Մայիսի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը, Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար զարեհ Սինանեանը մի քանի յայտարարութիւն է արել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի մասին: Նրա յայտարարութիւններն աւելի քան խնդրայարոյց են Հայաստանի համար: Ինչու՞: Մինչ հարցին անդրադառնալը նշենք, որ Ապրիլի 25-ին Երեւանի Օղակաձեւ այգում բացուել էր «Նեմեսիս» գործողութեան յուշակոթողը, նուիրուած 1915 թ. Հայոց Ցեղասպանութիւնն իրականացրած երիտթուրք պարագլուխներից եւ 1918 թ. Պաքւում հայերի ջարդերի կազմակերպիչներից վրէժ լուծած հայորդիների յիշատակը: Աւելին`Մայիսի 22-ին դպրոցականների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր. «Արագածը ՀՀ-ում է, արարատը ՀՀ-ում չէ: Մեր բոլոր փրոպլեմները գտնւում են Արարատի ու Արագածի` երազանքի ու իրականութեան արանքում: Թուրքիայի պարագայում ունենք յստակ գծագրուած սահման»:
Անգարան «Նեմեսիս» յուշակոթողի առնչութեամբ նախազգուշացրել էր` եթէ Երեւանը նոյն կերպ շարունակի, ապա հայ-թուրքական կարգաւորման գործընթացը կ’ընդհատուի: Դրա հիման վրայ «Ազատութիւն» ռատիոկայանը հարց էր ուղղել քաղաքային իշխանութեանն` արդեօք հայաստանեան աւիաընկերութիւնների առջեւ օդային տարածքը փակելուց ու Թուրքիայում բարձրացած աղմուկից յետոյ Երեւանի իշխանութիւնը մտադրութիւն ունի՞ հեռացնելու «Նեմեսիս» գործողութեանը նուիրուած արձանը, թէ օրակարգում նման հարց չկայ: Հարցին, ըստ “Panorama.am”-ի, պատասխանել էր ՀՀ վարչապետը. «Կառավարութիւնը չի կայացրել «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը եւ այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»:
Սա այն դէպքում, երբ «Նեմեսիս» գործողութեան հետեւանքով հայ վրէժառուներն ոչնչացրել են թուրք դահիճներից շուրջ մէկ տասնեակին, իսկ այդ դահիճները, թուրքական ժողովրդական զանգուածների անմիջական մասնակցութեամբ`բնաջնջել են մի ամբողջ ժողովուրդ, իւրացնելով նրա պատմական հայրենիքի տարածքը, որ դրա վրայ Մուսթաֆա Քեմալն թուրքերի համար ազգային պետութիւն ստեղծի: Հայ վրիժառուների մեր մէկ արձանի դիմաց, թուրքերը հայ ժողովրդի դահիճներին նուիրուած հազարաւոր արձաններ են կառուցել Թուրքիայի բոլոր քաղաքներում, որոնց անուններով կոչել են հրապարակներ, փողոցներ: Օր. Սթամպուլում Թալէաթ փաշայի անունով են կոչել այն փողոցները, եթէ դրանց վրայ կան հայկական վարժարաններ:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական կարգաւորման գործընթացը ընդհատելու Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի սպառնալիքին, ապա պէտք է ասել, որ գործընթացի շրջանակում յատուկ ներկայացուցիչների բանակցութիւններն ընդամէնը ծաւալւում են Հայաստանի առջեւ թուրքական սահմանի բացման շուրջ, ընդ որում դա 1993-ին թուրքական կողմն է փակել, նախապայմանների առաջադրմամբ, յամառօրէն հրաժարուելով Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից, ինչը միջազգային իրաւունքի նորմերով թշնամանքի ակնյայտ դրսեւորում է, եթէ յատկապէս արւում է 3-րդ երկրի` Ատրպէյճանի պատճառաբանութեամբ:
Թուրքիայի թշնամանքը, սակայն, այս ամէնով չի սահմանափակուել, նա անմիջականօրէն մասնակցել է 44-օրեայ պատերազմին, դեռ դրանում ներգրաւել Սիրիայից վարձկան ահաբեկիչներ, իսկ սահմանի բացման դիմաց շարունակում է պահանջել, որ Հայաստանը հաշտութեան պայմանագիր ստորագրի Ատրպէյճանի հետ եւ Զանգեզուրում 5 քմ. լայնութեամբ միջանցք տրամադրի իր ինքնիշխան տարածքում: Ընդամէնը սահման բացելու համար միւս երկրին միջանցք չեն տրամադրում. ով դա փակել է, ինքն էլ թող բացի, առանց միջանցքի, մանաւանդ որ նորմալացման գործընթացն ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, իսկ թուրքական կողմը իր սահմանը բացում է 3-րդ երկրների քաղաքացիների համար, ինչպէս արել է յատուկ ներկայացուցիչների 3-րդ հանդիպումից յետոյ:
Գալով Սինանեանի Մայիսի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանն արած յայտարարութիւններին, Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարը նախ արդարացրել է ՀՀ վարչապետին, ասելով. «Այո, Հայաստանի Հանրապետութիւնում գտնուող ամենաբարձր լեռը Արագածն է, դուք երեւի վարչապետի ասածի հոգեբանական պահը չէք հասկացել կամ գուցէ հասկացել էք: Տեսէք` մարդն ասել է` Արագածն էլ է մեր լեռը, մանաւանդ մեր տարածքում է, եկէք Արագածն էլ սիրենք, ինչ վատ բան է ասել»: Եթէ չենք սիրում, սիրենք նաեւ Արագածը, բայց Թուրքիան պահանջում է Արարատը չսիրել, որովհետեւ քաջ գիտի, որ դրանք որպէս խորհրդանիշ ամենեւին համարժէք չեն, հետեւաբար թուրքական նկրտումներին ընդառաջելու կարիք չկայ:
Մինչդեռ Սինանեանը Հայոց Ցեղասպանութեան հարցում նոյնպէս ընդառաջում է Թուրքիային: Նրա կարծիքով 30 տարի Ցեղասպանութեան ճանաչման համար սփիւռքում հսկայական ռեսուրսներ վատնելու գնով Ցեղասպանութիւնը ճանաչուեց, հայ ազգը բարոյական յաղթանակ տարաւ, բայց դրանով այսօրուայ հայ ժողովրդի անվտանգութիւնը չբարելաւուեց: Ապա նա շարունակում է. «Ցեղասպանութեան ճանաչման ի՞նչ գործընթաց: Վերջ, ճանաչուել է: Գործընթացը վերջացաւ, աւարտուեց: Հայոց Ցեղասպանութեան փաստը պէտք է ուղղակիօրէն կապուի իր հայրենի հողում մնացած եւ ապրող ժողովրդի անվտանգութեան հետ: Պէտք է ոչ թէ ասենք, որ ցեղասպանութիւն է եղել` ճանաչէք, այլ ասենք, որ կարեւոր է դրա ճանաչումը. այդ ցեղասպանութիւնն իրագործողները կարող են դա անել նաեւ Արեւելեան Հայաստանի բոլոր տարածքներում: Պէտք է հասկանալ, որ «օդի մէջ» ցեղասպանութեան ճանաչումը բան չի տալիս, բացի բարոյական շոյուածութիւնից»:
Բանավէճի մէջ մտնել չեմ ուզում, պարզապէս ասեմ, որ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը կանխելու նպատակով Թուրքիան հարիւրապատիկ աւելի մեծ միջոցներ է ծախսել, քան սփիւռքը: Հաւանաբար ոչ թէ յիմարութիւնից: Յամենայն դէպս, «Ցեղասպանութեան ճանաչումը «օդի մէջ» բան է, բացի բարոյական շոյուածութիւնից ոչինչ չի տալիս» ասելը, առնուազն անարգանք է 1.5 մլն անմեղ զոհերի յիշատակին, ինչպէս նաեւ վիրաւորանք այն երկրներին, որոնք ՆԱԹՕ-ի գծով դաշնակից Թուրքիային զայրացնելու գնով ընդառաջել են մեր ժողովրդին:
Կ’ուզենայի նաեւ ընդգծել, որ Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը «վերջ, ճանաչուել է, վերջացաւ, աւարտուեց» ասելով, ինչպէս Սինանեանն է անում, չի աւարտում, որովհետեւ դա համապարփակ գործընթաց է, որի աւարտը նախադրեալներ է ստեղծում, որ մենք միջազգայնօրէն ճանաչուած Ցեղասպանութեան փոխարէն փորձենք միջազգայնացնել դրա հետեւանքների վերացման հարցը: Դրա հնարաւորութիւնը տալիս է 2019-ի Հոկտեմբերի 30-ին եւ Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի ընդունած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրինագծերը, որոնցում կոչ է արւում Ուաշինկթընի վարչակարգին նպաստելու աշխարհում Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու պայքարելու ժխտողականութեան դրսեւորումների դէմ: Քանի որ դրանք առաւել ցայտուն Թուրքիան է դրսեւորում, ուստի այդ պայքարի գլխաւոր թիրախն է դառնում ինքը, մանաւանդ որ նախագահ Պայտէնը 2021 Ապրիլի 24-ի ելոյթով փաստացի վաւերացրել է ԱՄՆ Գոնկրէսի զոյգ պալատների օրինագծերը: Եթէ ԱՄՆ Գոնկրէսը այդպիսի օրինագիծ է ընդունում, իսկ նախագահը վաւերացնում, ապա Միացեալ Նահանգները, որպէս աշխարհի միակ լիարժէք գերտէրութիւն, այնուամենայնիւ ստանձնում է Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման պատասխանատուութիւնը:
ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ
Թրքագէտ
Երեւան