Կայացաւ «Խոտանել Խեղաթիւրուած Դասագիրքը» միջոցառումների շարքին առաջին հանդիպումը: Գործողութիւնները կը նպատակադրեն ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմութիւն» առարկայի դասագիրքը չեղարկելը:
Ապատեղեկացնող եւ ապազգային բովանդակութեամբ այդ ձեռնարկը կիրառելու վտանգները ներկայացուեցին ս.թ. յունուարի 24-ին, ժամը 14:00-ին Երեւանի Թէքէեան կենտրոնի մէջ (հասցէ` Խանջեան 50) կայացած Կլոր Սեղան-քննարկմանը ընթացքին:
Ելոյթներ ունեցան`
- ԿԱՐԻՆ ՏՕՆՈՅԵԱՆ –«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրէնը:
«Պատմութեան խեղաթիւրման ազդեցութիւնը ապագայ սերունդների վրայ» թեմայով տիկին Տօնոյեան յատկապէս ըսաւ. «Պատերազմը հասել է հայ դպրոցի շեմին: Ազգն իրաւունքն չունի իր դպրոցը մենակ թողնելու: Նահանջում է մեր լեզուն, նահանջում է հայոց պատմութիւնը»:
«Ինձ ամէնից շատ ցաւ է պատճառում, որ նահանջողը հայ ուսուցիչն ու հայ դպրոցի տնօրէնն է: Ես ուզում եմ նրանց հարցնել` դուք ո՞նց էք մտնելու դասարան, երբ մանկավարժի գլխաւոր գործառոյթն ազատ մտածող եւ իր ինքնութեանը տէր կանգնող երեխայ դաստիարակելն է»,- հարց է ուղղեց «Հայ ասպետ» 44-օրեայ պատերազմում զոհուած Մենուայ Յովհաննիսեանի մայրը` Կարին Տօնոյեանը:
Նրա համոզմամբ` եթէ մենք չենք պայքարում, ուրեմն ստրուկների ենք դաստիարակում, որոնք դառնում են սպասարկող ժողովուրդ:
Եզրափակելով Կարին Տօնոյեանն առաջարկեց. «Մենք էլ ստեղծենք մե՛ր դասագիրքը` հակադրելով իրենց ստեղծածին»:
- ԿԱՐԻՆԷ ՆԱԼՉԱՋԵԱՆ – հոգեբանական գիտութիւնների թեկնածու, դոցենտ
«Պղծուած դասագրքի հոգեբանական որոգայթները» թեմայով հոգեբան Կարինէ Նալչաջեանը կրթութեան ոլորտում տեղի ունեցող իրողութիւնները համարեց մեր դէմ յայտարարուած մեծ պատերազմ:
Զոհասեղանին մատաղ սերունդն է, որին պէտք է խեղաթիւրուած դասագրքերով ու արժեհամակարգով դաստիարակել: Այդպէս է պէտք մեր թշնամուն, ցաւով նշեց տիկին Նալչաջեանը:
«Թշնամուն պէտք է մեզ նախ թուլացնել բարոյապէս ու հոգեպէս, իսկ դրանից յետոյ ֆիզիկապէս ոչնչացնելն ընդամէնը տեխնիքական հարց է: Երեխաներն ու պատանիներն ուզում են իրենց տեսնել ուժեղ հանրութեան մաս, բայց երբ նրանց հրամցւում է, որ այն ազգը, որի ներկայացուցիչն էք դուք, պէտք է անընդհատ զիջի, պարտուի, ուրիշների առաջ գլուխ խոնարհի, նրանք չեն ուզում դառնալ դրա մի մասը, եւ ցանկութիւն է առաջանում այլ տեղ, այլ հանրոյթի մաս դառնալ» եզրայանգեց բանախօսը:
- ԿԱՐՕ ՎԱՐԴԱՆԵԱՆ – գրող, գրականագէտ
«Պատմութեան խեղաթիւրում` ազգային անվտանգութեանը սպառնացող վտանգ» թեմայի մասին խօսելով պարոն Վարդանեան հաստատեց, որ այն, ինչ թուրքերը ծրագրում էին անել 100 տարի առաջ, իրականացնում են հիմա:
«Բայց 100 տարի առաջ նրանք պատերազմում պարտուած էին, դէպքերն էլ նրանց օգտին չդասաւորուեցին, իսկ հիմա Էրտողանն ամբողջ աշխարհի հետ լեզու է գտնում, Հայաստանի իշխանութիւններն էլ նրա համար փաթեթաւորուած քաղցրաւենիք են, որ կան` ոչ ընդդիմանալ, ոչ ընդվզել ու պայքարել» աւելացուց ան:
Գրող, գրականագէտ Կարօ Վարդանեանը 100 տարի առաջուայ մեր պատմութեան ոչ այնքան հանրայնացուած դէպքերը լաւ է ուսումնասիրել, համադրել ու ցաւալի եզրայանգման եկել` այն ժամանակ էլ, հիմա էլ թոյլ իշխանութիւն ենք ունեցել` թուրքի սրտով:
100 տարի առաջուայ ծրագիրը հիմա փուլ առ փուլ իրականացւում է` մի ամբողջ ժողովրդի միջից նախ հանելով ազգային գիտակցումի, ինքնապաշտպանութեան, արժանապատուութեան բնազդն ու զգացումները:
Իր ելոյթին ընդմէջէն Կարօ Վարդանեանը պատմական զուգահեռներով ցոյց տուեց, թէ ինչ աղէտ է սպասւում մեզ հիմա:
Ապա ողջոյնի խօսքով հանդէս եկաւ իրաւաբանական գիտութիւնների թեկնածու, փաստաբան ԱՐԱ ԶՈՀՐԱԲԵԱՆԸ:
Պարոն Զոհրաբեանը ներկայացրեց, թէ ինչ են պատրաստւում անել փաստաբանները: Նրանք «Հայոց պատմութիւն» դասագիրքը մերժելու եւ գործածութիւնից հանելու դատական ճանապարհով են գնում` վիճարկելու են «Հայոց պատմութիւն» դասագիրքը գործածութեան մէջ դնելու` ԿԳՄՍ նախարարի` 2023 թուականի Օգոստոսի 3-ի որոշումը:
Քննարկումը վարող «ԱԶԳ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆԸ:
Պարոն Աւետիքեանը յատկապէս դիտարկեց, որ «200 տարի մեր դասագրքերը գրել են հեղինակաւոր մարդիկ` Յովհաննէս Թումանեան, Ղազարոս Աղայեան, Բենիամին Թաշճեան, Էդուարդ Ջրբաշեան, Գէորգ Ջահուկեան, Յովհաննէս Բարսեղեան, Գուրգէն Սեւակ, եւ ուրիշներ»:
Ան ներկայացուց հետեւեալ մանրապատումը. «Ձմռան մի երեկոյ գողերը բռնում են Գուրգէն Սեւակին: Նա ասում է.
-Այս ի՞նչ էք անում, ախր ես ձեր երեխաների դասագիրքը գրողն եմ:
Գողերը նրան բաց են թողնում»:
«Խոտանենք «Հայոց պատմութիւն» խեղաթիւրուած դասագիրքը» քննարկմանը Յակոբ Աւետիքեանը պատմական այս անդրադարձով ցոյց տուեց, թէ դարեր շարունակ մեզ համար որքան կարեւոր է եղել դասագիրքը, ու որքան բծախնդրօրէն են ընտրուել դասագրքերի հեղինակները:
Քննարկման աւարտին նախաձեռնող խումբը հրապարակեց առաջիկայ գործողութիւնների ծրագիրը, որ ընթերցեց միջոցառումների շարքը նախաձեռնողներից` ՎԱԶԳԷՆ Պետրոսեանը:
Նախաձեռնող մարմնի անունով Պետրոսեան հետեւեալը յայտարարեց.
«Խոտանել Խեղաթիւրուած Դասագիրքը» շարժումը նախաձեռնող խումբը, նկատի ունենալով, որ
* Հանրակրթական պետական չափորոշիչի (ՀՊՉ) համաձայն գրուած եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան կողմից հաստատուած «Հայոց պատմութիւն» ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի միակ դասագիրքը` (հեղինակ` Սմբատ Յովհաննիսեան) մերժուել է հայկական ակադեմիական հիմնարկների, պատմաբանների, մանկավարժների եւ հասարակական գործիչների կողմից,
* ԿԳՄՍ նախարարը, վստահաբար, գիտի վտանգաւոր դասագիրքը կիրառելու դէմ բարձրացող ալիքի մասին,
* ԿԳՄՍ նախարարն ընդամէնը առաջարկել է յանձնաժողով կազմել, որի աշխատանքների մասին տեղեկութիւն չկայ, մինչդեռ փորձով ապացուցուած է` յանձնաժողովներն այնտեղ ուղարկուած բողոքների գերեզմաններն են,
* Այսօր (24.01.2024) կայացած կլոր սեղան-քննարկման ընթացքում ներկայացուած ապատեղեկացնող դասագրքով ուսուցում կազմակերպելու վտանգներն ու հետեւանքները եւ այն, որ նշուած դասագիրքն ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգութեանը,
Հիմնուելով վերը նշուածների վրայ, նախաձեռնող մարմինը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրէասեանին առաջարկում է «Հայոց պատմութիւն» ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի դասագիրքը խոտանել-չեղարկելու որոշում կայացնել` առաջիկայ 72 ժամում:
Հակառակ պարագայում`«ԽՈՏԱՆԵԼ ԽԵՂԱԹԻՒՐՈՒԱԾ ԴԱՍԱԳԻՐՔԸ» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը
Յունուարի 29-ին, ժամը 11:00-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան դիմաց (հասցէ` Վազգէն Սարգսեան 3) կ’անցկացնի հրապարակային բողոքի ակցիա` պահանջելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրէասեանի հրաժարականը:
Ակցիային կարող են միանալ ազգային անվտանգութեան խնդիրների լուծմամբ հետաքրքրուած անձինք, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, եւ իրենց զաւակներուն արժեհամակարգը եւ ինքնութիւնը վտանգուած համարող ազնիւ հայորդիներ: