Հայաստանի իշխանութիւնը մտած է պետականութեան ամրութեան համար խիստ վտանգաւոր թեմաներու մէջ։ Այս մասին գրած է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեան:
«Չի՛ կարելի քաղաքական շահերի համար նման ամօթալի պահուածք դրսեւորել ու «առիթ» օգտագործելով Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը՝ քաղաքական հաշուեյարդարի ձեւով հետապնդում նախաձեռնել սահմանադրական ամրագրում ունեցող Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ։ Սա մեր հասարակութիւնը, Սփիւռքը պառակտող, ներքին թշնամանք հրահրող ու պետականութիւնը թուլացնող պահուածք է, որը յարիր չէ առհասարակ որեւէ իշխանութեան։
Ի գիտութիւն Հայաստանի իշխանութիւնների՝ բերում եմ միջազգային փորձի օրինակներ, որոնք կապուած են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հարկման ենթարկելու հարցի հետ։ Այսպէս, Յունաստանում Եկեղեցին հարկ չի վճարում նուիրատուութիւնների, կրօնական գործողութիւնների ընթացքում ստացած եկամուտից։ Հարկ վճարում է միայն առեւտրային գործողութիւնների համար։ Այսինքն՝ եթէ եկեղեցու տարածքում կայ, օրինակ, սրճարան կամ գրախանութ, ապա հարկը պէտք է վճարուի։ Աւելին, պետութիւնն է ապահովում հոգեւորականների աշխատավարձի եւ վերապատրաստումների համար վճարումները, ինչպէս նաեւ վճարում է եկեղեցական շինութիւնների պահպանման ծախսերը։
Մեծ Բրիտանիայում եկեղեցիների մեծ մասը գրանցուած է որպէս բարեգործական կազմակերպութիւն, եւ հարկ չի վճարում։ Եկեղեցին հարկ չի վճարում նուիրատուութիւնների, կրօնական գործունէութեան ընթացքում ստացած եկամուտից։ Վճարում է հարկ առեւտրային գործունէութեան համար։ Սակայն, ի տարբերութիւն Յունաստանի, եթէ եկեղեցու տարածքում կայ սրճարան, օգտւում է “Business rates relief” կանոնից, որի դէպքում կամ հարկ չի վճարում կամ էլ զգալիօրէն կրճատւում է գումարը։
Ընդ որում խօսքը ոչ միայն եկեղեցիների, այլ առհասարակ պաշտամունքի վայրերի (“places of worship”) մասին, որի մէջ կարող են մտնել թէ՛ եկեղեցիները, թէ՛, օրինակ, այլ կրօններին պատկանող տաճարները։ Դանիայում եւ Շուէտիայում եկեղեցու անդամները վճարում են պետութեան կողմից գանձուող եկեղեցական հարկ։ Այս հարկի դրոյքաչափը տատանւում է համայնքային մարմնի որոշմամբ եւ օգտագործւում է եկեղեցու գործունէութեանն աջակցելու համար, ներառեալ՝ եկեղեցական շէնքերի սպասարկումը եւ հոգեւորականների աշխատավարձերը:
Այս վճարը գանձւում է պետական հարկային մարմնի կողմից կանոնաւոր եկամտահարկի հետ միասին, այնուհետեւ փոխանցւում է Շուէտիայի եկեղեցուն՝ աջակցելու համար նրա գործունէութեանը: Շուէտիայում եւ Դանիայում եկեղեցին հարկ չի վճարում նուիրատուութիւնների, կրօնական գործունէութեան ընթացքում ստացած եկամուտից։ Վճարում է հարկ առեւտրային գործունէութեան եւ կրօնական նպատակներով օգտագործուող գոյքի համար։
Կրօնական նպատակներով օգտագործուող գոյքը (օրինակ՝ եկեղեցական շէնքերը եւ յարակից շինութիւնները) ազատուած են գոյքահարկից: Նշուածի հետ միասին, եթէ եկեղեցին զբաղւում է առեւտրային գործունէութեամբ (օրինակ՝ գոյք վարձակալելը կամ պիզնես վարելը), ապա այդ գործունէութիւնից ստացած եկամուտը ենթակայ է հարկման:
Նորուէկիայում Ազգային եկեղեցին եւ այլ ճանաչուած կրօնական համայնքները ֆինանսաւորում են ստանում պետութիւնից եւ համայնքապետարանից: Կրօնական համայնքներն ազատուած են նուիրատուութիւնների, հաւաքագրումների եւ կրօնական գործունէութիւնից ստացուած եկամուտների հարկերից: Սա նշանակում է, որ անդամների կողմից կրօնական ծառայութիւնների, արարողութիւնների եւ եկեղեցու հետ կապուած այլ գործառոյթների համար տրուող գումարները ազատուած են հարկերից:
Վրաստանում Եկեղեցին հարկ չի վճարում նուիրատուութիւնների, կրօնական գործունէութիւնից ստացած եկամուտից։ Հարկ վճարում է միայն առեւտրային գործունէութեան համար։ Կրօնական կազմակերպութիւններից կարող է պահանջուել թափանցիկ ֆինանսական հաշուետուութիւններ եւ առեւտրային գործունէութիւնից եկամուտների մասին հաշուետուութիւն։
Ռուսաստանի Դաշնութիւնում կրօնական կազմակերպութիւնները, այդ թւում՝ Ռուս ուղղափառ եկեղեցին, յատուկ կարգավիճակ ունեն հարկային համակարգում։ Բոլոր կրօնական կազմակերպութիւններն ազատւում են եկամտահարկ վճարելուց, եթէ եկամուտը ստացւում է իրենց հիմնական գործունէութիւնից (կրօնական, կրթական եւ մշակութային): Կրօնական կազմակերպութիւնները պարտաւոր չեն գոյքահարկ վճարել, եթէ գոյքն օգտագործւում է հիմնական եկեղեցական գործունէութեան համար:
Տարբեր ապրանքների եւ ծառայութիւնների վաճառքից հարկերը հիմնականում նախատեսուած են օրէնքով, սակայն կան տարբեր բացառութիւններ: Օրինակ՝ յուղարկաւորութեան պարագաների ցանկից ապրանքները չեն հարկւում»։