Ապրածս եօթանասուն տարիների ընթացքում այսքան շփոթուած Ամանոր ու Ծննդեան տօներ նախկինում չէր եղել: Չնայած իշխանութիւնները ոչինչ չէին խնայել, բազմագոյն տօնածառեր էին զարդարել ու լուսաւորել փողոցները, Ամանորի գիշերը հրավառութիւն ու տօնական երաժշտութիւն ապահովել, սակայն մարդիկ մի տեսակ կէս բերան էին շնորհաւորում միմեանց, մաղթանքների մեծ մասն էլ նախկինի նման անձնական բնոյթի չէին, այլ համազգային ցաւի շուտափոյթ ամփոփման, սթափուելու ու կորցրածը վերականգնելու: Փոխադարձ այցելութիւններ էլ եղան, բայց շատ քիչ: Հիմնականում շատերը գերադասել էին մեկնել Հայաստանից եւ ճնշող մեծամասնութիւնը` Վրաստան: Կարծում եմ գիտակցուած կամ` ոչ, բայց դա էլ իւրատեսակ փախուստ էր ճնշող իրականութիւնից…
Այս խառնաշփոթում սակայն ամենաանակնկալը եղաւ այն, որ տարեմուտին Հանրային հեռուստաընկերութիւնը որոշեց անկախութիւնից ի վեր առաջին անգամ նոր տարուան նախաշեմին եթեր չտրամադրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորեայ ուղերձը հեռարձակելու համար: Այդ որոշումը տարբեր ենթադրութիւնների, մեկնաբանութիւնների ու վերլուծութիւնների տեղիք տուեց. իբր թէ կաթողիկոսի ելոյթում եղել է «Արցախ» բառը, կամ որ նրա ելոյթը այսպէս կոչուած քաղաքականացուած կամ ռեւանշիստական էր, ընդհուպ բանը հասաւ նրան, որ տարբեր իշխանամերձ հասարակական կազմակերպութիւններ եւ ակտիւիստներ փորձեցին այս երեւոյթը կապել ուղղակի կաթողիկոսի անձի հետ, սակայն իրականում խնդիրը բոլորովին այլ տեղ էր:
Նկատենք, որ թէեւ Հայաստանի գործող իշխանութիւններն իշխանափոխութեան առաջին իսկ օրուանից լայնածաւալ արշաւ սկսեցին Հայաստանեայց Առաքելական եկեղեցու որոշ սպասաւորների դէմ, մասնաւորապէս, կաթողիկոսի, Տաւուշի եւ Շիրակի հասարակութեանը առաւել յայտնի թեմերի առաջնորդների նկատմամբ, սակայն Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցումները մի շատ հետաքրքիր իրավիճակ բացայայտեցին: Այդ հարցումները ցոյց տուեցին, թէ բացի նրանից, որ Հայաստանի կառավարութեան, ներառեալ վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Ազգային ժողովի, ուժային կառոյցների եւ մնացեալ կառոյցների վարկանիշները սրընթաց անկում են գրանցել, իսկ հարցուածների մէջ չորս անգամ աւելացել է այն քաղաքացիների թիւը, որոնք կարծում են, որ Հայաստանը գնում է սխալ ուղղութեամբ, աննախադէպ բարձր հանրային վստահութիւն էր գրանցել Հայաստանեայց Առաքելական եկեղեցին, որին «լիովին» կամ «հիմնականում» աջակցում էր Հայաստանի բնակչութեան աւելի քան 54%-ը, որն աւելի բարձր է, քան Ոստիկանութեան, ԱԱԾ-ի, ՏԻՄ-երի, զինուած ոյժերի, ՀՀ կառավարութեան, ԱԺ ու նախագահի աշխատակազմերի ցուցանիշները: Համեմատութեան համար նշենք, որ երկրի գլխաւոր օրէնսդիր մարմնին` Ազգային ժողովին, «լիովին» կամ «հիմնականում» աջակցում է բնակչութեան ընդամէնը մէկ քառորդը: Հէնց այստեղ էլ թաքնուած է շան գլուխը, այսինքն` իշխանութիւններն ուղղակի զգուշանում են իւրաքանչիւր հնարաւոր ընդդիմադիր պահուածքից, անկախ այն բանից, թէ դա առարկայական կամ հոգեւոր հարթութիւնում կը դրսեւորուի:
Յետոյ էլ մեզ շատ է խանգարում «ըսի-ըսաւ»-ի, «ասում են թէ»-ի կամ այլ խօսքով ասած` բամբասանքի ու իւրաքանչիւր ասուած խօսքին անվերապահօրէն հաւատալու խիստ վնասակար սկզբունքը: Եւ եթէ մի գեղեցիկ օր մենք` Հայաստանում ապրողներս, մեր միջից հանենք առանց ճշմարտութիւնը ստուգելու լսածին արագ հաւատալու մարդկային տկար ու խոցելի յատկութիւնը, ապա վստահութեամբ կարող ենք ասել, որ ապագայում Հայաստանը կարող է ունենալ առողջ հասարակութիւն ու նաեւ դրա հաշուին տեղ գրաւել առաջընթաց ապրող երկրների շարքում: Միայն թէ յուսամ, որ այդ «եթէ»ն եթէ չի մնայ:
Կարծում եմ նաեւ, որ այդ դէպքում կը վերականգնուեն փոխադարձ կապերն ու վստահութիւնը Հայաստանի իշխանութիւնների եւ Եկեղեցու եւ դրա հետ անմիջականօրէն կապ ունեցող ու դրա օրկանական շարունակութիւն հանդիսացող Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնները, որոնք այսօր օդի նման անհրաժեշտ են թէ՛ դիւանագիտական խարդաւանքներում յայտնուած Հայաստանի Հանրապետութեան եւ թէ՛ անխարիսխ լողացող նաւի վիճակում յայտնուած Սփիւռքի համար:
Առաւելապէս Հայաստանի, որի համար 2023 թուականը դժուար տարիներից մէկը եղաւ, քանզի Արցախի կորստից եւ անվտանգութեան գծով հիմնական գործընկերոջ` Ռուսաստանի, մեղմ ասած, անգործութիւնից յետոյ, երկրի առաջ ծառացած գլխաւոր հարցերը դարձան անվտանգութեան եւ տնտեսական աճի ապահովումը: Թէեւ այսօր փորձագէտները Հայաստանի նոր գործընկերների թւում նշում են Եւրամիութեանը, Ֆրանսիային ու Հնդկաստանին, սակայն աւելի սթափ դիտորդների կարծիքով` Երեւանը Մոսկուայից շատ չի հեռացել: Կատարուած իրողութիւն է, որ Արցախի հարցում Ռուսաստանի, մեղմ ասած, անգործութիւնը դրդեց Երեւանին անվտանգութեան ու տնտեսական զարգացման առումներով նոր գործընկերներ փնտռել, եւ Եւրամիութիւնը Հայաստանի համար դարձաւ տարբերակներից մէկը: Անցած տարուան Հոկտեմբերին Եւրախորհրդարանում ունեցած ելոյթի ժամանակ վարչապետ Փաշինեանը յայտարարեց, թէ Հայաստանը պատրաստ է մերձենալ Եւրամիութեանն այնքան, որքան հնարաւոր է Պրիւսէլի համար: Այնուհետեւ, Դեկտեմբերին Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Եւրամիութեան երկրների արտգործնախարարների ոչ պաշտօնական հանդիպմանը: Այդ ամէնը Եւրայանձնաժողովում ընկալում են որպէս կարեւոր ազդանշան: Պատահական չէր, որ Եւրայանձնաժողովի ներկայացուցիչ Պետեր Ստանոն նշեց. «Ռուսաստանն Երեւանի առջեւ ստանձնած պարտաւորութիւնների եւ երաշխիքների առումով իրօք դաւաճանեց Հայաստանին: Դա զարմանալի չէ. Ռուսաստանը գործընկերների հանդէպ պարտաւորութիւնների կատարման վատ պատմութիւն ունի: Հայաստանն իրեն զգում է լքուած Ռուսաստանի կողմից, եւ վերակողմնորոշուում է դէպի նոր գործընկերներ, ու Եւրամիութիւնն արձագանգում է դրան: Եւրամիութեան հետ համագործակցութիւնը ինչ-որ մէկի դէմ չէ: Եւրամիութիւնը պարզապէս արձագանգում է իր գործընկերների ցանկութիւններին եւ կարիքներին»:
Յայտնի է նաեւ, որ Եւրամիութիւնը Հայաստանի հետ քննարկում է վիզային ռեժիմի ազատականացումը, ընդլայնուել է Հայաստանի սահմաններին գործող Եւրամիութեան դիտորդական առաքելութիւնը, եւ Պրիւսէլն իր պատրաստակամութիւնն է յայտնել Խաղաղութեան եւրոպական հիմնադրամից միջոցներ ուղղել Հայաստանի պաշտպանութեան ոլորտին: Ի յաւելումն դրա, Արցախից տեղահանուածներին աջակցելու նպատակով` Պրիւսէլը Երեւանին է յատկացրել երեսուներեք միլիոն եւրօ մարդասիրական օգնութիւն: Սակայն այնուամենայնիւ, ըստ Եւրոպական քաղաքականութեան կենտրոնի վերլուծաբան Ամանտա Փոլի, եւրոպական այս աջակցութիւնն առայժմ խորհրդանշական է, եւ Հայաստանը տնտեսապէս կախուած է Ռուսաստանից. «Էներգետիկ հարցերում Երեւանը շատ է կախուած Մոսկուայից, ուստի Հայաստանը չի կարող լիովին հեռանալ Ռուսաստանից, յատկապէս` ձմռանը: Հայաստանը չի կարող արագ կերպով գտնել էներգակիրների այլ ընտրանքային մատակարարներ: Օրինակ` Պաքուի հետ խաղաղութեան պայմանագրի ստորագրումից յետոյ, Հայաստանը կարող է օգտագործել ատրպէյճանական գազը: Բայց, ամէն դէպքում, ապագան կանաչ էներգիայինն է, հետեւապէս Հայաստանը պէտք է կեդրոնանայ էներգիայի վերականգնուող աղբիւրների ուղղութեամբ: Կարծում եմ, այստեղ Եւրամիութեան կարեւոր դերն այն է, որ Հայաստանին եւ Ատրպէյճանին մղի ստորագրել խաղաղութեան համաձայնագիրը, ինչը թոյլ կը տայ տարածաշրջանին բացուել Եւրամիութեան նոր ներդրումների առջեւ եւ համագործակցութեան համար»,- նշել է Եւրոպական քաղաքականութեան կենտրոնի վերլուծաբան Ամանտա Փոլը:
Ամփոփենք: Տարեսկզբեան խառնաշփոթում յայտնուած Հայաստանն աւելի զգօն ու հաշուենկատ պէտք է լինի: Իշխանութիւնները տուրք չպիտի տան զգացմունքային ոլորտին եւ հաշտութեան ձեռք պէտք է մեկնեն ինչպէս Հայաստանեայց Առաքելական եկեղեցուն ու դրա հովուապետին, այլեւ Սփիւռքին ու հասարակութեան բոլոր խաւերին համախմբեն ստեղծուած ծանր կացութիւնից դուրս գալու համար: Քանզի բոլորովին էլ գաղտնիք չի, որ վտանգուած է Հայոց պետականութիւնը…
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
պգդ, փրոֆէսոր
Երեւան
10.01.2024