Երեւանում Բեմականացուեց Թուրք Գրող Քեմալ Եալչընի՝ «Հոգիս Ձեզմով Կը Խայտայ» Գիրքը

Հոկտեմբերի 17ին ՀՀ սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ, Նիւ Եորքի «Վլադիմիր Քոչարեան» թատերախմբի կատարմամբ Երեւանի Կ. Ստանիսլաւսկու անուան թատրոնում տեղի ունեցաւ թուրք գրող Քեմալ Եալչընի՝ Հոգիս Ձեզմով Կը Խայտայ համանուն գրքի բեմականացումը:

Ներկայացումը առաջին անգամ բեմադրուել է 2015 թուականի Յունիսին, Նիւ Եորքում:

Բեմականացման հեղինակը Նիւ Եորքի «Վլադիմիր Քոչարեան» թատերախմբի ղեկավար, դերասանուհի Կարինէ Քոչարեանն է: Այն ներկայացնում է Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած, ինքնութիւնը թաքցրած, իրենց կամքին հակառակ կրօնափոխ եղած հայերի պատմութիւնները, որոնց փնտռել, գտել է հեղինակը՝ գրի առնելով նրանց ողբերգական յուշերը: Գրքի առաջին տպաքանակը՝ երեք հազար օրինակ, հէնց տպարանում (Թուրքիա) ամբողջութեամբ ոչնչացուել է: Այնուհանդերձ, գիրքը 2001թ., դարձեալ տպագրուել եւ թարգմանուել է մի շարք լեզուներով, այդ թւում՝ արեւմտահայերէն եւ արեւելահայերէն::

Ներկայացման մէջ Քեմալ Եալչընի դերը մարմնաւորեց Սունդուկեան թատրոնի դերասան Արթուր Կարապետեանը, գլխաւոր դերերում հանդէս եկան նաեւ Սաթիկ Հախնազարեանը, Կարինէ Քոչարեանը, Նիւ Եորքի «Վլադիմիր Քոչարեան» թատերախմբի դերասաններ Յովհաննէս Ոսկերչեանը, Նարինէ Ալեքսանեանը, Էլիզաբեթ Խոդաբաշը եւ այլք:

ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի ողջոյնի խօսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը: Կարեւորելով Քեմալ Եալչընի անդրադարձը Հայոց Ցեղասպանութեան թեմային, նա բարձր գնահատեց թուրք գրողի հումանիզմը եւ սեփական պատմութեանն առերեսուելու, իր նախնիների գործած ոճիրի համար ներողութիւն խնդրելու, բռնի իսլամացած հայերի ապրած ծանր հոգեբանական ողբերգութիւնն ընկալելու ու վերարտադրելու կարողութիւնը: Նա մասնաւորապէս ասաց. «Սիրելի Քեմալ Եալչըն, թէեւ քո հերոսը պատգամում է, որ այսօր երկու ժողովուրդները սիրեն միմեանց, բայց անկեղծօրէն պիտի ասեմ, որ մենք կարող ենք սիրել թուրք հասարակութեան մէջ չնչին մաս կազմող Եալչըններին, Զարաքոլուներին ու Չեթիններին, մենք չենք կարող սիրել Փերինչեքներին, ովքեր ժխտում են մարդկութեան դէմ գործած մեծագոյն յանցագործութիւնը: Սերժ Սրապիոնեանը թուրք գրողին նուիրեց սփիւռքի նախարարութեան կազմած եւ հրատարակած՝ Ցաւի, Յիշողութեան Եւ Պայքարի Կոթողներ պատկերագիրքը, որում ընդգրկուած են Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցուած, ամբողջ աշխարհում սփռուած յուշարձանների, կոթողների ու խաչքարերի լուսանկարները, եւ յաւելեց, որ հայ մարդը կարող է մոռանալ Մեծ ոճիրը, երբ մարդկային ճակատագրերի աշխարհասփիւռ յուշարձանները իրապէս կը վերածուեն յիշատակման վկաների:

Նախարարի տեղակալը շնորհակալութիւն յայտնեց նախաձեռնութեան հեղինակին՝ ներկայացման բեմադրիչ Կարինէ Քոչարեանին, ողջ ստեղծագործական խմբին՝ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նման բարդ ու նուրբ թեմայի անդրադառնալու համար:

Սփիւռքում 75ամեայ ստեղծագործական գործունէութեան, հայ մշակոյթի պահպանմանն ու զարգացմանը նպաստելու, հայապահպանութեան գործում ներդրած բացառիկ աւանդի համար թատերախմբի բազմավաստակ դերասան Յովհաննէս Ոսկերչեանը պարգեւատրուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան Վիլեամ Սարոյեան մեդալով եւ Հայաստանի թատերական գործիչների միութեան ոսկէ մեդալով: