Հայաստանի կառավարութիւնը կը ցանկայ Հայաստանի մէջ արբանեակներ արտադրել

Իր առաջին արբանեակը տիեզերք արձակելէ երկու ամիս անց, Հայաստանի կառավարութիւնը կը յայտարարէ, որ կ’աշխատի երկրին մէջ արբանեակներու արտադրութիւն հիմնելու ուղղութեամբ: «Ազատութեան» հետ զրոյցին ընթացքին այս մասին յայտնած է Բարձր արհեստագիտութեան արդիւնաբերութեան նախարար Ռոպերթ Խաչատրեանը:

«Հիմնական նպատակը` Հայաստանում ունենալ արբանեակների արտադրութիւն, մենք դնում ենք տենց փառատենչ ծրագիրներ եւ պէտք է ձգտենք դրան: Թէ այս փուլում ինչքան կը կարողանանք, որ մասը կը կարողանանք էստեղ անել` հիմա կատարւում են գնահատման աշխատանքներ, տարբեր ընկերութիւնների հետ բանակցում ենք, տեսնում ենք` ինչ կարողութիւններ կան Հայաստանում, որպէսզի ճիշդ կարողանանք օգտագործել», նշեց նախարարը` շարունակելով. «որովհետեւ իրականում Սովետական Միութեան ժամանակաշրջանում նման կարողութիւններ Հայաստանում եղել են, եւ այդ կարողութիւնները, կարելի է ասել, մասամբ պահպանուել են` մենք ունենք թէ՛ քատրերի առումով, լաւ գաղափարներ ունենք էստեղ, մասնագէտներ ունենք, ում գիտելիքները կարելի է շատ լաւ օգտագործել»:

Հարցին` խօսքը կապի՞ արբանեակներու մասին է, Խաչատրեան բացասական պատասխանեց. «Ոչ, միանգամից ասեմ, որ կապի արբանեակների մասին այս պահին չենք խօսում, մեր արբանեակը կապի արբանեակ չի` դա Երկրի հեռահար զոնդաւորման արբանեակ է, եւ հետագայ շարունակութիւնը նոյնպէս էլի մտածում ենք, այս պահին մտածում ենք հեռահար զոնդաւորման արբանեակների ուղղութեամբ»:

Նախարարին փոխանցմամբ` Հայաստանի մէջ արբանեակներու արտադրութեան գործին մէջ այս պահուն որպէս հիմնական գործընկեր կը բանակցին սպանական Satlantis-ի հետ: Նոյնինքն այս ընկերութեան հետ համագործակցելով Հայաստանի կառավարութիւնը այս Մայիսին տիեզերք արձակեց «ArmSat-1» արբանեակը: