Էդուարդ Նալբանդեանը ելոյթ է ունեցել ԵՈՒՆԷՍՔՕ-ի Գլխաւոր համաժողովի 38-րդ նստաշրջանում

ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանն 6 Նոյեմբեր 2015-ին,  մասնակցել է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթութեան, գիտութեան և մշակոյթի կազմակերպութեան 38-րդ գլխաւոր համաժողովին։ Համաժողովին մասնակցել են ԵՈՒՆԷՍՔՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատուիրակութիւններ, որոնք պէտք է հավանութեան արժանացնեն կազմակերպութեան յառաջիկայ տարիների գործունեութեան ծրագիրը և պիւտճէն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատուական ծառայութիւնից։

Նոյն օրը Էդուարդ Նալբանդեանը ելոյթ է ունեցել կոնֆերանսի լիագումար նիստին։

 

Յարգելի՛ տիկին գլխաւոր տնօրէն,

Յարգելի՛ պարոն նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհաւորում եմ և շնորհակալութիւն յայտնում պարոն Սթենլի Սմաթային՝ ԵՈՒՆԷՍՔՕ-ի 38-րդ գլխաւոր համաժողովի նախագահ ընտրուելու կապակցութեամբ և մեր շնորհակալութիւնը յայտնում նախորդ նախագահ պարոն Հաօ Փինկին:

 

Պարո՛ն Նախագահ,

1945թ.-ին` իր կազմաւորումից ի վեր՝ ԵՈՒՆԷՍՔՕ-ն զգալի աշխատանք է իրականացրել՝ միաւորելով պետութիւնների ջանքերը՝ կրթութեան, գիտութեան և մշակոյթի միջոցով խաղաղութիւնն ու կայուն զարգացումը խրախուսելու ուղղութեամբ:

Կազմակերպութեան 70-րդ տարեդարձի կապակցութեամբ Հայաստանը հիւրընկալել է «Մշակութային քաղաքականութիւն. քաղաքականութիւն մշակոյթի համար. մշակոյթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. յետոյ» միջազգային համաժողովը, որին մասնակցել են 40-ից աւելի երկրների և միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Համաժողովի կողմից ընդունուած «Երևանեան հռչակագիրը» դատապարտում է մարդկութեան մշակութային ժառանգութեան գանձերի ոչնչացումը: Դժբախտաբար, այսօր այս հարցը դարձել է առաւել քան երբևէ հրատապ: Այս կապակցութեամբ, Մերձաւոր Արևելքում ներկայիս իրավիճակը խորին մտահոգութիւն է յարուցում:

Ահաբեկիչների կողմից բազմաթիւ իսլամական սրբավայրերի ոչնչացումը, հինաւուրց Պալմիրայի և Նիմրուդի մշակութային կոթողների աւերումը, Հայոց Ցեղասպանութեան բազմաթիւ զոհերի մասունքներն ամփոփող Տէր Զօրի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագութիւնները քաղաքակրթութեան դէմ գործուած յանցանքներ են: Դրանք յիշեցնում են նմանատիպ բարբարոսութիւնները՝ Պամիասի Պուտտայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարեան հազարաւոր խաչքարերի և այլ յուշարձանների ոչնչացումը: Այս ոճիրները ժամանակին չպատժուեցին՝ ճանապարհ հարթելով նոր յանցագործութիւնների համար: Պատմութիւնն վկայում է, որ անպատժելիութիւնը նոր ոճրագործութիւններ է ծնում:

Պարո՛ն Նախագահ,

Մի դարաշրջանում, երբ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը և խթանումը քաղաքակիրթ աշխարհի համար առանցքային հասկացութիւն են հանդիսանում, այլ քաղաքակրթութիւններին պատկանող արժէքների նկատմամբ անհանդուրժողականութիւնը, մշակութային և կրօնական ժառանգութեան կանխամտածուած վնասումը կամ ոչնչացումը պէտք է դատապարտուեն միևնոյն վճռականութեամբ, ինչ մարդկանց դէմ բռնութիւնը: Միջազգային հանրութիւնը պէտք է վճռականօրէն և անյապաղ գործի՝ պաշտպանելու համար այն, ինչ դեռևս հնարաւոր է պահպանել:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանը շարունակաբար հրաւիրել է այս բարձր մարմնի ուշադրութիւնը հարևան Ատրպէյճանում գտնուող հայկական մշակութային ժառանգութեան ողբալի իրավիճակի վրայ: Միայն Նախիջևանի շրջանում հազարաւոր միջնադարեան խաչքարեր, հարիւրաւոր հայկական եկեղեցիներ, վանքեր և այլ սրբավայրեր ամբողջութեամբ ոչնչացուել են Ատրպէյճանի կողմից, ինչը նպատակ է հետապնդում վերացնել այն ժողովրդի հետքերը, որը դարեր շարունակ բնակուել է այս շրջանում և ովքեր այն կոչել են «Նախիջևան», ինչը հայերէն տառացիօրէն նշանակում է «առաջին իջևան»՝ նկատի ունենալով աստուածաշնչեան Նոյի իջևանած առաջին վայրը։ Վերջերս Միջազգային կրօնական ազատութեան հարցերով ԱՄՆ յանձնաժողովը 2015թ. համար իր հրապարակած զեկոյցում, խօսելով Նախիջևանում վանտալիզմի ենթարկուած հայկական գերեզմանատան մասին, արձանագրում է, որ Ատրպէյճանում կրօնական ազատութեան հետ կապուած իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ օրինակ բերելով Պաքուում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին, որն այս պահին օգտագործւում է որպես նախագահի աշխատակազմի արխիւ, և բռնագրաւուած Լիւթերանական եկեղեցին, որը վերածուել է համերգասրահի: Եթէ մենք՝ ԵՈՒՆԷՍՔՕ-ն և այլ միջազգային կազմակերպութիւնները, քայլեր չձեռնարկենք այսօր, ինչպիսի՞ ապագայ է վաղը սպասւում այս և բազմաթիւ այլ վտանգուած յուշարձաններին:

Որպես վերոնշեալի վառ հակապատկեր՝ հարևան Իրանը լուրջ քայլեր է ձեռնարկում հայկական մշակութային ժառանգութեան պահպանման և պաշտպանութեան ուղղութեամբ: Իրանում գտնուող հայկական վանական համալիրները, որոնցից ամենահինը թուագրւում է 7-րդ դարով, Իրանի կառավարութեան կողմից ներառուել են Համաշխարհային մշակութային ժառանգութեան ցուցակում: Իր հերթին, Հայաստանը վերանորոգել է 18-րդ դարի իրանական Կապոյտ մզկիթը Երևանում և մտադրւում է այն ներառել Համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկի մէջ:

Հայաստանը ջանում է իր ներդրումն ունենալ համաշխարհային մշակութային ժառանգութեան պահպանմանն ուղղուած ջանքերում, այդ թւում՝ ԵՈՒՆԷՍՔՕ-ի համապատասխան մարմիններում կառուցողական ներգրաւուածութեան միջոցով: 2013թ. Հայաստանը դարձաւ Զինուած ընդհարումների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան հարցերով կոմիտէի անդամ: Մէկ տարի անց մենք ընտրուեցինք այդ Կոմիտէի բիւրոյի փոխնախագահ: Այս տարի Հայաստանը դարձաւ Մշակութային արժէքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականութեան իրաւունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին կոնվենցիայի իրականացման յանձնաժողովի անդամ:

 

Պարո՛ն Նախագահ,

Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի և ԵՈՒՆԷՍՔՕ-ի Կրթութեան բնագաւառում խտրականութեան դէմ կոնվենցիայի պահանջներից է, որպէսզի կրթութիւնը նպաստի բոլոր ժողովուրդների, էթնիքական և կրօնական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականութեանը և բարեկամութեանը: Հաշուի առնելով կրթութեան ոլորտում ԵՈՒՆԷՍՔՕ-ի բացառիկ դերը՝ մենք կոչ ենք անում Կազմակերպութեանն իր կրթական ծրագրերի շրջանակներում ձևաւորել վերահսկողութեան մեխանիզմ, որը քննութեան կառնի և կգնահատի անդամ-պետութիւնների դասագրքերը՝ յատկապէս պատմութեան և սոցիալական գիտութիւնների բնագաւառներում՝ յատուկ շեշտադրում կատարելով խտրականութեան և այլատեացութեան բացառման վրայ: Ատրպէյճանը փորձում է աղճատել բազմադարեայ հայկական ժառանգութիւնը, մշակոյթը և պատմութիւնը: Այս երկրում սեփական պատմութեան վերաշարադրումը շարունակւում է այլոց մշակութային ժառանգութեան բռնի իւրացմամբ կամ ոչնչացմամբ, և նոյնիսկ աւելին՝ հարևան ժողովուրդների մշակութային ժառանգութեան բռնազաւթմամբ: Պետութիւն, որը դեռևս մէկ դար էլ չկայ, ինչ յայտնուել է աշխարհի քաղաքական քարտէզի վրայ, ոտնձգութիւններ է կատարում մի երկրի և ժողովրդի մշակոյթի նկատմամբ, որի մի քանի հազարամեակների պատմութիւնը գրանցուած է վաղնջական ժամանակներից:

Որպէս ԵՈՒՆԷՍՔՕ-ի ընտանիքի անդամ, մենք կողմնակից ենք ընդգրկուն կրթական համակարգի զարգացմանը, խտրականութեան ցանկացած արտայայտութեան բացառմանը, կրթութեան բնագաւառում բոլորի համար հաւասար հնարաւորությունների ապահովմանը: Այս առումով կցանկանայի ընդգծել ԵՈՒՆԷՍՔՕ-ի կրթական ծրագրերից և նախագծերից ոչ մէկին դուրս չթողնելու կարևորութիւնը՝ ներառեալ նրանց, ովքեր բնակւում են այն տարածքներում, որոնց քաղաքական կարգավիճակը որոշուած չեև ենթակայ է կարգաւորման համաձայնեցուած բանակցային գործընթացների շրջանակներում: ԵՈՒՆԷՍՔՕ-ն պէտք է երաշխաւորի սեփական գործունէութեան համընդգրկուն բնոյթը՝ առանց քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ այլ տեսակի խտրականութեան:

 

Պարո՛ն Նախագահ,

70 տարի առաջ ապագայ սերունդների համար աւելի լաւ աշխարհի կերտմանն ուղղուած ընդհանուր նպատակը ձևաւորեց ԵՈՒՆԷՍՔՕ-ի կազմաւորման հիմքը: Այնքան ժամանակ, որքան այդ նպատակները պահանջուած կը մնան, դրանց իրականացումը շարունակելու է խարսխուած մնալ գործողութիւնների ներդաշնակութեան և ԵՈՒՆԷՍՔՕ-ի արժէքներին և սկզբունքներին լիակատար հաւատարմութեան վրայ: Կազմակերպութեանը քարոզչական վիճաբանութեան մէջ ներքաշելու ցանկացած փորձ, որևէ երկրի քաղաքական օրակարգը այդ արժէքների հաշուին կամ ի հակասութիւն դրանց առաջ մղելու նպատակով, պետք է վճռականօրէն և անյապաղ սաստուի:

 

Պարո՛ն Նախագահ,

Հայաստանը լիովին հաւատարիմ է մնում ԵՈՒՆԷՍՔՕ-ի արժէքներին և նպատակներին և շարունակելու է ընդլայնել իր ներգրաւուածութիւնը ԵՈՒՆԷՍՔՕ-ի նախաձեռնութիւններին և ծրագրերին:

Շնորհակալութիւն: