ԿԱՆ ԳՈՅՆԵՐ, ՈՐ ԲԱՑՒՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԻՐԵՆ

ՌՈՊԵՐԹ ԷԼԻՊԷՔԵԱՆԻ ՄՈՆԹՐԷԱԼԵԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ԱՌԹԻՒ

Ժամանակակից հայ կերպարուեստի մէջ Ռոպերթ Էլիպէքեանի գեղանկարչութիւնը վաղուց է նուաճել իր առանձնայատուկ տեղը՝  գեղարուեստական մտածողութեան, անշփոթելի ձեռագրի, ինքնայատուկ երփնագրի ու մթնոլորտի շնորհիւ, նաեւ թեմատիկ ընտրութեամբ, որ առաջին իսկ մուտքից, սկզբի՝ 60-ականների խորհրդային արուեստի փակ մթնոլորտում նորութիւն ու թարմութիւն բերեց: Այս աշխարհին ամէնից բնորոշը իրականութեան ու տեսիլքի  հանդիպման, դրանց ձուլման միջոցով ստեղծուած գեղարուեստական միջավայրն է: Իրականութեան վերացարկումները տանում են գունային այնպիսի շերտաւորումների, որ ներսից, խորքից է արտածում միտք ու գաղափար, իսկ առաւել առարկայականի պարագայում,  գոյնի ու գծի ներդաշնակութիւնը ստեղծում է զարմանալի շարժուն պատկերներ, թեթեւասահ, թափանցիկ էակներով լեցուն օդասուն  տարածքներ: Թւում է՝ նրա վրձինը ծանօթ մի հին յիշողութիւն է արթնացնում, աւելի շուտ տարաշխարհիկ զգացում, որի թելադրանքով նկարիչը  իւրատեսակ կապաւորի դեր է կատարում իրական ու երեւակայական աշխարհներն այսպէս  իրար մերձեցնելով: Գրեթէ բոլոր նկարներում ձգողական այս ուժը, տարաշխարհիկ այս էներգիան զգայելի է,  նկարները մերթ երազային, երբեմն միստիկ-ենթագիտակցական, մերթ քնարական թախծի կամ տխրութեան մէջ ընկղմուած, լուսաւոր- թրթռուն աշխարհ են ստեղծում: Միրաժային՝ կիսարթուն – կիսաքուն վիճակները բնորոշ են նոյնիսկ դիմանկարներին: Ռոպերթ Էլիպէքեանը այս ժանրում նախապատուութիւն է տալիս գաղտնիքներով քօղարկուած սեռին՝ կնոջ կերպարին, հոգեբանական նուրբ բացայայտումներով, որոշ դէպքերում  միստիկական երանգներ հաղորդելով, առաջացնում անժամանակեայ զգայութիւններ: Նրա ստեղծագործութիւնները անկախ ժանրային առանձնայատկութիւններից՝ թեմատիկ յօրինուածքային կոմպոզիցիաներ, բեմական, մտացածին, թէ իրական կերպարներ, կանացի դիմանկարներ, թէ զգացական աբստրակտ վիճակներ, գեղագիտական ընդհանուր հայեցակարգ ունեն: Նրա գունաշխարհը շատ հարուստ է, յագեցած ու բազմաշերտ: Կտաւին գերիշխողը գոյնն է, նախ տրամադրութիւնների ծաւալումները՝ աստիճանաբար փոփոխուող երանգների ու դրանց մէջ թաքնուած շերտերի անակնկալ բացայայտումներով՝ թաւշէ կանաչի ու դարչնագոյնի խիտ ապրումներից, կարմրի  ու սեւի դրամատիկ սրացումներից անցումը թափանցիկ կապտաճերմակին ու լուսաւոր դեղնի փափուկ տօներին, զրնգուն հնչեղութիւն են հաղորդում կտաւի մակերեսներին: Գունային համանուագը այնպիսի լուծումներով է իրացւում, որ ներքին զգայութիւնների շարունակութիւն՝ նկարի մթնոլորտը անմիջականօրէն փոխանցւում – դիպչում է դիտողի յուզական աշխարհին, ենթագիտակցական շերտերին: Ուրուագծերի, ձեւերի՝ այսպէս ասած, արտաքին աշխարհի տարրերի  ձուլումը ներաշխարհի, հոգեւոր կեանքի  խորհրդանիշ գունային մթնոլորտին, արթնացնում է թաքնուած ապրումներ, երազ, երազային վիճակներ:

Ներքին անկաշկանդուածութեան ու ազատութեան հասնելու, մարդու միտքը կապանքներից ազատելու,  պատնէշները քանդելու ձգտումը նրան տանում է անիրական իրականութիւն ստեղծելու գաղափարին. մարդու ամենամեծ ձգտումը չիրականացուած է մնում մինչ այսօր, քանի որ կատարեալ ազատութիւնը այնտեղ է՝ երազանքի աշխարհում¦: Նա  ուզում է մարդու մէջ արթնացնել երազը՝ գեղեցիկ ցնորքը լոյսի պարունակների:  Եւ յաջողում է, որովհետեւ փոխում է գոյնի իրականութիւնը՝ հաղորդելով դրանց նոր իմաստ եւ տօնականութիւն ու փայլ՝ անգամ ամենադրամատիկ հանգամանքներում: Էլիպէքեանական որոնումներն ուղղուած են  մշտնջենական լոյսին, մարդու՝ վաղ մի անցեալում ունեցած հոգեկան ներդաշնակութեանն ու պաշտպանուածութեանը: Եւ բնաւ պատահական չէ  Մոնթրէալում կայանալիք նրա ցուցահանդէսի յաւիտենական հայեացքներ խորագիրը, որ, կարծում եմ լաւագոյնս արտայայտում է նրա նկարչութեան փիլիսոփայութիւնն ու ներքին տրամադրութիւնների ամբողջականութիւնը:

Աշխարհի շատ պատկերասրահներ տարբեր տարիներ ցուցադրել են Ռոպերթ Էլիպէքեանի աշխատանքները, որոնցից մի քանիսը պատուաւոր տեղ են գրաւում հայ եւ օտար հեղինակաւոր թանգարաններում: Գանատահայ համայնքը նրա արուեստի նկատմամբ ուշադիր վերաբերմունք ու հետաքրքրութիւն միշտ է ունեցել, եւ մի շարք անգամներ ներկայացրել նրան: Մոնթրէալի Համազգային մշակութային միութեան Սանահին մասնաճիւղը Նոյեմբերին, որ մշակութային ամիս է համարւում այնտեղ,  կազմակերպելու է Ռ. Էլիպէքեանի գործերի նոր ցուցադրութիւն: Յանձնախմբի անդամների հետ ցուցահանդէսի կազմակերպման եւ համադրման աշխատանքներին մասնակցում է նկարչի որդին՝ Արեգ Էլիպէքեանը: Ցուցահանդէսը անց է կացուելու Քէպէքի Ֆրանքոֆոնիայի եւ Միջազգային յարաբերութիւնների նախարարուհի Քրիստին Սենթ – Փիերի բարձր հովանաւորութեամբ: Տիկին Սենթ – Փիերին վաղուց ծանօթ է Էլիպէքեանի նկարչութեանը եւ նրա արուեստը գնահատողներից է: Դեռ տարիներ առաջ, երբ նա Քէպէքի մշակոյթի նախարարուհին էր, հովանաւորեց նկարչի մէկ այլ ցուցահանդէս՝ իր ներկայութեամբ պատուելով այն:

Ցուցահանդէսում ներկայացուելու է Էլիպէքեանի վերջին տարիների 40 աշխատանքների ընտրանի՝ հիմնականում դիմանկարներ, նաեւ՝ թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր՝իւղաներկ, աքրիլ եւ ջրաներկ՝ կտաւի, թղթի վրայ: Միաժամանակ տեղի կունենայ անցած տարի Երեւանում լոյս տեսած նկարչի շքեղ, մեծադիր պատկերագրքի շնորհանդէսը՝ տպագրուած պետական աջակցութեամբ, Տիգրան Մեծ հրատարակչատանը: Գիրքը Ռ. Էլիպէքեանի ստեղծագործական ուղու ամբողջական արտացոլումն է՝ վաղ շրջանի՝ 60-ականներից մինչ այսօր, եւ ներկայացնում է տարբեր ժանրերի գործեր՝ գեղանկարչութեան, բեմանկարչութեան եւ փայտի, ճենապակու վրայ արուած կիրառական արուեստի հետաքրքրական նմուշներ: Վերջում զետեղուած են լուսանկարներ եւ մատենագիտութեան բաժինը: Ներկայացուած է արուեստաբան Պօղոս Հայթայեանի եւ Սէյրանուշ Մանուկեանի  գնահատական խօսքը նկարչի արուեստի մասին: Գրքի հայերէն եւ անգլերէն տարբերակները նոյնաբնոյթ, սակայն առանձին հրատարակութիւններ են: Մոնթրէալում ներկայացուելու է անգլերէն գիրքը, որի թարգմանիչն է Արեւիկ Գաբրիէլեանը: Պատկերագիրքը բացւում է նկարչի խոհագրութիւններով, որոնք կեանքի, արուեստի, ժամանակի մասին մտորումներն են, յիշողութիւններ, հետահայեաց վերաիմաստաւորումներ – ներաշխարհային ձայներ, արտիստիկ էութեան արձագանգները՝ իրականութեանն ու ներքին երազին:

Մոնթրէալաբնակ հայ եւ օտար արուեստասէրներին ընձեռւում է բացառիկ առիթ՝ գտնուելու գոյնի մոգական մթնոլորտում, վայելելու վրձինի հայ վարպետի նկարչական գրաւիչ աշխարհը, ծանօթանալու շքեղ պատկերագրքին, ինչու չէ նաեւ՝ ձեռք բերելու այն:

 

ՄԵԼԱՆԻԱ ԲԱԴԱԼԵԱՆ