ԽՈՉԸՆԴՈՏԸ ՎԵՐԱՑՆԵԼՆ ԱՒԵԼԻ ՃԻՇԴ Է, ՔԱՆ ՇՐՋԱՆՑԵԼԸ

Ափսոս որ կեանքը չունի սեւագիր, այնքան բան կարելի էր ուղղել…

 

Ֆրանսիական մի լաւ յորդոր-խրատ կայ` ուշադիր նայի՛ր, թէ ուր ես գնում: Բայց եւ մի մոռացի՛ր, թէ որտեղից ես գալիս: Իսկ պալար այն դէպքերում, ինչպէս հիմա մեզանում է արւում, երբ զրպարտւում եւ կոխկրտւում է անցեալը` ներկան դառնում է անասելի գորշ, իսկ ապագան` մռայլ ու անորոշ: Ուզում եմ դիմել ժողովրդիս. հայ ազգ, մէջքդ ուղիղ պահիր ու մի՛ թոյլ տուր, որ ջնջեն քո պատմական յիշողութիւնը: Քանզի այն մեր ինքնութիւնն է. մոռանալով դարաւոր մշակոյթն ու անցեալը` կը զրկուենք աշխարհում մեզ ամուր պահող յենարան-արմատներից եւ կ’ուրախացնենք մեր թշնամիներին, որոնք 21-րդ դարում փորձում են ստից ու այլ ազգերից փախցրած գողօնից իրենց համար վաղնջական պատմութիւն ծեփել: Բայց ես` անուղղելի լաւատեսս, յոյսով ու հաւատով սպասում եմ հայրենիքիս փրկութեան իրական պայքարին: Չէի ուզենայ եւս մէկ անգամ յուսահատուել ու հիասթափուել: Չէի ուզենայ ականատես լինել մի իրողութեան, որում ամենացաւալին անինքնասիրութիւնն է, որը մեզ բոլորիս` անբացա՛ռ, ազգովի, խայտառակում է: Չէի ուզենայ հաւատալ, որ Արցախի յանձնումից յետոյ Հայաստանում փառատօների պակաս չկայ: Որ մեզանում փաստօրէն ամէն ինչի փառատօն կայ, բացի հայի արժանապատուութեան փառատօնից: Տպաւորութիւն է, որ կարծես աշխարհում կատարուող իրադարձութիւնները մեզ հետ կապ չունեն: Այնինչ, հենց այսօր է անհրաժեշտ քննել անցեալի սխալները, որպէսզի եթէ չուղղենք, գոնէ այսուհետ գոնէ խուսափենք դրանցից…

Չգիտեմ չե՞նք հասկանում, թէ՞ չենք ուզում ըմբռնել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ այսօր աշխարհում ամենատագնապալի վիճակն է, եւ դա չի կարող մեզ վրայ չանդրադառնալ: Ակամայ մտաբերեցի 1994 թուականը, որն Ատրպէյճանի համար խորհրդանշական եղաւ: Չնայած Արցախեան պատերազմում կրած ռազմական պարտութեանը, այդ պետութիւնը, խուսափելով կապիտուլիացիայից, ռազմավարական յաղթանակ տարաւ: Մենք ընդունեցինք հրադադարի համաձայնագիրը, ստորագրեցինք Պիշքեքիան արձանագրութիւնը եւ դրանով Պաքուին ռեւանշի պատրաստուելու հնարաւորութիւն ընձեռեցինք: Հայտար Ալիեւին յաջողուեց իր երկրի էներգետիկ ներուժը «վաճառել» առաջատար համաշխարհային տէրութիւններին (Ռուսաստան, Մեծն Բրիտանիա, Միացեալ Նահանգներ, Ճափոնիա), որոնք հայերին համոզեցին իրենց ռազմական յաջողութիւնը ծաւալելու եւ ամրացնելու անհրաժեշտութեան բացակայութեան մէջ: Դրա արդիւնքում այն ժամանակուայ մեր ղեկավարութիւնը հեշտութեամբ համաձայնեց եւ հակառակորդին ի պատասխան հիմնաւոր պահանջներ չներկայացրեց: Դրանով ատրպէյճանական կողմը նաեւ միջազգային լոպպիիստական ցանց կառուցելու հնարաւորութիւն ստացաւ եւ յաջորդ 25 տարիները ցոյց տուեցին, որ դա նրանց յաջողուեց անել:

Ասում են, թէ «դիւանագիտութիւնը հնարաւորինի արուեստն» է: Ըմբռնելով դա եւ ճիշդ կողմնորոշուելով` չնայած, որ 90-ականների սկզբին այնտեղ շօշափելի հայկական տարր եւ ազդեցիկ գործիչներ կային (oրինակ` Գալիֆորնիայի այն ժամանակուայ նահանգապետ Ճորճ Տէօքմէճեանը երկրի ամենաազդեցիկ հանրապետականների եռեակում էր), ատրպէյճանցիների լոպպիիստական աշխատանքի հիմնական ուղղութիւնը դարձաւ ԱՄՆ-ը: Ատրպէյճանի հետ դեմոկրատ Պիլ Քլինթընի օրօք ստորագրուած «Դարի նաւթային պայմանագիրը» փոխեց ուժերի դասաւորութիւնը: ԱՄՆ-ի նաւթային ընկերութիւնները կտրուկ կրճատեցին հանրապետականների պիւտճէ ներդրումները եւ թեքուեցին դէպի դեմոկրատները: Եւ այդ ֆինանսական հոսքերի վերաբաշխումը կանխորոշեց 1996 թ. նախագահական քարոզարշաւի ճակատագիրը: Հասկանալով դա, Տէօքմէճեանը դուրս եկաւ քաղաքական պայքարից: Քլինթընների արգանզասեան գլանը, ի տարբերութիւն Մասաչուսէցի ու Տելաւերի դեմոկրատական Քենետիների խմբաւորման, հայութեան հետ ոչ մի առնչութիւն չունէր: Քլինթընի վարչակազմը «Ազատութեանն աջակցելու բանաձեւի» 907-րդ բաժինը, որ ամերիկա-ատրպէյճանական քաղաքական եւ տնտեսական երկխօսութեան ընդլայնման համար խոչընդոտներ էր յարուցանում, 1999 թ. չեղեալ յայտարարեց: Հմտօրէն օգտագործելով նաեւ Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողութիւնը, Պաքուն կարողացաւ սերտ կապեր հաստատել նաեւ ռազմա-հետախուզական լոպպիի հետ: Այսինքն, ի տարբերութիւն ի Հայաստանի, Ատրպէյճանը ուժի բոլոր կեդրոնների հետ որդեգրել էր աշխարհաքաղաքական դիւերսիֆիկացման ուղեգիծ: Պաքուն կարողացաւ իրեն ներկայացնել ոչ միայն էներգառեսուրսների այլընտրանքային աղբիւր, այլ նաեւ Ռուսաստանին եւ Իրանին զսպելու միջոցի: Իսկ Երեւանը, մատների արանքով նայելով այդ ամէնին` բաւարարուեց Մոսկուայի կողմից տրամադրած անվտանգութեան ոչ այնքան յուսալի հովանոցով: Ասել է թէ Պաքուն  հեշտութեամբ ստեղծեց Հայաստանի որպէս անլուրջ եւ ոչ ինքնուրոյն, Ռուսաստանին եւ Իրանին անմտօրէն նուիրուած երկրի կերպարը:

Պատահական չի, որ Ատրպէյճանի հետ համագործակցութեան լոպպիինկով սկսեցին զբաղուել ամերիկեան այնպիսի ազդեցիկ դէմքեր, ինչպիսիք են Նիքսընի վարչակազմում պետքարտուղար Հենրի Քիսինճըրը, Քարթերի վարչակազմում ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Զպիկնեւ Պժեզինսքին, Պուշ կրտսերի օրօք փոխնախագահ Տիք Չէյնին, ԿՎՀ վարչութեան տնօրէն եւ պաշտպանութեան նախարար Լէոն Փանեթան եւ պաշտպանութեան նախարար Ռոպերթ Կեյթսը: Մոսկուան, տեսնելով Ատրպէյճանի Արեւմուտքի հետ այդ մերձեցումը եւ հասկանալով, որ  Հայաստանը «գնալու տեղ չունի», եւս շրջուեց դէպի  Ատրպէյճան: Ատրպէյճանական լոպպիի միւս թիրախը դարձաւ Իսրայէլը: Պաքուն Թել Աւիւին առաջարկեց էներգառեսուրսներ, ներդրումներ, հրէական համայնքին բարեհաճ վերաբերմունք եւ այլն: Ի պատասխան իսրայէլացիները սկսեցին ժամանակակից սպառազինութիւն վաճառել Ատրպէյճանին եւ նրանց համար խելացի կադրեր պատրաստել: Մօտաւոր տուեալներով Ատրպէյճանը լոպպիիստական գործունէութեան համար տարեկան աւելի քան 1,5 մլն տոլար է յատկացնում, մինչդեռ Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում դրա վրայ ծախսել է ընդամէնը 55 հազար տոլար: Եւ դա այն դէպքում, երբ 2023 թ. ռեփըր Սնուփ Տոկի համերգի համար մօտ 6 մլն տոլար էր յատկացրել:

Այսպիսով, ընդամէնը 25 տարուայ ընթացքում Ատրպէյճանին յաջողուեց ստեղծել բազմաշերտ լոպպիիստական մեքենայ, որը բաւականին արդիւնաւէտ պաշտպանում է իրենց շահերը: Արդիւնքներն ակնյայտ են: Արցախի դէմ ագրեսիայի եւ այնտեղից ողջ հայ բնակչութիւնը (150 հազար մարդ) վտարելու, հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան ոչնչացման, Հայաստանի տարածքների օկուպացիայի եւ սաստկացող վերջնագրային պահանջների համար որեւէ լուրջ պատասխանատուութեան բացակայութիւն: Սպիտակ տունը չի պատժում Պաքուին իրենց պատմական հողի վրայ հարիւրաւոր տարիներ ապրած հայ բնակչութեան փաստացի էթնիկ զտումների համար: Ընդհակառակը աւելի է խորացնում յարաբերութիւնները նրա հետ: Եւ այս ամէնը տեղի է ունենում երեւանեան իշխանութիւնների անգործունեայ դիտման ներքոյ եւ հայկական լոպպիի դեգրադացիայի գործընթացին զուգահեռ:

Անկեղծ լինենք` այս տխուր իրավիճակը մէկ օրում չառաջացաւ: 1990-ականներից սկսած մինչեւ օրս շարունակւում է անցեալից դասեր չքաղած եւ մեծ տէրութիւնների խարդաւանքներով գայթակղուած հանրապետութիւնների` Հայաստանի ու Ատրպէյճանի, խաղաղութիւնից ամէն օր հեռանալու գործընթացը: Սխալներն էլ բնականաբար երկկողմանի են: 1998 թուականից Հայաստանն առաջնորդւում էր առաւելապաշտութեամբ եւ Ատրպէյճանին անհնար պայմաններ ու պահանջներ ներկայացնելով: Հայկական խօսոյթում բացակայում էր պարտուած երկրի հետ բանակցելու հնարաւորութիւնը, էլ չեմ ասում` անհրաժեշտութիւնը: Ընդհակառակը, առաջնային փլան էր մղւում ոսոխին վերջնականապէս ծնկի բերելու, ստորացնելու ցանկութիւնը: Այդ զգացմունքայնութեամբ եւ բանակցելու արուեստին չտիրապետելու արդիւնքում կառուցողական մօտեցումներն ու փոխշահաւէտ փոխզիջումները բացառւում էին, որոնք էլ յանգեցրին այսօրուայ ցաւոտ իրողութիւններին: Հիմա էլ օրակարգային են դարձրել դէպի Արեւմուտք գնալու ուղենիշը: Ուզում եմ հարցնել հարուստ երկրների զարգացման ճանապարհով գնալու կողմնակիցներին` տեսած կա՞ք, որ ճաշատեսակներն ուսումնասիրելով` հնարաւոր դառնայ քաղցը յագեցնել: Ի հարկէ ոչ: Ուղղակի դա մի գործընթաց է, երբ մահացու ճշմարտութիւնից փրկուելու համար մենք մեզ թունաւորում ենք ստով: Չգիտես, ազգի գենետիկ բանկն է ճաք տուել, թէ մեր տարածք օտար գեն է սողոսկել: Չհասկացանք, որ փաստօրէն, մարդու եւ շան նմանութիւնը հաւատարմութեան մէջ չէ՛, այլ հաչելու, կատաղելու եւ կծելու մէջ է: Մի բան պարզ է, որ հաստատ մի բան էն չի: Վերջապէս, այդպէս էլ չենք ուզում ընդունել, որ խոչընդոտը վերացնելն աւելի ճիշդ է, քան շրջանցելը…

 

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրօֆէսօր

Երեւան

13.08.2024

«Պայքար» շաբաթաթերթ