Սերժ Սարգսեան. «Հայաստանի զինուած ուժերը դարձան այն առաջին քարերը, որոնք դրուեցան մեր պետականաշինութեան հիմքին»

Բանակի օրուան առթիւ, ծառայողական պարտականութիւնները կատարելու ընթացքին ցուցաբերած նուիրումի եւ խիզախութեան, մատուցած նշանակալի ծառայութիւններուն համար խումբ մը զինծառայողներ պարգեւատրուած են պետական պարգեւներով, արժանացած զինուորական բարձր կոչումներու:

ՀՀ Նախագահի նստավայրին մէջ Չորեքշաբթի՝ 27 Յունուար 2016-ին, կայացաւ պարգեւատրման հանդիսաւոր արարողութիւնը: ՀՀ Նախագահ, զինուած ուժերու գերագոյն գլխաւոր հրամանատար Սերժ Սարգսեան շնորհաւորական ուղերձ յղած է Բանակի օրուան առթիւ, նաեւ շնորհաւորած է պարգեւատրուածները` հայրենիքի բարձր պարգեւներուն ու կոչումներուն արժանանալու առիթով: Այս մասին կը յայտնեն ՀՀ նախագահի մամուլի գրասենեակէն:

 

***
Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը Բանակի օրուան առթիւ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմօրէն շնորհաւորում եմ ձեզ Բանակի օրուայ կապակցութեամբ:

Այս տարի մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 25-րդ տարեդարձը: Արդէն քառորդ դար է, ինչ մենք ազատ ու անկախ պետականութիւն ունենք: Այս ողջ ժամանակահատուածում ոչ մի րոպէ չենք կասկածել, որ մեր երկրի 25-ամեայ ուղին անհնարին էր լինելու առանց այն բանակի, որ մենք ենք ստեղծել:

Հայաստանի զինուած ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրուեցին մեր պետականաշինութեան հիմքում: Դա ժամանակի եւ տարածաշրջանի պարտադրանքն էր: Մենք շատ լաւ գիտէինք, թէ ով ենք մենք եւ որտեղ ենք ապրում: Մենք հայ ենք եւ, լինելով Մերձաւոր Արեւելքի եւ Առաջաւոր Ասիայի հնագոյն ազգերից մէկը, ունենք հազարամեակների փորձառութիւն:

Այն ողբերգական իրադարձութիւնները, որ տեղի են ունենում այսօր Մերձաւոր Արեւելքում եւ ընդհանուր առմամբ մեզ շատ մօտ տարածքներում, ցաւալիօրէն ծանօթ են մեզ եւ կրկնուել են պարբերաբար: Մենք եղել ենք ականատեսը, ժամանակակիցն ու տարեգիրը նման իրադարձութիւնների: Մեր աչքի առջեւ են դրանք կատարուել վերջին դարերի եւ առնուազն երկու հազարամեակների ընթացքում: 25 տարի առաջ, երբ մենք ստանձնում էինք սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատուութիւնը, գիտակցում էինք, որ դա գրեթէ հաւասարազօր է մարտադաշտ մտնելուն:

Եւ մենք մտանք: Մտանք յանուն մարդու եւ ժողովրդի իրաւունքների, յանուն ազատութեան: Մենք արդէն տեսել էինք Պաքուի հայկական եկեղեցուց բարձրացող ծուխը, որ վերջին եւ ամենահամոզիչ ազդանշանն էր բոլոր կասկածողների համար: Աւելի ուշ` արդէն մեր օրերում հրկիզուած ու պայթեցուած կրօնական օջախներից բարձրացող ծուխը պիտի տեսնէր ողջ աշխարհը եւ զարմանքի ու վրդովմունքի սարսուռ ապրէր:

Մենք այդ սարսուռն ապրել ենք 1988-ից սկսած, եւ ինքնաբուխ կերպով ձեւաւորուած ինքնապաշտպանական ջոկատները առաջին քայլերն էին գոյապայքարի ճանապարհին: Մենք նաեւ գիտէինք, որ ֆիդայական շարժումը դատապարտուած է ձախողման, եթէ ժամանակին` հէնց մարտի դաշտում, չվերաճի կանոնաւոր բանակի: Հայոց կանոնաւոր բանակը` մեր յաղթական բանակը, բռնեց պատերազմի քննութիւնը, որովհետեւ այդ օրերին եւ՛ Արցախը, եւ՛ Հայաստանը, եւ՛ ողջ հայութիւնը դարձան մէկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչ մեր պատմիչն անուանում է «ասքանազեան ազգ», իսկ Սուրբ գիրքը` «ասքանազեան գունդ», որ իրենից ներկայացնում է եւ՛ երկիր, եւ՛ ժողովուրդ, եւ՛ զինուած ուժ:

Հայոց բանակի սիրելի՛ զինուորներ ու սպաներ, յարգելի՛ վեթերաններ,

Այս փառապանծ տօնը, ի հարկէ, համապետական է եւ համաժողովրդական, բայց առաջին հերթին ձեր տօնն է: Մենք վստահում ենք ձեր նուիրուածութեանը, ձեր մասնագիտական կարողութիւններին, ձեր բարձր մարտական ոգուն: Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրայ չզոհուի ոչ մի զինուոր: Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին մաղթում եմ խաղաղութիւն յանուն մեր երկրի ազատութեան, յանուն արդար աշխատանքի, որ պայմանն է ամէն մի առաջընթացի:

Յարգելի՛ պարգեւատրուածներ,

Շնորհաւորում եմ ձեզ Բանակի օրուայ եւ հայրենիքի բարձր պարգեւներին ու կոչումներին արժանանալու կապակցութեամբ:

Ձեր եւ ձեր ծառայակիցների շնորհիւ է, որ Հայաստանի զինուած ուժերը իրականացնում են իրենց առաքելութիւնը, լուծում իրենց առջեւ դրուած խնդիրները: Դուք դա իրականացնում էք պատուով ու մասնագիտական բարձր մակարդակով:

Դուք արժանաւոր յետնորդներն էք նրանց, ովքեր Արցախեան հերոսամարտի կրակների մէջ հիմքերն էին դնում մեր ապագայ բանակի: Նրանցից շատերն ընկան` մեզ պարգեւելով կեանք ու ազատութիւն: Այսօր` այս նուիրական օրը, մենք գլուխ ենք խոնարհում նրանց պայծառ յիշատակի առջեւ: Դուք այն արժանաւորներն էք, ովքեր հաւատարիմ են նահատակների պատգամներին եւ նրանց կտակած արժէքներին:

Աստուած պահապան Հայոց հողին:
Փառք հայ ժողովրդին եւ նրա ռազմիկ զաւակներին: