Յայտնի են «Վահան Թէքէեան» մրցանակակիրները

Կայացաւ «Վահան Թէքէեան» ամէնամեայ միջազգային մրցանակաբաշխութիւնը։

Այս տարի մրցանակ յանձնուեց 7 անուանակարգում՝ Գրականութիւն, Հայագիտութիւն, Թատերական արուեստ, Կերպարուեստ, Քանդակ, Լրագրութիւն և Գեղարուեստական լուսանկարչութիւն։ Մրցոյթին մասնակցելու յայտ էր ներկայացրել շուրջ 75 մասնակից. յանձնաժողովն ընտրել է դրանցից լաւագոյններին:

Հայաստանի Թէքէեան մշակութային միութեան նախագահ, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ, փրօֆէսօր Ռուբէն Միրզախանեանը շնորհաւորեց մրցանակակիրներին և շնորհակալութիւն յայտնեց  յանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրութեան համար: Փրօֆէսօրն ընդգծեց, որ ԱՄՆ և Գանատայի Թէքէեան մշակութային միութեան հետ համատեղ և «Շաքէ Ղազարեան-Թէքէեան» հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ արդէն 28 տարի Հայաստանի Թէքէեան մշակութային միութիւնը ուշադրութեան է արժանացրել հարիւրից աւելի արուեստագէտների, գիտնականների։

Իր օրհնութեան խօսքում Տէր Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը ուրախալի համարեց այս դժուարին ժամանակներում նման միջոցառում անցկացնելը, որի ընթացքում մրցանակներ են շնորհւում հայրենիքի գիտական և մշակութային կեանքում մեծագոյն ներդրում ունեցած գործիչներին։ Նա շնորհաոորեց «Վահան Թէքէեան» այս տարուայ մրցանակակիրներին և յոյս յայտնեց, որ նրանք կը շարունակեն իրենց չափով ստեղծագործել՝ յանուն հայրենիքի վաղուայ օրուայ։

«Գրականութիւն» անուանակարգի մրցութային յանձնաժողովի նախագահ՝ ԱՄՆ և Գանատայի Թէքէեան մշակութային միութեան կենտրոնական վարչութեան նախագահ, Հայաստանի ԳԱԱ արտասահմանեան անդամ Երուանդ Ազատեանը «Վահան Թէքէեան» մրցանակը յանձնեց Ֆէլիքս Բախչինեանին՝ «Վերջին մանկութիւն» վէպի համար։   Երուանդ Ազատեանն  ընդգծեց, որ շատ դժուար էր հաւասար արժէք ունեցող գրքերի մէջ ընտրել լաւագոյնը։ «Հակառակ բոլոր դժուարութիւններին՝ հայաստանեան գրական դաշտը, գրականութիւնը շատ բեղուն է։ Ունենք դէմքեր, որոնք քայլում են միջազգային գրականութեան մայրուղիներով»,-նշեց Երուանդ Ազատեանն ու յաւելեց, որ մրցանակակիր վէպում ճշմարտանմանն աւելի ընդհանրական է, քան ճշմարիտը, և այն առանձնանում է իր պատմողական գրաւիչ լեզւով։

«Հայագիտութիւն» անուանակարգում «Վահան Թէքէեան» մրցանակակիրը բանասիրական գիտութիւնների դոկտոր Լալիկ Խաչատրեանն է՝ «Լեզուաբանական տերմինների ուսումնական բառարան»-ի համար։ Յանձնաժողովի նախագահ՝ բանասիրական գիտութիւնների թեկնածու Դաւիթ Գիւրճինեանը նշեց, որ ընտրութիւնը կատարելիս հաշուի են առել նաև մրցանակակրի գիտական և մանկավարժական բեղուն գործունէութիւնը։

«Լրագրութիւն» անուանակարգում մրցանակը շնորհուեց «Հետք» լրատուականի լրագրող Սառա Պետրոսեանին։ Մրցութային յանձնաժողովի նախագահ՝ Հայաստանի վաստակաւոր լրագրող, փրօֆէսօր Յակոբ Աւետիքեանը բարձր գնահատեց Սառա Պետրոսեանի՝  հետաքննական լրագրութեան ասպարէզում ունեցած երկարամեայ փորձը և կարևորեց, որ մրցոյթին է ներկայացուել ազգային արժէքների պաշտպանութեանը վերաբերող նիւթերը․  «Չկանոնակարգուած, խառնիճաղանճ, յաճախ բևեռացուած և օրնիբուն աշխատող մամուլում հետաքննական լրագրութիւնում տկար ենք, քանի որ  այն ժամանակատար է և յաճախ վտանգաւոր»,-նշեց Յակոբ Աւետիքեանն ու յաւելեց՝ եթէ պետական աջակցութիւն լինի, հեղինակի հետաքննական նիւթերը կը լինեն հետապնդող հիմք։

«Թատերական արուեստ» անուանակարգում մրցանակը յանձնուեց «Ֆորմա» թատրոնին՝  «Վայ-վայ» ներկայացման համար, «Կերպարուեստ» և «Քանդակ անուանակարգերում»՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Արամ Իսաբէկեանին՝ «Տպաւորութիւն» ստեղագործութեան և քանդակագործ Աշոտ Բաղդասարեանին «Աթոռներ» շարքի համար, իսկ   «Գեղարուեստական լուսանկարչութիւն» անուանակարգում՝ լուսանկարիչ Աննա Գրիգորեանին՝  «Քաղաքային գրաֆիկ» շարքի համար։

Մրցանակաբաշխութեանը կատարումներով հանդէս եկաւ Հանրային ռատիոյի և հեռուստատեսութեան էսթրատային–սիմֆոնիք նուագախումբը։

Նշենք, որ միջազգային մրցանակաբաշխութիւնն անցկացւում է 1991 թուականից։ Այդ տարիներից ի վեր ՀԹՄՄ «Վահան Թէքէեան» մրցանակին են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկեանը, Լեուդուիգ Դուրեանը, Հրաչեայ Թամրազեանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանեանը, Ռուբէն Աբովեանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լևոն Թոքմաճեանը, երաժիշտներ Օհան Դուրեանը, Տիգրան Մանսուրեանը, Ռուբէն Հախվէրտեանը, Ջիվան Գասպարեանը, Կոնստանտին Օրբէլեանը, դերասաններ Վարդան Պետրոսեանը, Երուանդ Մանարեանը, լրագրողներ Յակոբ Աւետիքեանը, Արթուր Բախտամեանը, գրողներ Լևոն Խեչոյեանը, Սարգիս Վահագնը, հարիւրից աւելի մշակոյթի, գիտութեան, արուեստի գործիչներ։

 

Հայաստանի Թէքէեան մշակութային միութեան լրատուական կենտրոն

Քրիստինէ Մելքոնեան