Յայտնի են «Վահան Թէքէեան» մրցանակակիրները

Կայացաւ «Վահան Թէքէեան» ամէնամեայ միջազգային մրցանակաբաշխութիւնը։ Արդէն  29-րդ անգամ անցկացուող մրցանակաբաշխութեան շնորհիւ Միութիւնը գնահատում եւ խրախուսման է արժանացնում մշակոյթի եւ գիտութեան տարբեր բնագաւառների լաւագոյններին։

Այս տարի մրցանակ յանձնուեց 4 անուանակարգում՝ Գրականութիւն, Հայագիտութիւն, Կերպարուեստ եւ Դեկորատիւ-կիրառական արուեստ։ Մրցոյթին մասնակցելու յայտ էր ներկայացրել շուրջ 55 մասնակից. յանձնաժողովն ընտրել է դրանցից լաւագոյններին: Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան նախագահ, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ, փրօֆէսօր Ռուբէն Միրզախանեանը շնորհաւորեց մրցանակակիրներին եւ շնորհակալութիւն յայտնեց մրցութային յանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրութեան համար: Ռուբէն Միրզախանեանն իր խօսքում նշեց, որ յատկապէս այս օրերին պէտք է մշակոյթն արժեւորել, ստեղծագործել, պահպանել ազգայինը, ազգային կրթութիւնն ու դպրոցը․ հենց այդ ձգտումներին է միտուած «Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութիւնը։

«Առաջին անգամ «Գրականութիւն» անուանակարգը կոչուեց անուանի գրականագէտ, ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ՝ Երուանդ Ազատեանի անունով։ Խորհրդանշական է․ Երուանդ Ազատեանի անմիջական ջանքերով է կայացել «Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութիւնը եւ դարձել ամէնամեայ»,-նշեց Ռուբէն Միրզախանեանն ու  շնորհակալութիւն յայտնեց ԱՄՆ-ի եւ Գանատայի Թէքէեան Մշակութային Միութիւնը. «Շաքէ Ղազարեան-Թէքէեան» հիմնադրամն ապահովում է մրցանակաբաշխութեան նաեւ նիւթական կողմը։

Յիշեցնենք, որ իւրաքանչիւր անուանակարգում յաղթողն ստանում է 1500 տոլարին համարժէք դրամ։

Ձեռնարկին իր օրհնութիւնը բերեց Տէր Անուշաւան եպս. Ժամկոչեանը եւ նշեց, որ ներկայիս գորշ օրերում Թէքէեան Մշակութային Միութեան ամէնամեայ այս ձեռնարկը կարծես լոյսի եւ յոյսի շող լինի․ «Ամէն տարի գնահատում էք մեր մշակոյթի եւ գիտութեան գործիչներին, խրախուսում, յոյս ներշնչում երիտասարդներին, որ իրենց գործերով եկող տարի մասնակցեն եւ արժանանան «Վահան Թէքէեան» պատուաբեր մրցանակին։ Մենք, իբրեւ կերտող եւ ստեղծագործող ժողովուրդ, մեր ջանքերով եւ աղօթքով կարող ենք ճեղքել այս խաւարը»,-նշեց Տէր Անուշաւան եպս. Ժամկոչեանն ու վստահեցրեց՝ դեռ շատ ուրախ օրեր ենք ունենալու։

«Գրականութիւն» անուանակարգում մրցանակը շնորհուեց Նորայր Ատալեանին՝ «Էմբրիոն» վիպակների ժողովածուի եւ Յուսիկ Արային՝ «Կորած սերունդ» բանաստեղծութիւնների ժողովածուի համար։

«Այս օրերին միակ փրկութիւնն ինձ համար գրելն է։ Անգամ էթնիք զտման, ցեղասպանութեան օրերին գրել եմ։ Շատերն այս իրավիճակն աւելի ծանր են տանում ու չեն կարողանում ոչինչ անել, իսկ ես գրում եմ, որ փրկուեմ։ «Կորած սերունդ» ժողովածուն, որ արժանացել է «Վահան Թէքէեան» մրցանակի, ամփոփում է արցախեան առաջին պատերազմի, ապրիլեան քառօրեայի, նաեւ 44-օրեայ պատերազմի թեմաները։ Այդպիսին է ստեղծագործողը, կարող է ամենադժուարին ժամանակներում ամենաանհաւանական բանն անել։ Օրինակ՝ Մարտիրոս Սարեանը Հայոց Ցեղասպանութեան օրերին քրիզանթեմներ էր նկարում։ Ստեղծագործելն ինքնափրկութեան միջոց է, այլապէս կը մեռնես»,-նշեց Յուսիկ Արան ու յաւելեց՝ պատուաբեր է իր սիրելի բանաստեղծ Վահան Թէքէեանի անունը կրող մրցանակը։

«Վահան Թէքէեանը մեր մեծագոյն դասականներից է։ Նրա գործը, անունը ապրելու են միշտ։ Նրա անուան մրցանակ ստանալն ինձ համար պատիւ է։ Նա ուսուցիչ էր, մեր գրական երազանքների իրականացնողը։ Ցեղասպանութիւն, արտագաղթ, երկու դարերի խաչմերուկ. Վահան Թէքէեանն իր գրական-հասարակական գործունէութեամբ յոյս ներշնչեց հայ ժողովրդին։ Այսօրուայ այս մրցանակաբաշխութիւնը,  մտաւորականների, արուեստագէտների այս հաւաքն էլ մեր ծանր օրերի մէջ է յոյս ներշնչում։ Մեր կեանքը փոխուել է, շատ է փոխուել։ Վերջերս Ատալեան ընտանիքի հետ մեր տանը զրուցելու եւ հաղորդում պատրաստելու առաջարկ ստացանք, բայց մերժեցինք։ Հայ ժողովրդի, Հայաստանի այսօրուայ վիճակը թոյլ չի տալիս խօսել մեր ընտանիքի, թեկուզ եւ արուեստի մասին»,-նշեց Նորայր Ատալեանը։

«Հայագիտութիւն» անուանակարգում «Վահան Թէքէեան» մրցանակը շնորհուեց Ամատունի Վիրաբեանին եւ Սոնիա Միրզոյեանին՝ «Հայ սպաները Առաջին աշխարհամարտում եւ Առաջին Հանրապետութեան բանակի սպաները» պատմակենսագրական բառարանի համար եւ Արամ Յովհաննիսեանին «Մլեհ Ռուբինեան իշխանապետ Կիլիկիոյ հայոց» աշխատութեան համար։

«Որպէս 21-րդ դարի պատմաբան՝ չեմ կարող ինձ ներել, որ 100 տարի առաջ կորցրինք Կարսը, Սուրմալուն, հիմա էլ կորցրինք Արցախը։

«Հայ սպաները Առաջին աշխարհամարտում եւ Առաջին Հանրապետութեան բանակի սպաները» պատմակենսագրական բառարանը նուիրուած է հենց 100 տարի առաջ եղած պատմութեանը։ Հայաստանի ազգային արխիւում աշխատելու տարիներին ենք հանրագիտարան ստեղծել, եւ այն  տեւել է մօտ 20 տարի։ Հիմնական աշխատանքը կատարել եմ ես եւ պատմական գիտութիւնների թեկնածու Սոնիա Միրզոյեանը։ Պատմական գրականութեան մէջ Համաշխարհային առաջին պատերազմին մասնակցած,  ՀՀ բանակում ծառայած ընդամէնը 50 սպայի մասին է տեղեկութիւն եղել, բայց մենք յայտնաբերեցինք մօտ 7000 սպայի, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակի կազմում կովկասեան ռազմաճակատում կռուել են թուրքերի, արեւմտեան ռազմաճակատում՝ գերմանացիների եւ աուստրոհունգարացիների դէմ»,-նշեց Ամատունի Վիրաբեանն ու յաւելեց՝ բառարանը հրատարակուել է ռուսերէն, որպէսզի այն աւելի լայն տարածում ունենայ։

«Կերպարուեստ» անուանակարգում մրցանակը շնորհուեց երկու հեղինակի՝ գեղանկարիչ Մելքոն Յովհաննիսեանին՝ «Մոռացուած մեղեդի» շարքի եւ Աշոտ Գեւորգեանին «Ջրի յիշողութիւն» ստեղծագործութիւնների շարքի համար։

Մելքոն Յովհաննիսեանը նշում է՝ համավարակի ժամանակ շատ արուեստագէտների նման ինքն էլ չէր մօտենում նկարակալին, պատերազմի ժամանակ՝ առաւել եւս։ «Տագնապած, անորոշ հոգեվիճակում արուեստի մասին մտածել չէր կարող, բայց անցեալ տարուանից գտել է առօրեայից կտրուելու ելքը։ Առանց այն էլ բնութիւն շատ էր սիրում, հիմա աւելի յաճախ է լինում բնութեան գրկում՝ նկարակալով, երանգապնակով»,-նշեց գեղանկարիչն ու յաւելեց՝ «Մոռացուած մեղեդի» շարքը հենց այդպէս էլ ստեղծուել է՝ Շորժայում։

«Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութեանն այս տարի առաջին անգամ մրցանական տրուեց նաեւ «Դեկորատիւ-կիրառական արուեստ» անուանակարգում․ մրցանակը շնորհուեց նկարիչ-խեղեցգործ Էլմիրա Չոփիկեանին։

Մրցանակները յանձնեցին մրցութային յանձնաժողովների նախագահները, որոնք իրենց ոլորտներում  անուանի ու ճանաչուած գործիչներ են։ Մրցանակակիրները շնորհակալութիւն յայտնեցին իրենց գործունէութիւնը բարձր գնահատականի արժանացնելու համար, քանի որ «Վահան Թէքէեան» մրցանակը պատուաբեր եւ պարտաւորեցնող մրցանակ է։

Մրցանակաբաշխութեանը կատարումներով հանդէս եկաւ Կոմիտասի անուան քառեակը։

 

Հայաստանի Թէքէեան մշակութային միութեան լրատուական կենտրոն

Քրիստինեէ Մելքոնեան