Խրիմեան Հայրիկ – 200
Այդտեղ` ապագայում, յուսամ արդէն անկախ պետութիւն ունէք եւ իրագործել էք մեր դարաւոր երազանքը:
Եթէ այո՛, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մէկի իրագործուած երազանքի մէջ: Միլիոնների երազանքի մէջ: Յուսամ` գիտակցում էք ձեզ բաժին հասած բախտի զօրութիւնը:
Կ’ուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում, բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թոյլ տուէք խօսքս յղել այս նամակով եւ եթէ կարդաք այս տողերը, ես կը դառնամ ձեր ներկայի եւ իմ ապագայի մի մասնիկը:
Երբ գնացի Պերլինի քոնկրէս` մեր ժողովրդի իրաւունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացայ որ նախ եւ առաջ պէտք է ունենալ իրաւունք ունենալու իրաւունք: Այդ իրաւունքը նուաճում են զէնքով:
Երեւի լսել էք երկաթէ շերեփի մասին: Եւրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թւում էին օրինապաշտ եւ արդար, խղճահարութիւնից բացի ոչինչ մեզ չտուեցին:
Ռուսաստանը որ թւում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում եւ չէր լսում:
Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում յայտնուած անօթի երեխայ լինէր, որի առջեւ բոլորը փակեցին իրենց տան դռները:
Հայ ժողովուրդը անտէր էր, բայց ամէնից կարեւորը որ ես հասկացայ՝ այն էր, որ մենք տէրեր չպէտք է փնտռենք դրսում:
Այդտեղ` ապագայում, վստահ եմ` դուք չէք փնտռում օտար տէրերի եւ ձեր յոյսը չէք կապում ոչ եւրոպացիների, ոչ ռուսների եւ ոչ էլ մէկ այլ պետութեան հետ:
Եթէ ունէք անկախ պետութիւն, ապա ձեր միակ տէրը պէտք է լինի ձեր իսկ կառավարութիւնը: Յուսամ որ կառավարութիւնը ձեզ անտէր չի թողնում, իսկ եթէ անտէր է թողնում` ի՞նչ իմաստ ունի ձեր անկախութիւնը:
Ժողովրդի ամենամեծ դժբախտութիւնն այն է որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարւում են նոյնկերպ, ինչպէս օտարները:
Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ. մեզ հետ վարուեցին դաժանօրէն և անարդար։
Մենք փնտռեցինք արդարութիւն եւ չգտանք:
Եթէ ունէք անկախ պետութիւն, յուսով եմ` այդտեղ արդարութիւն կայ:
Թուրքը հայի հետ շատ անարդար վարուեց: Հայը հայի հետ մի՞թէ կարող է նոյնկերպ վարուել:
Այստեղ` անցեալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգութիւններից մէկն իր տգիտութիւնն է: Անկիրթ ժողովուրդն ինչպէ՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում:
Թուրքիոյ իշխանութիւնները դա թոյլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթութեան մէջ իրենց վտանգն են տեսնում.
Որքան մեծ է ժողովրդի կրթութիւնը, այնքան զուսպ կը լինի իշխանութիւնը.
Ես իմ ողջ կեանքը նուիրեցի հայկական գաւառներում լուսաւորութիւն տարածելուն, բայց միայնակ՝ շատ բան չկարողացայ անել:
Եթէ դուք պետութիւն ունէք, կրթէ՛ք մեր ժողովրդին, լուսաւորութիւն տարածէ՛ք գաւառներում:
Անկիրթ ժողովուրդն անկիրթ տէրերի կ’ընտրի, որոնք կը հարստահարեն իրեն եւ մի օր ստիպուած` անկիրթ ժողովուրդն օտար տէրերի կ’ընտրի:
Այնժամ, երբ հասարակ ժողովուրդը գաւառներում կը տքնի կացութեան ծանր բեռի տակ, մեծահարուստ հայերը Պոլսոյ կ’ապրեն ցոփ խրախճանքի մէջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրութեան` կարծես օտար լինեն: Թուրքիոյ իշխանութիւննները նրանց հետ նոյնիսկ կը դաշնակցեն, որ ժողովրդին հնազանդ պահեն:
Յուսամ` ձեր պետութեան մէջ մեծահարուստներն այդպէս անբարտաւան չեն եւ չեն դաշնակցի վատ իշխանութեան հետ` ընդդէմ ժողովրդի:
1876-ին, երբ օսմանեան սահմանադրութիւնն ընդունուեց, մեզանում փրկութեան յոյս արթնացաւ: Կարծեցինք որ հինգ հարիւր տարեկան Թուրքիոյ պառաւած եւ ամուլ մայրը երկնելով, հին աշխարհի համար նոր` մանուկ սահմանադրութիւն կը ծնէր, բայց մեր յոյսերը չարդարացան եւ ժամանակը ցոյց տուեց որ դրանք թղթին գրուած գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տառապել:
Այդտեղ` ապագայում, գուցէ դուք էլ գեղեցիկ սահմանադրութիւն եւ օրէնքներ ունէք: Ես կը փափաքիմ որ ձեր օրէնքները թղթի վրայ չեն մնում, ինչպէս օսմանեան սահմանադրութիւնը:
Եւ վերջում կ’ուզենամ պատգամել. ունեցէ՛ք այնպիսի դեսպաններ, ովքեր պատշաճօրէն կը բարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին եւ հոգեւորականն իր հօտը թողած չի զբաղուի դիւանագիտութեամբ:
Ունեցէ՛ք ղեկավարներ, որոնք կը սիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելութիւնից: Եւ երբեք մի՛ փնտռէք օտար տէրերի:
Եւ եթէ այդտեղ` ապագայում, անկախ պետութիւն ունէք, ամէն բան արէ՛ք որ այլեւս երբեք, երբեք չկորցնէք ձեր անկախութիւնը: