Ճշմարտութիւնը շատ կողմնակիցներ ունի, բայց պաշտպանները քիչ են:
Պլատոն
Աշխարհն իրօք կանգնած է լուրջ յեղաբեկումների նախաշեմին: Սառը եւ տաք հակամարտութիւնների հետագայ խորացումը կարող է յանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Ամենատաք կիզակէտում անակնկալների պակաս չի զգացւում: Իսկ այն, որ հարիւրհազարաւոր մարդիկ են զոհւում, այնքան էլ չի յուզում հզօրներին: Այսպէս. ուքրաինական բանակի յարձակումը Ռուսաստանի դաշնութեան Կուրսկի մարզում, անսպասելի եւ անկանխատեսելի էր բոլորի համար: Սակայն խնդիրը ոչ թէ անսպասելիութեան եւ անկանխատեսելիութեան մէջ է, այլ ռուս-ուքրաինական պատերազմի հետագայ ընթացքի եւ հնարաւոր հետեւանքների գլոբալ ազդեցութեան: Ի հարկէ, տեղեկատուութիւնն ու տեսակէտներն այնքան իրարամերժ են եւ հակասական, որ դէպքերի ընթացքը կռահել բաւականին դժուար է դառնում: Արեւմտեան կեդրոնները փառաբանում են ուքրաինական բանակի գործողութիւնները, ռուսական աղբիւրներն այն համարում են ահաբեկչութիւն եւ արկածախնդրութիւն, որն աւելի է բարդացրել Քիեւի վարչակարգի դրութիւնը: Ռազմական հարցերի մասնագէտ չեմ, եւ բնականաբար չեմ կարող այդ իրադարձութիւնները լուսաբանել, առաւել եւս` գնահատականներ հնչեցնել: Սակայն փորձեմ քաղաքագիտական տեսանկիւնից որոշ հարցադրումներ ու պարզաբանումներ ներկայացնել:
- Այս գործողութիւնով 2022 թ. սկսուած պատերազմից յետոյ բանակցային գործընթացի առաջին փորձերը գրեթէ ամբողջութեամբ չէզոքացուեցին:
- Լուրջ անկում ապրեց ՌԴ պաշտպանութեան նոր նախարար Պելովսովի վարկանիշը: Կարծես թէ նրա նկատմամբ հանրային եւ վերնախաւային շրջանակներում անվստահութեան մթնոլորտ է ձեւաւորւում,
- Ուաշինկթընում եւ Պրիւքսէլում պաշտօնապէս քաջալերում եւ ողջունում են Զելենսքուն, իսկ փորձագիտական շրջանակներում, ռուսական տարածքներում մխրճուած ուքրաինական զօրամիաւորումների ապագայի հարցով անթաքոյց տագնապ կայ, արդեօ՞ք տարօրինակ չէր այդքան հեշտ առաջխաղացումը եւ որքա՞ն է իրական շրջապատման վտանգը,
- Զապորոժէի ատոմակայանում հրդեհի եւ Կուրսկի ատոմակայանի շուրջ ռազմական գործողութիւնների հետ կապուած, Միջուկային գործօնը նորից առաջնային պլան է մղուել, որը յատկապէս վախեցնում է եւրոպացիներին,
- Եթէ կուրսկի սցենարը Զելենսքին փորձի կրկնել Ղրիմում, որքանո՞վ է հնարաւոր միջուկային զէնքի կիրառումը,
- Զգալիօրէն աւելացնելով ռազմաճակատի գիծը, Կիեւում հաշուարկել են արդեօ՞ք դրա պահպանման ռազմատեխնիկական ռեսուրսների առկայութիւնը,
- Պրիւքսէլն ու Ուաշինկթընը ստիպուած են լինելու մեծացնել ռազմական, տնտեսական եւ ֆինանսական մատակարարումների ծաւալները, որն իրենց համար մերձաւորարեւելեան սրացումների պատճառով անցանկալի է, անցեալում պատերազմը երկու ճակատով միշտ էլ աւարտուել է պարտութեամբ,
- Օրերս շրջանառուեց մի տեղեկութիւն, ըստ որի Մոսկուայում հետախուզական ծառայութիւնները երկու շաբաթ առաջ տեղեկութիւն են ստացել յարձակման մասին: Եթէ դա այդպէս է, ուրեմն հնարաւոր է ՙծուղակ՚ գործողութիւնը, ուքրաինական էլիտար ստորաբաժանումների համար,
- Եթէ Կուրսկի մարզի տարածքները մնան ուքրաինական ռազմակալման տակ, ուրեմն դրանք Քիեւն օգտագործելու է որպէս առաջարկութիւն. հաշտութիւն ՙտարածքային փոխանակումների՚ միջոցով եւ այլն:
Իսկ մեր տարածաշրջանում շարունակում է օդում կախուած մնալ իրանաիսրայելական բախման վտանգն ու մեր իշխանութիւնների զարմանալիօրէն ամէն ինչից գոհ, ասֆալտապատման, դպրոցամանկապարտէզաշինութեան ամենօրեայ գովազդն ու չբարձրաձայնուած նախընտրական քարոզարշաւը: Տպաւորութիւն է, որ մեր իշխանաւորներն ու օլիգարխներն այդպէս էլ չհասկացան, որ Հոգին ուտելիքից առաւել է, մարմինն էլ` հագուստից: Որ աղքատի հոգեբանութեամբ եւ մշտական խնայողականութեամբ, ասել է ժլատութեան` հարստանալն անհնար է: Որ ապրելու են այն ազգերը, որոնք դիմադրելու են գլոբալիզմ կոչուած այս սատանայութեանը, իսկ մնացածը չեն վախճանուելու, այլ սատկելու են: Օմար Խայամն ասել է. «Մեր մասին վատ են մտածում միայն նրանք, ովքեր մեզնից վատն են, իսկ նրանք, ովքեր մեզնից լաւն են… նրանք պարզապէս ժամանակ չունեն մեզ համար…»: Սակայն պարզւում է, որ մերօրեայ անբնական հասարակարգում մարդու լռութիւ՛նն էլ է բամբասանքի թեմա դառնում… Հայ հանրութիւնն էլ քանի գնում, այնքան նմանւում է գլխուղեղի չարորակ ուռուցքով հիւանդի, որն օրէցօր կորցնում է իր սթափ գիտակցութիւնը: Կարծես սեփական երկրի մէջ գերեվարուած լինի հայ ժողովուրդը: Կամքիցս անկախ երբեմն ուզում եմ բղաւել` Աստուած իմ, օգնութեան հասիր մարդկութեանը, մեղքից ազատիր շահից կուրացած ու խելագարուած Աշխարհին:
Համաձայն ընդունուած միջազգային չափանիշների եւ ՄԱԿ-ի տուեալների, աշխարհում կայ 195 ինքնիշխան պետութիւն, որոնցից 193-ը հանդիսանում են ՄԱԿ-ի անդամ, իսկ երկուսը` Վատիկանը եւ Պաղեստինը, ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեն: Միեւնոյն ժամանակ, աշխարհում ազգերի թիւը` դրա ճշգրիտ հաշուարկման դժուարութիւններով հանդերձ` կարելի է գնահատել առնուազն 6000 (յամենայն դէպս, աշխարհում կայ 6-ից 7 հազար տարբեր էթնիկ եւ լեզուական խմբեր, որոնք առանձին կամ միասին կարող են ձեւաւորել կամ բնորոշուել որպէս ազգ): Հետեւաբար, հարց է առաջանում. ինչու՞ եւ ի՞նչ իրաւունքով են ազգերը ձեռքբերում կամ նուաճում պետութիւն ունենալու իրաւունքը:
Այս հարցը բնաւ սոսկ փիլիսոփայական չէ, այլ բարդ եւ բազմակողմանի է` իր մէջ ներառելով նաեւ պատմական, քաղաքական, իրաւական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային գործօններ, միաժամանակ` հանդիսանալով այդ գործօնների բարդ փոխազդեցութեան արդիւնք: Բնականաբար, բոլոր այս թուարկած գործօններն առանձին վերլուծութեան ոլորտներն են, որոնց խորը ուսումնասիրութեան հիման վրայ կարելի է որոշակի պատկերացում կազմել պետութեան ձեւաւորման պատմական համատեքստի, ինքնորոշման սկզբունքի, քաղաքական նպատակայարմարութեան, տնտեսական անկախութեան ու ռեսուրսների հասանելիութեան, աշխարհաքաղաքական սահմանափակումների եւ այլ կարեւոր ասպեկտների մասին:
Մեր պետութեան պարագայում, ներկայ դրամատիկ ժամանակաշրջանում, թերեւս առաջնային կարեւորութիւն ունի անդրադարձ կատարել պետութեան կենսունակութեան եւ ներքին ու արտաքին մարտահրաւէրներին դիմակայելու գործօններին:
Որպէսզի պետութիւնը կենսունակ լինի, ազգը, ժողովուրդը պէտք է ունենայ որոշակի որակներ, մասնաւորապէս. ա) ինքնապահպանման բնազդ, որն իր անվտանգութիւնն ու գոյատեւումն ապահովելու կարողութիւնն է, բ) սոցիալական եւ քաղաքական համախմբուածութիւն, որն, ըստ էութեան, պետական ինստիտուտներին աջակցելու` ժողովրդի միասնութիւնն ու պատրաստակամութիւնն է, եւ գ) տնտեսական կայունութիւն, որը գոյութեան եւ գոյատեւման հնարաւորութիւնն է` առանց արտաքին գործօններից կրիտիկական կախուածութեան: Ինչ վերաբերում է ներքին ու արտաքին մարտահրաւէրներին դիմակայելուն, ապա ակնյայտօրէն, այն ժողովուրդներն ու ազգերը, որոնք կորցնում են ինքնապահպանման բնազդը եւ չեն կարողանում արդիւնաւէտօրէն դիմակայել ներքին ու արտաքին սպառնալիքներին, ըստ էութեան կորցնում են պետութիւնը պահպանելու ներուժն ու հնարաւորութիւնները: Նման ազգերը յաճախ դառնում են ներքին հակամարտութիւնների եւ արտաքին ագրեսիայի զոհեր, եւ, որպէս արդիւնք, կորցնում են իրական, իսկ շատ դէպքերում նաեւ` փաստացի վերահսկողութիւնն իրենց տարածքների եւ ռեսուրսների նկատմամբ:
Այսինքն, ազգը որը պատմական հանգամանքների բերումով ձեռք է բերել կամ նուաճել է պետականութեան իրաւունք, սակայն պետականութեան կայացման եւ պահպանման գործում կորցրել է ներքին եւ արտաքին կենսունակութիւնը (մարտահրաւէրներին դիմակայելու, քաղաքական, սոցիալական եւ տնտեսական կայունութիւնը պահպանելու եւ միջազգային ճանաչումն ու սուբյեկտայնութիւնը տէ ֆաքթօ պաշտպանելու կարողութիւնը) դատապարտուած է կորցնել պետութիւն ունենալու իրաւունքը, որն իրականում եւ որեւէ պարագայում ինքնաբերաբար երաշխաւորուած չէ: Հետեւաբար պատահական չի, որ շատ ազգեր աշխարհաքաղաքական եւ սոցիալական, քաղաքական, տնտեսական հանգամանքների պատճառով մնում են առանց սեփական պետութիւնների: Ասուածից ենթադրելի է, որ այսօրուայ մեր երկրի քաղաքական վիճակը քննարկելի է, իսկ ազգայինը` ոչ, քանի որ ազգային ամուր կառոյցն է նրա հիմքը: Իսկ մենք շատ հեշտութեամբ բաժանուեցինք հայոց ազգային արժանապատուութեան պսակ, յաղթանակի խորհրդանիշ Արցախից: Բաժանուեցինք, որ յետոյ յիշենք ու պահանջենք:
Միգուցէ սխալւում եմ, սակայն երբեմն մտածում եմ, որ աշխարհի հզօրները Հայաստանը պահում են այս վիճակում որպէսզի շատերը, ներսից ու դրսից թալանեն ու գումարներ վաստակեն: Դրա համար էլ նրանց ձեռք չի տալիս զարգացնել երկիրը: Թուրքական ասացուածք կայ` հողը պատկանում է հարուստներին, իսկ հայրենիքը` աղքատներին: Իսկապէս, վերջին պատերազմների ժամանակ հայրենի հողի համար մատաղուեցին միայն շարքային ընտանիքների զաւակները, իսկ մեծահարուստներն այդ ընթացքում ամենօրեայ կռիւ են տալիս նոր հողեր սեփականելու համար: Այնպէս որ, այսօր գերակայ է դարձել ազգի հոգեբանական առողջացման եւ արդարութեան վերականգնման խնդիրները: Դրանով պէտք է զբաղուեն Հայ Առաքելական Եկեղեցին, հոգեբանները, եկեղեցին, թաքնագէտները եւ պետութիւնը: Սակայն ցաւօք դրա գիտակցումը չկայ, հետեւաբար պայքարի մասին խօսելն էլ աւելորդ է դառնում: Այնինչ, պէտք է վերջապէս բոլորս գիտակցենք, որ չարի դէմ համատարած պայքարը մեր միակ փրկօղակն է: Ուղղակի բոլորս պարտաւոր ենք գիտակցել, որ անդունդից դուրս գալը շատ դժուար է, բայց ոչ անհնարին եւ առաջնորդուենք այն յստակ տրամաբանութեամբ, որ ազնիւ եւ համարձակ լինելը լաւագոյն ելքը կը լինի: Ազնւութիւնը` կեանքում միակ բանն է, որը երբեք չի արժեզրկւում: Ի վերջոյ նոր դէմքերով եւ նոր մօտեցումներով ճշմարիտ առաջնորդութեան ստեղծումը, անդունդից դուրս գալու գլխաւոր նախապայմանն է: Միանգամայն իրաւացի է հանճարեղ Վիկտոր Հիւգոն, ով ասել է, թէ ազգային արժանապատւութիւնը լինում է այն ժամանակ, երբ ժողովուրդը միասնական է իր նպատակներում եւ հաւատարիմ է իր պատմութեանն ու մշակոյթին: Գարեգին Նժդեհն էլ շեշտում էր, որ անցեալը մոռացողին պատժում է ապագան:
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
ՊԳԴ, փրօֆէսօր
Երեւան, 20.08.2024
«Պայքար» շաբաթաթերթ