Վերոյիշեալ վերնագրով գիտագործնական համաժողովը տեղի ունեցաւ անցեալ Փետրուարի 24-ին եւ 25-ին Երեւանի Մեսրոպ Մաշտոցի Մատենադարանին մէջ:
Ժողովը իր մասնակիցներուն ունեցած դիւանագիտական, իրաւագիտական եւ պատմագիտական բարձր մակարդակով եւ փորձառութեամբ կարելի էր նկատել աննախադէպ:
Մաղթելի է, որ այս օրերուն Հայաստանի եւ Արցախի մէջ տիրող քաղաքական եւ հոգեբանական բարդ կացութեան մէջ, այս մակարդակով եւ որակով համաժողովները շարունակուին:
Անհրաժեշտ է մանաւանդ առաւելագոյն չափով խուսափիլ այսպիսի առիթները անմիջապէս պիտակաւորելու որպէս «Իշխանամէտ» կամ «հակաիշխանական», ընդհակառակը Հայաստանի իշխանութիւնները, հասարակական կազմակերպութիւնները եւ մտաւորականութիւնը պէտք է բոլորին մէջէն դուրս բերեն հայկական գերագոյն շահերու յառաջացման հիմնական տուեալները, նրբութիւնները եւ մանաւանդ զանոնք իրագործելու գործնական միջոցները:
Հայաստանը, Արցախը եւ ամբողջ հայութիւնը այսօր աւելի քան երբեւէ անհրաժեշտութիւնը ունի իրենց բոլոր ոյժերը համախմբելու եւ զանոնք գործածելու՝ կարենալ դուրս ելլելու համար այսօրուան փակուղիէն:
Մեր այս թիւով պարզապէս կը հաղորդենք առանց մեկնաբանութեան ժողովի կազմակերպիչ մարմնի յայտարարութիւնը որպէս իրենց եզրակացութիւնը ժողովին ընթացքին կատարուած մօտ քսան տարբեր ելոյթներուն, փանէլային ելոյթներուն եւ փոխանակումներուն: Նոյնպէս կու տանք խտացած վերարտադրութիւն մը քաղաքական կարեւոր փորձառութիւն ունեցող դիւանագէտ, նախկին Արտաքին Գործոց նախարար՝ Վարդան Օսկանեանի մօտ կէս ժամ տեւող ելոյթին:
Յառաջիկային պիտի վստահաբար վերադառնանք այստեղ արտայայտուած միտքերուն մասին տալու տարբեր մեկնաբանութիւններ:
ԱՊԱԳԱՅ
*********************************************************************
Յայտարարութիւն՝«Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչներու
Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնութեամբ 2023 թ․ Փետրուարի 24-ին և 25-ին Երևանում տեղի ունեցած «Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչներս, հիմք ընդունելով համաժողովի ակադեմիական զեկուցումներում և գործնական ելոյթներում տեղ գտած գաղափարները, փաստարկներն ու գիտական հիմնաւորումները, արձանագրում ենք․
- Արցախը երբեք չի եղել անկախ Ատրպէյանի կազմում, աւելին՝ Արցախի Հանրապետութիւնը կայացած պետութիւն է։ Պատմականօրէն Լեռնային Ղարաբաղը հազարամեակներ եղել է հայկական տարածք, իսկ 1918-20 թուականներին, երբ Ատրպէյճանն առաջին անգամ իր նկրտումներն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարածքների նկատմամբ, միջազգային բոլոր զեկոյցներում այն աներկբայօրէն ճանաչուել է որպէս հայերով բնակեցուած տարածք, և միայն խորհրդային կարգերի հաստատումից յետոյ, ներքին վարչատարածքային բաժանմամբ բռնակցուել է Խորհրդային Ատրպէյճանին՝ նոյնիսկ այդ պայմաններում ունենալով ինքնավար մարզի կարգավիճակ։ Արցախի անկախացման հիմքում ընկած խորհրդային օրէնքները համապատասխանել են միջազգային իրաւունքի նորմերին՝ ընձեռելով ժողովուրդների ինքնորոշման հաւասար իրաւունք։ Արցախի անկախացման փաստական հիմքերը եղել են ոչ միայն Արցախի էթնիք, տարածքային, սոցիալ-մշակութային, տնտեսական, պատմական ինքնուրոյնութիւնը, այլ առաջին հերթին նրա ժողովրդի՝ Ատրպէյճանի կողմից ցեղասպանութեան չենթարկուելու գոյաբանական անհրաժեշտութիւնը։ Միջազգային հանրութիւնը երբեք չի արտայայտել իրաւաքաղաքական դիրքորոշում առ այն, որ Արցախը պէտք է ներառուի Ատրպէյճանի կազմում, իսկ 2007 թ․ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների կողմից առաջարկուել է, և 2009թ․ Հայաստանի և Ատրպէյճանի կողմից որպէս բանակցային հիմք են ընդունուել Մատրիտեան սկզբունքները, որոնցով տարածքային ամբողջականութեան սկզբունքի հետ միասին որպէս բանակցային հիմք հաստատւում էր ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը։ Արցախի Հանրապետութեան կայացման միջազգային իրաւական հիմքերն անառարկելի են, և նրանցից որևէ նահանջ անթոյլատրելի է։
- Արցախի հարցը հայութեան գոյութենական խնդիրների փաթէթից դուրս դիտարկելը անթոյլատրելի է։ Արցախն Ատրպէյճանի կազմում ճանաչելը, առաւել ևս դա իրաւաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման պայքարից հրաժարուելը ոչ թէ կ’երաշխաւորի Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը և Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան ֆիզիքական անվտանգութիւնը, այլ ճիշդ հակառակը՝ կը դառնայ հայոց պետականութեան կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիութիւն հաղորդող հերթական ողբերգական հանգրուանը, քանզի Ատրպէյճանը չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, և իր բազմաթիւ ատելապաշտ գործողութիւններով ու հռետորաբանութեամբ մերժում է հայ ժողովրդի գոյութեան բուն իրաւունքը սեփական պատմական հայրենիքում։
- Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման քաղաքական, դիւանագիտական մեխանիզմներն ու հնարաւորութիւններն ամենևին սպառուած չեն։ Իրաւաքաղաքական տեսանկիւնից սնանկ են իշխանական քարոզչամեքենայի կողմից սփռուող այն պնդումները, թէ իբր անկախացումից ի վեր, դեռևս 1991 թ. Դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանը ճանաչել է Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը՝ ներառելով Արցախը վերջինիս կազմում։ Նոյն կերպ կեղծ ու անհիմն են այն պնդումները, թէ միջազգային հանրութիւնը Արցախը տեսնում է Ատրպէյճանի կազմում։ Միջազգային հանրութիւնը մեզ չի շտապեցնում Ատրպէյճանի հետ կնքել այնպիսի «խաղաղութեան պայմանագիր», որին յաջորդելու են Ատրպէյճանի նոր ակրեսիան, անհիմն տարածքային պահանջները, աննկարագրելի ծաւալի ռեպարացիաները, որոնց գինը պէտք է վճարի ողջ հայ ժողովուրդը, և որոնց արդիւնքը դառնալու է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան կորուստը և փաստացի կործանումը։ Մինսքի խմբի համանախագահ պետութիւնները, թէև ունեն աշխարհաքաղաքական լուրջ տարաձայնութիւններ, այնուամենայնիւ ԼՂ խնդրի կարգաւորման հարցում մինչ օրս էլ պահպանում են ընդհանուր, միջազգային իրաւունքի սկզբունքների վրայ հիմնուած հաւասարակշռուած դիրքորոշում, և համանախագահ բոլոր երեք պետութիւններն էլ 2020թ․ 44-օրեայ պատերազմից յետոյ յստակ դիրքորոշում են յայտնել առ այն, որ Արցախի կարգավիճակի հարցը փակուած չէ։ Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերեալ բազմաթիւ պետութիւնների և միջազգային կառոյցների յայտարարութիւնները ևս ապացուցում են, որ միջազգային հանրութեան համար ընկալելի է, որ Արցախի ինքնորոշումն ամենևին էլ անջատողականութեան հարց չէ։ Այն տարբերւում է տարբեր քաղաքակիրթ երկրներում ժամանակ առ ժամանակ ծագող ազգային ինքնորոշման իրաւունքի իրացման նախաձեռնութիւններից․ սա ֆիզիքական գոյատևման, ցեղասպանութիւնը կանխելու միակ իրատեսական փրկութեան ուղին է։ Միջազգային դերակատարների համար ընդունելի ու հասկանալի կը լինեն նաև Հայաստանի Հանրապետութեան կողմից ներկայացուող բոլոր այն բանակցային նախապայմանները (Շուշիի, Հադրութի, Արցախի Հանրապետութեան այլ տարածքների տըօկուպացիա, փախստականների վերադարձ, միջնորդային առկայ ձևաչափի վերականգնում կամ նոր ձևաչափի ստեղծում, 2020թ․ Նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ Ատրպէյճանի ստանձնած պարտաւորութիւնների կատարում և այլն), որոնք կ’չէզոքացնեն բանակցային գործընթացը նոր կապիտուլացիոն ակտով դադարեցնելու Ատրպէյճանի նկրտումները։ Հայաստանի Հանրապետութիւնը նաև հնարաւորութիւն ունի միջազգային դատական ատեաններում բազմաթիւ գործերով Ատրպէյճանին պատասխանատուութեան կանչել՝ կատարած ռազմական, ցեղասպան ու այլ մարդատեաց յանցագործությունների համար, դրանով է՛լ աւելի ամրապնդելու սեփական բանակցային դիրքերը։ Հայկական սփիւռքն այսօր էլ ունի չիրացուած լոպպինկային մեծ հնարաւորութիւններ, սակայն Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների ուղեգիծը հակասում է նաև սփիւռքահայ կառոյցների գործունէութեան շարունակական տրամաբանութեանը և զրկում նրանց անհրաժեշտ արդիւնաւէտութիւնից, ինչպէս նաև խզում առաջացնում օտարերկրեայ դիւանագիտական որոշումների ընդունման կենտրոններում՝ միասնական հայկական դիրքորոշումն ընկալելու հարցում։
- Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչմանն աջակցելը՝ Հայաստանի Հանրապետութեան հետ վերամիաւորուելու հեռանկարով, Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների սահմանադրական պարտականութիւնն է։ Այն բխում է ՀՀ Անկախութեան հռչակագրից և Սահմանադրութիւնից։ Սահմանադրական այս պարտականութիւնից փաստացի հրաժարուելը ոչ միայն անօրինական է, այլ նաև դաւաճանութիւն է հայ ժողովրդի կենսական շահերի նկատմամբ և անխուսափելիօրէն յանգեցնելու է իրաւական և քաղաքական պատասխանատուութեան։
- Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման համար պայքարը հայ ժողովրդի առանցքային առաքելութիւնն է։ Այդ պայքարը պէտք է նոր շունչ ստանայ, դուրս բերուի ներքաղաքական հակասութիւնների և աշխարհաքաղաքական նախընտրութիւնների տրամաբանութիւնից։ Այսօր երիտասարդ սերնդի զգալի մասի մօտ դրսևորուող անտարբերութիւնը Արցախի ճակատագրի նկատմամբ պէտք է ևս յաղթահարուի, այն պէտք է անմիջաբար կապուի քաղաքացիական պատասխանատուութեան և կենսունակ հայրենիք ունենալու հրամայականի հետ։ Թէ՛ համակազմակերպիչները, և թէ՛ նրանց գաղափարները կիսող բոլոր կառոյցները ուղիղ պարտականութիւն ունեն՝ վերականգնելու մեր երիտասարդութեան վճռականութիւնը ազգային-ազատագրական պայքարը տրամաբանական աւարտի հասցնելու նկատմամբ և պարտաւոր են հնարաւոր առաւելագոյնն անել՝ ներգրաւելու մեր երիտասարդութեանն այդ պայքարում։
Ելնելով վերոնշեալից՝
- վճռական ենք՝ հասու բոլոր միջոցներով Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւններին հետ պահելու Արցախի հարցում վարուող հակաօրինական և կործանարար քաղաքականութիւնից,
- ՀՀ գործող իշխանութիւններից պահանջում ենք յստակօրէն հրաժարուել Արցախը որևէ կերպ Ատրպէյճանի կազմում ճանաչելու վերաբերեալ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց,
- այս առումով ակնկալում ենք հայրենիքի ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցների և կազմակերպութիւնների աջակցութիւնը, և Հայաստանի, Արցախի և սփիւռքահայ բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին կոչ ենք անում միասնական ճակատ ձևաւորել Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման օրակարգի շուրջ։
«Համախմբում» շարժում
«5165 շարժում»
«Արար» հիմնադրամ
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամ
«Այլընտրանքային նախագծեր» խումբ
Քաղաքագէտների հայկական ասոցիացիա
«Կոնցեպտուալ հարթակ» նախագիծ
Կիւմրու «Ազգային արժէք ակումբ»
********************************************************************
Վարդան Օսկանեան. «Եթէ խաղաղութեան պայմանագիրն
այս տեսքով ստորագրուի, Արցախը վերածուելու է Ջաւախքի,
իսկ մի քանի տարի յետոյ` Նախիջևանի»
Հիմնաւոր փաստ կայ, որ Հայաստանի իշխանութիւնները այս պահին բանաւոր, ինչ-որ տեղ նաև փաստաթղթային, որի վկայութիւնն է Պրահայի եռակողմ յայտարարութիւնը, համաձայնութիւն են տուել, որ Արցախը լինի, մնայ Ատրպէյճանի կազմում, «Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այս մասին յայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանեանը:
«Սա շատ վտանգաւոր հանգամանք է: Դա իր միջազգային ճանաչումն է ստանալու, երբ ստորագրուի, այսպէս կոչուած, խաղաղութեան համաձայնագիրը: Այն, ինչ կատարւում է այսօր դիւանագիտական հարթութիւնում, Հայաստանը՝ համագործակցութեամբ Ատրպէյճանի ու միջնորդների, փորձում է Արցախը Ատրպէյճանի կազմում թողնելուն տալ մի այնպիսի փաթեթաւորում, որը կը քօղարկի այս հանգամանքը: Այսօր այդ դիւանագիտական աշխատանքն է գնում: Եթէ դա իրենց մօտ ստացուի, դա կը ներկայացնեն որպէս ձեռքբերում»,- նշեց Օսկանեանը:
Ըստ նրա`այս փաթեթաւորումը երկու դրսևորում ունի՝ մէկը լեզուական-բովանդակային, միւսը՝ ոճային-PR-ային։
«Այստեղ ՀՀ իշխանութեանը շատ դժուար կը լինի լղոզել, փաթեթաւորել կամ քօղարկել հենց Արցախը Ատրպէյճանի կազմում թողնելու հանգամանքը: Պարզ է, որ Ատրպէյճանը կը պարտադրի, որ սևով սպիտակի վրայ այդ հարցը յստակ ձևակերպուի խաղաղութեան պայմանագրում: Քօղարկումը վերաբերելու է նրան, որ այնտեղ դրոյթ է լինելու՝ իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ընդունում է, որ Արցախը պէտք է Ատրպէյճանի կազմում լինի, բայց երկխօսութիւն է լինելու Արցախի հայութեան ու Պաքուի միջև, որը տպաւորութիւն է ստեղծելու, թէ Արցախի ժողովուրդը հնարաւորութիւն ունի ինքնորոշուելու ու, իբր, այդ պատուհանը բաց է թողնւում», – ընդգծեց Օսկանեանը:
Նա յայտարարեց, որ եթէ այդ պայմանագիրը ստորագրուի այն բովանդակութեամբ, որն ինքը նկարագրեց, այն պահին, երբ այդ փաստաթուղթը ստորագրուի, Արցախը կը վերածուի Ջաւախքի:
«Բայց Ջաւախքի ու Արցախի տարբերութիւնը այն է, որ մի քանի տարի յետոյ Արցախը վերածուելու է Նախիջևանի»,- ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարարը:
Անդրադառնալով ոճային-PR-ային փաթեթաւորմանը՝ նա ասաց, թէ սրա տակ երկու գործօն է՝ անխուսափելիութեան ու այլընտրանքի բացակայութեան հիմնաւորումները:
«Ես ժխտում եմ այդ թէզը, որով իշխանութիւնը արդարացնում է իր անզօրութիւնը, անգործութիւնն ու ձախողումները: Ասում են՝ պատերազմ եղաւ, որն անխուսափելի էր, որովհետև վատ ժառանգութիւն էինք ստացել: Պարտուեցինք, անխուսափելի էր, որովհետև բանակ չունենք, այսօր անխուսափելի է, որ Արցախը մնայ Ատրպէյճանի կազմում, որովհետև այլընտրանք չկայ: Այս երեքն էլ սին ու սուտ թէզեր են»,-յաւելեց Օսկանեանը: