Ծանր է խօսել խուլերի հետ, ցոյց տալ ճշմարտութիւնը կոյրերին եւ
վիճել ապուշների հետ…
Ժողովրդական թեւաւոր խօսք
Յոյն փիլիսոփայ Սենական ասում էր` մինչ մենք յետաձգում ենք կեանքում, այն անցնում է: Այո, ժամանակը սուրում է եւ դա ցաւալի է, որովհետեւ անցեալդ մեծանում է, գալիքդ կրճատւում, կիսատ թողածդ գնալով անհասանելի է դառնում: Սակայն հարկաւոր է մխիթարուել նրանով, որ ամէն ինչ մի օր վերջանում է, ոչինչ յաւերժ չէ եւ դու ոչ առաջինն ես, ոչ վերջինը: Ուրեմն, հարկաւոր է ապրել ներկայով եւ եթէ հնարաւոր է ու կարողանում ես` երջանիկ լինել, պէտք չէ բաց չի թողնել այդ շանսը: Իսկ տարիքից պէտք չի վախենալ: Այն միայն թիւ է ու եթէ չես կենտրոնանում այդ թուի վրայ, չես ծերանում ոչ հոգով, ոչ` մարմնով: Միայն թէ հարկաւոր է կարողանալ հանգիստ լինել: Ամբողջապէս, իրական եւ ոչ թուացեալ, պատրանքային, քանզի իսկական հանգստութիւնն այն է, երբ աւելորդ մտքերը քեզ չեն խանգարում, երբ հայրենիքիդ որեւէ վտանգ չի սպառնում: Երբ չես անհանգստանում, որ վաղը կարող է քո կամ ընտանիքիդ հետ մի բան պատահել, որը չէիր ուզում: Երբ կարիք չունէիր գնալու այնտեղ, որտեղ դրա համար ուրախ չեն: Երբ այն, ինչով զբաղւում ես, քեզ բաւականութիւն է պարգեւում: Երբ դադարում ես վերլուծել քեզ շրջապատող աշխարհը եւ պարզապէս հասկանում ես, որ այն ուղղակի գոյութիւն ունի, իսկ դու նրա մի մասնիկն ես: Եւ այդքանից յետոյ ներսիդ բոլոր հարցերը լռում են: Ու երբ յաջողուի ներսումդ նման խաղաղութիւն գտնել, ապա կը ցանկանաս նաեւ ուրիշներին նուիրել քո հանգիստ ու խաղաղ հոգեվիճակը:
Յաճախ սակայն այնպէս է ստացւում, որ մարդիկ անհանգստանում են քո հանգստութիւնից ու սկսում են աղճատել այն (դա բնորոշ է նաեւ մեր ոչ բարեկամաբար տրամադրուած հարեւաններին): Իսկ կեանքը տարիների ընթացքում խլում է գլխաւորը` ակնկալիքի զգացողութիւնը: Խլում է փառքի, հարստութեան, բախտի ու նոյնիսկ սիրոյ ակնկալիքը: Խլում է երջանկութեան հրճուանքը, սրտի յուզական բաբախիւնը, օրերի, ժամերի, կամ նոյնիսկ րոպէների ծանր ընթացքի քաղցր յաղթահարումը` երազած ակնկալիքի ճանապարհին: Ռեմարկն ասում է, որ եթէ կեանքից ոչինչ չես ակնկալում, ուրեմն նաեւ հիասթափութիւն չես ապրի պատրանքներիդ փլուզումից: Իսկ եթէ կեանքը որոշի քեզ ինչ-որ բան նուիրել, դա արդէն հաճելի անակնկալ կը լինի: Ես հասկանում եմ, որ նա իրաւացի է, բայց միայն տեսականօրէն: Իրականում, ես ինքս չեմ կարող այդպէս ապրել, յատկապէս` երբ վտանգուած է ժողովրդիս ապագան:
Ես արդէն եօթանասունամեայ տարիք ունեմ, բայց դեռեւս չեմ կորցրել հրաշքներ ակնկալելու կարողութիւնս: Երբ փոքր էի, մտածում էի, որ կը մեծանամ ու աստղագնաց, ֆութպոլիստ կամ յայտնի պատմաբան-լրագրող-իրաւաբան կը դառնամ: Հիմա էլ մտածում եմ, որ որդիներս լիարժէք կը կայանան, իսկ թոռնիկներս կը մեծանան, յայտնի ծրագրաւորող ու արհեստական բանականութեան հնարաւորութիւնները յօգուտ Հայրենիքի կիրառողներ կը դառնան: Կարող է թուալ, թէ դա անլուրջ է, իսկ ես կարծում եմ, որ դա հէնց կեանքի նկատմամբ հետաքրքրութեան եւ ակնկալիքի առկայութեան մասին է վկայում: Այնպէս որ, յարգելի մարդիկ, Հայրենիքի այս բարդագոյն պահին անգամ պէտք չէ դադարել երազել ու երեւակայել, քանզի միայն այդպէս մենք կարող ենք փախչել ծերութիւնից ու յաղթահարել շատ դժուարութիւններ:
Հոգեբանները պնդում են, որ մեր օրերում ամէնից շատ մարդիկ յոգնում են իրենք իրենցից: Իրենց անհանգստութիւններից ու վախերից, ենթադրութիւններից ու տագնապներից: Մեղքի զգացումից եւ իրենց կեանքում ամէն ինչ վերահսկելու փորձերից: Իրադարձութիւններից առաջ չնկնելու, կամ առաջ գնալով հետ չնայելու անհնարինութիւնից: Այնինչ հարկաւոր է դադարել համեմատել ու համեմատուել, դադարել վախեցնել ինքներս մեզ, պատրանքներ չստեղծել ու չմտածել ուրիշների փոխարէն, դադարեցնել անօգուտ երկխօսութիւնները ինքներս մեր հետ: Այնպէս որ, հայ մարդ, եթէ չես ուզում կորցնել Հայրենիքդ, այլասերուել, մորթուել, վերանալ հուր յաւիտեան, ասեմ ինչ պիտի անես նախ եւ առաջ: Երբեք, երբեք թոյլ չտալ, որ քեզ առաջնորդեն այլասերուած, ծախուած, վախկոտ, տգէտ, անկուշտ, անխիղճ ու տմարդ սրիկաները: Առաջնորդ ընտրելիս երբեք պէտք չի շտապել: Եօթ անգամ չէ, հազար անգամ ստուգել ու նոր միայն ընտրել նրան, ով ամէնից արժանին է ղեկավարելու երկիրն ու հայութեանը` խորին իմաստունութեամբ, ճկուն խելքով, յաղթական ոգով, անսասան կամքով, անսահման նուիրուածութեամբ ու բարի սրտով:
2024-ի սկիզբն է, այսինքն, եւս մէկ տարի միասին ապրեցինք, աւելի ճիշդ կը լինի ասել` փորձեցինք յաղթահարել ամենօրեայ տագնապների, կորուստների, անորոշութեան յարահոսը: Փորձեցինք վերջնականապէս չկոտրուել Արցախը կորցնելու գաղափարից, դէպի Հայաստան ձգուող քսանմէկերորդ դարեայ բռնագաղթի շարասիւներից ու հայրենազրկումից: Չնկրկել ամէն սկսուող օրուայ մէջ երկրի թիկունքին ու դիմահար հերթական դաւադիր հարուածող ձեռքի բացայայտումից, ծնուած անուժ զայրոյթից… որքանով դա յաջողուեց` մեզանից իւրաքանչիւրի իմանալիքն է, բայց բոլորս (ուզում եմ հաւատալ այդ «բոլոր»-ին) միանման ենք յուսավառուել սպառազինուող բանակի հերթական ռազմական համալրումով: Մե՛ր բանակի, արդէն 32-ամեայ բանակի: Որի արժէքն ու նշանակութիւնը կարծես նոր ենք գիտակցում, նորովի ենք ընկալում նրա առաքելութիւնը, քանի որ հասկացել ենք, որ մեր միակ ու անդաւաճան դաշնակիցն ի վերջոյ մենք ենք: Մեր միակ պաշտպանը մեր Բանակն է ու մեր Զինուորը: Իսկ Բանակ ու Զինուոր ունենալու համար մեր երկիրը պիտի ոտքի կանգնեցնենք անձնազոհ ու արդար աշխատանքով` պատերազմ յայտարարելով բոլոր ժամանակների անարդարութիւններին ու կոռուպցիային:
Ի լուր աշխարհի անթաքոյց յայտարարենք` մեր անկախութիւնը, մեր լեզուն, մեր ինքնիշխանութիւնը, մեր հաւատն ու տարագիր եղբայրներին չենք զիջի ոչ մէկին եւ որ այդ հաւատամքը կը դառնայ ապրող ու ապրեցնող հաստատում: Թէ չէ երբեմն թւում է, թէ էս ազգի հետ մի բան է կատարւում, քանզի այս տեսակ արտակարգ ու բարդ իրավիճակում առողջ մարդը չի կարող այսքան անտարբեր լինել: Ու թէեւ այսօր Հայաստանում որոշ արկածախնդիրներ փորձում են համոզել, թէ հայրենիքը սուտ բան է, իսկ յանուն հայրենիքի զոհողութիւնները` յանուն ոչինչի են, բայց անհերքելի է, որ դարեր շարունակ մեզ համար չի եղել աւելի խոր զգացում, քան հայրենասիրութիւնը: Եւ միանգամայն իրաւացի էր հանճարեղ Պարոյր Սեւակը, որ գրում էր, թէ սխալւում էին հները` կարծելով` «սէրը կոյր է»: Յամենայն դէպս, չի կարող կոյր լինել սիրոյ այն տեսակը, որ հայրենիքն է յարուցում:
Տեղին է յիշել, որ 88-ի աղէտի օրերին ողջ աշխարհը օգնութեան ձեռք երկարեց հայաստանցիներին: Բոլոր երկրներն ու ժողովուրդներն օգնեցին ինչպէս եւ ինչով կարող էին: Իսկ մերօրեայ մարդկային ու տարածքային այսքան կորուստների ու պետականութիւնը վտանգուած այս աղէտի ժամանակ բոլորը մի տեսակ երես են թեքել հայից ու Հայաստանից, որը մօտաւորապէս նշանակում է` գնացէք, ինքներդ ձեր եփած շիլան կերէք: Չեմ մեղադրում: Շատ լաւ են անում: Վէրքը տիրոջն է ցաւ տալիս: Եթէ մենք մեր բաց վէրքին տէր չենք կանգնում, ուրիշի սիրտը ինչու՞ պէտք է ցաւի մեր անտէր մնացած` օր-օրի վրայ աւելի թարախոտուող բաց վէրքի վրայ: Հաւանաբար նրանց զգուշացնում է արտաքին քաղաքականութեան ասպարէզում Հայաստանի մանեւրները: Սակայն կարծում ենք, որ իրականում Երեւանը ձգտում է ոչ թէ հեռանալ Մոսկուայից, այլ բազմազանեցնել իր տնտեսական ու անվտանգային քաղաքականութիւնները: Ուստի պատահական չի, որ այդ նոյն ժամանակում ռազմատեխնիկական հարցերում Հնդկաստանը դարձել է Հայաստանի ամենախոշոր գործընկերը: Ընդամէնը մէկ տարուայ ընթացքում Երեւանը Դելիի հետ կնքել է սպառազինութեան մատակարարման շուրջ մէկ միլիարդ տոլարի պայմանագրեր: Փարիզը նոյնպէս լուրջ քայլ է կատարել` մերձենալու Երեւանին: 2023 թուականի Հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցութեան պայմանագրեր ստորագրեցին: Հաւանաբար Հայաստանը ոչ ամբողջովին է երես թեքում Ռուսաստանից եւ լիովին շրջւում դէպի Եւրոմիութիւն, որովհետեւ չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում դառնալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հերթական մարտադաշտը: Տեսնում ենք, թէ ինչ է կատարւում Ուկրաինայում, եւ չեմ կարծում, որ Հայաստանում որեւէ մէկը կը ցանկանայ երկիրը վերածել երկրորդ Ուկրաինայի: Բայց Հայաստանը նաեւ հասկանում է, որ օբյեկտիւ եւ սուբյեկտիւ պատճառներով Ռուսաստանը չի կարող ամբողջութեամբ կատարել Հայաստանի հանդէպ իր անվտանգային պարտաւորութիւնները: Հետեւաբար միանգամայն տեղին է բազմազանեցնել ու բազմաբեւեռ դարձնել մեր արտաքին քաղաքականութիւնը: Իսկ այս դէպքում Եւրամիութեան հետ յարաբերութիւնները ուղղութիւններից մէկն է: Այսինքն, կարծում ենք, որ Հայաստանը փորձում է հաւասարակշռութիւն պահպանել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Եթէ իրապէս յաջողուի, մեզ համար իսկապէս շահեկան կը լինի:
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
ՊԳԴ, փրոֆէսոր
Երեւան