Սուրիահայոց վիճակի մասին՝ առաջին ձեռքից

Լեւոն Պլեքեանի՝ ՌԱԿ պատգամաւորական ժողովում տեղեկատուութիւնից

Վերջին տարիներին հայերի թիւը Սուրիայում, ըստ Սուրիայի իշխանութիւնների պաշտօնապէս նշւում էր 120 հազարը: Մինչեւ յայտնի իրադարձութիւնները՝ հայ համայնքն ապրում էր բարեկեցիկ կեանքով, անգործ հայ չկար, բոլորը տուն ու գործ ունէին, երեխաներին անպայման դպրոց էին ուղարկում:

Ըստ Սուրիայի հայ համայնքի ՌԱԿ պատասխանատու Լեւոն Պլեքեանի՝ իհարկէ ժամանակին երեք ազգային կուսակցութիւնների ներկայացուցիչներով պատրաստուել էին այն վիճակին, երբ իրադարձութիւնները կը մօտենային նաեւ հայ համայնքին ու 2012 թուականին ստեղծել էին շտապ օգնութեան մի համակարգող մարմին, որը օգնութիւն էր հասցնում սուրիահայոց չորս համայնքներին՝ Հալէպի, Դամասկոսի, Գամիշլիի, արեւելեան ու ծովափնեայ՝ Քէսապ-Լաթաքիայի հայութեանը: Սփիւռքի բոլոր համայնքներն էին նիւթապէս օգնում այս ձեռնարկին՝  Սուրբ Էջմիածնի եւ Անթիլիասի միջոցով: Օրինակ՝ ամէնից մեծ աջակցութիւնը, մօտ 3,5 միլիոն տոլարի, Լոս Անճելըսից է եղել: Հայթայթուած միջոցներն ուղղւում էին տուժած սուրիահայերի սննդի, բնակարանային, կրթական խնդիրները լուծելուն, քանի որ Սուրիայի իշխանութեան դէմ կռուող խմբաւորումները գրաւել էին հայերի աշխատավայրերը, մարդիկ զրկուել էին ապրուստի միջոցից: Երբ օգնութիւնը նուազեց՝ առկայ միջոցները սկսեցին ծախսուել միայն սննդի եւ ուսման (դպրոցների) վրայ:

Սուրիայից սկսուած մեծ գաղթը սուրիահայերին տանում էր նախ երկու ուղղութեամբ՝ հարեւան Լիբանան եւ Հայաստան: Առաւել ապահովուած ընտանիքները գնում էին Լիբանան՝ Սուրիային մօտ լինելը հաշուի առնելով եւ յուսալով, որ արագ վերադառնալու են: Իսկ Հայաստան եկածները, Լ. Պլեքեանի խօսքով, իրենց ակնկալած չափի աջակցութիւնը չստացան, ու յետոյ երեք շերտ կազմեցին. մի մասը գործ գտաւ ու մնաց Հայաստանում, երկրորդը հակուած է Սուրիա վերադառնալ, երրորդը՝ մեկնում է Եւրոպա: Իսկ Լիբանան մեկնածների մի զգալի շերտ՝ մօտ 1000 ընտանիք արդէն մեկնել է Գանատա:

Հալէպի հայութեան 1/3-ը դեռ մնում է Հալէպում, պարզապէս անտանելի պայմաններում. օրերով ջուր չի լինում, հոսանքը օրը մէկ-երկու ժամով է տրւում, վերջին շրջանում մի տասն օր հոսանք ու ջուր չեն եղել: Մնացողների մի մասը տեղ չունի գնալու, մի մասը դիմել է, որ Գանատա գնայ: Հայաստան հոսքը նուազել է, քանի որ առաջին եկողներից արդէն լսել են, որ այստեղ կեանքը շատ թանկ է, դժուարութիւնները շատ են:

Սուրիահայերին մտահոգում է նաեւ, որ փակւում են հայկական դպրոցները, մի մասը տարածքի՝ հայերի հեռանալու պատճառով, միւսները նիւթական սղութեան մէջ են, մասնագէտների պակաս կայ՝ գործող 36 դպրոցներից մի զգալի մասը դադրել է գործելուց, իսկ դա նաեւ համայնքի խեղճանալու ուղիղ ճանապարհ է: Ընդհանրապէս՝ ողջ Սփիւռքի հայութեան համար մեծ հարուած կը լինի Սուրիայի ծաղկուն գաղութի պարպուելը, ասում է Լ. Պլեքեանը՝ վերստին հրաւիրելով ողջ աշխարհի հայութեան ուշադրութիւնը խնդրին:

 

Մ.Խ.