Քաղաքական Ակնարկ
Անիմաստ է չափել այն, ինչ արդէն կտրուած է…
Հրէական իմաստութիւն
Մերօրեայ աշխարհաքաղաքական խառնաշփոթից գլուխ հանելը շատ է դժուարացել: Ակնյայտ է սակայն, որ ամէնուրեք երկակի, եռակի ու չգիտեմ քանիակի ստանդարտներ են կիրառւում: Իրար են խառնուել թշնամի ու հակառակորդ, բարեկամ ու դաշնակից հասկացութիւններն ու դրանց դերակատարները: Յստակ է մէկ բան` աշխարհակարգ է փոխւում, հետեւապէս նաեւ` դերակատարներ: Նախկին գլխաւոր դերակատարները, որպէսզի մնան իրենց նախկին կարգավիճակում, կանխազգալով, որ կարող են կորցնել թելադրողի իրենց իրաւունքը` դիմում են գաղտնի ու բացայայտ խարդաւանքների: Նախկինում էլ են նման իրավիճակներ եղել, որոնք սովորաբար յանգեցրել են պատերազմների, նոյնիսկ` համաշխարհային: Տայ Աստուած այս անգամ այդ միջոցը չդառնայ վճռորոշ:
Ամենացաւալին այն է, որ այս վտանգաւոր շրջապտոյտում է յայտնուել նաեւ Հայաստանը: Ազգիս 80%-ը խորը քնի մէջ է: Հոգեբոյժները ասում են` դէպրեսիայի: Մի փոքր ակտիւանում են գարնանը եւ աշնանը ու նորից արջի քուն մտնում: Եթէ դրա բուժումը չկայ, ապրելու իմաստը ո՞րն է: Եւ եթէ մեր իշխանութիւնները պահուածք չդրսեւորեն, մենք կարող ենք յայտնուել անյայտութեան մէջ: Իրավիճակի այս գերլրջութիւնը լաւ չպատկերացնելով կամ չուզենալով ըմբռնել, մեր քաղաքական վերնախաւը շարունակում է իր անհասկանալի ու երբեմն չպատճառաբանուած գործունէութիւնը: Իշխանութիւնները գրեթէ ամէն շաբաթ անհասկանալի ու չեղած տօներ են հռչակում: Բազմագոյն փառատօներ են կազմակերպում, հիւրասիրութիւններ եւ երջանկացնում ձրիակերներին նման նախորդ իշխանութիւններին:
Ընդդիմութիւնն էլ պարբերաբար հաւաք-միտինգներ է կազմակերպում, չհասկանալով, որ հասարակութիւնը չի կարող անընդհատ` ամիսներով, տարիներով գնալ հանրահաւաքի: Ամէն անգամ կանչում են, կրակոտ ելոյթներ հնչեցնում, պայմանաժամ դնում իշխանութեան առաջ, իսկ յետոյ մարդկանց ուղարկում տուն: Այդ պահանջները իշխանութեան կողմից չեն կատարւում, եւ մարդիկ հիասթափւում են: Այսպիսի դէպքերի համար են ասել, որ կան մարդիկ, ովքեր այնքան են տարւում ուրիշներին կործանելու մտքով, որ չեն նկատում, թէ ինչպէս են կործանում իրենք իրենց: Կարեւոր է նաեւ գիտակցել, որ այս փաստօրէն անարդիւնք գործընթացն աւելի է թեւաւորում, անպատժելի դարձնում երկրի ու ժողովրդի ճակատագիրը տնօրինողներին, քանզի ոչինչ այնքան չի այլասերում իշխանութեանը, որքան ժողովրդի տեւական համբերութիւնը: Հէնց այս տեսակ վիճակների համար է ասուած` կեղծաւոր մարդիկ բարի մարդկանց վերաբերւում են, ինչպէս մրգատու ծառի` սկզբում քաղում են բերքը, իսկ երբ բերքը վերջանում է, կոտրում են ճիւղերն ու հեռանում: Արդիւնքում` ոմանք խօսում ու որոշում են մնացեալների փոխարէն:
Վերջերս յաճախ եմ մտածում` ամէն ինչ, կամ` ոչինչ եւ հասկանում եմ, որ իբրեւ քիչ ծեր էի, ամէն օր աւելի եմ ծերանում եւ միշտ ինքս ինձ սփոփում եմ ու երանի տալիս յիշելով պայքարի մեր տարիները: Կեանքն ուսուցանում է, որ ընկերութիւնը, եթէ այն հիմնուած է անկեղծութեան ու վստահութեան վրայ, ամենաթանկ բանն է աշխարհում: Պատմութիւնն էլ մեզ սովորեցնում է վատ ընկերոջ հետ անտառ չգնալ եւ թուրքին չհաւատալ, բայց ցաւօք սրտի մենք դաս չենք քաղում: Աւելին, աստիճանաբար նշմարւում է, որ մեր քաղաքական վեկտորն այսօր շրջադարձ է կատարում դէպի Արեւմուտք, որի ներկայացուցիչն ու լիազօրը մեր տարածաշրջանում հենց Թուրքիան է իր վասալներով հանդերձ:
Վերջերս ընկերներով յաճախ ենք զրուցում ծերութեան մասին, երբեմն ճնշւում ենք տարիների բեռից, նեղւում առողջական խնդիրներից, բայց երբ յիշում ենք, թէ ինչպէս մի ողջ սերունդ քսան-քսանհինգ չդարձած նահատակուեցին, ծերութիւնը հրաշք է թւում: Կարծում եմ ամփոփ ձեւով ասած ծերութիւնը`
Սկսւում է այն ժամանակ, երբ աւելի շատ փող է ծախսւում առողջութիւնը վերականգնելու, քան այն քայքայելու վրայ:
Ի վերջոյ մենք աշխատում ենք 8 ժամ, 4 ժամ ապրելու համար:
Աշխատում ենք շաբաթը 5 օր, որպէսզի վայելենք 2-ը:
Աշխատում ենք 8 ժամ, որպէսզի հասցնենք ուտել 15 րոպէում:
Աշխատում ենք 8 ժամ, 6 ժամ քնելու դէպքում:
Ամբողջ տարին աշխատում ենք մէկ-կամ երկու շաբաթ արձակուրդի համար:
Ողջ կեանքն աշխատում ենք միայն ծերութեան թոշակի անցնելու համար:
Բայց կեանքն աննկատ թռչում-անցնում է: Իսկ այդ շղթայի յարահոսում մենք այնքան ենք յարմարուել նիւթական եւ սոցիալական ստրկութեանը, որ այլեւս շղթաները չենք էլ նկատում:
Իրավիճակը ճիշդ հասկանալու համար բանալի կարող է դառնալ Կոնֆուցիուսի այս միտքը՝ «եթէ դու սենեակի ամենախելացի մարդն ես, ուրեմն սխալ սենեակում ես»: Ընդ որում դա կարելի է դիտարկել իմաստասիրական եւ քաղաքագիտական ոսպնեակի ներքոյ եւ բացայայտել մարդկային վարքի, հանրութեան եւ առաջնորդութեան բնորոշ կողմերը:
Փիլիսոփայական տեսանկիւնից այս աֆորիզմը ընդգծում է մշտական ինքնակատարելագործման եւ սովորելու կարեւորութիւնը: Իւրաքանչիւր անհատ պէտք է ձգտի այնպիսի միջավայր, որտեղ հնարաւորութիւն ունի սովորելու աւելի խելացի մարդկանցից: Քանի որ այն միջավայրում, որտեղ ամենախելացին էք համարւում, այնտեղ զրկուած էք մտաւոր աճի հնարաւորութիւնից, իսկ դա հակասում է շարունակական ինքնազարգացման ձգտումներին: Մտածողն այս դէպքում խոնարհութեան եւ սեփական սահմանափակումների գիտակցման կոչ է անում: Հպարտութեան եւ ինքնագոհութեան նշանները խանգարում են մարդուն տեսնել իր թոյլ կողմերը եւ խոչընդոտել դրանց զարգացմանը: Հասկանալը, որ միշտ կայ ինչ-որ բան, որ կարող ես սովորել ուրիշներից, օգնում է քեզ պահպանել օբյեկտիւ տեսակէտ քո սեփական եսի մասին: Սոցիալական փոխազդեցութեան առումով էլ է կարեւոր գտնուել աւելի խելացի մարդկանց շրջապատում, քանի որ դրանով խթանւում է մտաւոր ակտիւ լինելը, որը զարգացնում է քննադատական մտածողութիւնն ու գիտելիքները:
Քաղաքագիտական տեսանկիւնից քաղաքական գործչի համար կարեւոր է, որ ինքը շրջապատուած լինի գրագէտ եւ իմաստուն ենթականերով: Կոնֆուցիուսի այս աֆորիզմը ուղերձ է հէնց առաջնորդներին:`Շշրջապատուած լինել մարդկանցով, ովքեր կարող են նրան մարտահրաւէր նետել խելացի գաղափարներով եւ քննադատութեամբ` յանգեցնելով աւելի հաւասարակշռուած եւ տեղեկացուած որոշումների: Սակայն երբ իշխանութիւնը կենտրոնանում է մէկ մարդու ձեռքում, առաջնորդն իր շուրջն է հաւաքում այնպիսի մարդկանց, որոնց մտաւոր եւ մասնագիտական կարողութիւններն ակնյայտօրէն զիջում են իր կարողութիւններին: Սա յստակ մտադրութիւն է, քանի որ նման առաջնորդները վախենում են իրենց կարգավիճակին սպառնացող ցանկացած սպառնալիքից եւ հետեւաբար նախընտրում են թոյլ, անդէմ կատարողների, որոնք չեն համարձակւում վիճարկել իրենց հեղինակութիւնը: Որպէս կանոն, գրագէտ եւ քննադատաբար մտածող գործընկերների բացակայութիւնը յանգեցնում է սխալ որոշումների կայացման, որն էլ անխուսափելիօրէն յանգեցնում է ամբողջ համակարգի դեգրադացմանը: Իսկ դա էլ իր հերթին չի հիմնւում իրական հմտութեան եւ իմաստութեան վրայ, այլ միայն վախեցած ենթարկուելու բնազդի: Կոնֆուցիոսի աֆորիզմն արհամարհող առաջնորդների շուրջ անխուսափելիօրէն ձեւաւորւում է մտաւոր եւ մասնագիտական անկման դատարկութիւն, եւ չնայած իրենց թուացեալ ուժին, նրանք գնալով աւելի մեկուսացուած եւ խոցելի են դառնում, վերջիվերջոյ` կորցնելով իրենց քաղաքական առաջնորդութիւնը: Ինչ վերաբերում է մեր իրականութեանը, ապա նման առաջնորդի քաղաքական գոյութիւնը երաշխաւորւում է ոչ թէ անդէմ ենթակաների քանակով կամ այն հանգամանքով, թէ որքանով են նրանք խելամտօրէն եւ արդիւնաւէտ կերպով կարողանում ղեկավարել ընդունակ եւ խելացի հանրութեանը, այլ այդ հանրութեան` խելացի եւ ուժեղ առաջնորդութեամբ ընդվզելու կարողութեան բացակայութեամբ: Իսկ հասարակութեան այդ տեսակ շարունակուող յետընթացը եւ իշխանութիւնը կորցնելու մշտական վախը, որոնք առկայ են մեզանում, վստահաբար լաւ տեղ չեն տանի:
Վերջերս շատ է խօսւում կվադրոբերների մասին: Դրանք կենդանիներին նմանակող մարդիկ են: Կվադրոբերները նաեւ նոր երիտասարդական շարժում է, որի ներկայացուցիչները տեղաշարժւում են չորս ոտքերի վրայ եւ ընդօրինակում են կենդանիների շարժումները: Հասկացանք, այդ դէպքում ի՞նչ անուն ունեն մեր շուրջը վխտացող կենդանիները, որոնք նմանակում են մարդկանց: Իսկ Հոկտեմբերի 9-ի հանդիպման ժամանակ երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լաւրովը Հայաստանի արտգործնախարարին հարցրեց, թէ «Հայաստանում կվադրոբերներ ունէ՞ք»: Հայաստանի արտգործնախարարը, ում համար անսպասելի է եղել հարցը, առանց մտածելու անկեղծ պատասխանել է. «Ի հարկէ, ունենք: Մեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան, կառավարութեան բոլոր անդամները մեր վարչապետի կվադրոբերներ են: Այնպէս որ, ձեր առջեւ այժմ նստած է իրական կվադրոբերներ: Այնպէս որ, հոգսաշատ Հայաստանում ամէն ինչ խառնուել է իրար…:
Ակ-կոյունլու եւ կարա-կոյունլու քոչուոր ցեղերը ապաւինեցին իրենց պոզերին, իսկ հայը. ի վերուստ` խաչին: Ո՞վ շահեց: Ուրեմն, գնահատենք այն, ինչ ունենք, մոռանանք նախկին անյաջողութիւնները եւ հասնենք նրան, ինչի մասին երազում ենք: Կարեւոր է, որ մարդ միշտ իմանայ իր գինը, բայց զեղչերը կիրառի ճիշդ պահին, ոչ թէ ըստ անհրաժեշտութեան: Շատ արդար լինելով ու չափից աւելի իմաստուն համարուելով ինքդ քեզ կը կործանես: Քանզի կեանքը պատերազմ է, իսկ մեր տեսակի համար պէտք է պատերազմել մինչեւ վերջ: Դա է խաղաղութեան բանալին: Երկրներ կան, որոնք ոչ մի թշնամի չունեն, իսկ մենք մի քանիսն ունենք` ցաւօք, նաեւ ներսից:
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
ՊԳԴ, փրօֆէսօր
Երեւան, 15.10.2024
«Պայքար» շաբաթաթերթ