ԱԶԳԻ 25-ամեայ «ԱԶԳ»ը

Սամուէլ Մելքոնեան

Յոբելեար թերթին նուիրուած միջոցառումը կազմակերպուել էր Երեւանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտէտի նախաձեռնութեամբ Մարտ 2-ին:

Դասախօսական կազմը երկրորդ շարքում է նստում. առաջինում Ազգ-այիններն ու Ազգ-ականներն են:

Ազգ. Ամէն ինչ ասուած է, ամէն ինչ ներառում է իր մէջ,- ասում է գրականագէտ «Ազգ»-ի երկար տարիների հեղինակ փրոֆէսօր Վազգէն Գաբրիէլեանը:

Բացման խօսքով հանդէս եկաւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտէտի դեկան Նաղաշ Մարտիրոսեանը: Նա ներկայացրեց բոլոր պատուաւոր հիւրերին եւ շեշտեց, որ բոլորին համախմբել է «Ազգ»-ի նկատմամբ բացառիկ վերաբերմունքը, սէրը եւ հաւատը: «Ազգ»-ը երբեք վստահութեան ճգնաժամ չապրեց: Թերթի 25-ամեակը նշում ենք 2016-ին, երբ երկու հզօր յոբելեան ունենք՝ Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան 25-ամեակները: Յակոբ Աւետիքեանի խմբագրած «Ազգ»ը հաւաստում է, որ այն բացառիկ պատասխանատուութիւն ունի տպագիր խօսքի հանդէպ»,- նշեց նա:

ՀՀ Ազգային Ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զոլեանը թերթի յոբելեանի առթիւ ընթերցեց Գալուստ Սահակեանի շնորհաւորական ուղերձը:

ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, ջերմօրէն շնորհաւորեց թերթի հիմնադիր եւ գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանին եւ խմբագրակազմին յոբելեանի առթիւ: Նա մասնաւորապէս նշեց. «Այսօր հայկական լրատուական աշխարհում մեծ յոբելեան է. «Ազգ»-ի 25-ամեակն է լրանում: Ուզում եմ ջերմօրէն շնորհաւորել այս գեղեցիկ յոբելեանի առթիւ եւ մաղթել նոր յոբելեաններ:

Պարզւում է, որ «Ազգ»-ը Հայաստանի անկախութիւնից մեծ է. մենք անկախութիւնը հռչակեցինք Սեպտեմբերի 21-ին, «Ազգ»ն ստեղծուեց Փետրուարի 16-ին: Իսկ դա նշանակում է, որ անկախութիւն հռչակած պետութեան համար սփիւռքի ՌԱԿը ոտքի կանգնեց, ալեկոծուեց, ոգեւորուեց, ու գործի անցաւ: «Ազգ» օրաթերթի առաջին քայլերը շատ դժուար էին, քանի որ Հայաստանում ընդամէնը երկու ժամ լոյս կար. մենք ապրում էինք էներգետիկ ճգնաժամի եւ պատերազմի պայմաններում: «Ազգ»-ը դարձել էր մեզ մխիթարող, հոգեւոր սնունդ մատուցող թերթ, որին սպասում էինք ամէն օր: Կարծում եմ՝ թերթի անուանումը շատ խորհրդանշական է: Թերթը հասունացաւ մեր պետութեան հետ, մնաց չճկուող ու ճշմարիտ: Մեզ համար առանձնակի է «Ազգ»-ի դերակատարութիւնը, քանի որ այն դարձաւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների մեկնաբանման, մարտահրաւէրների, դժուարութիւնների յաղթահարման ուղիները մատնանշող ամէնափայլուն հարթակ»,- շեշտեց Հրանոյշ Յակոբեանը:

Նախարարը Յակոբ Աւետիքեանին պարգեւատրեց ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Յակոբ Մեղապարտ» մետալով: Անուններն օրինաչափօրէն նոյնն են,- կատակում է նախարարը: Ընթերցուեց ՀՀ Մշակոյթի նախարարի շնորհաւորական ուղերձը, ԵՊՀ ռեկտորի հրամանը՝ Յակոբ Աւետիքեանին եւ ԵՊՀ ոսկէ յուշամետալով պարգեւատրելու մասին:

Յակոբ Աւետիքեանի alma mater-ում անակնկալ ունեն՝ ԵՊՀ ոսկէ յուշամետալ:

azg 25 anniversery Sasounianazg 25 anniverseryԽօսում են Դաւիթ Պետրոսեանը, Երուանդ Տէր- Խաչատրեանը, Յարութ Սասունեանը, ուսանողները կարդում են տարբեր յօդուածներից հատուածներ, ողջ հանդիսութիւնը վարում են Անուշն ու Սամուէլը:

Ժուռնալիստների Միութեան նախագահ Աստղիկ Գէորգեանը խոստովանեց, որ «Ազգ»-ի անդաւաճան ընթերցողն է: «Ազգ»-ը պատասխանատու եւ որակեալ մամուլ է, բամբասանք, չճշտուած տեղեկատուութիւն չէք գտնի: Յակոբ Աւետիքեանն արժանացել է մեր բոլոր պարգեւներին, ինչքան ոսկի ունենք՝ տուել ենք: Շատ երջանիկ եմ, որ Աւետիքեանի ժամանակակիցն եմ»,- յաւելեց նա:

Շնորհաւորանքի ջերմ խօսքեր ասաց նաեւ «Քալիֆորնիա Քուրիըր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանը՝ շեշտելով, որ տարիներ առաջ ինքն էլ շատ բան է սովորել Յակոբ Աւետիքեանից ու կարեւորեց. «Մաքուր հայերէնով լոյս տեսնող այս թերթը մեր հայրենիքի համար մեծ նուէր է»:

Ելոյթ ունեցողները կարեւորեցին Հայաստանի Հանրապետութեան առաջին անկախ օրաթերթի հայանպաստ գործունէութիւնը:

Ուրախալի է, որ համալսարանի ուսանողները քուրսային եւ տիփլոմային աշխատանքների, գիտական ուսումնասիրութիւնների թեմա են դարձնում «ԱԶԳ»-ը: Դրանք պէտք է հաւաքենք, խմբագրենք եւ տպագրենք առանձին գրքով:

Վերջին աքորտը կոլեկտիւ լուսանկարն է: Յաջորդ հանդիպումը՝ «ԱԶԳ»-ի 50-ամեակին: