Պետութիւնները ներսից են նեխում,
իսկ արտաքին թշնամիները պարզապէս
գործն աւարտին են հասցնում:
Կոնֆուցիոս
Խառնաշփոթուած մեր երկրում ժամանակաւոր դադար է, տագնապալից անդորր: Չգիտեմ ինչ հիմքերով, սակայն ստեղծուած տխուր կացութեան համար բոլորն իրար են մեղադրում: Զգացւում է, որ ինչ որ խմորումներ են տեղի ունենում, բայց բացի սոցցանցերում յայտնուած կցկտուր միմեանց հասցէին հնչող հայհոյախառն մեղադրանքներից, ոչնչից աւելի հասարակութիւնը տեղեակ չի: Այդ ամէնով հանդերձ, օդում տագնապ, անհանգստութիւն ու անորոշութիւն կայ: Դրա արդիւնքում էլ այսօր մենք ունենք հասարակութիւն, որ տագնապից կծկուել է: Ունենք իրականութիւն, որտեղ խօսոյթներն այնքան են ծայրայեղացել, որ կողմերն արդէն այրում են հետագայում երկխօսութեան որեւէ հնարաւորութիւն տուող բոլոր կամուրջները: Թիրախաւորւում են մեդիան եւ մարդիկ: Նրանք, ովքեր պիտի խօսէին, ընտրովի լռում են: Պէտք է հասկանալ, որ խօսքի ազատութիւնը հաճելի աղանդեր չէ հասարակութեան համար: Նկատելի է, որ բոլորն իրար քննադատում են: Մոռանալով, որ քննադատելն ամենահեշտն է: Իսկ, այ, հետաքրքիր է, որեւիցէ մէկը ելք, ճշմարիտ ուղի, տեսլական, ճանապարհային քարտէզ ունի՞ առաջարկելու: Եթէ` ոչ, ապա աւելի լաւ չէ՞ր լինի լռել ու ոչինչ չասել:
Պատմաբանիս դիտակէտից բաւականին ընդհանրութիւններ են նկատելի 1918-1920 թթ. հարաւ կովկասեան աշխարհաքաղաքական համայնապատկերի հետ: Այն ժամանակ էլ Վրաստանը թեքուած էր դէպի Արեւմուտք, Ատըրպէյճանը` դէպի Թուրքիա, Հայաստանը` սրտատրոփ սպասելով Սեւրի պայմանագրին, եւս հակուել էր դէպի Արեւմուտք: Իսկ Ռուսական կայսրութեան տարածքում արիւնալի քաղաքացիական պատերազմ էր` բոլշեւիկների եւ Անտանտի կողմից սնուող սպիտակների միջեւ: 124 տարի անց էլ շատ բան չի փոխուել: Այսօր էլ քաղաքացիական պատերազմ է արեւմուտքից սնուող ուկրաինական հակառուսական վարչակարգի եւ Ռուսաստանի Դաշնութեան (ՌԴ) հակա արեւմտեան իշխանութեան միջեւ: Ռուսական ազդեցութեան վակումի պայմաններում Հարաւ կովկասեան աշխարհաքաղաքական համայնապատկերում շատ բան չի փոխուել: Նկատւում է արեւմտամէտ Վրաստանի նոր քաղաքական վարքը` դրեյֆ (նաւախոտորում` շարժուող նաւի քշուելը քամիների եւ հոսանքների ազդեցութեամբ) արեւմուտքից դէպի հիւսիս (ԵՄ/ ԱՄՆ տանդեմից հիասթափութեան մեծ չափաբաժինով), Ատրպէյճան` Թուրքիայի հետ տնտեսական եւ ռազմաքաղաքական երեսնամեայ համարկում «ինտէգրացիա» եւ սիրոյ խոստովանութիւն առ հիւսիսային հարեւանին, առայժմ սպասումներով: Հայաստան` սպասումներ ժողովրդավարութիւնից եւ Արեւմուտքից, կորուստներ թուրք-ատրպէյճանական տանդեմի հարուածներից, Սեւրի փոխարէն նոր Ալեքսանդրոպոլի պայմանագրի վախեր: Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական անորոշութեան լուծման բանալին ռուս-ուքրանական քաղաքացիական պատերազմում է: Այնպէս ինչպէս հարիւր քսանչորս տարի առաջ: Երեք պետութիւնների արտաքին քաղաքական վեկտորի ուղղուածութիւնն ու քաղաքական ռեժիմների բնոյթը պայմանաւորուած է այդ պատերազմի աւարտական արդիւնքներից: Անչափ կարեւոր է այսօր, որպէսզի յաւակնոտ յայտարարութիւններ անելու փոխարէն, կարողանանք պատմութեան քաղաքական դասերն հաշուի առնելով կանխատեսումներ կատարել:
Երբեմն հարց է հնչում, թէ ազատ, անկախ ու միացեալ երկիրը որն է: Դա ազատ, ինքնիշխան, ժողովրդավար եւ անկախ պետութիւնն է, որի սահմանները որոշուած, ճանաչուած եւ երաշխաւորուած են միջազգային իրաւունքով եւ ոչ թէ ինչ որ թերուսների քմահաճոյքով: Յայտնի իրողութիւն է` գնալու տեղ չունեցողներին ճամբից չես շեղի: Այնպէս որ, յարգելի Արեւմտեան երկրներ, եթէ մերօրեայ հայաստանեան բարդ ու, ցաւօք արդէն արիւնոտուած պատկերներից ձեր ծպտունը դուրս չի գալիս, ապա այլեւս դժուար թէ որեւէ ազգի «ժողովրդավարութեան» մասին հեքիաթով հնարաւոր լինի կերակրել: Ձեր գլխաւոր` նախկինում փչած փուչիկն այն մասին, թէ դուք երկրները տանում էք դէպի ժողովրդավարութիւն, ծակծկւում ու պայթում է Երեւանի փողոցներում: Քանզի Հայաստանն աստիճանաբար շարքային բռնապետութեան երանգներ է ձեռք բերում եւ այստեղ արդէն բռնութիւն գործադրողներին ծափահարում են ու կերակրում: Ու ոչ մի դէպքում չեն պատժում: Այնինչ, ոչ ոք իրաւունք չունի` վախի սպառնալիքի ահաբեկչութեան միջոցով արգելել այն, ինչը որ մարդուն ի վերուստ բնութեան եւ Աստծոյ կողմից է տրուած: Նոպէլեան մրցանակակիր ռուս գրող Ալեքսանդր Սօլժենիցինն էր զգուշացնում, որ անսահմանափակ իշխանութիւնը սահմանափակ մարդկանց ձեռքում միշտ յանգեցնում է դաժանութեան:
Չգիտեմ ինչպէս եղաւ, բայց հասել ենք մի հանգրուանի, երբ նիւթականն է որոշիչ դարձել ամէն ինչում: Իսկ Եթէ հայը անկախ Հայաստանի գաղափարի եւ նիւթականի միջեւ ընտրում է նիւթականը, ապա ժամանակի ընթացքում կը կորցնի ամէն ինչ` ներառեալ նաեւ նիւթականը: Չեմ կարող նաեւ չզգուշացնել, որ մի քանի տարի առաջ «մերժիր Սերժին» կոչով, առանց Հայաստանի ապագայի վերաբերեալ քաղաքական յստակութիւն պահանջելու, մերժեցիք Սերժերին, սակայն փոխարէնը ստացանք մեծաքանակ մարդկային ու տարածքային կորուստներ: Այսօր էլ` առանց պատկերացում ունենալու, թէ ինչպիսին է լինելու վաղուան Հայաստանը, փորձում ենք մերժել ներկայ վարչակարգը: Հետեւապէս, կարծում եմ, որ անհրաժեշտ է աւելի զգօն ու սթափ, հաւասարակշռուած ու ապագանատես լինել, որ ցաւաշատ պատմութիւնը նորից չկրկնուի: Փողոց դուրս եկած մարդկանց բացատրել, թէ ինչպիսի Հայաստանի համար են նրանք կռիւ մղում. իրապէս յանուն անկախ ու հզօր Հայաստանի՞, ռուսական մարզ Հայաստանի՞, ԱՄՆ շահերի տարածք Հայաստանի՞, թուրքական վիլայեթ Հայաստանի՞, թէ՞ արկածախնդիր մէկի, որ գայ իշխանութեան:
Ալեքսանդր Մակեդոնացին ասել է, որ ոչխարների բանակը, որն առաջնորդում է առիւծը, միշտ աւելի ուժեղ է, քան առիւծների բանակը, որի առաջնորդը ոչխար է: Յետոյ էլ ուրիշի խելքն օգտագործելու համար էլ խելք ունենալ է պէտք: Պէտք չէ մոռանալ նաեւ, որ յիմար հայրենասէրները խելացի թշնամիներից վտանգաւոր են եւ կարող են կործանել երկիրը, որպիսի փորձ, ցաւօք, ժամանակի ընթացքում շատ ենք ունեցել: Եթէ առաջ վախենում էի, որ յիմարը նորմալ է դարձել, հիմա վախենում եմ, որ յիմարը իտէալ կը դառնայ, իսկ այդ դէպքում վայ խելացի մարդկանց: Անգլիացի գրող, «Գեղեցիկ նոր աշխարհ» (1932) նշանաւոր հակաուտոպիստական երգիծական վէպի հեղինակ Օլդոս Հաքսլին զգուշացնում էր, որ յիմարների երկրում խելօքը թագաւոր չի դառնայ: Իսկ մենք Արեւմտեան արժէքներից ենք գայթակղուած, Ազգայինը ուրացել ենք եւ ինքներս մեզ կը կործանենք: Միշտ ուղղակի պարտաւոր ենք յիշել, որ գիտելիքը ուժ է, տգիտութիւնը` աշխատուժ եւ երբեք չպէտք է փորձենք ուրիշի խելքով սեփական յիմարութիւնը քօղարկել: Հարկաւոր է, օդի նման անհրաժեշտ է, որ այս դժուարին օրերին կարողանանք ազգովի համերաշխուել, համախմբուել եւ մեզ նետած մարտահրաւէրներին արժանապատիւ պատասխանել: Այնպէս որ, Հայ ժողովուրդ, Ազգ հայոց, քեզ մի փրկութեան ճանապարհ է մնացել, ինքնափրկուել ու տէր կանգնել երկրիդ, միաբանուել խաչով ու սրով: Եւ եթէ հարկաւոր լինի ծնկի գալ, ապա միայն աղօթելու համար….
Հարկաւոր է յիշել նաեւ, որ մեր Ազգը երբեք չի ունեցել ինքնամաքրման այսպիսի պատմական հնարաւորութիւն: Հարկաւոր է ձերբազատուել իշխանատենչութեան հմայքից, քանզի ով մի անգամ նայել է իշխանութեան երեսին, նա այլեւս երբեք չի կարողանում հայեացքը փախցնել, մնում է հմայուած եւ գերուած դրանով: Ով գէթ մէկ անգամ զգացել է իշխանութեան եւ տիրակալութեան արբեցնող հաճոյքը, նա այլեւս երբեք ի վիճակի չէ հրաժարուել դրանից: Նայենք համաշխարհային պատմութեանը` փնտռելով կամաւոր հրաժարման օրինակներ: Բացառութեամբ Սուլլայի եւ Կառլոս V-ի` հազարաւոր ու տասնեակ հազարաւոր մարդկանց մէջ հազիւ թէ լինի մէկ տասնեակ մարդ, ով, յագեցած իշխանութիւնից, սթափ միտք ունենալով հրաժարուել է իշխանութիւնից` միլիոնաւոր իր նմանների ճակատագրի դերը խաղալու համարեա սրբապիղծ այդ կրքից: Ինչպէս խաղամոլը չի կարող հրաժարուել խաղից, հարբեցողը` խմիչքից, որսագողը` որսից, այդպէս էլ` իշխանութիւն ունեցողը չի կարող հրաժարուել իշխանութիւնից: Հարկաւոր է յստակ իմանալ, որ մարդու միակ վստահելի յենարանը` սեփական ողնաշարն է: Եթէ ջարդուեց` Երկրագնդի առանցքն էլ յենասիւն չի դառնայ: Յետոյ էլ` էժան վաճառուողին` թանկ չեն գնի: Ժամանակներն այսպիսին են, որ արժանապատուութեան լռութիւնն աւելի ազդեցիկ է, քան անբարոյականութեան գոռգոռոցը եւ շատ խղճուկ է սեփական անմտութիւնն ուրիշի յիմարութեամբ արդարացնելը…
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
ՊԳԴ, փրօֆէսօր
Երեւան
«Պայքար» շաբաթաթերթ