Մեր ժողովրդի յատկապէս հայաստանեան հատուածում առնուազն մինչեւ 44-օրեայ պատերազմը մակերեսային եւ թիւր կարծիք էր տիրում Իսրայէլի նկատմամբ: Հայաստանաբնակների աշխարհ ընկալումներում այդ պետութիւնը համարւում էր մեզ համար էտալոնային, օրինակելի ոչ միայն պաշտպանական, այլեւ ներքին կարգուսարքի, ժողովրդավարական ինստիտուտների առկայութեան պատճառով: Այդ տպաւորութիւնը եթէ գալիս էր Սովետի օրերից, երբ Կենտրոնը արաբ եւ իսրայէլեան հակամարտութեան մէջ միշտ դիրքաւորուել էր արաբների` Եգիպտոսի, Սիրիայի եւ Լիբանանի կողքին` ընդդէմ Իսրայէլի ու նրա գլխաւոր պաշտպան Մ. Նահանգների, այսինքն` տեղաւորւում էր Սառը պատերազմի աշխարհաքաղաքական տրամաբանութեան մէջ, ապա Խ. Միութեան կազմաքանդումից յետոյ լուրջ փոփոխութիւն չկրեց, այլ, թերեւս, դարձաւ աւելի կոնկրէտ ու տեսանելի: Յատկապէս ինչ վերաբերում է միջպետական յարաբերութիւնների սառնութեանը, պայմանաւորուած Թել Աւիւ-Պաքու յարաբերութիւնների ջերմութեամբ, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան հարցում Քնեսէթի եւ ընդհանրապէս հրէական շրջանակների խանդոտ վերաբերմունքով:
Նպատակս Հայաստան-Իսրայէլ յարաբերութիւնների մանրամասնութիւններին անդրադառնալը չէ, այլ` Իսրայէլ պետութեան չյայտարարուած, բայց բացայայտ թշնամութեան հետագայ դրսեւորումների վտանգաւորութեան մատնանշումը, նկատի ունենալով այս օրերին մոլեգնող նոր պատերազմը պաղեստինցի արաբների ու հրէաների միջեւ: Հաշուի առնելով նաեւ վարչապետ Բենիամին Նաթանեահուի յայտարարութիւնը, թէ իր երկիրը այս պատերազմը յաղթելուց յետոյ փոխելու է Միջին Արեւելքի քարտէզը…
Անշուշտ Իսրայէլը մեզ տալիս է էտալոնային օրինակներ յատկապէս պաշտպանութեան ասպարէզում: Օրինակելի է յատկապէս այդ երկրի հիմնարար սկզբունք հանդիսացող` «Էրեց Յիզրայել շլեմայ» («Իսրայէլի սուրբ հողը») միայն սեփական ուժերով պաշտպանելու վերաբերեալ:
Ինչ վերաբերում է հրէական պետութեան միւս յատկանիշներին` դրանք մեզ համար չեն: Աւելին` մեզ պէտք չեն: Այդ երկիրը նկրտումներով ծաւալապաշտական եւ բովանդակութեամբ ցեղապաշտական է: Որպէս անկախ պետութիւն ձեւաւորուել է 1948 թ.ին` անգլիական բանակի սպայակոյտին Երուսաղէմի King David հիւրանոցում ոչնչացնելու գործողութեամբ, Խան Իւնիսում պաղեստինցիների ահաւոր ջարդով, բնիկ արաբներին բռնագաղթի ենթարկելով, չխնայելով նաեւ քրիստոնեայ արաբներին ու Եղեռնից մազապուրծ հայերին: Ու բնաւ պատահական չէ, որ Պեն Կուրիոնից եւ Կոլտա Մէիրից յետոյ Իսրայէլը ղեկավարուեց Լեհաստանից ներգաղթած ահաբեկչական «Իրգուն» կազմակերպութեան անդամների Մենախիմ Պէգինի, Շամիրի եւ Արիէլ Շարոնի նման արիւնարբու վարչապետների կողմից, որոնք դրժեցին այդ պետութեան հիմնադիր Բեն Գուրիոնի տեսլականը` հրէական պետութիւնը տարածաշրջանին բերելու է խաղաղութեան եւ քաղաքակրթութեան մթնոլորտ: Բացառութիւն կազմեց, հետագայում, Յիցհակ Ռապինը, որին սպանեցին արմատական հրեաները`«մէկ երկիր` երկու պետութիւն» ծրագրին եւ արաբների հետ համակեցութեան գաղափարին նրա կողմ լինելու պատճառով:
Այդ վարչապետներից ամէնից արիւնարբուն եղել է Շարոնը, որը 1982 թ.ին Լիբանանը հարաւից մինչեւ Պէյրութի արեւմտեան շրջանը գրաւելուց յետոյ պաղեստինեան գաղթակայաններից Սապրա-Շաթիլայում մէկ օրում սպանել տուեց շուրջ 3600 մարդ` կին, երեխայ, ծերունի:
Միլիոնաւոր պաղեստինցիների գաղթական դարձնելուց յետոյ Իսրայէլը հետեւողականօրէն շարունակել է նրանց «ահաբեկիչ» անուանելով ոչնչացնելու քաղաքականութիւնը տարբեր երկրներում: Բնական է, որ վերջինները վրէժխնդրական ակտեր են կատարել, երբեմն շատ քստմնելի ահաբեկչութիւններ, ինչպիսին էր Պեռլինի օլիմպիական խաղերին մասնակցող աւելի քան 60 մարզիկների ահաւոր սպանդը:
Իսկ հիմա` նոր պատերազմ` անակնկալ, բայց ոչ պատահական: Գազան` աշխարհում ամենամեծ բացօթեայ բանտը, շուրջ 2,5 միլիոն բանտարկեալներով: Անշուշտ դրանից պիտի օգտուէր ՀԱՄԱՍ շարժումը, պաղեստինցի ժողովրդի մէջ իր դիրքը ուժեղացնելու եւ արաբական 21 երկրների մէջ դիմադրութեան միակ ազատամարտիկի իր կարգավիճակը հաստատելու համար: Փոխադարձ ջարդեր, ահաբեկչութիւններ, ամբողջ շրջանը դժոխքի վերածող: Առաջին ընկրկումից յետոյ իսրայէլական ամբողջ զինուժը նորից ոտքի վրայ է` կրկին պատժելու, հրեայ-պաղեստինցի (Հին կտակարանի փղշտացիներ) 2500-ամեայ հակամարտութեան թէժացում, որը, վստահաբար, տարածուելու եւ մօտենալու է մեր սահմաններին, ինչի դիմաց մեր ներկայ անլուրջ կառավարութեամբ եւ անզօր դարձած ուժերով կարող ենք կրկին ոտքի կոխան դառնալ:
Գոնէ այս անգամ կարո՞ղ ենք զգաստանալ, դիմակայել արեւելքից, հարաւից եւ արեւմուտքից մօտեցող վտանգները:
ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ
Երեւան
«Ազգ»