու մասին, վերջին շրջանում՝ աւելի յաճախ:

Հենց Շերն է ամերիկեան երգարուեստի պատմութեան մէջ սահմանել նոր, անգերազանցելի մրցանիշ: Նա իր դերասանական աշխատանքն սկսած է 1982 թուականից: Նրա դերասանական խաղերի մասին քննադատները դրական են արձագանգում, եւ Շերը առաջադրւում է Օսքար մրցանակների: 1987 թուականին Շերը Օսքար է շահում «Լուսնով հմայուածները» կինոննկարի համար: Յիշուող է այն ելոյթը, որտեղ նա Օսքար ստանալուց յետոյ՝ հատ առ հատ շնորհակալութիւն էր յայտնում ֆիլմի ամբողջ կազմին, յատկապէս այն մարդկանց, որոնց գրեթէ երբեք չեն յիշատակում:

Ամերիկահայ փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, բեմադրիչ Շերիլին Սարգսեան ծնուել է 1946 թուականին էլ Սենթրօ քաղաքում, Գալիֆորնիա: Վաղ տարիքից Շերը երազում էր յայտնի դերասանուհի դառնալ եւ արդէն մանկութեան տարիներին աշխատում էր ինքնագրերի համար իր ստորագրութեան վրայ:

  1. Սթիւըն Զայիլեան

«Շինտլերի ցուցակը», «Նիւ Եորքի աւազակախմբերը», «Արթնացում», «Վիշապի դաջուածքով աղջիկը», «Հաննիպալ», «Անհնարին առաքելութիւն» եւ այսպէս դեռ երկար կարելի է թուել այն յայտնի ֆիլմերը, որոնց սցենարի հեղինակը Սթիւըն Զայիլեանն է:

1994 Թուականին «Շինտլերի ցուցակը» ֆիլմի համար նա արժանացաւ Օսքարի, մինչ այդ 1990 թուականին «Արթնացում» ֆիլմի համար եւս առաջադրուել էր կինոակադեմիայի մրցանակին: Օսքարի առաջադրուեց նաեւ 2003-ին եւ 2012-ին «Նիւ Եորքի աւազակախմբերը», «Մարդ որ փոխեց ամէն ինչ» եւ «Մանիպոլ» ֆիլմերի համար:

Հայկական ծագումով ամ երիկացի սցենարիստ Սթիւըն Զայիլեանը ծնուել է 1953 թուականում, Ֆրեզնոյում, Գալիֆորնիա: Նրա հայրը՝ Ճիմ Զայիլեանը, եղել է ռատիօ լրագրող: Մեծացել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմութիւնների ներքոյ: Յաճախել է Սոնոմայի համալսարանը: Աւարտել է Սան Ֆրանսիսքոյի պետական համալսարանը՝ 1975 թուականին: Ստեղծել է արտադրական ընկերութիւն: Հեղինակ է բազմաթիւ ֆիլմերի սցենարների:

Ապրում է Լոս Անճելըսում իր կնոջ եւ երկու երեխաների հետ:

 

  1. Լեւոն – Լէօ Չալուկեան

Լեւոն – Լէօ Չալուկեանը 1987 թուականին արժանացել է Օսքարի մրցանակին, որպէս ձայնային լաւագոյն բեմադրիչ:

Լէօ Չալուկեանը ծնուել է 1928 թուականին, Տիթրոյթում, ԱՄՆ: Ծնողները երկուսն էլ Արեւմտեան Հայաստանից են, որոնք գաղթել են Նիւ Եորք՝ Չալուկեանի խօսքերով՝ «յայտնի իրադարձութիւններից յետոյ»: Նրանք իրար հանդիպել եւ ամուսնացել են Նիւ Եորքում: Ընտանիքը յետագային տեղափոխւում է Գալիֆորնիա:

Չալուկեանը երբեք չէր մտածում, որ կարող է յայտնուել կինոյի ասպարէզում: Նա կինոստուդիայում սկսել է աշխատել որպէս հասարակ բանուոր, իսկ շնորհիւ իր հետեւողական ջանքերի առաջացել է, մասնագիտացել է եւ իր մասնագիտական ոլորտում արժանացել տարբեր մրցանակների, ե’ւ Օսքար մրցանակի:

Լէօ Չալուկեանը միշտ յիշում էր, որ կային մարդիկ, որ վիրաւորական էին վարւում իրեն հետ՝ ասելով.- «Գնա’ քո ուղտերը քշիր անապատում…»: Իսկ երբ նա հերթական նուաճումներն ունեցաւ ու շահեց բազմաթիւ մրցանակներ, ապա նոյն մարդկանց համար հպարտութիւն էր սեղմել իր ձեռքը: Նա իր աշխատանքը սկսեց որպէս բանուոր, հասաւ փառքի հասաւ Սպիտակ Տուն, որտեղ ընթրեց ԱՄՆ Նախագահի հետ, եւ ուրիշ, եւ ուրիշ ձեռքբերումներ:

Լեւոն – Լէօ Չալուկեանի ժամանակին առաջարկել էին փոխել իր հայկական ազգանունը՝ Հիլիուտում հարթ առաջանալու համար, ինչը նա կտրուկ մերժել է: Նա չէր կարողացել աւարտել միջնակարգ կրթութիւնը: Օսքար մրցանակի արժանացած հայազգի Լէօ Չալուկեանը 2017 թուականին՝ 90 տարեկան հասակում, ստանում է միջնակարգն աւարտելու իր վկայականը: Մահը՝ 2019 թուականին, Լոս Անճելըսում:

 

  1. Թոմաս- Թոմ Օհանեան

Թոմաս- Թոմ Օհանեանի թեքնիքական նորարարութիւնը կինոասպարէզում, փոխեց կինոյի աշխարհը՝ հեշտացնելով կինոյի արտադրութիւնը՝ մոնթաժը: Ներկայիս Հոլիուտում նկարահանուող ֆիլմերի մօտ 95 տոկոսը մոնթաժւում է Թոմաս Օհանեանի հեղինակած Avid համակարգչային ծրագրով: Նա այդ բնագաւառում լաւագոյն փորձագէտներից մէկն է ողջ աշխարհում: Տարբեր ակադեմիաներում գիտական եւ այլ մրցանակների է արժանացել նա, որոնցից նշելի է 2000 թուականին՝ նրա ստացած Օսքարի մրցանակը:

Թոմաս Օհանեանը ծնուել է 1960 թուականին, Ռոտ Այլընտում, ԱՄՆ: Նրա ծնողները Խարբերդ շրջանից են. Արեւմտեան Հայաստան: Նրանք ԱՄՆ-ն են գաղթել ցեղասպանութեան տարիներին: Թ. Օհանեանի համար կարեւոր թեմա է Հայոց Ցեղասպանութիւնը: Այդ նիւթով անգլերէն գրքի հեղինակ է.- “” Lines of the sands””. («Գծեր աւազի վրայ»): Նոյն թեմայով վաւերագրական ֆիլմի հեղինակ է: Շեշտում է.- Ցեղասպանութեան թեման իրեն համար կարեւոր է ու կարծում է ինչքան որ հնարաւոր է շատ մարդիկ պիտի տեղեակ լինեն այդ մասին:

Թոմ Օհանեանը համագործակցում է ամերիկահայ տարբեր հայկական կազմակերպութիւնների հետ: Նա անվճար արհեստագիտութիւն է տրամադրում Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող վնասուած կինոփաստաթղթերի թուայնացման համար: Նա միաժամանակ, արհեստագիտութեան մասին համալսարանական տարբեր մասնագիտական դասագրքերի հեղինակ է:

Ուրիշներ

1- Ամերիկահայ Աշոտ Նալբանդեանը, ով 2001 թուականին Օսքարի մրցանակ ստացաւ արհեստագիտական նուաճումների անուանակարգում՝ հանրայայտ «Թիթանիք» ֆիլմի համար: Մրցանակը կիսուեց ուրիշ դերակատարների հետ:

2- Կլեն Ֆարրը (Glenn Farr), ով 1984 թուականին Օսքարի մրցանակի արժանացաւ լաւագոյն մոնտաժ բնագաւառում՝ «Ընտիր կազմ» կինոնկարի համար: Յիշատակում կայ նրա հայկական ծագման մասին: Նա ԱՄՆ-ումգործող «Հայկական ֆիլմ» հիմնադրամի խորհրդի անդամ է:

3- Ամերիկահայ Բաբգէն Շահբազեանը, ով 2007 թուականին Օսքարի մրցանակ ստացաւ արհեստագիտական նուաճումների համար:

4- Իրանահայ ծագումով՝ ամերիկահայ Գուրգէն Ռէյ Աղայեանը, ով երեք անգամ օսքարի մրցանակի  թեկնածու է դարձել՝ զգեստների ձեւաւորման անուանակարգում բայց մրցանակը չի ստացել:

5- Ամերիկահայ ճանաչուած դերասան Ակիմ Թամիրովը (Յովակիմ Թայմիրեանց), ով երկու անգամ Օսքարի մրցանակի թեկնածու է դարձել, բայց չի ստացել:

6- Թատրոնի եւ կինոյի հռչակաւոր բեմադրիչ ամերիկահայ Ռուբէն Մամուլեանը, ով Օսքարի մրցանակի թեկնածու է դարձել, բայց չի ստացել:

7- Ամերիկահայ Արա Չեքմայեանը, ով 1984 թուականին Օսքարի մրցանակի թեկնածու է դարձել՝ լաւագոյն լիամետրաժ փաստագրական ֆիլմի համար, բայց մրցանակը չի ստացել:

8- Ամերիկահայ Հանք Մունջեանը (Hank Moonjean), ով 1988 թուականին, լաւագոյն արտադրող անուանակարգում Օսքարի մրցանակի թեկնածու է դարձել, բայց չի ստացել:

9- Ամերիկահայ Պոպի Գարաբեդեանը (Կարապետեան), ով 2004 թուականին չեխ-ամերիկեան կարճամետրաժ ֆիլմի համար Օսքարի մրցանակի թեկնածու է դարձել, բայց չի ստացել:

10- Գանատահայ կինոբեմադրիչ Աթոմ Էկոյեանը, ով Օսքարի թեկնածու է դարձել, բայց չի ստացել:

Հայաստանը

Մինչեւ այսօր, Հայաստանից ոչ-մի ֆիլմ չի ընդգրկուել Օսքարի «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անուանակարգում: 2017 եւ 2018 թուականներին, Հայաստանը ներկայացրել է ֆիլմեր որոնք Օսքարի կանոնադրութեան համաձայն՝ մերժուել են (ֆիլմերը պիտի լինեն միայն տուեալ երկրի արտադրութիւն): Հայաստանից ներկայացրած առաջին ֆիլմը հայ-ռուսական արտադրութիւն էր, իսկ երկրորդը՝ հայ-իրանական: