Դադարէք կոչ անել երկու կողմերին, երբ միայն մէկն է ագրեսոր,
հակառակ դէպքում դուք խրախուսում էք նրան:
ԱՄՆ գոնկրէսական Ադամ Շիֆ
Ինչու եւ ինչպէս եղաւ, որ մենք հասանք այս ծանր հանգրուանին: Այս եւ համանման հարցերն են այսօր կախուած օդում եւ շատ դէպքերում անպատասխան մնում: Իսկ մեր մտաւորականութիւնը, չնչին բացառութիւններով, ջուրը բերանն առած բազմանշանակ լռում է, որ յանկարծ չսխալուի եւ իր տիտղոսներով պատուած բարձրունքից վայր չիջնի:
Սկսենք նրանից, որ «ինչու»-ի պատասխանի ակունքները մեր կարծիքով սկսւում ու սնւում են դեռեւս անտիկ ժամանակներից մարդկութեանը յայտնի «բաժանիր, որ տիրես» հռոմէական խարդախ քաղաքականութեան տիրոյթից: Այո, համոզուած ենք եւ պատմական փորձն էլ է ցոյց տալիս, որ մեր թշնամիները` ճանաչելով հայ ժողովրդի զգացմունքային բնոյթը, ամէն ինչ արել են նրա միասնութիւնը խաթարելու համար եւ, ցաւօք սրտի, հիմնականում յաջողել են: Այսօր` աւելի քան յաջողւում է նրանց ու բոլորովին էլ պատահական չի, որ մեր օդը ողողուած է «նախկին ու ներկայ», «սեւ ու սպիտակ» եւ վերջապէս «արեւմտամէտ» ու «ռուսամէտ» եզրոյթներով: Ընդ որում, դրանք ոչ թէ գաղափարական համոզմունքների մակարդակում են դրսեւորւում, այլ ընդգրկում են կեանքի բոլոր բնագաւառներն ու շերտերը, յաճախ հիմք դառնում իրար մերժելու եւ նոյնիսկ յօշոտելու պատրաստ խմբերի տեսքով: Առանց հաշուի առնելու մերօրեայ աշխարհաքաղաքական գծամասշտապ խմորումները իւրաքանչիւր խմբի ներկայացուցիչ գերհամոզուած իր բացարձակ անսխալականութեան մէջ` սեւացնում ու հողին է հաւասարեցնում միւսի նոյնիսկ ժամանակին կատարած ակնյայտ հայանպաստ քայլերը: Նկատենք, որ այս երեւոյթը յատկապէս վառ է արտայայտւում արեւմտամէտների շրջանում: Նրանք մոռանալով պատմական իրողութիւններն օբյեկտիւ ու անաչառ լուսաբանելու կարեւորագոյն սկզբունքը յաճախ իրադարձութիւնները նկարագրում են գլխիվայր շուռ տուած եւ նոյնիսկ ակնյայտ հայանպաստ երեւոյթները ներկայացնում ամբողջովին հակառակ լոյսի ներքոյ: Որ դրանով ակնյայտօրէն կեղծում են պատմութիւնը, դեռ ոչինչ, ժամանակը կը սրբագրի, բայց որ մեզ թշնամացնում են մեր վաղեմի բարեկամների հետ, շատ վտանգաւոր է:
Իսկ թէ որն է այդ տեսակ խեղաթիւրումներից զերծ մնալու ճանապարհը, պարզից էլ պարզ է. հասկանալ ու ըմբռնել գոնէ մէկ անգամ, որ օրինակ Ռուսաստանը գերտէրութիւն է, ունի իր պետական ու ազգային-կայսերական շահերը եւ արել ու կ’անի ամէն ինչ յանուն այդ շահերի: Եթէ խելացի ես, դիւանագիտական հմտութիւններ եւ սեփական ժողովրդի ձգտումներն ու աշխարհաքաղաքական իրողութիւնները ճիշդ ես ըմբռնում, ապա կարողացիր տեղաւորուել նրա շահերի ծիրում եւ օգուտներ քաղել: Թէ չէ անիմաստ ու անհիմն մեղադրանքներ մեղսագրելով ոչնչի չես հասնի: Աւելին, ոչ միայն կը զրկուես նրա իր իսկ շահերից ելնելով մեզ օգնելու միտումից, այլեւ ոչ միայն նոր թշնամիներ ձեռք կը բերես, այլեւ կը գրգռես վաղեմի թշնամիների անյագ ախորժակը: Գործընթաց, որի ականատեսն ենք արդէն չորս-հինգ տարի եւ որի վերջն էլ ոչ միայն չի երեւում, այլեւ աւելի կործանարար զարգացումներ են կանխատեսում:
Անզէն աչքով էլ տեսանելի է, որ դիւանագիտութիւնը խելքի եւ ոչ թէ մուրացկանութեան արուեստ է, որ հայ-ռուսական յարաբերութիւնները կոշտանում են: Ռուսները կարծես պարզ հասկացնում են, որ իրենք մեր տարածաշրջանից գնացողը չեն: Առիթը Փաշինեանի վերջին հարցազրոյցն էր, որտեղ նշեց, որ մէկ երկրի հետ անվտանգութեան երաշխիք կապելը ճիշդ չէ եւ կարող է մի օր արթնանաս եւ տեսնես, որ ռուսներն այստեղ չեն: Ընդհանուր առմամբ, ամէն ինչ էլ հնարաւոր է, բայց արժէ՞ արդեօք բարձրաձայնել մի բան, որը ոչ միայն քեզ ոչինչ չի տալիս, այլեւ վնասում է: Հակառուսները կարծես ուրախացել են: Բայց եթէ այսպէս գնա, գրեթէ կը կրկնուի 1920 թ.: Այսինքն, դէպքերը կը զարգանան մօտաւորապէս հետեւեալ սցենարներով.
- Հայաստանը կը դիտարկուի Արեւմուտքի դաշնակից, Արցախը լիովին ու վերջնականապէս կը նուիրաբերուի Ատրպէյճանին եւ վերջինս երբեք եւ ռուսական գաղտնի հովանաւորութեամբ դուրս չի գայ մեր սոււերեն տարածքներից, թէպէտ սա չի նշանակում, որ առանց դրա դուրս կը գար:
- Ինչպէս անցեալ տարուայ Սեպտեմբերին, կը դրդի Ատրպէյճանին նոր էսկալացիայի, ընդ որում աւելի ուժեղ, որի դէպքում նորանոր կորստից յետոյ, Արեւմուտքի չմիջամտելու պայմաններում, կը գնանք նրա ոտքը:
- Կրեմլի արտգործնախարարի խօսնակներ Պէսկովը եւ Զախարովան արդէն բացայայտ սպառնալիքներ են տեղում, ճշդում են պահանջում Հռոմի ստատուտի Հայաստանի կողմից ընդունելու մանրամասների վերաբերեալ, ապա նաեւ ակնարկում, թէ Ռուսաստանում աւելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում: Սա կարող է ամենավատթար հետեւանքների բերել: Թէ ինչպիսի, կարելի է ենթադրել:
- Ռուսներն առաջարկում են նորից ՀԱՊԿ ուժեր տեղաբաշխել հայ-ատրպէյճանական սահմանին, որը թերեւս կը մերժուի: Այս դէպքում առաւել եւս նրանք կը հիմնաւորեն այն տեսակէտը, որ հայերը չեն ուզում այստեղ ռուսական ներկայութիւն, որը մեր ցանկութեամբ չէ պայմանաւորուած: Ուկրաինայի, Վրաստանի ճակատագիրը մեզ համար պէտք է բացառուի: Եթէ մենք պատրաստ ենք անել այն, որը չկարողացան վրացիները կամ ուքրանացիները, խնդրեմ անենք: Բայց քանի ուժի դէմ ենք կռուելու: Մենք ուզում ենք, որ ռուսները Ատրպէյճանի դէմ մեր կողմը բռնե՞ն: Դա երբեք չի լինի: Նրանք չեն ուզենայ որեւէ մէկին թշնամացնել: Հիմա մենք ենք նրանց թշնամացնում:
Չմոռանանք, որ մէկ րոպէում կարող ենք յայտնուել խաւարում եւ հումանիտար աղէտի մէջ: Դժուար է հասկանալ, թէ ինչի կամ ում վրայ ենք յոյսներս դրել: Եւ այս ամէնի յետնախորքի վրայ, յանկարծ հումանիտար օգնութիւն է առաքւում Ուքրանիա: Այսինքն` Արեւմուտքի ծառայի կարգավիճակում գտնուող մեր «առաջնորդը», էժանագին քաղաքական ծամածռութիւններ անելով, փորձում է Ռուսաստանի համբերութեան բաժակը լցնել եւ նրան մեր տարածաշրջանից դուրս մղել: Աշխարհաքաղաքական վերլուծական մտածողութիւնից զուրկ մեր ժողովրդի մեծամասնութիւն կազմող զանգուածի միամիտ ընկալումներում դա ներկայացնել որպէս Ռուսաստանի ինքնակամ որոշում: Զրպարտութիւնն իր համար կեցութիւն դարձրած այս վարչախումբը դա անում է այն գիտակցուածութեամբ, որպէսզի յետագայում, երբ անգլոսաքսերը մեզ կրկին թուրքերի ողորմածութեանը յանձնեն, ինչպէս անցեալ դարասկզբին են արել, ու մեր ժողովուրդը նոր արհաւիրքի առջեւ կանգնի` այս առասպելական յայտնութիւնն իր ուղեղազուրկ լսարանի համար սկսի պնդել, որ ինքը նրան պարուրած ողբերգութեան մէջ ոչ մի մեղք չունի, ու որ ռուսներն իրենց կամքով են լքել տարածաշրջանը:
Պատահական չի, որ մի շաբաթ էլ չի անցել իտալական թերթին տուած հարցազրոյցում արուած յայտարարութիւնից, որ անվտանգութիւնը Ռուսաստանի հետ կապելը Հայաստանի ռազմավարական սխալն է եղել, էսօր հեռախօսն առել ընկել է աշխարհի լիդէրների հետեւից ու ոչ մէկը բանի տեղ չի դնում: Ի դէպ, սրա պատմական նախադէպն էլ ենք ունեցել.1920 թ. Օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի լիազօր Բորիս Լեգրանին ոչ ցանկալի անձ էին յայտարարել, արգելել մուտքը Հայաստան (Էն ժամանակուայ Լաւրովն ու Զախարովան էլ Չիչերինն ու Լեւոն Կարախանն էին): Ու երբ Սեպտեմբերին Քեազիմ Կարաբեքիրը 50 հազարանոց թուրքական բանակն ուղղել էր դէպի Հայաստան, «հեռախօսը վերցրել, սկսել էին մեսենճերով աղերսագրեր գրել արեւմուտքի փրկիչներին»: Ու առ այսօր սպասում ենք արձագանգի… այսօր հասկանալի է, թէ ինչ աստիճանի է ոչնչացուած պետութեան վարկը, ուր են հասցրել ամէն ինչ: Ընդհանրապէս, երբ անգրագիտութիւնն ու ինքնահաւանութիւնը պետական կառավարման հարցերում մէկտեղւում են, տեղի է ունենում ահաւոր մի բան. սկսում ես ընդգծել եսդ ու դառնում հեգնանքի առարկայ: Ու քանի դեռ այս վարչախումբն է ղեկավարում, Հայաստանը միշտ ապրելու է պատերազմի վտանգի տակ: Թշնամիները միշտ էլ փորձելու են օգտուել մեր երկրում նման թոյլ, անփորձ, անհեռատես եւ անհաւասարակշիռ իշխանութեան առկայութիւնից, քանի որ հասկանում են, որ նման շանս էլ երբեք կարող է չունենան:
Պատերազմի վերջնարդիւնքն ու Արցախի կորուստը, մորմոքն ու կսկիծը կրկնապատկւում ու եռապատկւում է, երբ ամփոփում ես դրա հետեւանքները: Իւրաքանչիւր գիտակից հայի համար Արցախն անգին է եւ սակարկման առարկայ չէ: Ամէն իսկական հայի համար տեղի ունեցածը կատարեալ ողբերգութիւն է: Անդառնալի հետեւանքները, կորուստները, դառը իրականութիւնը, անասելի ցաւն ու տառապանքը` ցասման հետ մէկտեղ մթագնում է մարդու ուղեղը, պարալիզացնում` բանականութիւնը, զգօնութիւնն ու սթափութիւնը, քանզի` 12 հազար քկմ. տարածք յանձնուեց Ատրպէյճանին, ընդամէնը երեք օրում Արցախից բռնի տեղահանուեց 100 հազարից աւելի հայ: Աւելին, ըստ խիստ նախնական գնահատումներով ընդհանուր նիւթական կորուստները կազմում են շուրջ 50 միլիարդ ԱՄՆ տոլար: Արցախում գործել է շուրջ 300 հանքավայր, որից 83-ը` մետաղական, 197-ը` ոչ մետաղական, 5-ը` վառելանիւթի, 3-ը` ոսկու: Գործել է 36 հիտրօ-ելեկտրակայան: Գիւղատնտեսական նշանակութեան տարածքները կազմել են 580 հազար հեկտար: Մասնաւորապէս` հացահատիկային մշակաբոյսերի ցանքատարածքը կազմում էր 80 հազար հեկտար, որից տարեկան ստացւում էր շուրջ 140 հազար տոննա բերք: (Ի դէպ, Արցախը հացահատիկային մշակաբոյսերի մասով ինքնաբաւ էր ու բերքի մօտ 25 տոկոսն էլ արտահանում էր Հայաստան): Տեխնիկական մշակաբոյսերը զբաղեցնում էին 5.300 հեկտարը, որից ստացւում էր տարեկան շուրջ 8 հազար տոննա բերք, պտղատու այգիները` 4.400 հեկտար, որից տարեկան բերքը` 8.600 տոննա: Խոշոր եղջերաւոր անասունների թիւը կազմում էր շուրջ 50 հազար գլուխ: Առկայ էր շուրջ 5.300 միաւոր գիւղատնտեսական տեխնիկա, այդ թւում` տրակտորները` շուրջ 1.250, բեռնատարները` շուրջ 1.500: Արցախում գործել է 51 նախադպրոցական հիմնարկ, 20 երաժշտական եւ արուեստի դպրոց, 10 գրադարան` 400 հազար միաւոր գրքային ֆոնդով: Թշնամուն է անցել 85 վանք ու եկեղեցի: Արցախցիների սեփականութիւն հանդիսացող անշարժ գոյքը, հողատարածքները, այգիները եւս անցել են թշնամու վերահսկողութեան տակ: Ցաւ է, մեծ ցաւ, քանզի սերբական առակն յուշում է` կառուցում են մարդիկ, քանդում են թուրքերը…
Իսկապէս աշխարը խելագարուել է: Միանգամայն իրաւացի էր ռուս մտաւորական Միխայիլ Ժուանեցկին, երբ նշում էր, որ աշխարհը նախկինում կառավարում էին խելացի մարդիկ եւ դա շատ դաժան էր: Խելօքները ստիպում էին յիմարներին սովորել: Յիմարների համար շատ դժուար էր: Հիմա աշխարհը ղեկավարում են յիմար մարդիկ: Դա արդար է, քանի որ յիմար մարդիկ շատ աւելի շատ են: Հիմա խելօքները սովորում են խօսել այնպէս, որ յիմարները նրանց հասկանան: Եթէ յիմար մարդը ինչ-որ բան չի հասկանում, դա արդէն խելացի մարդու խնդիրն է: Նախկինում տառապում էին յիմարները: Հիմա տառապում են խելօքները: Սակայն հիմա տառապանքն աւելի քիչ է, քանի որ խելացի մարդիկ գնալով աւելի ու աւելի քիչ են դառնում: Իսկապէս կարծես հենց մեր օրերի ու մեր մասին է ասուած…
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
ՊԳԴ, փրօֆէսօր
15.10.2023, Երեւան