Յիշողութեան կորուստն ու հայրենական արժէքների մոռացումը, խիստ մտահոգիչ են

Ճիչով ծնւում ենք, մեռնում` հառաչանքով: Մնում է

միայն ապրել` խինդ ու ժպիտով: Նաեւ` ծնւում ենք ակամայ,

ապրում զարմացած, մեռնում կարօտով:

Աւ. Իսահակեան

 

21-րդ դարում, արդէն հաստատուած իրողութիւն է արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացների սերտաճումը, որի հետեւանքով այլեւս չկայ միջազգային յարաբերութիւններ, կայ համաշխարհային քաղաքականութիւն: Այս սերտաճումը նշանակում է, որ պետութեան ներսում ընթացող քաղաքական իրադարձութիւնները, լինելով ներքին գործ, ինքնաբերաբար վերածւում են նաեւ արտաքին դերակատարների հետաքրքրութեան առարկայի: Հասկանալի է, որ արտաքին քաղաքական դերակատարների ուշադրութեան կեդրոնում իշխանութեան հարցն է: Որ քաղաքական ուժն է իշխանութեան, որքանով է այն կենսունակ, ովքեր են իշխանութեան ղեկին, ինչպիսին են նրանց կողմնորոշումներն ու վերաբերմունքը ուժային կենտրոնների նկատմամբ: Պարտաւոր ենք միշտ յիշել, որ այս հարցերը առաջին հերթին հետաքրքրում են հարեւաններին, հակառակորդներին եւ դաշնակիցներին:

Հայաստանում կրկին անհանգիստ է: Երկիրը կանգնած է բարդ խնդիրների առջեւ: Նոր պատերազմի ուրուականն է շրջում: Պաքուի կոշտ պահանջներով սահմանների ճշդում է սկսուել, որն յարուցել է բողոքի լայն շարժում: Հասարակութիւնն ալեկոծւում է, երկիրը կանգնած է արտաքին եւ ներքին մարտահրաւէրների առջեւ: Անհրաժեշտ է առաւելագոյն մեծ ջանքեր ներդնել յատկապէս դիւանագիտական ճակատում: Թէ ովքեր ինչ են ուզում ու երազում, այնքան էլ պարզ չի: Քաղաքական դիսկուրսում պտտւում այն նարատիւը, որ գործող վարչապետը եւ իր քաղաքական թիմը իշխանութեան են եկել Արեւմուտքի աջակցութեամբ: Ընդդիմադիր «նախկիններին»  որակում են որպէս ռուսամէտ, հինգերորդ շարասիւն եւ այլն: Այս իր համար նպաստաւոր հանգամանքներից առաւել արագ եւ ակտիւ օգտւում է Ալիեւը, թիկունքում ունենալով Էրդողանի աջակցութիւնը: Դրանով է պայմանաւորուած սահմանային հարցերի լուծման գործում նրա շտապողականութիւնը եւ վերջնագրային պահանջները ՀՀ իշխանութիւններից: Վարչապետի եւ նրա թիմի վիճակը բաւականին բարդ է: Առկայ է եւ ներքին, եւ արտաքին ուժեղ ճնշում, ներսից բողոքական շարժումն է, դրսից թուրք-ատրպէյճանական տանդեմը, ռուսները իներտ են եւ պասիւ, իսկ Արեւմուտքը կերակրում է ժողովրդավարական բանաձեւերով, ողջոյններով եւ ծափահարութիւններով:

Ի հարկէ, կասկածից դուրս է, որ ցանկացած նորմալ հայի համար ապրելու, արարելու իմաստը եւ հպարտութեան կենարար աղբիւրը` իր ժողովուրդն է ու իր երկիրը: Բայց այդ երկրում քաղաքական մթնոլորտը դարձեալ շիկացած է: Փոխադարձ մեղադրանքների ծիրից ներս գրեթէ ամէն օր ոստիկանութիւնը եւ քաղաքական կոշտացած համոզմունքներ ունեցող անհատ քաղաքացիներ են բախւում: Սակայն ակնյայտ է, որ ժողովուրդն այս անգամ լուրջ գործընթաց է սկսել եւ ոչ թէ մի օր եօթանասուն հազարով հաւաքուեց ու ցրուեց տուն: Այսինքն, իշխանութիւնն ու ընդդիմութիւնն այս անգամ համատեղ ջանքեր պիտի ներդնեն ակնկալուող համազգային յաջողութիւն ապահովելու համար: Նախ` իշխանութիւնները գործեն օրէնքի տառին, իսկ ընդդիմութիւնը` քաղաքական պայքարի նորմերին համապատասխան: Եւ թող կեղծիքներ չտարածեն, թէ որեւէ մէկը դէմ է Ատրպէյճանի հետ սահմանազատման եւ սահմանանշման աշխատանքներին: Բայց դա անելուց առաջ եւ անելու համար նախ ՀՀ սահմանադրութեանը, օրէնքներին եւ միջազգային իրաւունքին համապատասխան պիտի յստակեցուեն այն իրաւաքաղաքական հիմքերը եւ յստակ գործընթացը, որոնց հիման վրայ պիտի իրականացուի այդ լրջագոյն աշխատանքը:

Ընթացքում կարեւոր է նաեւ պարբերաբար արձանագրել` ինչ իրավիճակ ունենք եւ ինչ աշխատանք պէտք է արուի: Եւ այսպէս այս պահին ունենք` 1. Ճշմարտութեան հրապարակ. կայուն ձեւաւորուած կորիզ, որը դնում է երկրում խորքային փոփոխութիւնների պահանջ: 2. Հարթակից` Բագրատ Սրբազանը հրապարակեց կարեւորագոյն փաստաթուղթ` վաղուայ Հայաստանի տեսլականը: Յստակ ձեւակերպումներով, որոնք հասկանալի են թէ՛ Հայաստանի ներսում, թէ՛ միջազգային հանրութեան եւ թէ՛ հակառակորդներին: Քսան կէտանոց բազմաշերտ փաստաթղթի երկու կարեւորագոյն բովանդակութիւններն են. ա) Հայաստանը յանձնառու է շարունակել խաղաղութեան հաստատման բանակցութիւնները, ինչպէս նաեւ սահմանազատման աշխատանքները, բ) շարժումը Հայաստանի ներքին կեանքի առողջացման, ներքին հաշտութեան, արդար բարքերով` ժամանակակից պետութեան ստեղծման ձգտում ունի, 3. Գրագէտ շրջանակների անմիջական ներգրաւուածութիւն. «Դիւանագէտների համահայկական խորհրդի» կազմած փաստաթուղթը բացառիկ է իր լրջութեամբ եւ որակով, 4. Բացառիկ պատմական ձեռքբերում է, որ Եկեղեցին վաստակել է բացառիկ ժողովրդականութիւն: Նրա խօսքը հասնում է իւրաքանչիւր տուն, միջավայր, անհատներին: Այսօրուայ ճշմարիտ, առողջացման, քրիստոնէական խօսքի եւ արժէքների տարածման նման հնարաւորութիւն երբեւէ չի եղել, 5. Շարունակւում է գրագէտ ուղերձի զանգուածայնացումը: Մոլորութիւն է, թէ հասարակութիւնը սպասում է միայն էժան գոռգոռոցների: Հասարակութիւնը կարօտ է լսուող գրագէտ խօսքի, 6. Յստակ ձեւակերպուել է նպատակի ճանապարհային քարտէզ` նոր, ունենալ վերափոխուած ու համաժողովրդական վստահութիւն վայելող կառավարութիւն եւ դրան հասնելու քայլերը:

Այժմ, քան երբեւէ, անհրաժեշտ է, որ փոխենք մեր մտքերը դէպի բարին եւ, վստահ եմ, որ այդ ժամ կը գտնէք քաղաքակրթական չափազանց բարձր արժէքներ եւ՛ մարդկանց մէջ, եւ՛ մեր ազգի պատմութեան: Նորութիւն չի, որ մեր ազգն առնուազն հինգ-վեց հազար տարուայ, որոշ հաշուարկներով` մինչեւ տասներկու հազար տարուայ պատմութիւն ունի: Բնական է, որ այդ ընթացքում ունեցել է վերելքներ ու վայրէջքներ: Այսօր հարցն այն է, թէ հիմա ինչու եւ յանուն ինչի է աւելի շատ բացասականն ի ցոյց դրւում: Անկեղծ ասած, այս մթնոլորտը դառնում է անտանելի: Ցաւօք, մեր ինքնութիւնից շեղումն էլ է դարձել պետական քարոզչութիւն: Եւ դա այն դէպքում, երբ մեր հակառակորդը, կեղծելով ու ստելով, կործանում է մեր մշակութային արժէքները կամ իրեն վերագրում դրանք: Այս պայմաններում յիշողութեան կորուստն ու հայրենական արժէքների մոռացումը, խիստ մտահոգիչ է, եթէ չասենք` վտանգաւոր: Յիշողութիւնը չափազանց կարեւոր է, քանզի այն կապում է մարդուն իր ստեղծման նախակերպար արարչագործութեան գոյաբանական խորհրդի հետ, մարդուն վեհացնելով` տալիս է նրան անընդհատ զարգացման հնարաւորութիւն ու յաւիտենական իրողութիւնների ճանաչողութիւն` ազատելով հէնց այդ մեղքերից ու կարծրատիպերից: Հետեւաբար ճիշդ կը լինի աւելի շատ խօսել մեր ազգի զարգացումն ապահովող համակարգերից եւ մարդու էութենական զարգացումից, պարզաբանել խօսոյթի ճիշդն ու սխալը, զերծ մնալ բամբասանքից ու կեղտերը ցուցադրելուց եւ անցնել գաղափարների քննարկմանը, ինչի բացակայութիւնից էլ առաջացել է այս վայր ի վերոյ ու մեր ազգին անյարիր իրավիճակը: Իսկ սահմանագծումն ու սահմանազատումը առիթ դարձան այդ ամէնն աւելի խտացուած գոյներով ի դերեւ բերելու:

Ալմա Աթայի հռչակագիրը բաւականին երկար ժամանակ ջրի երես էր բարձրացուել որպէս հայ-ատրպէյճանական սահմանային խնդիրների լուծման բանալի: Այդ հռչակագիրն ունի մի դրական կողմ, փաստում է միութենական հանրապետութիւնների տարածքային ամբողջականութիւնը: Սակայն այն սահմանային խնդիրների լուծման գործընթացում անարդիւնաւէտ է, որովհետեւ տարածքային ամբողջականութեան ճանաչումը եւ սահմանագծման/սահմանազատման կոնկրէտ գործընթացը չեն կարող ամբողջութեամբ համապատասխանել միմեանց: Յետոյ յայտարարուեց, որ սահմանների ճշդման հիմքը 1976 թ. քարտէզներն են: Սակայն քարտէզագիր Ռոբերտ Գալչեանին լսելուց յետոյ պարզ դարձաւ, որ  «ոչ մի միլիմեթր» խօսոյթը զրոյեանում է, երբ տեսնում ես, թէ ինչպէս է դէպի Վրաստան տանող միջպետական մայրուղին` արտաքին աշխարհի հետ կապող, տնտեսութեան կենսագործունէութեան միակ զարկերակը, մի քանի տեղ հատում Ատրպէյճանի տարածքը եւ յայտնւում հակամարտող պետութեան տարածքում: Ստացուեց, որ «բոլոր ճանապարհները պէտք է լինեն սոււերեն իշխանութեան տակ» նարատիւը շատ աւելի համապատասխանեց Ատրպէյճանի շահերին: Այդ նոյնը տեղի էր ունեցել Գորիս-կապան ճանապարհի դէպքում: Ո՞րն է լուծումը: Կամ` նոր ճանապարհային հատուածներ կառուցել, կամ որպէս հիմնական կապուղի օգտագործել Բաւրայի անցակէտով դէպի Վրաստան տանող ճանապարհը: Էլ չեմ խօսում գազատարի անվտանգութեան եւ նորմալ գործունէութեան երաշխիքների մասին:

Կարծում եմ, որ ժամանակն է` իշխանութիւնն ու ընդդիմութիւնը նստեն կողք կողքի ու փորձեն հասկանալ, թէ ինչու են ատրպէյճանցիներն այդքան համարձակ ու լկտի դարձել, որ կարող են ՀՀ-ում ընթացող ամէն մի գործընթացի միջամտել: Սա նշանակում է, որ հասարակութեան մէջ ամէն մի պառակտուած վիճակ նրանց համար ստեղծում է նման հնարաւորութիւն: Կարծում եմ, որեւէ պարագայում չի կարելի մեր խնդիրները հանել դուրս ու դարձնել այս կամ այն երկրի, առաւել եւս` թշնամի երկրների միջամտութեան հնարաւորութեան միջոց: Այդ կարեւոր գործն արժանապատիւ գլուխ բերելու համար երեք բան է անհրաժեշտ` համբերատարութիւն, հաստատակամութիւն ու նաեւ գիտակցում, որ մեզանից իւրաքանչիւրն իր թէկուզ շատ փոքրիկ լուման ունի ներդնելու մեր հայրենիքի ու պետութեան հիւանդ մարմինն առողջացնելու հարցում: Այնինչ, տեղի են ունենում գործընթացներ, որոնց  ամէնից շատը ինքս չէի ցանկանայ հաւատալ: Եւ այսպէս`

Օր առաջին: Մարդկանց հոծ բազմութիւն Հանրապետութեան հրապարակում: Բագրատ սրբազանը յայտարարում է համբերատար պայքարի անհրաժեշտութեան մասին: Օր երկրորդ: Քաղաքական ընդդիմութեան մի հատուած «իր ռեսուրս»  թոյլ է աշխատեցնում: Շարքերը նօսրանում են, ինչը տեղի է տալիս յուսահատական բնոյթի խօսակցութիւնների: Օր երրորդ: Ընդդիմութեան մէջ սկսում են ի յայտ գալ ընդդիմութեան շերտեր: Յուսահատութիւնը սկսւում է գեներացուել: Օր Չորրորդ: Սկիզբ է առնում հանրահաւաքի առաջնորդների վարկաբեկման գործընթացը: Զանազան զուգորդութիւններ նախկին շարժումների անյաջողութիւնների հետ, շահադիտական քննադատութիւններ: Օր հինգերորդ: Քնում են «քննադատները» եւ ծնւում են դաւադրական տեսութիւններ, որոնք շարժումը կապում են իշխանութիւնների հետ: Օր վեցերորդ: Սկսում են աշխարհաքաղաքական հարթութեան մէջ փնտռել տափակ հիմնաւորումներ: Այսինքն,  6-րդ օրուայ աւարտին շարժումն այլեւս միարժէք չի ընկալւում: Լրացման կարգով աւելացնեմ, որ ամէն շարժում իր ծաւալմամբ ու բովանդակութեամբ, այնուհանդերձ, իւրայատուկ է: Հետեւաբար շատ կը ցանկանայի, որ այս պայքարը արդիւնքի առումով եւս լինէր իւրայատուկ:

Այնուամենայնիւ աստիճանաբար պարզ է դառնում, որ Հայաստանին մնաց քաղաքակիրթ աշխարհին մի ստուգարք յանձնելու` սեփական ուժերով սահմանները պաշտպանելու կարողութիւնը: Եթէ դա էլ չկարողացանք, աղօթք կարդանք, եւ նետուենք անդունդը, գուցէ Բարձրեալը մեզ կ’օգնի: Բայց մինչ այդ անհրաժեշտ է դաւաճանութիւն գործած բոլոր անհատների նկատմամբ անաչառ դատավարութիւն ապահովել: Ի հարկէ, պարզից էլ պարզ ճշմարտութիւն է, որ ամէն ինչ օրերից մի օր աւարտւում է. կը լինի պայքար, պատերազմ, թէ իշխանութիւն: Այս ամէնը դէպի յաւերժը գնացող երկար ճանապարհի չնչին մասերն են ուղղակի, թէեւ ոմանք այդ յաւերժին ու յաւերժի ստեղծողին չեն հաւատում եւ չհաւատալով վնասում եւ վիրաւորում են պարզ մարդկանց, հոգեւորականներին, եկեղեցուն եւ … Աստծուն` վնասելով եւ փոթորկելով մարդկանց հոգիները եւ կեանքը: Բայց, փա՜ռք Աստծոյ, աւարտը եւ վերջը գալու է, եւ մենք բոլորս շարունակելու ենք ապրել նոյն երկրի վրայ եւ ստիպուած ենք լինելու նայել միմեանց աչքերի մէջ: Գոնէ ստիպուած ենք լինելու, եւ սա հաստատ, մեր խղճի հայելու մէջ նայելու: Ին՞չ կը տեսնենք այնտեղ, ինչպէ՞ս կը կանգնենք այդ ժամանակ, հայեացքներս ու՞ր պիտի թաքցնենք …. սրանք են կարեւոր: Հարկաւոր է մաքուր, արժանապատիւ, պատուով, ուրիշին չվիրաւորելով, չծաղրելով , անմաղձ, տղամարդավարի անցնենք մեզ բաժին հասած ճանապարհը եւ լիաթոք վայելենք լուսաւոր ապագան, որին ես` անուղղելի լաւատեսս, լիովին հաւատում եմ:

 

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրօֆէսօր

Երեւան

«Պայքար» շաբաթաթերթ