Նախորդ դարի վերջին ձեռք բերուած անկախութիւնը, սեփական պետութեան վերստեղծումն ու Արցախեան յաղթական պատերազմը յոյսեր էին ներշնչում, որ աստիճանաբար ու արդարացի կը լուծուի նաեւ այնքան չարչրկուած Հայկական հարցը: Սակայն նախկինում տեղի ունեցած մի շարք իրադարձութիւններ գրեթէ նոյնութեամբ սկսեցին կրկնուել. սկզբում գաղափարաքարոզչական բուռն ալիք բարձրացաւ, այնուհետեւ` մեծ ոգեւորութիւն, իսկ վերջում` պարտութիւն եւ խորը հիասթափութիւն: Մեր օրերում էլ կարծես նոյն սցենարն է` պարտուած պատերազմ, մեծ թուով զոհեր ու խեղուածներ, իսկ վերջում Արցախի յանձնումն առանց հայերի ու շուարած վիճակ բոլոր մակարդակներում: Բնականաբար նաեւ բուռն բանավէճեր եւ հովանաւորի ու հաւատարիմ դաշնակցի փնտռտուք, որը մօտաւորապէս հետեւեալ պատկերն ունի`
ա) հասարակութեան մեծ մասը գիտակցաբար եւ թեր ու դէմ կողմերն հաշուարկելով, մի մասն էլ իներցիայով այդ փրկարարի դերում տեսնում է Ռուսաստանին,
բ) մի մասն էլ օրուայ իշխանութիւնների գործուն մասնակցութեամբ այդ դերում տեսնում է Արեւմուտքին, մասնաւորապէս ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային,
գ) չկողմնորոշուածներ կամ որ նոյնն է ակտիւ փնտռողներ, որոնք երբեմն գերապատուութիւնը տալիս են Իրանին, Չինաստանին, երբեմն էլ` Հնդկաստանին:
Հակիրճ պատմական էքսկուրսի հենքով փորձենք պատասխանել, թէ այս տարբերակներից ո՞րն է աւելի իրատեսական:
Վաստակաշատ Լէոն ասում էր, թէ Հայկական հարցն այնքան հին է, որքան հայ ժողովուրդը եւ չէր սխալւում: Սակայն որպէս դիւանագիտական միջավայրի քննող առարկայ այն առաջին անգամ շրջանառութեան մէջ դրուեց Ռուսաստանի եւ Օսմանեան կայսրութեան միջեւ 1878 թուականի փետրուարի 19 (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արուարձան Սան Սթեֆանոյում կնքուած նախնական հաշտութեան պայմանագրով: Պայմանագիր, որով աւարտուեց 1877-1878 թուականների ռուս-թուրքական պատերազմը, ստորագրեցին Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատեւն ու Ա. Նելիդովը, Թուրքիայի կողմից` Սաւֆետ փաշան ու Սահադուլլահ բէյը: Այն կարեւոր հիմնակէտ դարձաւ թուրքական բռնատիրութիւնից պալքանեան ժողովուրդների ազատագրման եւ առաջին անգամ մեծ տէրութիւնների կողմից քիչ թէ շատ Հայկական հարցն ուշադրութեան արժանացնելու գործում: Պայմանագրի 16-րդ յօդուածով նախատեսւում էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զօրքերի դուրս բերումը նրանց կողմից գրաւուած Հայաստանի` Թուրքիային վերադարձուելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների եւ բարդութիւնների, որոնք երկու պետութիւնների բարի յարաբերութիւնների վրայ կ’ունենան վնասակար ազդեցութիւն, Բարձր դուռը պարտաւորւում է անյապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից յարուցուող բարելաւումներ եւ բարենորոգութիւններ, եւ զերծ պահել հայերի անվտանգութիւնը քրդերից եւ չերքեզներից», վարչական բարենորոգումներ անցկացնել Արեւմտեան Հայաստանում: Յօդուածում խօսք անգամ չկար հայերի ակնկալած ինքնավարութեան մասին, իսկ այդպիսի չափաւորութիւնը բացատրւում էր Ռուսաստանի վրայ Անգլիայի դիւանագիտական ճնշումով, որը վտանգուած էր տեսնում իր շահերն Ասիայում: Այդուհանդերձ, պայմանագրի 16-րդ, 25-րդ եւ 27-րդ յօդուածները (որոնք նախատեսում էին «Ասիական Թուրքիայից» ռուսական զօրքերի դուրսբերման 6-ամսեայ ժամկէտ եւ արգելում ռուսական բանակի հետ համագործակցած թուրքահպատակ հայերի հալածանքը), ընդհանուր առմամբ, նպաստաւոր էր հայերի համար: Կարեւորագոյն դրոյթ էր այն, որ պայմանագրի կատարման երաշխաւոր էր համարւում կոնկրէտ սուբյեկտ` Ռուսաստանը:
Քանի որ այս պայմանագրով էապէս ուժեղանում էին Ռուսաստանի դիրքերը Պալքաններում, ինչպէս նաեւ Ասիայում, ուստի այն անընդունելի էր եւրոպական տէրութիւնների, յատկապէս Անգլիայի ու Աւստրո-Հունգարիայի համար: Դա էլ յանգեցրեց Սան Սթեֆանոյի պայմանագրի վերանայմանը Պեռլինի վեհաժողովում, որը տեղի ունեցաւ 1878 թ. Յունիսի 1-ից (Յունիսի 13) առ Յուլիսի 1-ը (13): Մասնակից պետութիւններն էին` Ռուսաստանը, Օսմանեան կայսրութիւնը, Անգլիան, Աւստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Գերմանիան: Վեհաժողովի համաձայնագրում Սան Սթեֆանոյի 16-րդ յօդուածը վերաձեւուեց 61-րդի, որը, սակայն, սկզբունքային մի շարք հարցերում` ի վնաս հայերի տարբերւում էր նախորդից: Այսպէս, եթէ Սան Սթեֆանոյի պայմանագրով բարեփոխումները Արեւմտեան Հայաստանում պէտք է իրագործուէին ռուսական զօրքերի ներկայութեան պայմաններում, ինչը որոշակի երաշխիք էր դրանց իրագործման համար, ապա ըստ Պերլինի համաձայնագրի` ռուսական զօրքերը դուրս էին բերւում, եւ այդ խնդրի կարգաւորումը թողնւում էր Թուրքիայի հայեցողութեանը: Աւելին, յօդուածի երաշխաւոր էին կարգւում եւրոպական մի քանի երկրներ, ինչն այլ խօսքով նշանակում էր` փաստօրէն ոչ ոք: Այլ կերպ ասած` Պերլինի համաձայնագրով վերացուեց Արեւմտեան Հայաստանում բարեփոխումների իրականացման համար ստեղծած նախադրեալները: Աւելին, Պերլինի վեհաժողովից յետոյ օսմանեան կառավարող վերնախաւն աւելի ամրապնդուեցին իրենց այն համոզման մէջ, որ Հայկական հարցի լուծման լաւագոյն լուծումը հայերին ոչնչացնելն է: Քանզի դրա մէջ էին տեսնում կայսրութեան ներքին գործերին եւրոպական պետութիւնների միջամտութիւնից ազատուելու իրական ուղին, որոնք Հայկական հարցն օգտագործում էին որպէս պատրուակ` Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Ուստի անհրաժեշտ էր վերացնել այդ պատրուակը եւ տէրութիւններին զրկել կայսրութիւնից զիջումներ կորզելու հնարաւորութիւնից: Ու թէեւ 1908 թ. իշխանափոխութիւն տեղի ունեցաւ Թուրքիայում, սակայն այդ հայատեաց քաղաքականութիւնը ոչ միայն չփոխուեց, այլեւ վերաճեց հայերի ցեղասպանութեան:
Հայկական հարցը կրկին շրջանառուեց, երբ 1918 թ. վերականգնուեց Հայոց պետականութիւնը: Այս դէպքում էլ սակայն ոչինչ չփոխուեց. ամէն ինչ ընթացաւ նոյն հերթականութեամբ` գաղափարաքարոզչական բուռն վերելք, այնուհետեւ` մեծ ոգեւորութիւն, իսկ վերջում` խորը հիասթափութիւն: Լաւ էր, որ գոնէ ի դէմս սոցիալիստական Հայաստանի, պետականութեան որոշ մակարդակ պահպանուեց: Թերեւս աւելին կարող էինք ունենալ, եթէ Ռուսաստանը չյայտնուէր մեծ տէրութիւնների թշնամական աքցանում, չկնքէր 1918 թ. Մարտի 3-ի ստորացուցիչ Պրեսթ-Լիթովսքի պայմանագիրը, որի արդիւնքում կորցրեց Արեւմտեան Ուքրանիան ու Արեւմտեան Պելոռուսիան, Վալախիան եւ այլ տարածքներ: Սակայն նկատենք, որ նա դրանք զիջեց ամենամօտ ապագայում հետ վերադարձնելու հաստատ որոշմամբ: Ի դէպ, որն իրականացրեց ընդամէնը 20-25 տարում եւ շատ այլ հարցերի հետ միասին ձեռնամուխ եղաւ նաեւ Հայկական հարցի արդարացի լուծման գործընթացին: Միայն, ցաւօք, Հիրոշիմայի ու Նագասակիի ատոմային ռմբահարումից զգուշացաւ ու ձեռնպահ մնաց Թուրքիա ներխուժելու ծրագրից:
Այսօր էլ գրեթէ նոյնանման իրավիճակ է առաջացել: Թուրքիան եւ Ատրպէյճանը օգտուելով աշխարհի հզօրների թողտուութիւնից, գրաւել են պատմական հայապատկան Արցախն ու յաւակնութիւններ են յայտնում Հայաստանի միւս հատուածների նկատմամբ: Մեր վաղեմի դաշնակից Ռուսաստանն իրավիճակը զսպելու ուղղութեամբ որոշ փորձեր կատարեց, սակայն ինքն էլ թաղուած լինելով Ուկրանիական թնջուկում` զգուշացաւ վճռական քայլեր կատարելուց: Բաւականին ակտիւացել են շփումները ԱՄՆ-ի, Եւրոմիութեան եւ մասնաւորապէս Ֆրանսիայի հետ: Նոյնիսկ որոշ դրական տեղաշարժեր են նկատւում այդ ուղղութեամբ, սակայն թէ ինչ աստիճանի դրանք կը խորանան, դժուար է միանշանակ կանխագուշակել: Եւ արդեօ՞ք նախկինում եղած իրողութիւնները չեն կրկնուի ու ընդամէնը հեռադիտակներով տարածաշրջան եկած դիտորդները հայանպաստ լուծումներ կ’ապահովեն: Դժուար է միանշանակ պատասխանել: Դժուար է կանխատեսել նաեւ Ռուսաստանի պահուածքը Ուքրանիական թնջուկը կարգաւորելուց յետոյ: Իսկ որ դրա նախանշաններն արդէն կան, տեսանելի է:
Այսինքն, հարցերի հարցն այսօր Արեւմուտքին թէ՞ Ռուսաստանին նախապատուութիւն տալն է: Պատմական փորձից ելնելով կարող ենք արձանագրել, որ`
- Նախ այդ տեսակ հարցադրումն արդէն ճիշդ չէ, քանզի բոլորովին էլ պարտադիր չի, որ անպայման «հաւը ձուից, թէ՞ ձուն հաւի» յիշեցնող «կամ-կամի» սկզբունքը գործի,
- Գաղտնիք չի, որ Ռուսաստանի հետ գոյութիւն ունեն տնտեսական, հոգեւոր մշակութային, ռազմական եւ այլ բնոյթի ամուր յարաբերութիւններ,
- Յստակ է նաեւ, որ Արեւմուտքի հետ կապերը կ’ապահովեն տնտեսական, գիտատեխնիկական եւ բազմապիսի ասպարէզներում կտրուկ առաջընթաց:
Ուստի ստեղծուած այս բարդ ու վտանգալեցուն իրավիճակում ո՞րն է հիմնախնդրի լուծման ելքը: Ի հարկէ, միանշանակ ու սպառիչ դեղատոմս այս դէպքում դժուար է առաջարկել: Սակայն հակուած ենք կարծելու, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ համակեցութեան նորմալ յարաբերութիւնների հասնելու համար լաւագոյն ելքը բազմաբեւեռ տքնաջան աշխատանքներ տանելն է:
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
ՊԳԴ, փրօֆէսօր
Երեւան,
20.02.2024
«Պայքար» շաբաթաթերթ