Ամէն ինչ յարաբերական է,- նոյնիսկ գաւազանը` մէկի համար յենարան է, միւսի համար` հարուածելու գործիք…
Վերջերս սփիւռքահայ մշտական ընթերցող բարեկամս ինձ հարց տուեց, թէ ինչու եմ անընդհատ քննադատում հայաստանեան իշխանութիւններին: Երկար մտածեցի` իսկապէս ինչու՞: Միթէ՞ ես էլ չեմ աչք փակել թերացումների վրայ, անկարող եմ սիրաշահել նրանց, գովաբանել ու օգուտներ քաղել: Ի հարկէ` ո՛չ, չեմ կարող, որովհետեւ նախ` մարդ եմ, հայ եմ, պատմաբան, ռամկավարութեան գաղափարների իրական կրող ու դաւանող, ընտանիքի հայր ու պապ, ալաշկերտցու ու մշեցու ժառանգ, երկարմայ դասախօս: Որովհետեւ վստահ եմ` փակուղին էլ ի սկզբանէ ճանապարհ դառնալու միտք ունի, իսկ նպատակներին հասնում են պատնէշներ քանդելո՛վ: Որովհետեւ գիտեմ, որ Աստուած մարդուն իր ուժերից վեր փորձութիւն թոյլ չի տալիս: Վարպետը բիւրեղապակեայ կամ ապակէ անօթին թեթեւակի է հարուածում, որպէսզի այն չկոտրուի, իսկ արծաթեայ կամ պղնձեայ անօթին ուժեղ է հարուածում: Այդպէս տկարներին` թեթեւ, իսկ ամուրներին ծանր փորձութիւն է թոյլ տրւում: Ինչպէս երջանկութիւնը բարձրացնում է, այդպէս էլ դժբախտութիւնը խոնարհեցնում է, եւ ինքնաճանաչողութիւնը կարգի է հրաւիրում մարդուն: Վերջապէս դեռ հին Հռոմում էին կարծում, որ յիմարութիւն է աղքատ ապրել հարուստ մեռնելու համար:
Յետոյ էլ մեր օրերում, երբ վտանգուած են մեր պետականութիւնն ու գոյութիւնը, խիստ առօրեական են հայ ժողովրդի զարգացման, անվտանգութեան եւ խաղաղ գոյակցութեանն առնչուող հարցերը: Այս դէպքում կարծես իրականացել է մի հին ասացուածք` մի յիմար քարը գցում է ծովը, հազար խելօք չեն կարողանում հանել: Անհրաժեշտ է գիտակցել, որ մեր ընդհանուր քաղաքականութեան գաղափարախօսութիւնը պէտք է լինի հետեւեալը` միշտ շահել համագործակցութեան շնորհիւ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտների հաշուին, որովհետեւ դա անհեռանկար, անհեռատես քաղաքականութիւն է: Եւ իրականում մենք տեսել ենք, եւ ունենք մեր տարածաշրջանում օրինակներ, թէ ինչի՞ կարող է բերել այն քաղաքականութիւնը, որ հակառակն է վարւում, այսինքն` փորձել շահել ինչ-որ հակասութիւնների պայմաններում, դա մեզ համար ձեռնտու չէ: Միեւնոյն ժամանակ, հայաստանեան հանրային դաշտը, օտար տեխնոլոգիաների ազդեցութեամբ, ձեռնածութիւնների (մանիպուլեացիաների) ու էյֆորիայի մէջ (իրականութիւնից չբխող բարձր տրամադրութիւն` ուրախութիւն, անհոգութեան վիճակ) խրուած, ի զօրու չէ լսել խելացի եւ հիմնաւորուած կառավարում եւ հայանպաստ որոշումներ կայացնող ղեկավարի խօսքը:
Ժամանակին կեղծիքը, ներքաղաքական եւ ներխմբային շահերը, հասարակութիւնը մոլորեցնելու եւ դրանից շահեկան եկամուտներ ունենալու ցանկութիւնը խլացրել էր շատերին: Մարդիկ մոռացել էին Արցախի ապագայի մասին, Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգութեան մասին, քաղաքականութեան դաժան պատիժների մասին, մեր ժողովրդի պատմութեան դասերի մասին, սեփական ապագայի մասին: Նրանց թւում էր, թէ տարբեր տեղերից հաւաքուող անկենսագիր ու անգաղափար հատուածն իր համար երջանիկ ապագայ եւ անհոգ կեանք էր բերելու: Իսկ փոխարէնը մեծ ողբերգութիւն եղաւ, համազգային ծանր կորուստներ եւ կապիտուլեացիոն խայտառակութիւն:
Ամենակարեւոր հանգամանքներից մէկն էլ այն է, որ ցանկացած հակամարտութիւն միշտ բերում է տարբեր հակադիր ուժերի միջեւ բեւեռացման: Այն բեւեռացումը, որ այսօր կայ մի կողմից Ռուսաստանի, միւս կողմից Միացեալ Նահանգների կամ Արեւմուտքի միջեւ, ի հարկէ, յղի է աւելի մեծ վտանգներով, եւ մեզ պարտադրում է շատ խելամիտ եւ հաստատակամ քաղաքականութիւն վարել: Մենք դաշնակիցներ ունէինք, մենք ունենք գործընկերներ, եւ մենք պէտք է այդ կանոնները պահէինք: Պիտի հասկանայինք, որ հակառակ պարագայում, երբ ուղտը մեր դռանն էլ չոքի, մենք պիտի կարողանանք ըմբռնել, որ ինչպէս դաշնակցային, այնպէս էլ գործընկերային համապատասխան վերաբերմունք պէտք է ապահովել: Այնինչ, այսօրուայ վարչախմբի վարած քաղաքականութիւնն ու կառավարած Հայաստանը` Արցախի հետ միասին վերածուեցին ուրիշների կոնֆլիկտների հաշուին պարտուած, բզկտուած, ահաբեկուած, կորցրած ու ապագայի անորոշութիւնների մէջ ընկղմուած երկրի: Տպաւորութիւն է, որ գործող կառավարիչներն իրենց աննախադէպ ձախողումների պարագայում անգամ, այսօր Հայաստանի հանրապետութեան ապագայի համար որեւէ լուծում, տեսլական, իրական պատկերացումներ չունեն: Յեղափոխական Հայաստանն իր անպատասխանատու, կեղծիքածին քաղաքականութեան շնորհիւ մնացել է մենակ, առանց իրական դաշնակցի, առանց օգտակար գործընկերոջ ու բարեկամի, առանց սեփական ուժերով որեւէ բան անելու ընդունակութիւնների:
Յայտնի ճշմարտութիւն է. փոքր պետութիւններն իրաւունք չունեն անվտանգային եւ արտաքին քաղաքականութեան հարցերում սխալներ գործել: Փոքր պետութիւնների ղեկավարներն իրաւունք չունեն մի կողմ թողնել իրենց ազգային շահերը եւ զբաղուեն այլ տէրութիւնների հակասութիւնների վրայ սեփական իշխանութիւնը պահելու մոլուցքով: Դրա անդառնալի գինը վճարում են ժողովուրդն ու նրա սերունդները` իրենց Հայրենիքի տարածքների, անկախութեան ու անվտանգութեան հաշուին:
Իշխանութիւն թէ ընդդիմութիւն պէտք է իրենց մէջ ուժ գտնեն համախմբուելու, բոլոր ռեսուրսներն ի մի բերելու, սառը եւ ճշգրիտ հաշուարկելու ստեղծուած իրավիճակն ու ամենայն պատասխանատուութեամբ վերաբերուելու իրենց սերունդների ապագային: Քանի որ քաղաքականութեան մէջ, իմաստուն ազգերի ճակատագիրը որոշում են ոչ թէ օտարները, այլ հէնց իրենց պատասխանատու վերնախաւը, որին ձեւաւորում է հենց ժողովուրդը, ոչ թէ օտարները: Հարկաւոր է յիշել, որ վերջին հաշուով ինքնաբաւ մարդիկ ու ազգերը ոչ դուր գալու համար ջանքեր կը գործադրեն, ոչ էլ կը վախենան դուր չգալուց…
Ակնյայտ երեւում է, որ այսօր Հայաստանում իշխանութեան եւ պետականութեան ճգնաժամի մի քանի յատկանիշներ էլ կան: Դրանցից մէկը գենդերային շեղումն է դէպի հակառակ կողմ: Հակառակ ընդունուած սովորութեան` տղամարդկանց մի կողմ են դնում եւ երկրի ուժային կառոյցների ղեկավարներ աւելի յաճախ կանայք են դառնում: Ի հարկէ, անվիճելի է, որ կանայք էլ կարող են արժանի լինել բարձրագոյն պաշտօնների: Բայց իմ կարծիքով¤ երկու սեռերի համար հաւասար մէկ պայմանի դէպքում. բարձրագոյն պետական պաշտօնների կարող են յաւակնել միայն լուրջ փրոֆէսիոնալները: Իշխանական մարմինների առանցքային դիրքերում նշանակում են կին պաշտօնեաներ, որոնց փորձն ու փրոֆէսիոնալիզմը, ծանօթ չէ բոլորին, բայց միեւնոյն ժամանակ ակընյայտ են Արեւմուտքի հետ նրանց ուղիղ կապերը: Այսպէս, գլխաւոր դատախազի պաշտօնը զբաղեցնում է Միջազգային յարաբերութիւնների Թագաւորական ինստիտուտի անդամ 38-ամեայ Աննա Վարդապետեանը: Հայաստանի Արտաքին հետախուզութեան ծառայութիւնը ղեկավարում է մարդու իրաւունքների նախկին պաշտպան Քրիստինէ Գրիգորեանը, ով սերտ համագործակցում է Արեւմուտքի հետ եւ Հայաստանում իրականացրել է վերջինիս շատ ծրագրերը: Նոյեմբերի սկզբին նրանց է միացել 32-ամեայ Սրբուհի Գալեանը գլխաւոր դատախազի նախկին տեղակալը, ով նշանակուել է արդարադատութեան նախարար: Ներքին գործերի նոր նախարար է դարձել նրա 30-ամեայ ընկերուհի Արփինէ Սարգսեանը, ով նախկինում զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտօնը: Աւելին, մամուլում շրջանառուող լուրերի համաձայն Արեւմուտքը պլաններ ունի, որ նրան պատրաստւում են դարձնել Հայաստանի յաջորդ վարչապետ եւ այժմ հող են շօշափում այդպիսի փոխարինման համար: Կարծում եմ, ամէն ինչ հնարաւոր է, արհեստական բանականութեան եւ ակնթարթային զարգացումների ժամանակաշրջանում ենք ապրում:
Ապրենք, սակայն պէտք չէ մոռանալ մեր արմատներն ու մեր պատմութիւնը, շրջանցել համազգային արժէքները, դա փակուղի կը տանի: Պէտք չէ հասնել այն մակարդակի, որ ինչպէս Նժդեհն էր դառնացած ասում, թէ հայութեան դժբախտութիւնն այն է, որ չգիտի իր պատմութիւնը, ինչպէս եւ չգիտի օգտուել իր պատմութիւնից: Չմոռանանք, որ անգամ ամենախաւար գիշերից յետոյ, անսպասելի գեղեցիկ արեւածագ է բացւում: Այո՛, կը բացուի, քանի որ մեր արմատները շատ խորն են, բեղմնաւոր, մենք հին ենք, բայց ոչ հնացած: Քանի որ ինչպէս լաւագոյնս ասել է սլովակ եւ չեխ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, քաղաքական գործիչ վոյտեխ Միհալիկը. ՙՓայլուն եւ դժուարին ճանապարհ է անցած հայ ժողովուրդը հրաշքներ է ստեղծել իր եւ համայն մարդկութեան համար: Հայաստանում Արիստոտէլ եւ Պլատոն էին թարգմանում այն ժամանակ, երբ Եւրոպայի մեծ մասում գրել ու կարդալ չգիտէին՚:
Վերջապէս պէտք է շատ սիրենք մեր Հայրենիքը եւ հասկանանք, որ նոյնիսկ նրա հանդէպ տածած սէրը միշտ չէ, որ փոխադարձ կարող է լինել: Վերջերս շատ եմ մտածում, արդեօք հնարաւոր է XXI դարում աշխարհում, կամ առանձին երկրում ունենալ այնպիսի ՙբարոյական հեղինակութիւններ՚, ում կեանքը եւ գործունէութիւնն օրինակ կը լինեն շատերի համար, կ’ոգեշնչեն մարդկանց, ովքեր կը բարձրացնեն հիմնարար կարեւորութիւն ունեցող, նաեւ բարոյական սկզբունքներին առնչուող հարցեր եւ իրենց կարծիքը հանրայնօրէն լսելի ու ընդունելի կը լինի: Թէ այս երեւոյթը մնացել է այն ժամանակների համար, երբ նման մարդիկ անհասանելի բարձրունքում էին եւ առասպելականացւում էին: Օրինակ ասենք Գանդին, Տոլստոյը, Սախարովը, Մանդելան, Խոմեյնին սոցցանցերում կամ այսօրուայ մեդիա ահաբեկչութեան պայմաններում եթէ լինէին, արդեօ՞ք կը լինէին այնպիսին, ինչպիսին եղան:
Իսկապէս խորհելու շատ բան կայ, ցաւօք, նաեւ` անպատասխան շատ հարցեր…
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
ՊԳԴ, փրօֆէսօր
Երեւան
24.11.2024
«Պայքար» շաբաթաթերթ