Միացեալ Նահանգների եւ Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան հանգանակութիւնները շարունակւում են յատկացուել Արցախցիներէն

«Աննկարագրելի քաոս էր,             

երեխաներին ասել ենք՝  չխօսէք, վերեւ չնայէք, 

 թուրքերի միջով ենք գնում». Գաղթը Շուշիից

Միացեալ Նահանգների եւ Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան միջոցով հանգանակուած միջոցները շարունակւում են յատկացուել Արցախի Հանրապետութիւնից բռնի տեղահանուածներին:

Ծրագիրը սկսուել է 2023 թուականի Սեպտեմբերի 19-ից :

Արցախի իննամսեայ շրջափակման ծանր ու ամբողջական մեկուսացումը հերոսաբար դիմադրելուց յետոյ  Ատրպէյճանի կողմից ազգային զտումների ու անհաւասար ուժի կիրառման հետեւանքով արցախահայութիւնը պատմութեան մէջ առաջին անգամ հայաթափուեց:

Հայաստանում ապաստան գտած արցախցիները կորցրեցին ամէն ինչ՝ հայրենիք, տուն, իրենց որդիների, եղբայրների, հայրերի ու ամուսինների արեամբ  ներծծուած սուրբ հող:

Եկել էր օգնելու, հոգ տանելու ժամանակը ՝ անտուններին, հիւանդներին, ծերերին ու երեխաներին:

Թէքէեանցիների  դրամական օգնութիւնները նախ ուղղուեցին Արցախի Հանրապետութեան Ասկերանի շրջանի վառելիքի պահեստի հրդեհից այրուածքներ ստացածներին, ուսանողներին, ուսուցիչներին, Արցախի լրատուական գործակալութիւնների աշխատակիցներին, բազմանդամ ու սոցիալապէս   անապահով ընտանիքներին, հաշմանդամութիւն ունեցող այն ընտանիքներին որտեղ ապրում էին  բուժման կարիք ունեցողներ։

Թէքէեան Մշակութային Միութիւնը  իր գործունէութեան ողջ ընթացքում ՝ սկսած 1947 թուականից, շուրջ 77 տարի շարունակ նպաստել է Մայր Հայաստանում մշակութապահպանութեանը, կարեւորել  հայկական դպրոցներում ուսուցիչների աջակցութիւնը, որոնք անգնահատելի ու կարեւոր  գործ են անում՝ կրթելով ու դաստիարակելով ապագայի  հայ մարդուն,  հայրենիքի պաշտպանին, երկրի քաղաքացուն։

Թէքէեան Մշակութային Միութեան անդամները Արցախի Հանրապետութեան  Շուշիի շրջանի Հին Շէնի հիմնական դպրոցի, Մեծ Շէնի միջնակարգ  դպրոցի, Լիսագորի միջնակարգ  դպրոցի, Մարտունու շրջանի Մաճկալաշէնի միջնակարգ դպրոցի, Եղցահողի միջնակարգ դպրոցի, Ասկերանի շրջանի  Դահրավ գիւղի հիմնական  դպրոցի ուսուցիչները եւս ներառուեցին դրամական աջակցութեան ծրագրում:

Արցախի նշուած համայնքներում գործող դպրոցներում՝ նորոգ ու հարմարաւետ դասարաններում 33 տարիների ընթացքում սովորել ու կեանքի իրենց ճանապարհն են բռնել հազարաւոր աշակերտներ։ Նրանք պատուախնդրօրէն ներգրաւուել եւ ակտիւ գործունէութիւն են իրականացրել ամենուր։

Դպրոցների ուսուցչական կազմը ջանք, գիտելիք ու հայրենասիրական կարեւոր դասեր է տուել, նպաստել նրանց մասնագիտութեան ընտրութեան հարցում, սովորեցրել սիրել ու պաշտպանել հայրենին։

Ուսուցիչներից շատերը արդեն իսկ համալրել են Հայաստանի տարբեր քաղաքների եւ գիւղերի կրթօջախների նուիրեալ ուսուցիչների շարքերը՝ շարունակելով հաւատարիմ մնալ ուսուցչի վեհ կոչմանն ու առաքելութեանը։

Նրանք այսօր էլ շատ դժուարութիւններ ունեն յիշում ու կարոտում են իրենց դպրոցը, տունը, հողը, սակայն դեռեւս թարմ են պատերազմի ու երեք օր տեւած գաղթի ճանապարհի յիշողութիւնները․ դրանք նրանց մտքում յաւերժ կը մնան։

Արցախահայութեան նպատակը այսօր եւ միշտ մեկն է լինելու՝  ապրել Արցախը կրկին ազատագրուած տեսնելու համար։

 

Թէքէեան Մշակութային Միութիւն Հայաստանեան Ներկայացուցչութիւն

Գայանէ Մուրատեան