ՀԱՐԿԱՒՈՐ Է ԲԱԶՄԱԲԵՒԵՌ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՀԱՆԴԷՍ ԲԵՐԵԼ

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրոֆեսոր

 

 

  «Վերին խաւը պաշտում է փողը, միջին խաւը` առաջնորդին, ստորին խաւը` Աստծուն»:                                                                                                           

Ալպերթ Այնշթայն

 

1988 թ. սկսուած Ղարաբաղեան շարժումն ընդգրկեց կեանքի բոլոր բնագաւառները, այդ թւում նաեւ պատմագիտութիւնը: Ոլորտի շատ ներկայացուցիչներ, թողնելով իրենց հիմնական թեմաները, սկսեցին փորփրել արխիւներն ու տարաբնոյթ փաստաթղթեր հրապարակել եւ ապացուցել, որ Արցախը պատմական հայկական տարածք է եղել: Տպաւորութիւն էր, թէ ԽՍՀՄ վերնախաւն այդ ամէնից տեղեակ չէր: Սակայն սխալւում էին, քանի որ յատուկ ծառայութիւնների հրահանգով ամէն ինչ ուսումնասիրուած էր եւ նրանք քաջատեղեակ էին իրերի իսկական վիճակի մասին ու ներողամտօրէն ժպտում էին մեր միամտութեան վրայ, քանզի գիտէին, որ թղթերով հողի ու տարածքի տէր չեն դառնում: Պատմութիւնը կրկնւում է: Հիմա էլ ոգեւորուած հրապարակում են 1921 թ. Ատրպէյճանի կողմից Արցախը Հայաստանի անբաժանելի մաս ճանաչելու մասին վաւերագիրը (պատճէն ներկայացուած է վերջում):  Իրականում Արցախը Հայաստան է իր ամէն քարով, պատմական յուշարձաններով եւ ամէն ինչով: Հիմա` կորցնելուց յետոյ, ճիշդ ժամանակն է, որ բոլոր կասկածները փարատուեն եւ արատաւոր կեցուածք ունեցողներին զրկեն շարունակաբար զիջելու իրենց կործանարար կեցուածքից: Հարկաւոր է նաեւ հասկանալ, որ զանազան վաւերագրերը լոկ թղթի կտորներ են եւ իրականում ուժն է ծնել ու ծնում է իրաւունքը:

Դարեր շարունակ զիջել ու կծկուել ենք, սակայն իրատես չենք դարձել, քանզի զգացմունքայնութիւնը միշտ գերակայ եղաւ սառը դատողութեան ու հաշուենկատութեան նկատմամբ: Այդ պատճառով դիւանագիտութիւն չունեցանք, դարեր շարունակ Վարդան Մամիկոնեանական պաթոսով նետուեցինք անհաւասար մարտերի ու պարտութիւնները յաջորդեցին միմեանց, մեզ թողնելով միայն բարոյական յաղթանակները, ասել է թէ` պարտութիւնների խօսքային արդարացումները: Այսօր էլ ոչինչ չի փոխուել, մնացել է ճիշդ կողմնորոշուելու հրամայականը, քանզի բան էլ չի մնացել զիջելու: Արդ` դարեր շարունակ կողմնորոշման չլուծուած հարցը գերխնդիր է դարձել նաեւ այսօր. դէպի Ռուսաստան, թէ դէպի Արեւմուտք: Աւելին, մեր նորելուկ «ամենագէտ» գործիչների համար դա միջոց է դարձել յարձակման թիրախ դարձնել բոլոր նրանց, ովքեր կը համարձակուեն սեփական տեսակէտ յայտնել: Հիմնախնդրին քաջածանօթ պատմաբան եմ եւ չեմ խուսափի սեփական տեսակէտ յայտնելու, քանզի վստահ եմ, որ ովքեր իրենց փրկութիւնն իրենցից դուրս են փնտռում, կործանւում են: Հարկաւոր է մէկընդմիշտ հասկանալ, որ իւրաքանչիւր էթնոս ունի իր պետական ու ազգային շահերը, ուստի լաւագոյն ելքը դրանց ծիրում տեղաւորուելն է եւ ոչ որեւէ մէկին դէմ գնալը կամ ընդգծուած առաւելութիւն տալը:

Ինձ համար օրինակ այնքան էլ ընդունելի չէ, որ որոշ ղեկավարներ ու քաղաքագէտներ անողոքաբար փորձում են հանրային գիտակցութեանը պարտադրել արեւմտեան արժէքները: Հնում, երբ Հռոմին չյաջողուեց իրեն ենթարկել հայերին, դիմեց խարդախ միջոցի եւ կաթոլիկութիւն տարածելով սկսեց պառակտել հայ ժողովրդին: Հայաստանում կաթոլիկ քարոզիչներին յաջողուեց համախոհներ հաւաքագրել եւ նրանց կաշառելով դարձնել կաթոլիկութեան քարոզիչներ: Դրանից Պարսկաստանը եւ Թուրքիան Օգտւում էին, քանի որ ջլատւում էին Հայ Առաքելական եկեղեցու շուրջ համախմբուած ժողովրդի ուժերը: Այս օրերին էլ Արեւմուտքը ձգտում է Հայաստանում տարածել արեւմտեան արժէքներ: Այդ նպատակով նրանք գտան քաղաքացիական եւ քաղաքական դաստիարակութիւնից հեռու, անզուսպ ու անվայելուչ շուկայական անողոքութեամբ աչքի ընկնող իրենց ազդեցութեան գործակալներ, որոնք քարոզներով ձգտում են քաղաքացիներին համոզել, թէ Հայաստանի առաջընթացը կարելի է ապահովել բացառապէս Արեւմուտքին համալրուելով ինտէգրուելով: Այդ «առաքեալները» իրենց գործի միակ խոչընդոտը համարում են Ռուսաստանին եւ ձգտում են Հայաստանը հեռացնել նրանից, Հայաստանում վերացնել ընտանեկան աւանդոյթներն ու ազգային արժէքները եւ ձեւաւորել արեւմտեան արատաւոր բարքեր:

Տեղին է յիշել, որ Մարկ Տուենը դեռեւս 1906թ. Սեպտեմբերի 7-ին իր ինքնակենսագրականում գրում էր, թէ 125 տարի շարունակ ամերիկացիները սովորեցնում են Եւրոպային. «Մեզ ոչ ոք չի հրաւիրել, մենք ինքներս ենք մեր կարծիքը նրան աներեսաբար պարտադրում: Մենք անգլոսաքս ենք. Իսկ երբ անգլոսաքսին ինչ որ բան հարկաւոր է, նա գնում եւ վերցնում է: Մենք` անգլիացիներս ու ամերիկացիներս, գող ենք, աւազակներ ու ծովահէններ, ինչով էլ հպարտանում ենք: Ամօթ է քաղաքակիրթ հասարակութեանը, որ իր շարքերում հանդուրժում է մարդկութեան այդ խայտառակութեանը»: Անցել է 100 տարուց աւելի, իսկ այդ ընթացքում անգլոսաքսերի կողմից Արեւմուտքի Հռոմէական կայսրութեան գործողութիւններին միանգամայն նման զաւթողական քաղաքականութիւնը գրեթէ նոյնն է մնացել: Յատկանշական է, որ պատմիչ Տացիտոսը մէջբերելով հռոմէացիների մասին Բրիտանիայի ցեղային առաջնորդներից Կալգակի խօսքերը, նշում էր. «Յափշտակելը, սպանելը, թալանելը, նրանց կեղծաւոր լեզուով կոչւում է կառավարել: Իսկ երբ ամէն ինչ վերածւում է անապատի, դա անուանում են խաղաղութիւն»: Մեր օրերում այդպէս եղաւ Հարաւսլաւիայում, Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիպիայում, Ուքրանիայում: Այսօր էլ Արեւմուտքի քաղաքականութեան մէջ նոյն սկզբունքն է գործում` ահաբեկել եւ իրենց բարեկեցութիւնն ապահովել միւս ժողովուրդների հաշուին:

Հայաստանի անկախութեան հռչակումից ի վեր Արեւմուտքն աջակցութեան խօսքեր է շռայլում, սակայն որեւէ գործնական քայլ չի անում դրանք իրագործելու համար: Իսկ մեր քարոզիչները, ոգեւորուելով այդ դատարկ խօսքերից, շեշտում են, թէ Հայաստանի փրկութիւնը ՆԱԹՕ-ի մէջ մտնելու, Եւրոմիութեան անդամ դառնալու մէջ է: Մինչդեռ Արեւմուտքը երբեք չի խօսում Հայաստանին ՆԱԹՕ-ի եւ Եւրոմիութեան անդամ դառնալու հնարաւորութեան մասին: Անցեալում էլ Արեւմուտքը հայերին շատ խոստումներ տուեց, բայց դրանք երբեք չիրականացան: 1918-1920 թթ.-երին եւս նրանք Սեւրի մեռելածին դաշնագրի տեսքով խոստումներ շռայլեցին, որպէսզի հայերին  հեռու պահէին Ռուսաստանից, իսկ իրականում որեւէ իրական օգնութիւն այդպէս էլ չեղաւ:

Մինչ այդ էլ չորս անգամ Անգլիայի վարչապետի պաշտօնը զբաղեցրած Ուիլիամ Կլատսթոնը սուլթան Ապտուլ Համիտ II-ին «մեծ մարդասպան» էր անուանում, իսկ «Հայաստանին սատարելը` ծառայել քաղաքակրթութեանը»: Սակայն 1880-1885 թթ.-ին, հայկական վիլայեթներում բարենորոգումների ծրագիրը քննարկելիս, Կլատսթոնը պաշտպանեց Թուրքիայի շահերը: 1916թ. Նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի վարչապետ Պրիանը յայտարարում էր. «Երբ արդար հատուցման ժամը հնչի, Ֆրանսիան պիտի չմոռանայ հայ ազգի կսկծալի տանջանքները եւ, համաձայն իր դաշնակիցներուն հետ, ձեռք պիտի առնէ անհրաժեշտ բոլոր միջոցները` անոր ապահովելու համար խաղաղութեան եւ բարգաւաճման կեանք մը»  (Կարապետ Իզմիրեան. Հայ ժողովրդի քաղաքական ճակատագիրը անցեալին եւ ներկայիս (քննական տեսութիւն), Պէյրութ, 1964, էջ 185): Իսկ արդէն 1914 թ. Հոկտեմբերի 27-ին, Անգլիայի վարչապետ Ասքուիթն ասում էր, թէ թուրքական տիրապետութեան չքացումով կը վերանայ այն խոցը, որն ուտում է երկրագնդի գեղեցկագոյն մասերը: Լ. Ճորճն էլ յայտարարում էր. «Թուրքն անէծք ու ժանտախտ է այն վայրերի համար, որտեղ փռում է իր վրանը: Նա չունի շնորհակալութեան զգացում այն մարդու նկատմամբ, որը բուժել է նրա վիրաւոր թաթը եւ  Հայաստանը նորից չպէտք է դրուի թուրքերի աղէտաբեր տիրապետութեան տա»:

1918թ. Մայիսին ԱՄՆ-ի նախագահ Ուիլսընն էլ յայտարարում էր. «Թուրքիան իր դաժանութիւններով ապացուցեց Եւրոպայում գոյութիւն ունենալու իր կասկածելի իրաւունքը: Հայերի ընդհանուր կոտորածը ստիպում է մեզ Եւրոպայի սահմաններից վերացնել այդ տգէտ բանդան: Հայաստանը պէտք է ստանայ այն, ինչի համար նա պատմական իրաւունք ունի: Նա կեանքի աւելի շատ իրաւունք ունի, քան Թուրքիան»:

1920թ. Օգոստոսի 10-ին ստորագրուած Սեւրի դաշնագրի 88-93 յօդուածներով Թուրքիան պէտք է ճանաչէր Հայաստանը որպէս ազատ ու անկախ պետութիւն: Սակայն պայմանագիրը ստորագրող երկրներից ոչ մէկը մատը մատին չտուեց, երբ Քեմալը նոր արշաւանք ձեռնարկեց Հայաստանի դէմ: Մուսթաֆա Քեմալի գովեստին արժանանալով` Սեւրի պայմանագրից առաջինը հրաժարուեց Ֆրանսիան: Ընդհանրապէս Սեւրի պայմանագիրը արեւմտեան տէրութիւնների միջեւ հակասութիւնների սրման պատճառով չծնուած մեռաւ: Այն ստորագրած տէրութիւնները շտապեցին Քեմալի հանրապետութեան հետ կարգաւորել յարաբերութիւնները` նրա մէջ տեսնելով պատուար Խորհրդային Ռուսաստանի դէմ:

1920թ. օգոստոսի 10-ին հայ-ատրպէյճանական փոխյարաբերութիւնները կարգաւորելու նպատակով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրուած համաձայնագրով ռուսական զօրամասերը պէտք է մտնէին Ղարաբաղի, Զանգեզուրի ու Նախիջեւանի գաւառները եւ կանխէին ազգամիջեան ընդհարումները: Անտանտի երկրները շուտով հրաժարուեցին Սեւրի պայմանագրից: 1920թ. Դեկտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Լեյգը յայտարարեց, որ Սեւրի դաշնագրի միջոցով անհնարին է Թուրքիայի հետ խաղաղութիւն հաստատել: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Ուիլսընը, մոռանալով իր խոստումները, Մերձաւոր Արեւելքում գերագոյն կոմիսար նշանակուած ադմիրալ Բրիստոլին հրահանգեց հաւաստիացնի Քեմալին, թէ ԱՄՆ-ն երաշխաւորում է Թուրքիայի սահմանների անձեռնմխելիութիւնը: Լոզանի կոնֆերանսում էլ Անտանտի երկրները վերջնականապէս մոռացան հայերին տուած խոստումները, թաղեցին հայկական հարցը եւ պաշտպանեցին Թուրքիայի շահերը:

Բախտորոշ այդ իրադարձութիւններից անցել է 100 տարի: Այժմ էլ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ Արեւմուտքի քաղաքականութեան մէջ ոչինչ չի փոխուել` խօսքով պաշտպանում են հայերին, իսկ գործով` Թուրքիային ու Ատրպէյճանին: Լեռնային Ղարաբաղի անկախութեան երեսուն տարում Արեւմուտքի շատ գործիչներ Ղարաբաղի հայութեանը պաշտպանելու մասին հայանպաստ խօսքեր են ասել, բայց նրանցից ոչ մէկը ոչ միայն չճանաչեց ԼՂ անկախութիւնը, այլեւ համարեց այն Ատրպէյճանին պատկանող տարածք: Իսկ 2020 թ. 44-օրեայ ատրպէյճանաթուրքական ագրեսիայից յետոյ Արեւմուտքի ղեկավարներն ընդամէնը հանդէս եկան Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին պաշտպանելու ոչինչ չասող յայտարարութիւններով: Ասել կ’ուզի, որ երբեք պէտք չէ մոռանալ Արեւմուտքի երեսպաշտ վարքագծի հետեւանքները զգոյշ ու հաշուենկատ լինել բոլոր, այդ թւում նաեւ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակութիւն ունեցող կողմնորոշման հարցում:

Արեւմուտքի հայանպաստ ռեւերանսներին պէտք չէ տուրք տալ, քանի որ Արեւմուտքի համար Հայաստանի գոյութիւնն էական որեւէ դերակատարութիւն չունի: Իսկ Հայաստանի ղեկավարութիւնը հաշուի չի առնում անցեալի դառը փորձը եւ Ռուսաստանին վարկաբեկելով` անիրատեսօրէն շարունակում է միայն Արեւմուտքին ապաւինուելու քարոզը` ակամայ դառնալով Թուրքիայի շահերի քարոզիչներ: Կարծում ենք, որ սա այնքան էլ ճիշդ չէ: Հարկաւոր է հաշուենկատ լինել, ամէնից առաջ յենուել սեփական ուժերին, հանդէս բերել բազմաբեւեռ մտածելակերպ, միաժամանակ կարողանալ տեղ գտնել եւ՛ Արեւմուտքի եւ՛ Ռուսաստանի քաղաքական շահերի ծիրում եւ օգտուել դրանից:

 

«Պայքար» շաբաթաթերթ