ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅՐԵՆԻ ԼՐԱԳՐՈՂ ԵՒ ԳՐՈՂ ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆԻ ՀԵՏ

Վահան Իշխանեան աւարտած է Երևանի պետ համալսարանի բանասիրական ֆակուլտետը, թղթակից և խմբագիր եղած է Հայաստանի տասնեակ թերթերու: Այժմ խմբագիրն է «Ինքնագիր» առցանց գրական պարբերականի, որ հասանելի է inknagir.org  կայքի վրայ: Հինգ գրքերի հեղինակ է, որոնցից վերջինը «Ռուսուլմանի նոթեր» (Ռուս-Իսլամ), հրատարակուած է այս տարի:

Հ- Բարի եկած էք պարոն Իշխանեան այս երկիրը և կը պատուէք ձեր ներկայութեամբ այս համեստ մշակութային տունը:  Ուրախ ենք, որ ձեզ հետ զրուցելու հնարաւորութիւնը ունինք:  Անցնող շաբաթուայ ընթացքին առիթն ունեցանք ընթերցելու ձեր նոր հեղինակած «Ռուսուլմանի նոթեր» գիրքը: Կարելի՞ է բացատրէք այդ արտակարգ անունին նշանակութիւնը, և թէ ի՞նչ բան մղած է ձեզի այդ գիրքը գրելու:

Պ-Վերջին 15 տարիների ընթացքում աշխատել եմ միայն համացանցային պարբերականներում. հետևաբար գրութիւններիս երևի մօտ 90 տոկոսը եթէ ոչ աւելին, կայքէջերի վրայ է եղել: Վերջին ութ տարիներին աշխատակցել եմ tert.am կայքում, նաև որոշ ժամանակ zham.am կայքում: 300-ից աւելի գրութիւն եմ գրել: Սակայն անցեալ տարի tert.am-ը դադարեցրեց ինձ հետ աշխատելէ  և ամբողջ արխիւը ջնջեց: Իսկ դրանից առաջ էլ արդէն zham.am-ն էր արխիւը ջնջել: Այսինքն, թերթերը կան, բայց այն պահից ինչ ինձ հետ սկսեցին չ’աշխատել, իմ բոլոր գրութիւնները ջնջեցին: Ես մի զգացողութիւն ունեցայ, որ այս ութ տարիների ամբողջ աշխատանքս գոյութիւն չունի, կարծես ինքս եղած չլինէի: Նաև հասկացայ, որ առցանց լրատուամիջոցները, գոնէ Հայաստանում, խնդիր ունեն արխիւացման, այսինքն, եթէ որևէ առցանց թերթ փակուի կամ վերաձևաւորուի, ապա հնարաւոր է նրա ամբողջ արխիւն էլ վերանայ: Այդպէս, 2002-ին աշխատել եմ առցանց մէկ այլ թերթում, որ կոչւում էր «Բացուած էջեր». այն վերացաւ, հետն էլ արխիւը վերացաւ: Ի՞նչ անել, որոշեցի առայժմ այս պահին մէկ-երկու ակտուալ թեմաներով գրութիւններից մի քանիսն առանձնացնել և գրքով տպել մեղմելու համար կորուստս: «Ռուսուլմանի նոթեր» գրքի փորձագրութիւնները վերջին 2-3 տարիների առցանց հրապարակուած  գրութիւնների մի փոքրիկ մասն է՝ ինձ անհանգստացրած երկու թեմաների վրայ ֆոկուսացուած՝ Հայաստանում հակառուսական տրամադրութիւնները և երկրի ճգնաժամի պատճառը, ի հարկէ նոր խմբագրումներով: Վերջին տարիներին, Ռուսաստան-Արևմուտք հակամարտութեան ընթացքում աշխարհում բարձրացել է հակառուսական ալիք, և դրանից զերծ չի մնացել նաև Հայաստանը: Բազմաթիւ հասարակական և քաղաքական կազմակերպութիւններ, թերթեր մշտապէս հակառուսական պրոպագանդա են տանում, ստուար մասը Արևմուտքի, յատկապէս ԱՄՆ-ի հովանաւորութեամբ են գործում, Հայաստանի ճգնաժամի մէջ մեղադրում Ռուսաստանը, յաճախ կեղծ լուրեր տարածելով ռուսական վտանգով ահաբեկում հասարակութիւնը. (մի երկու օրինակ, որ գրքումս բերուած են, վերնագրեր մամուլից «Ռուսաստանը շտապ կապիտուլիացիա է պատրաստում Ղարաբաղում»(lragir.am), Մոսկուան կարող է փորձել զոհաբերել Հայաստանի շահերը» (azatutyun.am): Հակառուսները պատմութիւնից հանում են հայ-ռուսական կնճռոտ խնդիրները, ու մանիպուլացնելով, թէ տեսէք պատմութիւնը կրկնւում է, ահաբեկում զանգուածներին: Իսկ նրանք ովքեր Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար են տրամադրուած կամ էլ թշնամաբար չեն տրամադրուած, վիրաւորւում են. այդ վիրաւորուածներից մէկն էլ ռուսուլմանն է, որ ատելութեան խօսք է մի ժողովրդի՝ ռուսների, և մի կրօնի՝ մուսուլմանութեան նկատմամբ : Եթէ գուգլով փնտռէք, բազմաթիւ նիւթեր կգան, որոնցում ռուսուլման բառով վիրաւորում են: Ինքս այդ անունը վերցրի ինձ վրայ՝ այո ես ռուսուլման եմ, և փորձեցի նախ բացայայտել  թէ ինչո՞ւ երեք տարբեր պատմական ժամանակաշրջաններում ռուսական  քաղաքականութիւնը եղել ոչ հայանպաստ, ապա թէ ինչքանով է հնարաւոր դրանց կրկնութիւնը: Գրութիւններովս փորձում եմ բացատրել, որ Հայաստանում ճգնաժամի՝ արտագաղթի ու աղքատութեան պատճառը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ էլ ղարաբաղեան հակամարտութիւնը (ինչպէս գիտէք, առաջին նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանի գլխաւորած ՀԱԿ կուսակցութիւնն էլ պնդում է թէ արտագաղթի պատճառը ղարաբաղեան հակամարտութիւնն է), որ այդ երկուսը՝ Ռուսաստանն ու ղարաբաղեան հարցը կեղծ թիրախներ են և շեղում են իրական պատճառից, որ ճգնաժամի իրական պատճառը 25 տարի իշխող նէօլիբերալ գաղափարախօսութիւնն է, ու Հայաստանում հաստատուած և դիմադրութեան չհանդիպող կապիտալիզմը: Եւ ընդհանրապէս, աշխարհում էլ՝ բազմաթիւ ճգնաժամերի պատճառը նէօլիբերալիզմն ու կապիտալիզմն է, սակայն հենց այդ ճգնաժամի հեղինակները իրենց մէջ չկարողանալով տեսնել դրանց պատճառը, կեղծ թիրախներ են ստեղծում՝ մուսուլմանութիւն կամ Ռուսաստան: Սովետական միութեան փլուզումից յետոյ իշխանութեան եկած ուժերը տարան նէօլիբերալ տնտեսական քաղաքականութիւն՝ հիմնուած սեփականաշնորհման, անձնական շահի բաւարարման վրայ, մի խումբ մարդիկ Սովետից ժառանգուած ամբողջ հարստութիւնը իրար մէջ բաժանեցին, հարստացան, իսկ հազարաւոր մարդիկ աղքատացան կամ հեռացան երկրից: Այդ քաղաքականութիւնը մինչև հիմա շարունակւում է: Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը գաղափարական ոչ մի հակամարտութիւն չունեն իշխող լիբերալիզմի հետ. ուրեմն, չկայ կապիտալիզմը զսպող, արգելակող գաղափարական ձախ հոսանք: Ահա, այս երկու խնդիրների վրայ է ֆոկուսացուած գիրքը:

Հ-Կարճ գրութիւններ ալ կան և երկար գրութիւններ կան, անպայման կապ չունի՞ մէկը միւսի հետ:

Պ-Ի հարկէ, իւրաքանչիւրը առանձին գրութիւն է: Ճիշտ նկատեցիք, երկու նիւթն են ծաւալուն, որ աւելի  ուսումնասիրութիւններ են՝ «Ռուսաֆոբիայի վերածնունդը» և «Մարտահրաւէր արդարութեանը»: Միւսները փորձագրութիւններ են՝ սիւնակային: Գուցէ ոչ բոլոր ընթերցողները տեսնեն գրութիւնների մէջ այն կապը, ինչ ես եմ տեսնում:

Հ-Սովետական շրջանին թերեւս հասկնալի էր ամէն հարցի պատճառ նկատել Ռուսաստանը, բայց Հայաստանի անկախացումէն ետք ալ այդ մտայնութիւնը կը թուի թէ չէ փոխուած:

Պ-Հայաստանի բնակչութեան մի ստուար մասը կապուած է Ռուսաստանի հետ, օրինակ տարեկան մօտ 100 հազար հոգի գնում է Ռուսաստան աշխատելու. այլ երկրներ շատ քիչ են գնում: Ի հարկէ, այդ մարդիկ գնում են Ռուսաստան աշխատելու, ոչ թէ Ռուսաստանի նկատմամբ սիրուց. գնում են, քանի որ Ռուսաստանի հետ սահմանը բաց է, տոմս առ գնա: Հայ աշխատաւորի համար գուցէ աւելի յարմար լինի գնալ Նորվեգիա աշխատելու, սակայն  արևմտեան երկրները փակել են նրանց առաջ սահմանը, շատ քչերն են մուտքի թոյլտուութիւն ստանում: Այսուհանդերձ, Հայաստանի ակտիւ մասը,այսպէս կոչուած քաղաքացիական հասարակութիւնը, մանաւանդ վերջին տասը տարիներին, ռուսաֆոբ է: Այդ հակառուս քարոզչութիւնը մամուլով է տարածւում, և շարքային մարդիկ, ովքեր ամեն օր լսում են «Ազատութիւն» ռատիօ կամ կարդում են «Լրագիր» թերթը, և նրանց ասում են, թէ Ռուսատանը ինչքան վատ բաներ է պատրաստւում անել Հայաստանի դէմ, դառնում են ռուսաֆոբ, և հետզհետէ հասարակութեան մէջ աւելի է տարածւում ռուսաֆոբիան ու տալիս վտանգաւոր արդիւնքներ: Ես էլ ընթերցող եմ, և զգալով թէ ինչպէս կարող է այդ պրոպագանդան ազդել, որոշեցի գրել «ռուսաֆոբիայի վտանգը», ցոյց տալ թէ ինչպէս պատմութեան ընթացքում երբ Արևմուտք-Ռուսաստան հակամարտութեան ժամանակ Հայաստանի վերնախաւը Արևմուտքի քաղաքական կցորդն է դառնում, հակասութեան մէջ է մտնում Ռուսաստանի հետ, արդիւնքում  կորուստներ է ունենում: Այժմ էլ ռուսաֆոբ ուժերը Արևմուտքի կցորդն են: Միւս խնդիրն էլ այն է, որ ինչպէս նշեցի՝ ռուսաֆոբները Հայաստանի բոլոր պրոբլեմների մէջ Ռուսաստանն են մեղադրում,բայց հիմնաւորումներ չկան: Օրինակ, դուք գիտէք, վերջին ամիսներին երկու ընտրութիւններ եղան՝ Ազգային ժողովի և երեկ էլ Երևանի քաղաքապետի, որոնցում Հայաստանի ճգնաժամի այս պահի պատասխանատուն, իշխող Հանրապետական կուսակցութիւնը մեծամասնութիւն ստացաւ: Արտառոց  է, որ մի ուժ է մեծամասնութիւն ստանում, ում իշխանութեան տարիներին բնակչութեան 10 տոկոսից աւելին արտագաղթել է: Ինչպէ՞ս եղաւ, Ռուսաստա՞նն էր մեղաւոր, ի հարկէ ոչ, բոլորն էլ գիտեն, որ երկրի մեծամասնութիւնը աղքատ է, իսկ երկու ընտրութիւնների  ժամանակ էլ հանրապետական կուսակցութիւնը աղքատներին փող բաժանելով է ձայներ հաւաքել:

Հ-Ձեր հայրը՝ Րաֆայէլ Իշխանեան, երկարամեայ դասախօս եղած է Երևանի Պետական Համալսարանի մէջ և հեղինակաւոր գիտնական հայ ժողովրդի ծագումին, լեզուին և ուղղագրութեան վերաբերեալ, սակայն ունէր բուռն հակառակորդներ: Կրնա՞ք բացատրութիւն մը տալ:

Պ-Ի դէպ, ռուսաֆոբ քննադատներս հիմնականում 30 տարի առաջ գրած հoրս տեքստերն են իմ դէմ մէջտեղ բերում: Դա նոյնն է, եթէ ինչ որ մէկը ցանկանայ սրել հայ-իրանական յարաբերութիւնները ու այժմ Շահ Աբասի բերած աւերածութիւնները մէջտեղ հանի: Այո, հայրս մի շարք գրութիւններ ունի, որտեղ խօսում է Ռուսաստանի բացասական դերի մասին, բայց ի՞նչ կոնտեքստում: 30 տարի առաջ Հայաստանը Սովետական Միութեան մէջ էր գտնւում, մի կողմից ռուսացման վտանգ կար, ռուսական դպրոցներն էին շատանում, միւս կողմից էլ հայ գործիչները ազգային ծրագրերը ցանկանում էին լուծել Մոսկուայի միջոցով: Այսպէս, ինչպէ՞ս սկսուեց Ղարաբաղեան շարժումը, 1988-ին շարժման առաջնորդները դիմում էին Մոսկուային, որ նա Ղարաբաղը հանի Ադրբեջանի կազմից, տայ Հայաստանին: Հայրս հարցնում էր՝ ինչո՞ւ Մոսկուան պէտք է հայերի համար նման բան անի: Նա գրեց «Երրորդ ուժի բացառման օրէնքը», որտեղ ցոյց էր տալիս, որ Ռուսաստանն ունի իր շահերը և երբեք դրանք չի զոհելու յանուն Հայաստանի: Ի վերջոյ, այդպէս էլ եղաւ, Մոսկուան Ղարաբաղը չմիաւորեց Հայաստանին, և միայն Սովետի փլուզումից յետոյ, պատերազմի արդիւնքում Ղարաբաղը անկախութիւն ստացաւ: Ուրեմն, քանի դեռ Հայաստանը Սովետի մէջ էր, Ռուսաստանի  դերը մի բան էր,  անկախութիւնից յետոյ, դերը փոխուեց, և 30-40 տարի առաջուայ իրավիճակը մէջտեղ բերելով՝ այժմ դրանցով ուղղակի ուզում են մանիպուլացնել մարդկանց: Այդ իրավիճակի փոփոխութիւնը նաև կարգավիճակների վրայ է երևում, Սովետական տարիներին ռուսական ոչ հայանպաստ քաղաքականութեան մասին խօսելը վտանգաւոր էր, 1985-ին իշխանութիւնը մեր տունը խուզարկեց, հօրս ձեռագրերը տարան, նրան տանում էին հարցաքննութիւնների, իսկ այժմ Ռուսաֆոբ լինելը շահաւէտ է, ռուսաֆոբները մեծ գումարներ են ստանում, մշտապէս արտասահմանեան շրջագայութիւնների մէջ են,  նաև օգտւում են իշխանութեան բարեհաճութիւնից (Ռուսաֆոբ թերթերի մի մասը իշխանութեան կողմից են ֆինանսաւորւում):

Ինչպէս նկատել էք, գրքում երկրորդ ծաւալուն նիւթը «Մարտահրաւէր արդարութեանը», որը անդրադարձն է երկու հայ մտաւորականների՝ Հրաչ Բայականի և Հրաչ Մարտիրոսեանի զրոյցին, որն ամբողջովին ուղղուած էր հօրս երկու կարևոր գաղափարների դէմ՝ հայերի ծագման վերաբերեալ (հայրս պնդում էր որ հայերը ծագել են հայկական լեռնաշխարհում) և դասական ուղղագրութեան վերադարձին: Իմ պարտքն էր պատասխանել այդ զրոյցին, քանի որ այն շատ անարդար էր, այս երկուսը իրենց համոզմունքը աւելի համոզիչ դարձնելու համար ասում էին, թէ նման հայեացքները կարիերայի ճանապարհ են: Իսկ հայրս իր հայեացքների համար մշտապէս պայքարի մէջ է եղել, մշտապէս ճնշումների է ենթարկուել, իշխող ակադեմիական մտաւորականութիւնը նրա առաջ մշտապէս դռներ էր փակում,  ի հարկէ չի ընկճուել, բայց ի վերջոյ նրան հեռացրեցին  Համալսարանից:

Հ.-Այս ուղղագրութեան հարցը անշուշտ մեզ սփիւռքահայերուս ալ մասնաւորաբար կը հետաքրքրէ: Դուք որոշ դիրքորոշում մը ունի՞ք ատոր նկատմամբ:

Պ-Ի հարկէ, սկզբունքօրէն վստահ եմ, որ Հայաստանում պէտք է վերադառնայ դասական ուղղագրութիւնը Սփիւռքի հետ միասնական դարձնել ուղղագրութիւնը: Ինքնագիր հանդէսում գրեթէ հաւասարապէս հրապարակում ենք և՛ սովետական և՛ դասական ուղղագրութեամբ դնքստեր:

Այսուհանդերձ, այս պահին, երբ մարդիկ մի կտոր հացի կարիքի մէջ են, երկիրը դատարկւում է, իւրաքանչիւրն ընկած է իր շահի հետևից, դասական ուղղագրութեան խնդիրը առանձին բարձրացնելը անարդիւնաւէտ է, մարդկանց չի յուզում:

Ուղղագրութիւնը քաղաքական հարց է. պէտք է կարողանալ պատկերացնել այն հանրութիւնը, որը ցանկանում է ունենալ ընդհանուր ուղղագրութիւն և պատրաստ է յաղթահարել դժուարութիւնները: Սակայն Հայաստանում միայն մասնատող, նիւթական շահի գաղափարներ են իշխում, օրինակ, այնպիսի տեղային նացիոնալիզմ, որը Հայաստանի ներսի բնակչութեան շահերից դուրս ոչինչ չի ուզում ճանաչել, միւս մասն էլ ներսի բնակիչներից էլ միայն իշխող դասակարգի շահերին է հետևում (պատկերացրէք, երկու տարի առաջ ընդդիմադիր ուժերը իրենց առաջ խնդիր էին դրել խոշոր կապիտալի պաշտպանութիւնը), աւելի ծայրայեղները հարստանալու խոչընդոտ են համարում  Ղարաբաղը: Այս պայմաններում համախմբող գաղափարները, համերաշխութիւնը, որը նաև դասական ուղղագրութեան վերադարձն է բերում, չի ընկալւում:

Վստահ եմ, որ եթէ առաջանայ մի համընդհանուր շարժում Հայաստանի այս դրամատիրական կարգերը փոխելու կամ գոնէ մեղմելու, ոգևորութեան ալիքը, ներառելով նաև ուղղագրութեան հարցը, ի վերջոյ դասական ուղղագրութիւնը կը վերականգնուի:

Հ-Վերջերս Եունեսկոն  կը նախատեսէ, որ 20 տարի ետք արևմտահայերէնը պիտի դադրի գոյութիւն ունենալէ. այդ մասին տեղե՞ակ էք:

Պ-Այո, տեղեակ եմ: Ի հարկէ, եթէ հայ հանրութիւնը մնայ այս իրավիճակում, ապա Եունեսկոն ճիշտ դուրս կգայ, սակայն լինում է որ աշխարհը անակնկալ փոխւում է, և հաշուարկները չեն իրականանում: Ես հաւատում եմ, որ հնարաւոր է գայ մի վերելքի շրջան, երբ արևմտահայերէնը կրկին կենսունակ կը դառնայ:  Ինչքան շատ մարդ հաւատայ, այնքան այդ վերելքը հնարաւոր կլինի:

Շնորհակալութիւն պարոն Իշխանեան եւ յաջողութիւն:

                                                                                                                                                           Յ. Ա.