ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ. «ԱՐՑԱԽԸ ԱՆՑԵԱԼ ՉԷ, ԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է»

ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղերձ յղած է Արցախի Հանրապետութեան անկախութեան օրուան առիթով.

«Սիրելի ժողովուրդ,

Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախութեան օրն է:

Արցախի բռնազաւթման և ամբողջական հայաթափման պայմաններում մենք շարունակում ենք նշել պատմական այս օրը, քանզի Արցախն անցեալ չէ, այն պատմական հայրենիք է, ուր արցախահայութիւնը հազարամեակներով ապրել ու արարել է, արեամբ ու քրտինքով պաշտպանել իր ինքնութիւնը, հայրերի աւանդներն ու սրբազան արժէքները, փայփայել լուսաւոր գալիքի իր նուիրական երազները։

Մենք շարունակում ենք նշել Արցախի անկախութեան օրը նաև որպէս արդար ընդվզում ընդդէմ մեր ժողովրդի հանդէպ իրագործուած ցեղասպանութեան, բռնութեան ու ատելութեան: Բռնութիւնը չի կարող ջնջել մարդկային յիշողութիւնը և չի կարող խլացնել արդարութեան ձայնը: Մենք հաւատում ենք, որ պատմական մեր յիշատակները և մեր նախնեաց սխրանքները զօրացնելու են մեզ և մեր ժողովուրդը հաւատով ու յոյսով յաղթահարելու է պատերազմի աղէտալի հետևանքները, հայրենասէր ու ազգանուէր ոգով հետամուտ է լինելու իր համազգային իղձերի ու տեսիլքների իրականացմանը:

Արցախի Անկախութեան օրուան յիշատակումը ևս մեկ պատգամ է մեր ժողովրդին և մարդասիրութեան բարձր արժէքների ջատագով միջազգային հանրութեանը՝ գործուն ջանքեր ներդնելու յանուն արդարութեան ու ճշմարտութեան յաղթանակի, յանուն արցախահայութեան ոտնահարուած իրաւունքների պաշտպանութեան և Արցախի հայկական բազմադարեայ հոգևոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան:

Նուիրական այս օրը մեր սրտաբուխ աղօթքը բարձրացնենք առ Աստուած յանուն Արցախի ազատագրութեան ու պաշտպանութեան իրենց կեանքն ընծայած բոլոր քաջորդիների, ինչպէս եւ Տիրոջ օգնականութիւնը հայցենք Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարների և գերեվարուած մեր բոլոր զաւակների շուտափոյթ ազատ արձակման համար:

Թող Երկնաւոր Տէրը միշտ առկայծ պահի մեր ժողովրդի զաւակների հոգիներում սէրն ու հաւատարմութիւնը հանդէպ հայրենի երկիրը, խաղաղութիւն ու մխիթարութիւն սփռի հայրենական մեր կեանքում և դէպի լուսաւոր ու յաղթական հանգրուաններ առաջնորդի համայն ազգս:

Ամէն»։