Համաձայն Միացեալ Նահանգների եւ Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութեան կողմից ՈՐՈՇՄԱՆ` այս անգամ օգնութիւնը տրամադրուեց արցախահայ բազմանդամ եւ սոցիալապէս անապահով ընտանիքներին:
2023 թուականի Սեպտեմբերի 19-20-ը Ատրպէյճանի կողմից լայնածաւալ յարձակման հետեւանքով ողջ արցախահայութիւնը պարտադրուած տեղահան եղաւ, մարդիկ դուրս եկան իրենց հայրենի գիւղերից, քաղաքներից ու աւաններից:
Բոլորի միակ նպատակն էր փրկուել, հասնել Մայր Հայաստան, բայց դեռ պէտք էր յաղթահարել ատրպէյճանական տիրապետութեան տակ անցած Հաքարի կամրջի անցակէտը:
Շատերն իրենց զոհուած հայրերի, եղբայրների ու զաւակների շիրիմներին թողեցին, սրբութիւն համարուող շքանշանները, նկարներն ու զինուորական գրքոյկները. լսել էին` ազերիները առաւել հետապնդում էին այն ընտանիքներին, որոնք անցած 30 տարիներին ունեցել են հերոսաբար մարտնչած զաւակներ` հայրեր, որդիներ:
Արցախում բնակուող ընտանիքներից իւրաքանչիւրը բախւում էր իւրատեսակ դժուարութիւնների` մազապուրծ հասնելով Հայաստանի Սիւնիքի մարզի Գորիս քաղաքի Կոռնիձոր բնակավայր: Առաւել դժուար կացութեան մէջ էին յայտնուել բազմազաւակ ընտանիքները, սոցիալապէս անապահովներն ու հաշմանդամութիւն ունեցողները:
Պատերազմների ընթացքում ամենաշատը տուժում են երեխաները, որոնք իրենց կեանքի ողջ ընթացքում կրում են այդ հոգեկան տառապանքն ու ապրումները` իրենց ներսում խաթարելով չարի ու բարու իրենց պատկերացումները:
Բազմանդամ եւ սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին թէքէեանցիների նիւթական աջակցութիւնը որոշակի ջերմութեամբ ու առանձնայատկութեամբ ընկալուեց:
Հեղինար Արզումանեանի 9 հոգանոց ընտանիքը ապրում էր Հադրութի շրջանի Տումի գիւղում, աղջիկների` (9տ.17տ.19տ.), եւ տղաների` (6տ.8տ. 12տ.13տ) հետ: Ունէր մեծ տուն ու այգի: Արցախում կրկին ապրելու միտքը մնացել է անցեալում: Այժմ բնակւում են Հայաստանի Կոտայքի մարզի Չարենցաւան քաղաքում 3 սենեականոց բնակարանում, յարմարուել են…
Ստեփանեան Ալլա` 39 տ. Ընտանիքի անդամների թիւը` 10: Արցախում Ապրել են Մարտակերտի շրջ. Գիւղ Մատաղիս, պատերազմից յետոյ տեղափոխուել են Ստեփանակերտ, ամուսինը զոհուել է 2020 թուականի 44-օրեայ պատերազմում, նրա երկու տղաները` Սամուէլն ու Արսէնը զոհուել են 2023թ. Սեպտեմբերի 19-ին տեղային մարտերում: Այժմ ապրում է` 62 տարեկան հօր, 62 տ. Ալուինա մօր, եղբօր` Անդրանիկի նրա կին Նունէի իրենց երեխաներ` 8 տարեկան Կամոյի, 6 տարեկան Ալբինայի, 11 ամսական Արիանայի, քրոջ` Անահիտի, ում ամուսինը զոհուել է, 12 տարեկան Վահէի հետ: Բազմանդամ այս ընտանիքում երեխանները շատ դժուար են յարմարւում նոր բնակավայրում.- ասում է. «Ոնց որ մարդու հոգին այստեղ լինի, սիրտը`այնտեղ, շատ դժուար է: Որ օրը կարողանանք հետ վերցնել այդ հողերը, ոչ մէկս էլ չենք մնայ այստեղ»:
29 տարեկան Մովսիսեան Լուսինէի, (նա հիւանդ է, ընդունում է քիմիատերապիա) 9 հոգանոց ընտանիքը Արցախում ապրել է Ստեփանակերտում, ամուսնու` Յովհաննէսի, 6 տարեկան աուտիզմով հիւանդ Լեւոնի, 2,5 տարեկան աղջկայ` Մարիի, ամուսնու քրոջ` Խասվարդի (ում ամուսինը զոհուել է 2023 թուականի Սեպտեմբերի 20-ին) նրա տղայ` 5 տարեկան Հայկի, 3 տարեկան Մարիայի, սկեսուր` Ալվարդի, սկեսրայր Վլադիմիր 73տ.: Այժմ ապրում են Հայաստանում Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում. «ընտրեցինք այնպիսի տեղ, որ մօտ լինի հիւանդանոցը, քանի որ տղաս եւ ես ամէն ամիս բժշկի այցելելու կարիք ունենք. միայն աուտիզմով հիւանդ տղայիս` Լեւոնի համար հարկ կը լինի ամէն ամիս 50.000 դրամի դեղ գնել»:
36 տարեկան Բեջանեան Գեղամի 7 հոգանոց ընտանիքը Արցախում ապրել է Ստեփանակերտում. կնոջ Վալենթինայի, աղջիկներ` 7 տարեկան Նունէի, 6 տարեկան Քաթարինայի, 3 տարեկան Սուսաննայի, 7 տարեկան Միհրանի, 72 տարեկան մօր հետ այժմ ապրում են լոռու մարզի Ազնուաձոր գիւղում ոչ բարւոք տանը. «Մենք մեր գերդաստանով, այլ ազգականների հետ ենք դուրս եկել Արցախից: Բոլորս էլ իրար մօտ տներում ենք ապրում: Կը փորձենք յարմարուել, հող մշակել ի հարկէ նախկինի պէս չենք ակնկալում ապրել, սակայն գոնէ անվտանգ ենք ու հանգիստ»:
Փարամազեան Աւոյի Արարատի 10 հոգանոց ընտանիքը Արցախի Մարտունի շրջանի Մուշկապար գիւղից են: Տեղաւորուել են Հայաստանի Արագածոտն մարզի Կարբի գիւղում: Հօր` Արարատի 53 տ., մօր` Սուսաննայի, 91 տարեկան Անժելա տատի, եղբայրներ` 21. գարմոյի, 18 տարեկան Արսէնի, 17 տարեկան Արայիկի, 15 տարեկան Արամի, 9 տարեկան Աշոտի, Արեգա հօրաքրոջ (ում տղան զոհուել` 2023 թ. Սեպտեմբերի 19-ին դիրքերում): Աւօն իր բազմանդամ ընտանիքի հետ Արցախի իրենց գիւղում սեփական տուն է ունեցել, զբաղուել են հողագործութեամբ: Ասում է. «Հիմա Հայաստանում աշխատանք գտնելը բարդ է: Ի՞նչ անենք, պիտի ստիպուած գոյատեւենք մինչեւ գարունը բացուի, որ գիւղատնտեսական աշխատանքներ անենք»:
Արցախից Հայաստան բռնագաղթած մօտ 120.000 խեղուած ճակատագրով ու անորոշ վիճակում յայտնուած արցախահայերից մօտ 3000 մարդ այս պահի դրութեամբ արտագաղթել է: Եթէ Հայաստանի Հանրապետութիւնը չկարողանայ տուն ու տեղ, երազանք ու ապագայ կորցրած արցախցիներին տէր կանգնել, հոգալ ու օգնել, շատերը կը մեկնեն:
Ահա այստեղ է, որ պէտք է ազգովի միաւորուենք, օգնենք յաղթահարելու արցախցու ժամանակաւոր խնդիրներն ու հոգսերը, միջավայր ստեղծել, բնակարանային ու աշխատանքի զբաղուածութիւն ապահովել նրանց համար, որպէսզի իրենք օտար չզգան իրենց Մայր Հայաստանում:
Արցախահայերի օգնութեան ծրագրերը շարունակւում են: Խնդրում-յորդորում եմ միացէք ծրագրին Արցախահայութիւնը մեր բոլորի կարիքը ունեն:
Ծրագրին միանալու համար կարող էք Գանատայում` Tekeyan Cultural Association Artsakh Aid, 825 Manougian Str., Ville Saint-Laurent, Quebec H4N 1Z5, Canada հասցէով, https:// www.con vergepay. Com/hoted- payments/?ssl-tsn-auth-token=khtGf%2FjkTgWma7CEev3bQaaayrSp5tT#!/payment-method
Իսկ ԱՄՆ-ում նուիրատուութիւնները ուղարկել հետեւեալ հասցէով. Tekeyan Cultural ASssociation Artsakh Aid, 755 Mount Auburn Street, Watertown MA 02472, https://givebutter.com/ AGuStb,
ԳԱՅԻԱՆԷ ՄՈՒՐԱՏԵԱՆ
20 Հոկտեմբերի 2023թ.